Ա. Պ. Լոպուխին (†1904)
14-15․ «Եվ Տերը կհայտնվի նրանց վրա, և Նրա նետը կայծակի պես կսլանա, և Տեր Աստված փող կհնչեցնի, և կընթանա հարավային մրրիկներով»։ [14] «Զորությունների Տերը պիտի պաշտպանի նրանց, և նրանք պիտի ոչնչացնեն ու ոտնակոխ անեն պարսաքարերը, պիտի խմեն և աղմկեն ասես թե գինուց, և պիտի լցվեն ինչպես զոհաբերության թասերը, ինչպես զոհասեղանի անկյունները»։ (Սինոդական թարգ․)
Տերը զորավիգ է լինում Իր ընտրյալներին՝ խոցելով նրանց թշնամիներին կայծակնային նետերով, պատերազմի փողերի հնչյունների ներքո և առաջ ընթանալով հարավից եկող և իրենց զորությամբ սարսափազդու մրրիկների միջով: Տերը պաշտպանում է նրանց, և, հետևաբար, նրանց հաղթանակը թշնամիների նկատմամբ կասկածից վեր է: Նրանք պիտի ոչնչացնեն թշնամիներին, իսկ թշնամիների մահաբեր զենքերը վնաս չեն հասցնի նրանց, որոնց օգնում է Ինքը՝ Աստված. Սիոնի որդիներն ապահով պիտի քայլեն պարսաքարերով ծածկված մարտադաշտով: (Հետագայում Սիոնի որդիները համեմատվում են թանկարժեք քարերի հետ, ուստի այստեղ պարսաքարերի ներքո կարելի է հասկանալ հեթանոսներին, որոնք Աստծու աչքին համեմատաբար չնչին արժեք ունեն:) Թշնամիների արյունն այնպիսի առատությամբ է հեղվում (հմմտ. Սաղմ. 57:11, 67:24), որ հաղթանակած մարտիկները թշնամիներին հասած ծայրահեղ աղետի տեսարանից, ինչպես նաև մեծ ուրախությունից և հաղթական ցնծությունից, կարծես հարբածության և զմայլանքի մեջ են ընկնում: Աստծու ժողովրդի՝ հեթանոսների դեմ տարած հաղթանակի տոնակատարությունը նկարագրելիս սրբազան հեղինակը ձգտում է հնարավորինս հստակ արտահայտել հիմնական միտքը` հաղթանակի աներկբայությունն ու հաղթողների լիակատար ուրախությունը: Այդ նպատակով նա առանձին պատկերներ է վերցնում բոլորին հայտնի իրականությունից՝ մի կողմ թողնելով այն հարցը, թե բարոյական տեսանկյունից որքանով է ընդունելի, օրինակ, թշնամիների արյունալի պարտությանը հաջորդող այդպիսի բուռն ցնծությունը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Տէրը վերակացու պիտի լինի նրանց վրայ, նրա նետը պիտի թռչի ինչպէս փայլակ: Տէրը, Ամենակալ Տէրը փող պիտի փչի եւ բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ:
(Արարատ թարգ․) Ապա Տերը պիտի երևա նրանց վրա, և նրա նետը կայծակի պես պիտի դուրս գա, և Տեր Աստվածը փող պիտի հնչեցնի և պիտի գնա հարավային մրրիկներով։
(Գրաբար) Եւ Տէր եղիցի վերակացու նոցա, եւ ելցէ իբրեւ զփայլակն նետ նորա. եւ Տէր Տէր ամենակալ փող հարցէ, եւ գնասցէ շարժմամբ սպառնալեաց իւրոց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: