Որք հաղորդեցան չարչարանաց Քոց,
Քրիստո՛ս, սուրբ հայրապետքն.
Եւ վերաբերեալ պայծառացան ընդ
անմարմին բազմութիւնսն.
Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ
Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Վերջին մարտիրոս կոչուող սուրբ եւ առաքելաշնորհ մեծ հայրապետ Պետրոս Ալեքսանդրացին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի պատրիարքութեան Աթոռին նստեց Տիրոջ մօտ 300 թուականին: Նա Քրիստոսի ճշմարիտ հաւատի վարդապետ էր, յարատեւ քարոզում էր Աւետարանը, ծաղկած էր ուղղափառ հաւատով, պտղաբեր բարի գործերով ու պատկառելի ողջ ժողովրդի աչքին: Նա իր հովուական ծառայութիւնը երեք տարի վարեց անդորրի մէջ, որից յետոյ ողջ տիեզերքով մէկ քրիստոսամարտ Դիոկղետիանոս արքայի երեսից դառնութեան հուր բորբոքուեց: Նրա փեսայ Մաքսիմիանոս Երկրորդը` Արմէնտարիոս Կեսար կոչեցեալը, իր չարասէր մօր խրատով, ով քրիստոնեաներին սոսկալի ատող եւ մոլի կռապաշտ կին էր, դրդեց իր աներոջը` քրիստոնէական կրօնը հալածելու համար արքունի մի հրովարտակ տարածել բոլոր վայրերում: Ու Տիրոջ 303 թուականին, որը նահատակութիւնների սկիզբն էր, տարածքով մէկ մի խիստ հրաման ելաւ, ըստ որի՝ բոլոր քրիստոնեաները՝ մեծ թէ փոքր, պէտք է ընդունէին աստուածների պաշտամունքը, իսկ ով յանձն չառնէր, սրով եւ հրով, սովով ու աքսորներով մահուան դառը պատիժ կ՚ընդունէր եւ մէջտեղից կը վերացուէր:
Այս պատուէրն առնելով` աշխարհակալ իշխաններն ու դատաւորներն սկսեցին տեղ-տեղ գործադրել անօրէն հրամանը: Եւ ո՞վ կարող էր թուել քաջ նահատակների` տղամարդկանց եւ կանանց, ծերերի եւ մանուկների, իշխանների ու քահանաների անհամար բազմութիւնը, ովքեր Քրիստոսի սիրոյ համար իրենց անձերը տեսակ-տեսակ դաժան տանջանքներով արիաբար մահուան մատնեցին: Նահատակւում էին թէ՛ մէկ-մէկ եւ թէ՛ խմբովին: Բայց, աւա՜ղ, նաեւ շատերն ուրացան Քրիստոսին ու դատապարտուեցին յաւիտենական կորստեան:
Այս հալածանքների հրդեհը, որն սկսուեց Դիոկղետիանոսի եւ նրա գահակից Մաքսիմիանոս Հերակլէսի օրօք, տարածուեց նաեւ միւս Մաքսիմիանոս Երկրորդի` Արմէնտարիոս Գաղերիոսի առանձին կայսրութեան մէջ, սակայն առաւել սաստկացաւ արեւելեան կողմերում` Մաքսիմինոսի` Դաժ կոչուող Մաքսիմիանոս Երրորդի մօտ: Սա նախկինի քեռորդին էր, ով Տիրոջ 305 թուականին կեսար դարձաւ: Նա տիրում էր Արեւելքին ու Եգիպտոսին, իսկ կարճ ժամանակ անց նա նաեւ կայսր կոչուեց:
Արդ, այս ժամանակներում Ալեքսանդրիայի սուրբ Պետրոս եպիսկոպոսապետը, Եգիպտոսում փայլելով իր պայծառ քարոզութեամբ, անդադար յորդորում էր հաւատացեալներին հաստատուն մնալ Քրիստոս Աստուծոյ ճշմարիտ հաւատքի մէջ եւ յօժարութեամբ մեռնել Տիրոջ անուան համար: Սակայն Եգիպտոսի Թեբայիդի սահմաններում գտնուող Լիկոպոլս քաղաքի Մելիտոս եպիսկոպոսը, չարից հրապուրուելով ու տանջանքներից զարհուրելով, ուրացաւ հաւատը, զոհեց կուռքերին եւ սրտի չարութիւնից հաւատացեալների շրջանում մեծամեծ անօրէնութիւններ ու չարիքներ գործեց: Բայց միաժամանակ իր եպիսկոպոսական աթոռը չկորցնելու համար նա առերես, անապաշխար դարձ էր ցոյց տալիս, իսկ սուրբ Պետրոս հայրապետը, չարի այդ գործակցին անզեղջ տեսնելով, ժողով գումարեց եւ նրան զրկեց քահանայական պատուից, որ թերեւս զղջայ ու ապաշխարի: Բայց նա, ամենեւին ուշադրութիւն չդարձնելով, արհամարհեց հայրապետին եւ չուզեց նրա ձեռքի տակ լինել, այլ կամեցաւ ինքնիշխան լինել: Ու որսալով շատերին` հերձուած գցեց հաւատացեալների մէջ, որտեղից սկիզբ առան նրա արբանեակները, որոնք կոչուեցին մելիտոսեաններ:
Սրան յարեց Արիոս Ալեքսանդրացին նախքան իր աղանդը տարածելը, երբ դեռեւս Եկեղեցում ծառայութեան մէջ էր, որի համար մերժուեց Պետրոս հայրապետի կողմից եւ արտաքսուեց Եկեղեցուց: Սակայն յետոյ «զղջալով»` հեշտութեամբ թողութիւն ստացաւ, քանզի ճարտար լեզու ունէր ու գրաւում էր բոլոր նրանց, ում հետ խօսում էր: Այդպէս նա կարողացաւ մինչեւ անգամ սարկաւագ ձեռնադրուել իր իսկ սուրբ հայրապետի կողմից: Կարողանալով որոշ մարդկանց տանել իր յետեւից՝ նա հեռացաւ Մելիտոսից, բայց յետոյ դարձեալ յարեց նրան` առաւել զօրացնելով չար հերձուածը: Այդ կրկնելու համար սուրբ Պետրոսը նզովելով արտաքսեց Արիոսին եւ բանադրեց: Իսկ Մելիտոսը, օրէցօր առաւել չարանալով Պետրոս հայրապետի դէմ, բոլորի` յատկապէս հեթանոսների մօտ ամբաստանում էր նրան, մինչեւ անգամ ամբաստանեց նաեւ Մաքսիմիանոսի մօտ` նրան ներկայացնելով որպէս ժողովրդի խռովեցուցիչ: Եւ քանի որ թագաւորների մօտ նրա մասին կարծիք կար, թէ նա է, որ Եգիպտոսում քրիստոնեաներին իրենց հաւատքի մէջ հաստատուն է պահում, անմիջապէս մարդիկ ուղարկեց՝ բռնելու նրան եւ իր գործակիցներին: Այնժամ հաւաքեցին եպիսկոպոսներից, քահանաներից ու Եկեղեցու ծառայողներից շատերին` մօտ վեց հարիւր վաթսուն հոգի, ովքեր զանազան տեղեր աքսորուելով ու տեսակ-տեսակ տանջանքների ենթարկուելով` նահատակուեցին: Իսկ սուրբ Պետրոսին չկարողացան բռնել, որովհետեւ ալեքսանդրացիների բազմահաւաք խումբը, միահամուռ ոտքի կանգնելով արքունի ծառայողների դէմ, քաջութեամբ դիմադրութիւն ցոյց տուեց: Այնժամ սուրբ հայրապետը՝ վախենալով, որ միգուցէ իր պատճառով ժողովրդի մէջ խռովութիւն ընկնի եւ կոտորած սկսուի, բարեպաշտ մարդկանց յորդորներով անաղմուկ հեռացաւ քաղաքից ու երկար ժամանակ հալածանքներ կրելով` շրջեց Պաղեստինի եւ Միջագետքի կողմերում:
Հալածանքների հուրը բռնել էր ողջ երկիրը, որի պատճառով նա ամենուր ծանր նեղութիւններ էր կրում: Սակայն սուրբ հայրապետը ուր էլ որ լինում էր, իւրայիններին եւ սուրբ հաւատի համար բանտարկուածներին միշտ քաջալերական յորդորներով լի նամակներ էր ուղարկում: Եւ այս ամէնում սուրբին ուղեկից եւ աջակից էր իր երանելի Աբիսողոմ սարկաւագը` առաջացած տարիքով ու Սուրբ Հոգով լցուած մի մարդ, ով, այդքան տարիներ սուրբ հայրապետի կողքին լինելով, նրա հետ կրում էր բոլոր հալածանքները: Երբ սուրբ Պետրոսը լսեց, որ իր գործակիցները նահատակուել են, եւ իր հօտը, զրկուած լինելով հովուից, վտանգի ու տագնապի մէջ է, Աբիսողոմի հետ վերադարձաւ Ալեքսանդրիայի իր Աթոռը եւ սկսեց մխիթարել, սրտապնդել ու ամրացնել բոլորին, համարձակ քարոզել Քրիստոս Աստծուն եւ աներկիւղ յանդիմանել հեթանոսների մոլորութիւնը:
Երբ Մաքսիմիանոսը տեղեկացաւ այս մասին, շտապ Ալեքսանդրիա ուղարկեց արքունի մի հազարապետ` երեւելի զօրականներով հանդերձ, որպէսզի բռնեն Պետրոս եպիսկոպոսապետին եւ մահուան մատնեն: Երբ զօրականները եկան, քաղաքում մեծ աղմուկ բարձրացաւ, ու ժողովուրդը սաստիկ խռովուեց: Նրանք միաբերան ասացին. «Աւելի լաւ է՝ նախ մենք բոլորս մեռնենք եւ ապա մեր հայրապետը»: Այս խօսքերից զօրականները վախեցան ձեռք բարձրացնել նրա վրայ, այլ բռնելով բանտ նետեցին:
Նոյն օրը անապատից այդ քաղաք էր իջել Աստուծոյ աշխարհաքարոզ այրը` մեծ հայր Անտօնը, որպէսզի այցելի Քրիստոսին վկայելու համար բանտարկուածներին, եւ նաեւ եթէ առիթ լինի, նահատակութեամբ չարչարակից լինի նրանց: Նա այցելեց բանտում գտնուող սուրբ Պետրոս հայրապետին, մինչեւ նրա վերջին օրը կարեկից եղաւ նրա վշտերին եւ քաջալերական ու աստուածիմաստ խօսքերով ուրախացրեց նրան: Սուրբ հայրը միառժամանակ մնաց այնտեղ, ապա երանելի հայրապետի նահատակութիւնից յետոյ վերադարձաւ իր անապատը:
Իսկ նենգամիտ Արիոսը, ով բանադրուած էր սուրբ Պետրոս հայրապետի կողմից, մտածում էր բանադրանքի կապանքներից արձակուելու մի հնար գտնել, քանզի վախենում էր, որ եթէ նահատակեն սուրբին, ու ինքը մնայ առանց արձակման, մերժելի կը լինի բոլորի կողմից: Ուստի հայրապետի նահատակութիւնից մէկ օր առաջ բանտ ուղարկեց քահանաներ եւ պատուական նախարար այրեր, որպէսզի սրանց բարեխօսութեամբ սուրբն օրհնի իրեն ու արձակի կապանքից: Խոստանում էր նաեւ ամբողջովին հեռանալ Մելիտոսից, ապաշխարել եւ Եկեղեցու միջից վերացնել պառակտումը: Սակայն այդ նենգամիտն ակնկալում էր սուրբի մահից յետոյ հասնել նախ աւագութեան, իսկ յետոյ՝ հայրապետութեան: Արիոսի գլխաւոր բարեխօսներն էին հայրապետանոցի երէցներ Աքիւղասն ու Ալեքսանդրոսը: Իսկ սուրբ Պետրոսը, վերին յայտնութեամբ իմանալով, որ Արիոսն առաւել մեծամեծ չարիքներ է պատրաստւում անել Եկեղեցում, ամենեւին տեղի չտուեց նրանց խնդրանքներին: Բայց երբ շատ թախանձեցին, սուրբն իշխանաւորներին ճանապարհելուց յետոյ Աքիւղասին եւ Ալեքսանդրոսին առանձին ասաց. «Արիոսի համա՞ր էք դուք խնդրում: Արիոսը նզովուած է թէ՛ այս աշխարհում եւ թէ՛ հանդերձեալում ու հեռացուած Աստուծոյ Որդու փառքից: Իմ այս խօսքերի համար դուք ինձ անգութ եւ անխիղճ մի՛ համարէք, այլ լսէ՛ք ինձ, որպէսզի ճանաչէք Արիոսի գաղտնածածուկ հնարքները: Նա իր բոլոր չարիքների մէջ անյագաբար առաջ է գնում: Իսկ ես ոչ թէ իմ անձով եմ վճռել հեռացնել նրան սուրբ Եկեղեցուց, այլ՝ Տիրոջ պատուէրով, քանզի այս գիշեր իմ աղօթքից յետոյ ես թմրեցի ու մեծ հիացմունքով տեսայ մօտ տասներկու տարեկան, արեգակի պէս լուսազարդ դէմքով մի Մանկան: Նա սպիտակ պատմուճան էր հագել, որը պատռուած էր վերեւից ներքեւ, եւ իր մերկութիւնը ծածկելու համար այն երկու ձեռքերով ամուր պահել էր կրծքի մօտ: Տեսիլքից ես անզգայացայ, թմրեցի, ու լեզուս կպաւ քիմքիս: Երբ ինձ խօսելու զօրութիւն տրուեց, աղաղակեցի եւ ասացի. «Տէ՜ր, ո՞վ պատռեց Քո պատմուճանը»: Նա ինձ ասաց. «Արիո՛սը պատռեց: Իսկ դու զգո՛յշ եղիր, քանզի նա կամենում է բարեխօսներ ուղարկել քեզ մօտ: Մի՛ հաւատա նրան ու մի՛ ընդունիր նրան սուրբ Եկեղեցու հետ հաղորդութեան մէջ: Պատուիրի՛ր նաեւ Աքիւղասին եւ Ալեքսանդրոսին, ովքեր քեզանից յետոյ նստելու են քո Աթոռին, որ նրանք եւս չընդունեն նրան Եկեղեցուց ներս»: Եւ ըստ սոյն յայտնութեան՝ սուրբ հայրապետն իմացաւ նաեւ, որ իր Աթոռի արժանաւոր ժառանգորդներն այս Աքիւղասն ու Ալեքսանդրոսը պիտի լինեն: Ապա սկսեց զրուցել նրանց հետ եւ պատմել, թէ ինքը Քրիստոսի համար որքան հալածանքներ է կրել Պաղեստինում, Փիւնիկէում, Միջագետքում, Ասորիքում ու կղզիներում: Տեղեկացրեց նաեւ իր մօտալուտ նահատակութեան մասին, որը յայտնուել էր իրեն Տիրոջից եւ աստուածուսոյց խօսքերով զօրացնելով՝ ուղարկեց նրանց:
Իսկ արքունի զօրականները, բոլորին ցոյց տալով Մաքսիմիանոսի արձակած հրովարտակը, շտապում էին իրագործել նրա հրամանը` սպանել հայրապետին, որը չէր յաջողւում, որովհետեւ ժողովրդի զինուած խմբերն իրենց հայրապետի համար հաւաքուել էին բանտի մօտ ու պահպանում էին մուտքը: Նրանց հետ էին նաեւ շատ մենակեացներ, ովքեր սուրբ Անտօնի հետ իջել էին անապատից՝ խնամարկելու սուրբ հաւատքի համար բանտարկուածներին: Եւ մինչ զինուորները մտածում էին սրով հեռացնել ամբոխին ու դուրս բերել հայրապետին, սուրբն անհանգստացաւ, որ չլինի, թէ իր պատճառով մեծ կռիվ սկսուի քաղաքացիների եւ զինուորների միջեւ, չլինի մահ ու կոտորած եւ չլինի, որ խափանուի իր մարտիրոսութիւնը: Ուստի Աբիսողոմ սարկաւագին գաղտնի ուղարկեց զօրավարների մօտ, որպէսզի աղաչի նրանց ձեռք չտալ ժողովրդին ու ասի. «Եթէ հայրապետին էք ուզում, գիշերը եկէք բանտի հարաւակողմը, քանդէք պատը, դուրս բերէք նրան եւ տարէք, ուր կը կամենաք»: Եւ այդպէս զինուորները գիշերը նրան հանեցին բանտից: Իսկ ժողովուրդը չիմացաւ էլ, թէ ինչ կատարուեց, որովհետեւ դռան մօտ քուն էին մտել եւ սաստիկ քամու ձայնից չլսեցին, թէ ինչպէս բանտի միւս կողմից քանդեցին պատը:
Ու երբ դուրս բերեցին երանելի հայրապետին, հինգ զինուորներ նրան տարան նահատակութեան վայրը, որը տեղի բնակիչները «Արջառների դաշտ» էին կոչում: Այստեղ էր եղել նաեւ սուրբ Մարկոս աւետարանչի նահատակութիւնը, եւ այդտեղ էին գտնւում նրա անուամբ կառուցուած վկայարանն ու Ալեքսանդրիայի հայրապետների գերեզմանները: Այնժամ սուրբ հայրապետը փոքր-ինչ ժամանակ խնդրեց զինուորներից եւ գնաց Մարկոս աւետարանչի տապանի մօտ: Հագաւ եպիսկոպոսական իր հանդերձները, փարուեց տապանին ու երկար աղօթեց իր հօտի, Եկեղեցու խաղաղութեան եւ առաջիկայ նահատակութեան հանդէսում իր յաջողութեան համար: Ողջունեց նաեւ իրենից առաջ եղող տապաններում ամփոփուած տասնհինգ հայրապետներին:
Երբ բացուեց առաւօտը, սուրբը տեսաւ, որ ահա գալիս են երկու անցորդներ` մի ծեր մարդ ու մի պառաւ կին, ովքեր իրենց հետ տանում էին չոր կաշիներ եւ կտաւներ: Սուրբ հայրապետը ձայն տուեց նրանց ու հարցրեց. «Քրիստոնեա՞յ էք»: Պատասխանեցին. «Աստուծոյ կամքով»: Նրանց հարցրեց. «Իսկ ո՞ւր էք գնում»: Պատասխանեցին. «Գնում ենք քաղաք` վաճառելու մեր գործերը»: Երբ մօտեցան, նրանք ճանաչեցին լոյսի պէս փայլող եպիսկոպոսապետին: Սուրբն ասաց նրանց. «Աստուա՛ծ ուղարկեց ձեզ, լուսո՛յ որդիներ, մնացէ՛ք ինձ մօտ»: Նրանք ասացին. «Ինչպէս որ կ'ասես, տէ՛ր»: Ապա երանելին ձայն տուեց զինուորներին եւ ասաց. «Այլեւս մի՛ սպասէք, արդէն օրը բացուել է, կատարէ՛ք ձեր թագաւորի հրամանը»: Զինուորները նրան տարան սուրբ Մարկոսի վկայարանի հարաւային կողմը: Սուրբն այն ծերին ասաց. «Տարածի՛ր կաշիներդ ու կտաւներդ փռի՛ր գետնի վրայ»: Երբ տարածեցին, եկաւ կանգնեց դրանց վրայ, արեւելք նայելով՝ ծնրադրեց երեք անգամ, կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով, վրայից հանեց նափորտը 1մերկացրեց իր պատուական պարանոցը խոնարհեցնելով Քրիստոսի առաջ եւ ասաց զինուորներին. «Այժմ կատարէ՛ք ձեզ հրամայուածը», ու ձեռքերը տարածելով՝ սկսեց աղօթել Աստծուն: Եւ ահա ձայն եկաւ երկնքից, որ ասում էր. «Պետրոսն է առաքեալների գլուխը եւ Պետրոսը` մարտիրոսներից վերջինը: Ե՛կ եւ հանգստացի՛ր քեզ համար պատրաստուած լուսոյ օթեւաններում»:
Իսկ զինուորները, պատկառելով սուրբի սքանչելի խոնարհութիւնից ու հրեշտակային կերպարանքից, չէին համարձակւում սպանել նրան: Նրա գլուխը կտրելու համար սկսեցին միմեանց դահեկաններ առաջարկել, եւ նրանցից մէկը սրի մի հարուածով կտրեց սուրբի գլուխը: Զինուորները, ժողովրդից վախենալով, պատուական մարմինը թողեցին այդ վայրում ու անմիջապէս փախան:
Եւ ահա հրաշք կատարուեց. գլխատուած մարմինը, որն ընկած էր գետնին, իբրեւ կենդանի` յենուեց ծնկների վրայ, ապա վեր բարձրանալով՝ ոտքի կանգնեց: Այս տեսնելով` ականատես ծերերը շտապ եկան քաղաք ու պատմեցին բոլորին: Լուրը հասաւ բանտի մուտքը պահպանող ժողովրդին: Մեծ բազմութեամբ շտապ եկան հասան նահատակութեան վայրը եւ մեծապէս ողբացին նրա համար. ոմանք արտասուքներով համբուրում էին սուրբ գլուխը, ոմանք փարւում էին սուրբ մարմնին, ոմանք էլ պատուական արիւնն էին հաւաքում գետնից:
Սուրբի հանգստարանի տեղի համար ժողովրդի մէջ հակառակութիւն ծագեց. ոմանք ուզում էին նրան թաղել սուրբ Մարկոսի տապանի մօտակայքում` Ալեքսանդրիայի միւս հովիւների մօտ, իսկ միւսներն էլ ուզում էին թաղել նահատակների շիրիմների մօտ, որոնց տեղը ժամանակի մարտիրոսների համար ինքը` հայրապետն էր յատկացրել: Յաղթեց վերջին խորհուրդն ու խօսքը. սուրբին դրեցին նաւի մէջ եւ յետ վարելով դէպի Փառոն կղզի` եկան արեւմտեան կողմը: Սակայն սուրբ մարմինը նախ տարան եկեղեցի` իր հայրապետական Աթոռ, հագցրին իր եպիսկոպոսական հանդերձներն ու նստեցրին սուրբ Մարկոսի Աթոռին: Երանելի հայրապետն իր հայրապետութեան ողջ ընթացքում երբէք չնստեց իր Աթոռին, որովհետեւ այն միշտ փայլատակող Լոյսի մէջ էր տեսնում: Իսկ երբ կամենում էր քարոզել իր ժողովրդին, բարձրանում էր մի աստիճան եւ նստում Աթոռի պատուանդանի մօտ: Ժողովուրդը ստիպում էր նրան ու աղաղակում. «Նստի՛ր քո Աթոռին, ո՛վ սուրբդ Աստուծոյ», իսկ նա մի կերպ լռեցնում էր նրանց եւ չէր նստում: Սակայն ողջունարանում իր երէցներ Աքիւղասին, Ալեքսանդրոսին ու Եկեղեցու ժառանգաւորներին ասել էր, թէ երբ մօտենում եմ Աթոռին, տեսնում եմ լուսատեսակ Մէկին` նստած Աթոռի վրայ, եւ չեմ համարձակւում մօտենալ, այլ սարսափով դողում եմ ու զարհուրելով սասանւում, ինչպէս խռիւը` կրակից, բայց միաժամանակ խնդութեամբ եմ լցւում: Սակայն չգիտեմ` ի՞նչ ասեմ այս ժողովրդին, որ չգայթակղուեն: Նրանց համար նստում եմ պատուանդանի մօտ, ինչպէս որ տեսել էք, բայց դա էլ եմ յանդգնութիւն համարում: Այսուհետեւ երբ ժողովուրդը ստիպի ինձ, լռեցրէ՛ք նրանց, ու դուք էլ նրանց հետ այլեւս ինձ մի՛ նեղէք»:
Ժողովուրդը փափագում էր սուրբին տեսնել իր Աթոռի վրայ, բայց այդպէս էլ չտեսաւ: Այդ պատճառով վախճանից յետոյ նրա մարմինը, հատուած գլուխը պարանոցի հետ յարմարեցնելով, նստեցրին պատուական Աթոռին: Իսկ նա` որպէս թէ կենդանի, հրաշքով տարածեց իր շնորհաբաշխ աջը, խաչակնքեց ժողովրդին եւ ի լուր ամէնքի ասաց. «Տէրը ձեզ հետ լինի»:
Ապա քահանաները, իրենց ուսերի վրայ վերցնելով սուրբ մարմինը, օրհնութեան երգերով, խունկերով, մոմերով ու արմաւենու ոստերով տարան հանգստարան, որն ինքն էր կառուցել եւ պատելով տեսակ-տեսակ անուշ խունկերով` մեծ պատուով ամփոփեցին տապանի մէջ:
Սուրբից յետոյ, ըստ իր կանխասացութեան, Աթոռին նստեց նրա աւագերէց Աքիւղասը, իսկ Աքիւղասից յետոյ` Ալեքսանդրոսը: Աքիւղասի օրերին աղուէսաբարոյ Արիոսը, նենգօրէն սպրդելով, մուտք գործեց Եկեղեցի ու նրա կողմից քահանայ ձեռնադրուեց, իսկ Ալեքսանդրոսի օրերին, դուրս բերելով իր սրտում մթերուած ընդդէմ Աստուծոյ Բանի չար մոլորութիւնը, ըստ սուրբ Պետրոսի տեսիլքի՝ մեծ ճեղքուածք բացեց Եկեղեցում, որի համար Տիրոջ 325 թուականի Նիկիայի սուրբ ժողովի կողմից ընդունեց իր դատապարտութիւնը: Այդ ժողովում միւս սուրբ հայրապետների հետ միասին յաղթող եղաւ Ալեքսանդրիայի սուրբ Աթանաս սարկաւագը, ով էլ յետոյ, արիոսականների կողմից բազմատեսակ հալածանքներով հանդերձ, նստեց հայրապետական Աթոռին:
Սուրբ Պետրոս հայրապետի եւ մեծայաղթ վկայի նահատակութիւնը եղաւ Նիկիայի ժողովից տասնհինգ տարի առաջ` Տիրոջ 310 կամ 311 թուականին, իր հալածանքների իններորդ տարում` նոյեմբերի 25-ին: Նա հայրապետութեան Աթոռին նստեց տասներկու տարի, որոնցից երեք տարիներին իր լուսափայլ վարդապետութեամբ Աթոռը պահեց խաղաղութեան մէջ, իսկ ինը տարիներն անցկացրեց Քրիստոսի համար հալածանքների մէջ` թէ՛ նստավայրում եւ թէ՛ դրսում, մինչեւ որ փառաւոր նահատակութեամբ աւարտեց իր կեանքն ու երկինք փոխադրուեց:
Սուրբ հայրապետը Եկեղեցու շինութեան համար թողել է ոչ քիչ աշխատութիւններ, որոնք հասել են մինչեւ մեր օրերը: Դրանցից են ապաշխարողների համար իմաստալից տասնհինգ կանոնները, ինչպէս նաեւ Քրիստոսի աստուածութեան մասին թղթից հատուածը, Զատկի մասին ճառը, ալեքսանդրացիներին ուղղուած նամակը եւ այլն:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 8:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: