ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԵՒ ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՒԱԳԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

   Որք հաղորդեցան չարչարանաց Քոց,

Քրիստո՛ս, սուրբ հայրապետքն.

Եւ վերաբերեալ պայծառացան ընդ

անմարմին բազմութիւնսն.

Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ

Աստուած հարցն մերոց:

(Շարակնոց)

   
   Վերջին մարտիրոս կոչուող սուրբ եւ առաքե­լա­շնորհ մեծ հայրապետ Պետրոս Ալեքսանդրացին Եգիպ­տոսի Ալեքսանդրիա քաղաքի պատրիարքութեան Ա­թոռին նստեց Տիրոջ մօտ 300 թուակա­նին: Նա Քրիստոսի ճշմարիտ հաւատի վարդապետ էր, յարատեւ քարոզում էր Աւետարանը, ծաղկած էր ուղղափառ հաւատով, պտղաբեր բարի գործերով ու պատկառելի ողջ ժողովրդի աչքին: Նա իր հո­վուական ծառայութիւնը երեք տարի վարեց անդորրի մէջ, որից յետոյ ողջ տիեզերքով մէկ քրիստոսամարտ Դիոկղետիանոս արքայի երեսից դառնութեան հուր բորբոքուեց: Նրա փեսայ Մաքսիմիանոս Երկրորդը` Արմէնտարիոս Կեսար կոչեցեալը, իր չարասէր մօր խրատով, ով քրիստոնեաներին սոսկալի ա­տող եւ մոլի կռապաշտ կին էր, դրդեց իր աներոջը` քրիստոնէական կրօնը հա­լա­ծելու համար արքունի մի հրովարտակ տարա­ծել բոլոր վայրերում: Ու Տի­րոջ 303 թուականին, որը նահատակութիւնների սկիզբն էր, տարածքով մէկ մի խիստ հրաման ելաւ, ըստ որի՝ բոլոր քրիստոնեաները՝ մեծ թէ փոքր, պէտք է ընդունէին աստուածների պաշտամունքը, իսկ ով յանձն չառ­նէր, սրով եւ հրով, սովով ու աք­սորներով մահուան դառը պատիժ կ՚ընդունէր եւ մէջ­տեղից կը վերացուէր:

   Այս պատուէրն առնելով` աշխարհակալ իշխան­ներն ու դատաւորներն սկսեցին տեղ-տեղ գործա­դ­րել անօրէն հրամանը: Եւ ո՞վ կարող էր թուել քաջ նահատակների` տղամարդկանց եւ կանանց, ծերերի եւ մանուկների, իշխանների ու քահանաների ան­հա­մար բազմութիւնը, ովքեր Քրիստոսի սիրոյ հա­մար իրենց անձերը տեսակ-տեսակ դաժան տան­ջանք­ներով արիաբար մահուան մատնեցին: Նահատակւում էին թէ՛ մէկ-մէկ եւ թէ՛ խմբովին: Բայց, աւա՜ղ, նաեւ շատերն  ուրացան Քրիստոսին ու դատապարտուեցին յաւիտենական կորստեան:

   Այս հալածանքների հրդեհը, որն սկսուեց Դիոկղետիանոսի եւ նրա գահակից Մաքսիմիանոս Հե­րակլէսի օրօք, տարածուեց նաեւ միւս Մաքսիմիանոս Երկ­­րորդի` Արմէնտարիոս Գաղերիոսի առան­ձին  կայսրութեան մէջ, սակայն ա­ռա­ւել սաստ­կա­ցաւ արեւելեան կողմերում` Մաքսիմինոսի` Դաժ կոչուող Մաքսիմիանոս Երրորդի մօտ: Սա նախկինի քեռորդին էր, ով Տիրոջ 305 թուականին կեսար դարձաւ: Նա տիրում էր Արեւելքին ու Եգիպտոսին, իսկ կարճ ժամանակ անց նա նաեւ կայսր կոչուեց:

   Արդ, այս ժամանակներում Ալեքսանդրիայի սուրբ Պետրոս եպիսկոպոսապետը, Եգիպտոսում փայլելով իր պայծառ քարոզութեամբ, անդադար յորդորում էր հաւատացեալներին հաստատուն մնալ Քրիստոս Աստուծոյ ճշմարիտ հա­ւա­տքի մէջ եւ յօժարութեամբ մեռնել Տիրոջ անուան համար: Սակայն Եգիպտոսի Թե­բա­յի­դի սահմաններում գտ­­նուող Լիկոպոլս քաղաքի Մելիտոս եպիսկոպոսը, չարից հրապուրուելով ու տանջանքներից զարհուրելով, ուրացաւ հաւատը, զո­հեց կուռքերին եւ սրտի չարութիւնից հաւատացեալների շրջա­նում մեծամեծ անօրէնութիւններ ու չարիքներ գործեց: Բայց միա­ժա­մա­նակ իր եպիս­կոպոսական աթոռը չկորցնելու համար նա առ­երես, անապաշխար դարձ էր ցոյց տալիս, իսկ սուրբ Պետրոս հայրապետը, չարի այդ գործակցին ան­զեղջ տեսնելով, ժո­ղով գումարեց եւ նրան զրկեց քահանայական պա­տուից, որ թերեւս զղջայ ու ապաշխարի: Բայց նա, ամենեւին ուշադրութիւն չդարձնելով, արհամարհեց հայրապետին եւ չուզեց նրա ձեռքի տակ լինել, այլ կամեցաւ ինքնիշխան լինել: Ու որսալով շատերին` հերձուած գցեց հաւատացեալների մէջ, որտեղից սկիզբ առան նրա արբանեակները, որոնք կոչուեցին մելիտոսեաններ:

   Սրան յարեց Արիոս Ալեքսանդրացին նախքան իր աղան­դը տարածելը, երբ դեռեւս Ե­կեղեցում ծա­ռա­յութեան մէջ էր, որի համար մեր­ժուեց Պետրոս հայրապետի կողմից եւ ար­տաք­սուեց Եկեղեցուց: Սակայն յետոյ «զղջալով»` հեշտութեամբ թողութիւն ստացաւ, քանզի ճար­տար լեզու ունէր ու գրաւում էր բոլոր նրանց, ում հետ խօսում էր: Այդպէս նա կարողացաւ մին­չեւ անգամ սարկաւագ ձեռնադրուել իր իսկ սուրբ հայրապետի կողմից: Կարողանալով որոշ մարդ­կանց տանել իր յետեւից՝ նա հեռացաւ Մելի­տո­սից, բայց յետոյ դար­ձեալ յարեց նրան` առա­ւել զօրացնելով չար հերձուածը: Այդ կրկնելու համար սուրբ Պետրոսը նզովելով արտաքսեց Արիո­սին եւ բանադրեց: Իսկ Մելի­տո­սը, օրէցօր առաւել չարանալով Պետրոս հայրապետի դէմ, բոլորի` յատկապէս հեթանոսների մօտ ամբաստանում էր նրան, մինչեւ ան­գամ ամբաստանեց նաեւ Մաքսիմիանոսի մօտ` նրան ներկայացնելով որպէս ժողովրդի խռովեցուցիչ: Եւ քանի որ թագաւորների մօտ նրա մասին կարծիք կար, թէ նա է, որ Եգիպտոսում քրիստոնեաներին իրենց հաւատքի մէջ հաստատուն է պահում, անմի­ջա­պէս մարդիկ ուղարկեց՝ բռնելու նրան եւ իր գործակիցներին: Այնժամ հաւաքեցին եպիսկո­պոս­ներից, քահանաներից ու Եկեղեցու ծառա­յող­նե­րից շատերին` մօտ վեց հարիւր վաթսուն հոգի, ովքեր զանազան տե­ղեր աքսորուելով ու տեսակ-տեսակ տանջանքների ենթարկուելով` նահատակուեցին: Իսկ սուրբ Պետրոսին չկարողացան բռնել, որովհետեւ ալեքսանդրացիների բազմահաւաք խումբը, միահամուռ ոտքի կանգնելով արքունի ծառայողների դէմ, քաջութեամբ դիմադրութիւն ցոյց տուեց: Այն­ժամ սուրբ հայրապետը՝ վախենալով, որ միգու­ցէ իր պատճառով ժողովրդի մէջ խռովութիւն ընկ­նի եւ կո­տորած սկսուի, բարեպաշտ մարդկանց յորդորներով անաղմուկ հեռացաւ քաղաքից ու եր­­­կար ժամանակ հալածանքներ կրելով` շրջեց Պա­ղեստինի եւ Մի­ջագետքի կողմերում:

   Հալածանքների հուրը բռնել էր ողջ երկիրը, որի պատճառով նա ամենուր ծանր նեղութիւններ էր կրում: Սակայն սուրբ հայրապետը ուր էլ որ լինում էր, իւրայիններին եւ սուրբ հաւատի համար բանտարկուածներին միշտ քաջալերական յորդորներով լի նամակներ էր ուղարկում: Եւ այս ամէնում սուրբին ուղեկից եւ աջակից էր իր երանելի Աբիսողոմ սարկաւագը` առաջացած տարիքով ու Սուրբ Հոգով լցուած մի մարդ, ով, այդքան տարիներ սուրբ հայրապետի կողքին լինելով, նրա հետ կրում էր բոլոր հալածանքները: Երբ սուրբ Պետրոսը լսեց, որ իր գործակիցները նահատակուել են, եւ իր հօտը, զրկուած լինելով հովուից, վտանգի ու տագնապի մէջ է, Աբիսողոմի հետ վերադարձաւ Ալեքսանդրիայի իր Աթոռը եւ սկսեց մխիթարել, սրտապնդել ու ամրացնել բոլորին, համարձակ քարոզել Քրիստոս Աստծուն եւ աներկիւղ յանդիմանել հեթանոսների մոլորութիւնը:

   Երբ Մաքսիմիանոսը տեղեկացաւ այս մասին, շտապ Ալեքսանդրիա ուղարկեց արքունի մի հազարապետ` երեւելի զօրականներով հանդերձ, որպէսզի բռնեն Պետրոս եպիսկոպոսապետին եւ մահուան մատնեն: Երբ զօրականները եկան, քաղաքում մեծ աղմուկ բարձրացաւ, ու ժողովուրդը սաստիկ խռովուեց: Նրանք միաբերան ասացին. «Աւելի լաւ է՝ նախ մենք բոլորս մեռնենք եւ ապա մեր հայրապետը»: Այս խօսքերից զօրականները վախեցան ձեռք բարձրացնել նրա վրայ, այլ բռնելով բանտ նետեցին:

   Նոյն օրը անապատից այդ քաղաք էր իջել Աստուծոյ աշխարհաքարոզ այրը` մեծ հայր Անտօնը, որպէսզի այցելի Քրիստոսին վկայելու համար բանտարկուածներին, եւ նաեւ եթէ առիթ լինի, նահատակու­թեամբ չարչարակից լինի նրանց: Նա այցելեց բանտում գտնուող սուրբ Պետրոս հայրապետին, մինչեւ նրա վերջին օրը կարեկից եղաւ նրա վշտերին եւ քաջալերական ու աստուածիմաստ խօսքերով ուրախացրեց նրան: Սուրբ հայրը միառժամանակ մնաց այնտեղ, ապա երա­­նելի հայրապետի նահատակութիւնից յետոյ վերադար­­ձաւ իր անապատը:

   Իսկ նենգամիտ Արիոսը, ով բանադրուած էր սուրբ Պետրոս հայրապետի կող­մից, մտածում էր բա­նադրանքի կապանքներից արձակուելու մի հնար գտնել, քան­զի վախենում էր, որ եթէ նահատակեն սուր­բին, ու ինքը մնայ առանց արձակ­ման, մեր­ժե­լի կը լինի բոլորի կողմից: Ուստի հայրապետի նահա­տա­կութիւնից մէկ օր առաջ բանտ ուղարկեց քահանաներ եւ պատուական նախարար այրեր, որ­պէսզի սրանց բարեխօսութեամբ սուրբն օրհնի իրեն ու արձակի կապանքից: Խոս­տանում էր նաեւ ամ­բող­ջովին հեռանալ Մելիտոսից, ապաշխարել եւ Եկեղե­ցու միջից վերացնել պառակտումը: Սա­կայն այդ նենգամիտն ակնկալում էր սուրբի մա­հից յետոյ հասնել նախ աւագութեան, իսկ յետոյ՝ հայրապետութեան: Ա­րիոսի գլխաւոր բարեխօսներն էին հայրապետանոցի երէցներ Աքիւղասն ու Ալեք­սանդրոսը: Իսկ սուրբ Պետրոսը, վերին յայտ­նու­թեամբ իմանալով, որ Արիոսն առաւել մեծա­մեծ չարիքներ է պատրաստւում անել Եկե­ղե­ցում, ամենեւին տեղի չտուեց նրանց խնդրանքներին: Բայց երբ շատ թախանձեցին, սուրբն իշխանաւորներին ճանապարհելուց յետոյ Աքիւ­ղասին եւ Ալեքսանդրոսին առանձին ասաց. «Արիոսի համա՞ր էք դուք խնդրում: Արիոսը նզո­վուած է թէ՛ այս աշխարհում եւ թէ՛ հան­դեր­ձեա­լում ու հեռացուած Աս­տու­ծոյ Որդու փառքից: Իմ այս խօսքերի համար դուք ինձ անգութ եւ ան­խիղճ մի՛ համարէք, այլ լսէ՛ք ինձ, որպէսզի ճա­­նաչէք Արիոսի գաղտնածածուկ հնարքները: Նա իր բոլոր չարիքների մէջ անյագաբար առաջ է գնում: Իսկ ես ոչ թէ իմ անձով եմ վճռել հե­ռաց­նել նրան սուրբ Եկեղեցուց, այլ՝ Տի­րոջ պա­տուէ­րով, քանզի այս գիշեր իմ աղօթքից յետոյ ես թմրեցի ու մեծ հիացմունքով տե­սայ մօտ տասներկու տարեկան, արեգակի պէս լու­­սազարդ դէմքով մի Մանկան: Նա սպիտակ պատմուճան էր հագել, որը պատռուած էր վե­րե­ւից ներքեւ, եւ իր մերկութիւնը ծածկելու համար այն եր­կու ձեռքերով ամուր պահել էր կրծքի մօտ: Տեսիլքից ես անզգայացայ, թմրեցի, ու լե­զուս կպաւ քիմքիս: Երբ ինձ խօսելու զօրութիւն տրուեց, ա­ղա­ղա­կեցի եւ ասացի. «Տէ՜ր, ո՞վ պատռեց Քո պատմուճանը»: Նա ինձ ասաց. «Արիո՛սը պատ­ռեց: Իսկ դու զգո՛յշ եղիր, քանզի նա կամե­նում է բարեխօսներ ու­ղար­կել քեզ մօտ: Մի՛ հա­ւա­տա նրան ու մի՛ ընդունիր նրան սուրբ Եկեղե­ցու հետ հաղորդութեան մէջ: Պատուիրի՛ր նաեւ Աքիւ­ղասին եւ Ալեքսանդրոսին, ո­վքեր քեզանից յե­տոյ նստելու են քո Աթոռին, որ նրանք եւս չըն­դու­նեն նրան Ե­կեղեցուց ներս»: Եւ ըստ սոյն յայտնութեան՝ սուրբ հայրապետն իմացաւ նաեւ, որ իր Աթո­ռի արժանաւոր ժառանգորդներն այս Աքիւ­ղասն ու Ալեքսանդրոսը պի­տի լինեն: Ապա սկսեց զրու­ցել նրանց հետ եւ պատմել, թէ ինքը Քրիստոսի հա­մար որքան հալածանքներ է կրել Պա­­ղես­տինում, Փիւնիկէում, Մի­ջա­գետ­քում, Ասորիքում ու կղզիներում: Տեղեկացրեց նաեւ իր մօտալուտ նահատակութեան մասին, որը յայտնուել էր իրեն Տիրոջից եւ աստուածուսոյց խօսքերով զօրացնելով՝ ուղարկեց նրանց:

   Իսկ արքունի զօրականները, բոլորին ցոյց տա­լով Մաքսիմիանոսի արձակած հրովարտակը, շտա­պում էին իրագործել նրա հրամանը` սպանել հայրապե­տին, որը չէր յաջողւում, որովհետեւ ժողովրդի զինուած խմբերն իրենց հայրապետի համար հաւաքուել էին բանտի մօտ ու պահպանում էին մուտքը: Նրանց հետ էին նաեւ շատ մե­նա­կեաց­ներ, ովքեր սուրբ Անտօնի հետ իջել էին անա­պատից՝ խնամարկելու սուրբ հաւա­տքի համար բանտարկուածներին: Եւ մինչ զինուորները մտածում էին սրով հեռացնել ամբոխին ու դուրս բերել հայրապետին, սուրբն անհանգս­տացաւ, որ չլինի, թէ իր պատճա­ռով մեծ կռիվ սկ­սուի քաղաքացիների եւ զինուորների միջեւ, չլինի մահ ու կո­տորած եւ չլինի, որ խափանուի իր մարտիրոսութիւնը: Ուստի Աբիսողոմ սարկաւա­գին գաղտնի ուղարկեց զօրավարների մօտ, որ­պէսզի աղաչի նրանց ձեռք չտալ ժողովրդին ու ասի. «Եթէ հայրապետին էք ուզում, գիշերը եկէք բան­­տի հարաւակողմը, քանդէք պատը, դուրս բերէք նրան եւ տարէք, ուր կը կամենաք»: Եւ այդպէս զինուորները գիշերը նրան հանեցին բանտից: Իսկ ժողովուրդը չիմա­ցաւ էլ, թէ ինչ կատարուեց, որովհետեւ դռան մօտ քուն էին մտել եւ սաստիկ քամու ձայնից չլսեցին, թէ ինչպէս բան­տի միւս կողմից քանդեցին պատը:

   Ու երբ դուրս բերեցին երանելի հայրապետին, հինգ զինուորներ նրան տարան նահատակութեան վայ­­րը, որը տեղի բնակիչները «Արջառնե­րի դաշտ» էին կոչում: Այստեղ էր եղել նաեւ սուրբ Մար­­կոս աւետարանչի նահատակութիւ­նը, եւ այդ­տեղ էին գտնւում նրա անուամբ կառուցուած վկայարանն ու Ալեքսանդրիայի հայրապետների գե­­րեզ­մանները: Այնժամ սուրբ հայրապետը փոքր­-­ինչ ժամանակ խնդրեց զինուորներից եւ գնաց Մարկոս աւետարանչի տա­պանի մօտ: Հագաւ եպիս­­կոպոսական իր հանդերձները, փարուեց տապանին ու երկար աղօթեց իր հօտի, Եկեղեցու խաղա­­ղութեան եւ առաջիկայ նահատակու­թեան հան­դէ­սում իր յաջողութեան համար: Ողջունեց նաեւ իրենից առաջ ե­ղող տապաններում ամփոփուած տասնհինգ հայրապետներին:

   Երբ բացուեց առաւօտը, սուրբը տեսաւ, որ ահա գալիս են երկու անցորդներ` մի ծեր մարդ ու մի պառաւ կին, ովքեր իրենց հետ տանում էին չոր կաշի­ներ եւ կտաւներ: Սուրբ հայրապետը ձայն տուեց նրանց ու հարցրեց. «Քրիստոնեա՞յ էք»: Պա­տաս­խանեցին. «Աստուծոյ կամքով»: Նրանց հարց­րեց. «Իսկ ո՞ւր էք գնում»: Պատասխանեցին. «Գնում ենք քաղաք` վաճառելու մեր գործերը»: Երբ մօտեցան, նրանք ճանաչեցին լոյսի պէս փայ­լող եպիսկոպոսապետին: Սուր­բն ասաց նրանց. «Աստուա՛ծ ուղարկեց ձեզ, լուսո՛յ որդիներ, մնա­ցէ՛ք ինձ մօտ»:  Նրանք ասացին. «Ինչպէս որ կ'ա­սես, տէ՛ր»: Ապա երանելին ձայն տուեց զի­­նուոր­նե­րին եւ ասաց. «Այլեւս մի՛ սպասէք, արդէն օրը բա­ցուել է, կատարէ՛ք ձեր թագաւորի հրա­մա­նը»: Զինուորները նրան տարան սուրբ Մարկոսի վկա­­յարանի հարաւային կողմը: Սուրբն այն ծերին ասաց. «Տարածի՛ր կաշիներդ ու կտաւներդ փռի՛ր գետնի վրայ»: Երբ տարածեցին, եկաւ կանգ­նեց դրանց վրայ, արեւելք նայելով՝ ծնրադրեց երեք ան­գամ, կնքեց իրեն սուրբ Խա­չի նշա­նով, վրայից հանեց նափորտը 1մերկացրեց իր պատուական պա­րանոցը խոնարհեցնելով Քրիստոսի առաջ  եւ ասաց զինուորներին. «Այժմ կատարէ՛ք ձեզ հրամայուածը», ու ձեռքերը տարածելով՝ սկսեց ա­ղօ­թել Աստծուն: Եւ ահա ձայն եկաւ երկնքից, որ ասում էր. «Պետ­րոսն է ա­ռա­քեալ­ների գլուխը եւ Պետրոսը` մարտիրոսներից վերջինը: Ե՛կ եւ հանգստա­ցի՛ր քեզ հա­մար պատրաստուած լուսոյ օթեւաններում»:

   Իսկ զի­նուոր­ները, պատ­կառելով սուրբի սքանչելի խոնարհութիւնից ու հրեշտակային կեր­պա­րան­քից, չէին համարձակւում սպանել նրան: Նրա գլուխը կտրելու համար սկսե­ցին միմեանց դահեկաններ առաջարկել, եւ նրանցից մէկը սրի մի հարուածով կտրեց սուրբի գլուխը: Զինուոր­նե­րը, ժողովրդից վա­խե­նա­լով, պատուական մար­մի­նը թողեցին այդ վայրում ու անմիջապէս փախան:

   Եւ ահա հրաշք կատարուեց. գլխատուած մար­մի­նը, որն ընկած էր գետնին, իբ­րեւ կենդանի` յե­նուեց ծնկների վրայ, ապա վեր բարձրանալով՝ ոտ­քի կանգնեց: Այս տեսնելով` ականատես ծերերը շտապ եկան քաղաք ու պատմեցին բոլո­րին: Լուրը հա­­սաւ բանտի մուտքը պահպանող ժողովրդին: Մեծ բազմութեամբ շտապ եկան հասան նահատա­կու­թեան վայրը եւ մեծապէս ողբացին նրա հա­մար. ոմանք արտասուքներով համբուրում էին սուրբ գլուխը, ոմանք փարւում էին սուրբ մարմ­նին, ոմանք էլ պատուական արիւնն էին հաւաքում գետնից:

   Սուրբի հանգստարանի տեղի համար ժողովրդի մէջ հակառակութիւն ծագեց. ոմանք ուզում էին նրան թաղել սուրբ Մարկոսի տապանի մօտակայքում` Ալեքսանդրիայի միւս հովիւների մօտ, իսկ միւս­­ներն էլ ուզում էին թաղել նահատակների շիրիմների մօտ, որոնց տեղը ժամանակի մարտիրոսների համար ինքը` հայրապետն էր յատկացրել: Յաղթեց վերջին խորհուրդն ու խօսքը. սուր­բին դրեցին նաւի մէջ եւ յետ վարելով դէպի Փառոն կղզի` եկան արեւմտեան կողմը: Սա­կայն սուրբ մարմինը նախ տարան եկեղեցի` իր հայրապետական Աթոռ, հագցրին իր եպիսկոպոսական հանդերձներն ու նստեցրին սուրբ Մարկոսի Աթո­ռին: Երանելի հայրապետն իր հայրապետութեան ողջ ընթացքում երբէք չնստեց իր Աթո­ռին, որովհետեւ այն միշտ փայլատա­կող Լոյ­սի մէջ էր տեսնում: Իսկ երբ կամենում էր քա­րո­զել իր ժողովրդին, բարձրանում էր մի աստիճան եւ նստում Աթոռի պատուանդանի մօտ: Ժողովուր­­դը ստիպում էր նրան ու աղաղակում. «Նստի՛ր քո Աթոռին, ո՛վ սուրբդ Աս­տուծոյ», իսկ նա մի կերպ լռեցնում էր նրանց եւ չէր նստում: Սակայն ողջու­նարանում իր երէցներ Աքիւղասին, Ալեքսանդրոսին ու Եկեղեցու ժա­ռան­գաւորներին ասել էր, թէ երբ մօտենում եմ Աթոռին, տեսնում եմ լուսատեսակ Մէկին` նստած Աթոռի վրայ, եւ չեմ համարձակւում մօտենալ, այլ սարսափով դողում եմ ու զարհուրելով սասանւում, ինչպէս խռիւը` կրակից, բայց միաժամանակ խնդութեամբ եմ լցւում: Սակայն չգիտեմ` ի՞նչ ա­սեմ այս ժողովրդին, որ չգայ­թակ­ղուեն: Նրանց համար նստում եմ պատուան­դանի մօտ, ինչպէս որ տեսել էք, բայց դա էլ եմ յանդգնութիւն համարում: Այսուհետեւ երբ ժողովուրդը ստիպի ինձ, լռեց­րէ՛ք նրանց, ու դուք էլ նրանց հետ այլեւս ինձ մի՛ նե­ղէք»:

   Ժողովուրդը փա­­փագում էր սուրբին տեսնել իր Աթոռի վրայ, բայց այդպէս էլ չտեսաւ: Այդ պատ­­ճառով վախճանից յետոյ նրա մարմինը, հատուած գլուխը պարանոցի հետ յար­մարեցնելով, նստեցրին պատուական Աթոռին: Իսկ նա` որպէս թէ կեն­դանի, հրաշքով տարածեց իր շնոր­հա­բաշխ աջը, խաչակնքեց ժողովրդին եւ ի լուր ամէնքի ասաց. «Տէրը ձեզ հետ լինի»:

   Ապա քահանաները, իրենց ուսերի վրայ վերց­նե­­լով սուրբ մարմինը, օրհնու­թեան երգերով, խուն­կերով, մոմերով ու արմաւենու ոստերով տա­րան հանգստարան, որն ինքն էր կա­ռու­ցել եւ պատելով տեսակ-տեսակ անուշ խունկերով` մեծ պատուով ամփոփեցին տապանի մէջ:

   Սուրբից յետոյ, ըստ իր կանխասացութեան, Աթո­ռին նստեց նրա աւագերէց Ա­քիւղասը, իսկ Աքիւղասից յետոյ` Ալեքսանդրոսը: Աքիւղասի օրերին աղուէսա­բարոյ Արիոսը, նենգօրէն սպրդելով, մուտք գործեց Եկեղեցի ու նրա կողմից քա­­հանայ ձեռնադրուեց, իսկ Ալեքսանդրոսի օրե­րին, դուրս բերելով իր սրտում մթերուած ընդ­դէմ Աստուծոյ Բանի չար մոլորութիւնը, ըստ սուրբ Պետ­­րոսի տեսիլքի՝ մեծ ճեղքուածք բացեց Եկե­ղեցում, որի համար Տիրոջ 325 թուականի Նի­կիայի սուրբ ժողովի կողմից ընդունեց իր դատապարտութիւ­նը: Այդ ժողովում միւս սուրբ հայ­րա­պետների հետ միասին յաղթող եղաւ Ալեքսանդրիայի սուրբ Ա­թա­նաս սարկաւագը, ով էլ յետոյ, արիոսականների կողմից բազ­մա­տեսակ հալածանքներով հանդերձ, նստեց հայրապետական Աթոռին:

   Սուրբ Պետրոս հայրապետի եւ մեծայաղթ վկա­յի նահատակութիւնը եղաւ Նի­կիայի ժողովից տասն­հինգ տարի առաջ` Տիրոջ 310 կամ 311 թուա­կանին, իր հալածանքների իններորդ տա­րում` նոյեմբերի 25-ին: Նա հայրապետութեան Աթո­ռին նստեց տասներկու տարի, որոնցից երեք տարիներին իր լուսափայլ վարդապետութեամբ Աթո­ռը պահեց խաղաղութեան մէջ, իսկ ինը տարիներն անցկացրեց Քրիստոսի համար հալա­ծանք­նե­րի մէջ` թէ՛ նստավայրում եւ թէ՛ դրսում, մին­չեւ որ փառաւոր նահատակութեամբ աւարտեց իր կեանքն ու երկինք փոխադրուեց:

   Սուրբ հայրապետը Եկեղեցու շինութեան հա­մար թողել է ոչ քիչ աշխատութիւն­ներ, որոնք հա­սել են մինչեւ մեր օրերը: Դրանցից են ապաշխարողների հա­մար իմաստալից տասնհինգ կա­նոն­նե­րը, ինչպէս նաեւ Քրիստոսի աս­տուա­ծու­թեան մա­­սին թղթից հատուածը, Զատկի մասին ճառը, ա­լեք­­սանդ­րա­ցի­նե­րին ուղղուած նամակը եւ այլն:

   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 8: