Նավումի մարգարեության մեկնություն 2:4

Ա․ Լոպուխին

(եբր․ 5) Փողոցներով մարտակառքեր են ընթանում, աղմկում են հրապարակներում, նրանց փայլը կարծես կրակից լինի, շողշողում են ինչպես կայծակը։(Սինոդական թարգ․)[4]

   
   Շարունակելով նկարագրել թշնամական զորքերը՝ մարգարեն տեսնում է, թե ինչպես են արդեն հենց Նինվեի արվարձաններում՝ դեպի ներքին, ամրացված հատվածները տանող ծայրամասային փողոցներով, բազմաքանակ մարտակառքեր ընթանում և, միմյանց բախվելով, աներևակայելի դղրդյուն են բարձրացնում։ Ընդ որում՝ շարժման արագության մեջ դրանց արտաքին տեսքը մութ գիշերվա մեջ այրվող ջահեր (հմմտ․ Դատ․ 7։16, 20) կամ էլ անգամ կայծակի փայլ է հիշեցնում։ «Եկողների թվաքանակն այնքան մեծ էր, որ զորքը ճանապարհին խառնվել էր իրար, և ոչինչ հնարավոր չէր կարգի բերել։ Նույն կերպ էլ մարտակառքերը, անցուղի չգտնելով, իրենց բազմաքանակության պատճառով հրապարակներում միմյանց էին բախվում։ Բաբելոնացիների տեսքը նման էր ճրագի, ինչպես նաև շողշողացող կայծակների, այնպես որ իրենց տեսքով նրանք հակառակորդներին սարսափի մեջ էին գցում նախքան նրանց սրով հարվածելը (երանելի Հերոնիմոս, նույն տեղում, էջ 278, 279)։ Այսպիսին է Աստծո բարկության կայծակի նմանվող փառավոր պատկերը (Բ Օր․ 33։41, Զաք․ 9։14)։

   5−10−րդ համարներում (եբրայերեն՝ 6−11) նկարագրվում է․ 1) Նինվեի գրավումը (5−7−րդ համարներ) և 2) նրա կողոպուտը (8−10−րդ համարներ)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում:
(Արարատ թարգ․) Կառքերը փողոցում մոլեգնում են, սուրում են հրապարակներով, նրանց տեսքը ջահերի պես է, կայծակների պես փայլատակում են։
(Գրաբար) տեսիլ նորա իբրեւ զլամբարաց հրոյ, եւ իբրեւ զփայլակն յայսկոյս եւ յայնկոյս ընթանան։