Զաքարիայի մարգարեության մեկնություն 9։14

Ա. Պ. Լոպուխին (†1904)

14-15․ «Եվ Տերը կհայտնվի նրանց վրա, և Նրա նետը կայծակի պես կսլանա, և Տեր Աստված փող կհնչեցնի, և կընթանա հարավային մրրիկներով»։ [14] «Զորությունների Տերը պիտի պաշտպանի նրանց, և նրանք պիտի ոչնչացնեն ու ոտնակոխ անեն պարսաքարերը, պիտի խմեն և աղմկեն ասես թե գինուց, և պիտի լցվեն ինչպես զոհաբերության թասերը, ինչպես զոհասեղանի անկյունները»։ (Սինոդական թարգ․)
   
   Տերը զորավիգ է լինում Իր ընտրյալներին՝ խոցելով նրանց թշնամիներին կայծակնային նետերով, պատերազմի փողերի  հնչյունների ներքո և առաջ ընթանալով հարավից եկող և իրենց զորությամբ սարսափազդու մրրիկների միջով: Տերը պաշտպանում է նրանց, և, հետևաբար, նրանց հաղթանակը թշնամիների նկատմամբ կասկածից վեր է: Նրանք պիտի ոչնչացնեն թշնամիներին, իսկ թշնամիների մահաբեր զենքերը վնաս չեն հասցնի նրանց, որոնց օգնում է Ինքը՝ Աստված. Սիոնի որդիներն ապահով պիտի քայլեն պարսաքարերով ծածկված մարտադաշտով: (Հետագայում Սիոնի որդիները համեմատվում են թանկարժեք քարերի հետ, ուստի այստեղ պարսաքարերի ներքո կարելի է հասկանալ հեթանոսներին, որոնք Աստծու աչքին համեմատաբար չնչին արժեք ունեն:) Թշնամիների արյունն այնպիսի առատությամբ է հեղվում (հմմտ. Սաղմ. 57:11, 67:24), որ հաղթանակած մարտիկները թշնամիներին հասած ծայրահեղ աղետի տեսարանից, ինչպես նաև մեծ ուրախությունից և հաղթական ցնծությունից, կարծես հարբածության և զմայլանքի մեջ են ընկնում: Աստծու ժողովրդի՝ հեթանոսների դեմ տարած հաղթանակի տոնակատարությունը նկարագրելիս սրբազան հեղինակը ձգտում է հնարավորինս հստակ արտահայտել հիմնական միտքը` հաղթանակի աներկբայությունն ու հաղթողների լիակատար ուրախությունը: Այդ նպատակով նա առանձին պատկերներ է վերցնում բոլորին հայտնի իրականությունից՝ մի կողմ թողնելով այն հարցը, թե բարոյական տեսանկյունից որքանով է ընդունելի, օրինակ, թշնամիների արյունալի պարտությանը հաջորդող այդպիսի բուռն ցնծությունը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Տէրը վերակացու պիտի լինի նրանց վրայ, նրա նետը պիտի թռչի ինչպէս փայլակ: Տէրը, Ամենակալ Տէրը փող պիտի փչի եւ բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ:
(Արարատ թարգ․) Ապա Տերը պիտի երևա նրանց վրա, և նրա նետը կայծակի պես պիտի դուրս գա, և Տեր Աստվածը փող պիտի հնչեցնի և պիտի գնա հարավային մրրիկներով։
(Գրաբար) Եւ Տէր եղիցի վերակացու նոցա, եւ ելցէ իբրեւ զփայլակն նետ նորա. եւ Տէր Տէր ամենակալ փող հարցէ, եւ գնասցէ շարժմամբ սպառնալեաց իւրոց.