ՍՈՒՐԲԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Թեև որոշ ընտրյալներ Մանուկ վարդապետի հետ խոսելու արտոնության արժանանում էին, բայց աբբահայրը  նրա  հետ  զրույցների  լավագույն  բաժինն  իրեն  էր բնականաբար  վերապահում.  ամբողջ  մեկ  կեսօր  էր  առանձնացրել  նրա  հետ  զրուցելու:  Վանքի  աշտարակներից  մեկի վերնահարկ  մի  սենյակում  աբբահայրը  հավաքել  էր  տասնհինգ  ընտրյալ  վանականների,  ովքեր  լսելու  արժանի  էին համարում  Մանուկ  վարդապետի`  լեռների  արկածախնդրությունն ու Վարդանի գաղտնի ուսուցումները, որոնք ժլատորեն թաքցվում էին նրա աշակերտների մեծամասնությունից:

–        Ինչպե՞ս  զգացիք,  հա՛յր  սուրբ,  որ  պետք  է  լեռները բարձրանաք: Այն ի՞նչ էր, որ ձեզ մղեց դեպի լեռները:

–        Պարտադրողը  սիրտս  էր:  Երբ  ուղեղն  է  անձին  մի  տեղ առաջնորդում,  պլշած  նայում  է  դեմքին  ու  հայտարարում. «Քեզ կարող եմ բերել մինչև այստեղ` անդունդի եզրը: Քեզ միայն  կարող  եմ  տալ  ուսուցումներ,  գրքեր,  վարկածներ, խորհրդածություններ,   մարդկային   մտքի   ապահովություն և  նրա  ստեղծած  քաղաքակրթության  ճոխ  գաղափարները: Շատերն  այսքանով  գոհ  են,  որոնց  համար  իմ  դղյակները երկրային կարճ կյանքը լցնելու չափ հարուստ ու հափշտակող են»: Ես այլևս գոհ չէի, և վանքը նեղում էր ինձ, գրքերն անբավարար   էին,   իսկ   արարողությունները՝   չհագեցնող: Ի՞նչն  էր  պակասում,  ի՞նչն  էր  գաղտնիքը:  Երբ  Վարդանին այս հոգեվիճակս հայտնեցի, վրաս ծիծաղեց.

–        Դու Իսրայելի վարդապետ ես ու չգիտե՞ս պատասխանը:

–        Ո՛չ, չգիտեմ պատասխանը: Իսկ դու գիտես և մեզ չե՞ս ասում:

–        Ինչպե՞ս չեմ ասում: Ամբողջ կյանքս որպես ուսուցիչ ձեզ նվիրեցի: Բայց այն, ինչ որ ինձ հարցնում ես և գլուխդ իզուր տանջում, շատ պարզ է, այնքան պարզ, որ քեզ նման իրենց  միտքը  գրքերով  ու  գաղափարներով  բեռնավորված վարդապետները  երբեք  չեն  նկատում:  Քեզ  համար  ճշմարտությունը նման է հարուստի գերեզմանի: Այն այնքան ճոխ է  ու  զարդարված,  որ  դիտողները  նրա  վրա  ամեն  բան  տեսնում են, բացի մահից: Երբ  ես երեխա էի, մեր գյուղի խենթ Վահանն   իր   հիմարություններով   գյուղացիներին   անվերջ զվարճացնում էր: Նրան ասում էին. «Վահա՛ն, գնա՛, ցորենը հասել  է,  գնա՛  և  քաղի՛ր»:  Վազելով  ուրախությամբ  գնում էր  արտ:  Երբ  տեղ  էր  հասնում,  հասկանում  էր,  որ  մանգաղ չունի,  և  հիմար  երեսով  սրճարան  էր  ետ  գալիս  և  ասում էր.  «Մանգաղ չունեմ»:  Առանց  ոչխարի  ուղարկում  էին  ոչխար  արածեցնելու:  Դաշտից  վերադառնում  էր`  «ոչխարներ չկան»  ասելով:  Մի  օր  էլ  խեղճ  խենթի  գլխին  խաղ  սարքեցին. որոշեցին նրան ամուսնացնել: Հարսանիքի պատրաստություն  տեսան  և  նրան  փեսայի  նման  հագցրին:  Հարսանիքի խրախճանքին շատ ուրախ էր. կերավ, խմեց, պարեց ու հանկարծ իր ապուշ ժպիտով հարցրեց. «Իսկ հարսն ո՞ւր է»: Ես  շատ  երկար  ծիծաղեցի:  Վարդանը  չէր  ծիծաղում,  այլ ինձ էր լուրջ դիտում: Վերջապես ունքերը պրկվեցին, և բարկությամբ գոռաց վրաս.

–        Լռի՛ր, հիմա՛ր վարդապետ, լռի՛ր: Ինչքան հեշտությամբ ես  ծիծաղում  խենթ  Վահանի  վրա  ու  չես  տեսնում,  որ  դու նրանից ավելի տխմար ես: Երեսուն տարի վանքում ես, աստվածաբան վարդապետ ես դարձել և այսքան տարիներ հետո առջևս  կանգնել  ու  հարցնում  ես.  «Մի  բան  պակաս  է,  ի՞նչ է արդյոք»: Աստված է պակաս, ա՛յ տխմար, Աստծո կարիքն ունենք:  Ա՛յ  խենթ  Մանուկ,  քեզ  ուղարկել  են  աստվածաբանության  դաշտ,  և  հիմա  դաշտից  դատարկաձեռն  վերադարձել ու խենթ Վահանի նման պլշած նայում ես երեսիս և ասում. «Աստված չկա այնտեղ»:

–        Բայց   ես   Աստված   ունեմ,–   առարկեցի   վիրավորված հպարտությամբ:

–        Եթե Աստված ունենայիր, նույնիսկ մեկ փշրանք, ուրիշ ոչ մի բանի չէիր կարոտի: Ո՞վ գիտի, միգուցե քեզ անծանոթ հիմարություն է կախարդել միտքդ` քեզ կարծել տալով, թե դու  «Աստված»  ունես  և,  ըստ  այնմ,  Նրան  պատշաճ  ձևով չես փնտրում: Այս    խոսակցությունն    ամիսներով    ինձ    մտատանջեց: Դասախոսելուց  հրաժարվեցի:  Ի՞նչ  իմաստ  ուներ,  որ  իմ աշակերտներն  էլ  նույն  սխալը,  նույն  հիմարությունը  կրկնեին  և  երեսուն  տարի  հետո  հասնեին  իմ  հուսահատական վիճակին: Աղոթում   էի,   որ   Աստված   Վարդանի   ակնարկած   այդ «պարզ» ճշմարտությունն ինձ համար բացեր, ինչն աստվածաբանության վանդակից ինձ ազատ կարձակեր:

Մի գիշեր քնիցս արթնացա` լուծելով հանելուկը: Զարմանում  էի,  թե  ինչպես  այդ  պարզ  ճշմարտությունն  այդքան տարի  չէի  կարողացել  հասկանալ:  Ինձ  արթնացնող  միտքն այնքան  հստակ  ու  համոզիչ  էր,  որ  ցատկելով  դուրս  ելա անկողնուց:

Մանուկ վարդապետը կանգ առավ, դիտեց հեռուները՝ պատուհանից  երևացող  սեգ  լեռները,  և  կրկին  հանդիպելով իր ունկնդիրների աչքերին՝ փոխանակ շարունակելու իր խոսքը` մի հարց ուղղեց նրանց.

–        Ո՞րն է մեծագույն հրամանը:

Բոլորը  կրկնեցին  Աստվածաշնչի  բազմիցս  կրկնված  համարը.

–        «Սիրեսցես զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ, եւ յամենայն աձնէ քումմէ, եւ յամենայն մտաց քոց, եւ յամենայն զօրութենէ քումմէ»:

 

–        Ահա   ինձ   արթնացնող   միտքը   հետևյալն   էր,   որ   իր ամբողջ պարզությամբ և անհերքելի զորությամբ առջևս էր` այգաբացի  արևի  նման  հետզհետե  ավելի  ուժգնորեն  պայծառանալով. «Դու երբեք չփորձեցիր կատարել այս հրամանը:  Դու  զանց  առար  նրա  կիրարկությունը  և  անցար  ուրիշ բաներով  զբաղվելու:  Քո  խելքը  մինչև  հիմա  հազար  ու  մեկ սրբազան խաղերով և աստվածաբանական ճոխություններով քեզ խաբել է, որպեսզի դու ամեն ինչով, Աստծո մասին ամեն տեսակ գաղափարներով զբաղվես, բացի կյանքի կոչելու այս մեկ  հրամանից:  Դու  նույնիսկ  մեկ  անգամ  չես  փորձել  այս հրամանը լիովին կատարել»:

Վարդապետներն  իրար  նայեցին  և  իրենց  շփոթախառն գլուխները գետնին հառած` սկսեցին մտածել: Մանուկ վարդապետը մի պահ լռեց: Իսկապե՞ս սա կարող էր ճիշտ լինել մի վարդապետի համար, ով իր մանկությունից վանք էր մտել և Աստծուն նվիրվել: Աշխարհն  ուրացած  և  վանքում  կամավոր  կերպով  ինքն իրեն  բանտարկած,  իր  ամբողջ  կյանքն  Աստծուն  և  աղոթքի նվիրած  մեկը,  եթե  այս  հրամանը  չէր  կատարել,  հապա  ո՞վ կարող էր այն կատարել: Սակայն Մանուկ վարդապետն արդեն  գիտեր  նրանց  մտքերում  ծնունդ  առած  բոլոր  հարցերն ու պատասխանները:

–        Այդ  ձայնն  ինձ  չէր  ասում,  որ  ես  Աստծուն  չեմ  սիրում,  այլ  ասում  էր,  որ  երբեք  չէի  փորձել  Աստծուն  սիրել «ամբողջ  սրտով,  ամբողջ  հոգով,  ամբողջ  մտքով  և  ամբողջ զորությամբ»:  Շեշտն  այստեղ  «ամբողջի»  վրա  էր,  իսկ  իմ սերն  Աստծո  հանդեպ  մասնակի  էր,  և  այդ  մասը  որքան  էլ մեծ լիներ, դարձյալ «ամբողջ» չէր: Մեկ ակնթարթում ըմբռնեցի,  որ  առաջին  հրամանն  իրականում  Աստծո  առաջին  և մեծագույն  «հրավերն»  էր`  Նրա  անհուն  ժառանգություն մուտք  գործելու:  Հրամանը  գաղտնի  հրավեր  էր,  որի  միջոցով Աստված ասում էր. «Վերցրո՛ւ Ինձ քո ամբողջ սրտով, հոգով, մտքով, զորությամբ և հարստացրո՛ւ սիրտդ, հոգիդ, միտքդ  և  զորությունդ  աստվածանալու  աստիճանի  չափ»: Եվ զարմանքով հասկացա, որ ես հրամանը չէ, որ ոտնակոխ էի անում, այլ իմ որդիական իրավունքն էի արհամարհում:

Կամավոր   կերպով   ես   ինձ   հոգևոր   աղքատության   էի դատապարտում: Քանի որ Աստծո հրավերը հրամանի ձևով էր, ես էլ մյուս հավատացյալների նման կարծում էի, որ շատ մեծ ու թանկագին բան ունեմ Աստծուն տալու և եթե տամ, շատ կաղքատանամ, և ինձ այլևս բան չի մնա: Ա՜խ, այս կուրությունը,  ա՜խ,  այս  վարագույրն  ի՜նչ  սև  է  եղել,  իսկ  նրա ետևում  ճառագայթող  «ամբողջությունը»`  ի՜նչ  փառավոր: Այս  գիտակցությունը  շատ  երկար  չտևեց  և  կամաց-կամաց կորսված  լիալուսնի  նման  անհայտացավ  ամպերի  ետևում: Սակայն  այն  իր  գործը  կատարել  էր,  և  ես  գիտեի,  որ  ուրիշ մակարդակի  վրա  ապրելիք  հոգևոր  կյանք  կա:  Երբ  Վարդան  վարդապետին  բացատրեցի  այս  դեպքը,  գոհ  ժպիտով ինձ նայեց ու ասաց.

–        Հոգին մտքից ավելի արագ է ճշմարտությունը խուզարկելու մեջ: Միտքը միշտ վանդակներ է հյուսում հազար տեսակ  պայմանավորվածություններով,  վախերով  ու  կասկածներով, իսկ հոգին միշտ ուզում է ճախրել դուրս` հավերժության ոլորտները, ազատ ու համարձակ: Ահա երեկ գիշեր քունդ հարթել է ճանապարհը, և դու արթնացել ես ճիշտ այն պահին, երբ հոգիդ դեռ սուզվում էր հավերժության մեջ` դիտելով ճշմարտությունը և սրտիդ անկեղծ հարցերը տալով նրան: Գիտե՞ս, որ  դա  գրեթե  ամեն  մարդու  հետ  պատահում  է:  Լավագույն ճշմարտությունները  քնի  և  արթնության  արանքում  են  բացվում:  Հոգին  առիթ  է  ունենում  դիտելու  երկու  աշխարհները: Խելքը  մի  պահ  լուսավորվում  է  մյուս  աշխարհից  ճառագայթող ճշմարտությամբ  և լուծում է իր խնդիրները, ըմբռնում է գաղտնիքներ  և  ներշնչվում  անմահ  գաղափարներով:  Սակայն այս  լուսավորությունն  ընդհանրապես  մնում  է  բանտարկված քնի  սահմաններում  և  արթուն  գիտակցության  չի  հասնում:

Գիտե՞ս,  որ  հին  ժամանակներում  անապատի  հայրերի  ճգնողական  կյանքի  իդեալներից  մեկը  եղել  է  երբեք  չքնելը.  փորձում էին գրեթե անկարելին: Այս մեկը պարզապես մարդկային բնության  դեմ  կատարված  համառ  պայքար  չէր,  այլ  ճգնավորը, ինչպես որսորդը, այդ երկու աշխարհների արանքից ձեռք բերվելիք  գիտության  ետևից  էր  ընկել`  իր  տքնություններին իմաստ  փոխանցելով  և  նրան  ուժ  հաղորդելով  շարունակելու գերմարդկային սխրանքները: Տեսնում եմ, որ դու երեկ գիշեր լավ  «ճշմարտություն»  ես  որսացել:  Սակայն  ինչպես  տեսնում ես, այն սառույցի նման է, հալչում է ձեռքերիդ մեջ: Երբ անդենական  աշխարհից  պատգամ  ես  ստանում,  պետք  է  արագաշարժ լինես:

–        Ի՞նչ պետք է անեմ, վարդապե՛տ: Ինչպե՞ս կարող եմ վերադառնալ  այդ  հոգեվիճակին  և  վերստին  գտնել  այդ  «ամբողջությունը», որ կարծես ամեն ինչի պատասխանն էր:

–        «Ամբողջությունը»  Աստծո  երեսներից  միայն  մեկն  է, ինչը  նաև  հենց  Աստված  է:  Աստված  այսպիսի  բազմաթիվ երեսներ և անուններ ունի, որ հավատացյալին առհասարակ հայտնվում են հետմահու զարգացումների ընթացքում: Քանի  որ  տեսողությունդ  բավականին  զարգացել  է՝  այդ  երեսներից մեկն ընկալելու աստիճան, ուրեմն կարող ես ըմբռնել նաև ուրիշները և մեռնելուց առաջ ըմբոշխնել երկնային հաճույքները: Հետևաբար ավելի նպատակահարմար է, ըստ իս, որ  դու  հոգիդ  պատրաստես  Աստծո  երեսները  դիտելուն,  ոչ թե  միայն  մեկի  ետևից  գնալուն:  Այսինքն՝  պետք  է  սովորես ծաղիկ քաղել, հետո կարող ես քո ուզած ծաղիկը հավաքել: Հասկացա՞ր:

–        Հասկացա,  դու  մինչև  հիմա  սովորածներիցս  տարբեր` նոր  ընդունակության  մասին  ես  խոսում,  որ  պետք  է  ձեռք բերեմ, որպեսզի կարողանամ Աստծուն հանդիպել:

–        Այո՛,  պետք  է  վարդապետությունից  անցնես  վարպետության  և  թողնելով  գրքերը`  սկսես  զբաղվել  հոգով.  քո հոգով և տիեզերքի Հոգով: Գիտես, որ «տառը մեռցնում է, իսկ Հոգին` կենդանացնում»: Բավականին երկար ժամանակ զբաղվեցիր  գրով  և  աստվածաբանական  գրականությամբ, սուրբերի կյանքով և ուսուցումներով: Նրանք լրացրել են քո հանդեպ իրենց պարտականությունը և արդեն մեռել են: Քեզ  այլևս  տալու  բան  չունեն,  հույսդ  նրանցից  կտրի՛ր: Նրանք քեզ հասցրել են օվկիանոսի եզրին, այսուհետ ուրիշ միջոցի  և  վարպետության  կարիք  ունես  ճամփորդությունդ շարունակելու համար:

–        Դժվար է այդ բոլորը թողնել, վարդապե՛տ: Դու լավ գիտես գրքեր կարդալու իմ անվերջ ախորժակը: Ես գիտեմ, որ հոգևոր կյանքս որքան է նրանցով հարստացել:

–        Անշուշտ,  հիշում  ես,  որ  Հիսուսի  աշակերտներից  մեկը մոտենալով  Նրանից  արտոնություն  խնդրեց`  գնալու  և  իր հորը  թաղելու  և  ապա  հետևելու  Նրան:  Ահա,  մինչև  հիմա գրքերից և ուրիշ մարդկանցից ինչ որ սովորել ես, այսուհետ քո մեռած հայրն է` շատ սիրելի և հույժ թանկագին քեզ համար: Բայց եթե ուզում ես կենդանի ու կենդանացնող Քրիստոսին  հետևել,  «թող  որ  մեռելները  թաղեն  իրենց  մեռելներին»: Շատերն են տեսնում այն, ինչ որ դու տեսար և հանդիպեցիր երեկ գիշեր: Բայց և այնպես, շատերը կարևորություն չեն տալիս դրան: Շատերն անտեսում ու մոռանում են այն, իսկ քեզ նման վարդապետները կրկին դեպի գրքերն են վազում, որպեսզի այնտեղ փնտրեն այն, ինչ որ երբեք չեն կարող  գտնել:  Ա՛յ  հիմար  տղա,  Սիրելիդ  եկել,  դռան  ետևում կանգնել  և  անհամբեր  դուռն  է  բախում,  իսկ  դու  պատաս- խանում ես. «Սպասի՛ր, սիրելի՛ս, դեռ նամակդ եմ կարդում, ամբողջությամբ  չեմ  հասկացել`  ինչ  ես  ասում:  Մի  փոքր  էլ սպասի՛ր,  խնդրում  եմ,  տեսնեմ`  Հայրերն  ինչ  են  գրել  Քո մասին»:

Նայեցի Վարդանի դեմքին և իմ հիմարության վրա ծիծաղեցի: Ինչքա՜ն ճիշտ էին նրա ասածները: Մշուշները փարատվում էին նրա արև խոսքերից, և ես իրապես տեսնում էի, որ ինձ կանչող անհուն օվկիանի ափին եմ կանգնած:

–        Աստծո ճանապարհի վրա անթացուպերդ էին այն բոլոր գրքերը, որ կարդացել ես, և անդամալույծի մահճակալդ էին մինչև հիմա աչքերովդ և ականջներովդ սովորած ուսուցումներն  ու  վարդապետությունները:  Հիմա  առանց  տեսնելու, լսելու և առանց սովորելու նյութական այս աշխարհից՝ կարող  ես  հոգու  ակունքներից  սնվել:  Նետի՛ր  անթացուպերդ, հավաքի՛ր  մահճակալդ,  որովհետև  քեզ  կրելու  համար  հոգիդ բավական զորավոր է, որպեսզի մինչև վերջ անսայթաք քայլես  հոգևոր  ճանապարհով:  Ներսդ  նայիր  հավատքով` Անտեսանելիին հանդիպելու: «Երանի նրանց, որ հավատում են  առանց  տեսնելու»:  Որովհետև  ինչ  որ  տեսնում  ես,  լոկ «կեղև» է, և ինչպես Ավետարանն է ասում, «տեսանելի բոլոր բաներն Անտեսանելիից են առաջ եկել»:

–        Բավական  է,  վարդապե՛տ,  հասկացա,  շնորհակալ  եմ: Ահա զարհուրած կանգնած եմ այդ անհուն օվկիանոսի ափին ու դիտում եմ հորիզոնը: Այժմ պատրաստ եմ ցամաքը թողնելու և ծովային ճանապարհով  ճամփորդելու:  Բայց  ո՞ւր  է  նավակս,  նավարկելու վարպետություն էլ չունեմ:

–        Հոգիդ է նավակդ, իսկ ես քեզ կսովորեցնեմ ինչպես նավարկել մինչև որոշ կղզիներ, ապա Սուրբ Հոգին Ինքը գիտի, թե ուրիշ ինչե՜ր առանձին կսովորեցնի քեզ:

Վարդանն  իր  գրասեղանի  մոտ  գնաց,  մի  խոշորացույց հանեց  գզրոցից  և  թղթի  կտոր  առնելով`  ինձ  մոտ  եկավ  ու նստեց  աթոռին`  պատուհանից  ծորող  լուսարձակումի  տակ. մանկությանս բնագիտության դասերը հիշեցնող ամենածանոթ փորձերից մեկը սկսեց անել:

–        Նայի՛ր, արևը թղթի վրա է: Աստված էլ բոլորիս վրա է ու մեր ամբողջ էությունն է լցնում, ինչպես սուրբ Պողոսն է ասում. «Նրանով է, որ ապրում ենք ու շարժվում և կանք»: Սակայն թուղթը տեղյակ չէ, որ արևն է իրեն լուսավորողն ու տաքացնողը: Մարդը նույնպես չի կարող ըմբռնել Աստծուն, մինչև Աստված չսկսի նրան այրել:

Խոշորացույցը  բռնեց  թղթի  վրա  և  կենտրոնացրեց  արևի ճառագայթները: Թուղթը նախ սկսեց մխալ, իսկ հետո բռնկվելով ծակվեց: Վարդանը փչելով մարեց բոցը:

–        Այս  խոշորացույցը  մարդու  խելքն  է,  որ  կարող  է  ուշադրության  կենտրոնացումով  ի  մի  հավաքել  աստվածային ճառագայթումը:   Աստծո   «ամբողջությունը»   հասկանալու համար  միտքը  պետք  է  վերածել  մի  «կետի»,  որ  Աստծո  մեկ այլ երեսն է: Կետն Աստված է, ինչպես ամբողջությունը: Սակայն խելքը չի կարող երկուսն էլ ըմբռնել: Միտքը կարող է միջնորդ լինել մեր և Աստծո միջև: Եվ եթե մտքին հաջողվի կետի վերածել ամբողջությունը, մեր էության մեջ հրկիզում տեղի կունենա, և Աստծո կրակը կսկսի իր մեջ առնել և այլակերպել մեր մարդկային բնությունը, ինչպես կանթեղի ձեթը, հանդիպելով բոցին, սկսում է վառվել, և ինքն էլ բոցի է վերածվում: Վարդանը  խոշորացույցն  ինձ  տվեց  ու  գնաց,  օջախի  մոտից կտրված մի փայտ վերցրեց:

–        Սա վերցրու, այդ խոշորացույցով մի կետ արա և վրանգրիր.  «Կետն  Աստծո  երեսն  է»:  Դիտիր  այդ  երեսը  և  սիրիր Նրան  քո  ամբողջ  սրտով,  հոգով,  մտքով  ու  զորությամբ, մինչև որ նա քեզ ժպտա: Եթե հնարավոր լիներ Աստծո պատկերը  նկարել,  «դատարկության  մեջ  մի  կետ»  կլիներ  լավագույն  նմանությունը՝  իդեալ  սրբապատկերը:  Կետն  Աստծո Արքայության  դուռն  է,  և  դու  ես  այն  հարուստ  մարդը,  ում Տերը  նմանեցրեց  մի  ուղտի,  որ  ստիպված  է  ասեղի  ծակից անցնելով ներս մտնել: Հասկացա՞ր:

Փորձում  էի  հասկանալ,  բայց  ըմբռնեցի,  որ  նրա  ասածներն առանց փորձելու հասկացվելիք բաներ չէին: Վարդանն արդեն  ինձ  հետ  խոսում  էր  այնպիսի  առակներով,  որոնք Աստծո  արքայության  բանալիներն  էին,  եթե  կարողանայի օգտագործել: Դուրս ելնելու համար ոտքի ելա:

–        Փոքր-ինչ սպասի՛ր,– ասաց,– քեզ գիրք ունեմ տալու:

Իր  գրադարանից  մի  բարակ  պրակ  դուրս  հանեց  և  ինձ երկարեց: Գրքույկը վերցրի և ծիծաղելով հարց տվեցի.

–        Ես կարծում էի, թե այլևս գիրք չպիտի կարդամ, քանի որ գրքերն ինձ այլևս սովորեցնելու բան չունեն:

–        Այդ  գիրքը  նաև  աստվածաբանության  «կետ»  է  կամ ավելի ճիշտ` վերջակետ:

–        Սուրբ  Դիոնիսիոս  Արիոպագացի,  «Յաղագս  Խորհրդական  Աստուածաբանութեան».  տարիներ  առաջ  կարադացել էի, բայց չգիտեի, որ այսքա՜ն կարևոր է:

–        Հիմա  առավել  ուշադրությամբ  կարդա:  Այն  սուր  է, որ  խորտակելու  է  այն  բոլոր  շղթաները,  որ  քեզ  կապում  են գրքերին  և  ուսուցումներին:  Այդ  փոքրիկ  գիրքն  աստվածաբանությամբ  թունավորված  վարդապետների  համար  հակաթույն  է:  Պիտի  հասկանաս,  որ  հանուր  աստվածաբանությունը  քեզ  խորան  բարձրացնող  լոկ  աստիճաններ  է,  ուրիշ ոչինչ:

 

Հաջորդ գլուխը՝

ԳԾԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԱՆՑՆԵԼ