Աբդիուի մարգարեության մեկնություն 1:5

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Մի՞թե գողեր են եկել քեզ մոտ, կամ գիշերային ավազակներ, որ այդպես կողոպտվել ես։ Սակայն նրանք կգողանային այնքան, որքան իրենց հարկավոր էր։ Եթե այգեկութ անողներ սողոսկեին քեզ մոտ, մի քանի ողկույզ մի՞թե չէին թողնի»։ (Սինոդական թարգ․) [5]
   
   5−6−րդ համարներում առկա մի շարք հարցադրումների և համեմատությունների միջոցով մարգարեն նկարագրում է Եդոմին սպասվող ավերման ծայրահեղ աստիճանը: Ինչպես 2−րդ համարում, այստեղ ևս սպասվող կործանումը ներկայացվում է որպես արդեն կատարված իրողության՝ հաշվի առնելով դրա անխուսափելիությունը:

   «Որ այդպես կողոպտվել ես». եբրայերեն «ech nidmethah» արտահայտությունը Յոթանասնիցը թարգմանել է՝ «pou an aperrifhj» (սլավ.` «կողոպտված էիր լինելու»), քանի որ  «damach» (Ովս. 4:6, 10:7, 15, Ես. 6:6) բայի փոխարեն ընթերցել է «ramah» (տապալել, ցած նետել)»: Ասորերեն թարգմանությունն ու Վուլգաթան «nidmethah» արտահայտությունն արտածում են «dum» (լռել) արմատից, որտեղից էլ գալիս է Վուլգաթայի «quomodo con ticuisses» (ինչպես դու լռեցիր) տարբերակը: Եբրայերեն «ech nidmethah» արտահայտությունը, սակայն, առավել բնական է հասկանալ որպես հուզական բացականչություն՝ «ինչպե՞ս ես դու կողոպտվել» իմաստով, որն ընդհատում է խոսքի ընթացքը։

   Հոոնակերն ուշադրություն է դարձնում այն ​​փաստին, որ այս բացականչությունը (ինչպե՞ս ես դու կողոպտվել) կարծես թե չի համապատասխանում 5−րդ համարի հարցադրումների համատեքստին, քանի որ այստեղ առկա հարցադրումները նպատակ ունեն արտահայտել հենց այն միտքը, որ Եդոմն այսքան ավերված չէր լինի, եթե նրա մոտ գային միայն գողերն ու ավազակները: Այդ պատճառով Հոոնակերը կարծում է, որ «ինչպես ես դու կողոպտվել» բացականչությունը պատահաբար է 6−րդ համարից 5−րդ համար տեղափոխվել: Վինկլերը կարծում է, որ անհրաժեշտ է «ech nidmethah» արտահայտությունը տեղափոխել 4−րդ համար, իսկ Մարտին դրանք ամբողջությամբ դուրս է թողնում տեքստից: Սակայն հաշվի առնելով խոսքի զարգացման մեջ շեղումներ թույլ տվող լիրիկական բնույթը՝ Հոոնակերի ու Վինկլերի առաջարկներն ընդունելու և, առավել ևս, խնդրո առարկա բառերը տեքստից դուրս թողնելու կարիք առանձնապես չի լինում: «Այգեկութ անողները», ամենայն հավանականությամբ, վերաբերում է խաղող գողացողներին:

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եթէ գողերն ու գիշերային աւազակները մտնէին քեզ մօտ, որտեղ էլ որ թաքնուէիր, իրենց բաւարարելու չափ բան չէի՞ն գողանայ: Եթէ քաղողները մտնէին քո մէջ, արդեօ՞ք վերջին ողկոյզն անգամ չէին քաղի:
(Արարատ թարգ․) - Եթե քեզ մոտ գողեր գային կամ գիշերային ավազակներ (ինչպե՜ս բնաջնջվեցիր), մի՞թե չէին գողանալու, որքան որ իրենց բավական է. եթե քեզ մոտ քաղողներ գային, մի՞թե ողկույզներ չէին թողնելու։
(Գրաբար) Եթէ գողոց մտեալ էր առ քեզ՝ կամ աւազակաց գիշերոյ՝ ուր և էր՝ ղօղէիր. և ո՛չ արդեւք գողանային բաւական իւրեանց. և եթէ կթօղք մտեալ էին ի քեզ, և ո՞չ եթէ ճիռ մի ո՛չ թողուին։