ԵԴԵՍԻԱՅԻ ՍՈՒՐԲ ԲԱՐՍՈՒՄԱ ԿԱՄ ՊԱՐՍԱՄ ՃԳՆՈՂ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԵՒ ՆՐԱ ՀԵՏ ԵՂՈՂՆԵՐԻ ՎԱՐՔՆ ՈՒ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

   Զնեղութիւն եւ զչարչարանս յանձն առին կամաւորապէս.

ժուժկալեալ համբերեցին վասն անուանն Տեառն,

որ երեւեցաւ մեզ ի փրկութիւն:

(Շարակնոց)
   

   Քրիստոսի խոստովանող սուրբ վկայ երանելի Բար­սումա կամ Պարսամ հայ­րապետը Միջագետքի Եդե­սիա (Ուռհա) քաղաքի եպիսկոպոսն էր: Նա իր հո­­վուական ծառայութիւնը վարում էր Բ դարի սկզ­բին՝ Տրայանոս կայսեր թագաւորութեան տա­րի­­ներին եւ իբրեւ քաջ ու արթուն հովիւ՝ առաջնորդում էր քրիստոնեաների փոքր հօտին, որը ձեւաւորուել էր սուրբ Թադէոս առաքեալի քարոզութիւնից: Նա առաջինն էր, որ Եդեսիայի բնակչութեանը մեր բարեպաշտ եւ աստուածասէր Աբգար թագաւորի հետ դարձրեց սուրբ հաւատին, բայց քանի որ Սանատրուկից յետոյ քաղաքում դար­ձեալ տարածուեց հեթանոսութիւնը, նօս­րա­ցան քրիստոնեաների շարքերը, ու զօրացան կռապաշտները:

   Մի օր՝ հեթանոսական պիղծ կուռ­­քերի տօնի օրը, Եդեսիա քաղաքում սուրբ Պար­­սամ հայրապետը տեսաւ իր համազգի պարթեւներին, ովքեր հարկադրուած գնում էին զոհեր մա­տուցելու: Նրանց Սարբիւղոս կամ Շարպէլ կո­չուող ծերունի քուրմը տօնի կապակցութեամբ պայ­ծառ ու երեւելի պատ­մուճան էր հագել եւ գլխին ոսկեզարդ արքայաշուք խոյր էր դրել: Նա հրամայաբար ստիպում էր ժողովրդին ուրախութեամբ մասնակցել այդ տօնակատարութեանը:

   Այն­­ժամ սուրբ եպիսկոպոսը, յանուն Աստուծոյ փառ­­քի, վառուեց վրէժխնդրութեամբ ու իր հետ վերցնելով Թիփա (կամ Թիրադա) քահանային եւ Սի­­լովա սարկաւագին՝ մօտեցաւ քրմին ու ասաց. «Ամենաթագաւորն Աստուած քեզանից է պահանջելու այսքան մոլորուած մարդկանց հոգիները, որոնց ստիպում ես զոհ մատուցել խուլ ու համր եւ անշունչ կուռքերին: Խնայի՛ր նաեւ քեզ, քան­զի ծեր այր ես ու անմտութեամբ ես վարւում»:

   Եւ սուրբ եպիսկոպոսը Սուրբ Հոգու զօրութեամբ, որով զգեստաւորուած էր, աստուածիմաստ շատ խօսքերով խրատեց ու յան­դի­­մանեց նրան եւ դարձրեց դէպի ճշմարիտ հաւատը: Ապա հէնց նոյն գիշերը Սարբիւղոս քուրմը եւ նրա քոյրը՝ Բա­ւեան (կամ Բաւեասան), գնացին եպիս­­կոպոսի մոտ ու նրանից ընդունեցին սուրբ մկրտութիւնը: Եպիսկոպոսը Սարբիւղոսին վերանուանեց Թութայէլ եւ նրա վրա սպիտակ պատմուճան գցեց, ինչպէս որ ըստ օրէնքի՝ հագնում էին նոր մկրտուածները՝ ի նշան սուրբ Աւազանից լուսաւորութեան:

   Հետեւեալ օրը կռապաշտները, տեսնելով նրան սպի­տակ զգեստներով, յոյժ զարմացան, իսկ նա ասաց նրանց. «Ինչո՞ւ էք զարմացած ինձ նայում: Իմացէ՛ք բո­լորդ, որ ես, հաւատացել եմ Քրիստոս Աստծուն, մկրտուել եմ Հօր, Որդու ու Սուրբ Հոգու անունով եւ լուացուելով մկրտութեան ջրով՝ Քրիստոս Աստծուց մեղ­քերի թողութիւն ստա­ցել այն բոլոր չարիքների համար, որոնք գոր­­ծել եմ ձեր մէջ, որովհետեւ ես եմ եղել ձեր գայթակղութեան ու հոգիների կորստեան պատ­ճա­ռը: Ես մո­լո­­րեցնում էի ձեզ՝ մասնակից դարձնելով սնոտի պաշ­տամունքների զազ­րելի, անարժան գործին, բայց այսուհետեւ ձեր փրկութեան պատճառ կը դառ­­­նամ: Արդ, հաւատացէ՛ք բոլորդ ճշմարիտ Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիս­տոսին»:  Եւ այլ հո­գեշահ օգտակար խօսքեր ասաց նրանց: Իսկ ժո­ղովր­դի բազ­մութիւնը Աստուծոյ շնորհների տւչութեամբ ականջալուր եղաւ նրա խօս­քե­րին, քանի որ նրան ընդունում էին որպէս իրենց պաշ­տա­մուն­­քի կատարեալ առաջ­նորդ: Եւ տղամարդկանցից ու կանանցից, ծերերից ու երիտասարդներից շատերը հաւատացին Քրիստոսին:

   Լուր հասաւ Լուսիաս դատաւորին, ով այդ ժա­մանակ հռոմէական իշխանութեան կողմից Եդե­սիայում հրամանատար էր կարգուած, թէ Սարբիւղոս քուրմը քրիստոնեայ է դարձել եւ իր յետե­ւից մեծ բազմութիւն տարել: Դատա­ւորը նրան շտապ իր մօտ կանչեց ու նրա հետ սկսեց խօ­սել նախ համոզիչ, ապա սպառնալից խօսքերով, որ­պէս­զի նա հեռանայ քրիստոնէութիւնից, որ ըն­­­դունեց, եւ դառնայ իր նախկին պատուին: Սակայն նա քաջութեամբ պատասխանեց դատաւորի բո­լոր հարցերին ու ամենեւին չպատրաստուեց ուրանալ Քրիստոսին եւ զոհել կուռքերին: Դատաւո­րը բարկացաւ ու դահիճներին հրամայեց բրիչներով հարուածել նրան: Ապա երկաթէ ճանկե­րով քերեցին եւ քերթեցին նրա ծնօտն ու երե­սը, ձեռքերը մէջքին կապելով՝ ուժգին հարուածեցին նրա որովայնին եւ այդպէս խոշտանգուած՝ նրան տարան ու բանտ նետեցին:

   Շատ օրեր անց բանտից հանելով՝ նրան բերեցին դատաւորի առջեւ, սակայն նրան դարձեալ հաստատուն գտան Քրիստոսի հաւատի մէջ: Ապա Լուսիա­սը հրաման տուեց կախել նրան աջ ձեռքից, որից խախտուեցին նրա բոլոր յօդերը: Մարմինն այրեցին մինչեւ քերուած ծնօտը եւ աչ­քերը, ապա դարձեալ կախեցին ու քերեցին նրա կո­ղերը, իսկ վերջում աղով քացախ լցրեցին քեր­թուած վէրքերի եւ խանձուած ծնօտի վրայ: Եւ այս ամէնից յետոյ նրան խաչեցին: Մի քանի ժամ անցնելուց յետոյ տեսնելով, որ նա չի մեռնում, իջեցրին խաչից եւ կամեցան սղոցել նրան: Այն­ժամ նրա բարեկամներից ոմանք նրան թմ­րա­դե­ղով գինի տուեցին, որպէսզի չզգայ տան­ջանք­նե­րի ցաւը, սակայն երանելին ասաց. «Կամենում եմ առաւելապէս զգալ դառնագոյն կտտանքները», եւ չխմեց գինին: Նա իր ձեռքերը երկինք բարձրաց­րեց եւ ա­ղօ­թեց. «Տէ՜ր, թողութիւն տուր իմ նախկին յանցանքներին, երբ պիղծ կուռ­­քե­րին զոհեր էի մատուցում ու բարկացնում Քեզ: Տէ՜ր, փրկի՛ր ինձ սպասուող Դա­տաս­տանից»: Ապա կնքե­լով իրեն սուրբ Խաչի նշանով՝ մտաւ մամլող մեքենայի մէջ, որ սղոցեն իրեն: Սակայն որքան էլ դահիճները ջանացին, սղոցի ա­տամները նրա վրայ ոչ մի հետք չթողեցին: Ուստի սրով հա­տե­ցին նրա գլու­խը, եւ այդպէս երանելին նահատա­կուեց ի Տէր: Իսկ նրա քոյրը՝ Բաւեան, իր գիր­­­կը վերցրեց սուրբի գլուխն ու ասաց. «Քո հո­գու հետ ընդունիր նաեւ իմ հո­գին, քաղցրի՛կ եղբայր, եւ մատուցի՛ր Քրիստոսին, Ում հա­ւատա­ցինք»: Դատաւորն, այս լսելով, մինչ եղբօր գլու­խը քրոջ գրկում էր, հրամայեց նոյն տեղում կտրել նաեւ նրա գլուխը: Իսկ քրիստոնեաները վերցրին նրանց մար­մին­ներն ու պատուով թաղեցին իրենց գերեզմանոցում:

   Այնժամ դատաւորին տեղեկացրին, որ Սար­բիւղոս քրմին քրիստոնեաների եպիսկոպոս Պար­­սամն է դարձրել իրենց հաւատին, մկրտել եւ դարձել նրա մահուան պատճառը, եւ ոչ միայն նրան, այլեւ քաղաքի մեծամեծներից շատերին՝ Օտա­յին, Արհավէասին, Յովսէոսին: Դատաւորը հրամայեց իր մօտ բերել սուրբ եպիսկոպոսին: Սպա­սաւորները նրան գտան Աստուծոյ տա­նը՝ քրիս­­տոնեաների բազմութեան մէջ: Երբ ատեան տա­­նելու համար բռնեցին նրան, հաւատացեա­լնե­րը գնացին նրա յետեւից, նրա հետ կանգնեցին ատեա­նի առ­ջեւ եւ միաբան աղաղակելով՝ ասա­ցին. «Պատրա՛ստ ենք մեռնել Քրիստոսի սիրոյ հա­մար, պատրա՛ստ ենք մեռ­նել»: Իսկ դատաւորը, սաստելով ամբոխին, սկսեց հարցաքննել ե­պիսկոպոսին, ով համարձակ խոստովանեց, որ ցան­­կա­նում է մեռնել Քրիստոսի անուան համար: Այն­ժամ զայրացած դատաւորը եօթ հուժկու մարդ­կանց հրամայեց գանահարել եպիսկոպոսին, որից յետոյ դար­ձեալ սկսեց համոզել նրան, քանզի ջանում էր հնա­զան­դեց­նել իր կամքին կամ էլ սպառնալիքներով ահաբեկել: Սա­կայն սուրբ եպիսկոպոսն ասում էր. «Ես հաւատում եմ Քրիստոսին՝ ճշմարիտ Աստծուն, եւ անար­գում եմ քո կուռքերին: Հրամայի՛ր տանջել մարմինս յանուն Քրիստոսի, որ­պէս­զի բարի լինի ինձ, քանզի լոկ խօսքերն ինձ օգուտ չեն տայ»: Դա­տա­ւորի հրամանով դարձեալ կախեցին նրան ու մարմինը երկաթէ ճանկերով քե­­րե­ցին, սակայն չկարողացան սասանել նրան:

   Եւ մինչ դատաւորը խորհում էր, թե այլ ինչ տանջանք­նե­րի ենթարկի նրան, նոյն պահին աւագանիներից մէկի՝  Սպալառիոս մեծ եպարքոսի կողմից, մի հրովարտակ եկաւ, ըստ որի՝ Մեծն Տրայիանոս թագաւորի հրամանով բոլոր քրիստոնեաները պէտք է ազատուեն բանտերից ու տանջանքներից: Եւ ան­մի­ջապէս կախաղանից իջեցրին եպիսկոպոսին ու ազատ արձակեցին: Թագաւորական հրովարտակն այս բովանդակութիւնն ունէր. «Մեր թագաւորու­թիւ­նը բազում հաւատարիմ իշխաննե­րից լսեց, որ քրիստոնէական օրէնքները նման են մեր օրէնք­նե­րին: Նրանք պիղծ են համարում արիւնահեղներին եւ կախարդներին, պատուիրում են հեռու մնալ շնութիւնից, գողութիւնից, ընկերոջ հանդէպ նենգութիւնից, զրկանք պատճառելուց, ուսուցանում են ատել կաշառք տալն ու վերցնելը, չարամտութիւնը: Եւ քանի որ նոյն խորհրդով են գրուած մեր ու նրանց օրէնքները, հրա­­մայում ենք դադարեցնել քրիստոնեանե­րի դէմ հալածանքները, չարչարանքները եւ տանջանքները, թոյլ տալ նրանց հանգիստ ապրել ու խաղաղութեամբ կատարել իրենց կրօնական կարգերը եւ պաշտամունքները: Արդ, եթէ մէկն արգելի նրանց պաշտել իրենց կրօնը, հալածի կամ նեղութիւն պատճառի, պատիժներ ու տանջանքներ կÿըն­­­դունի մեր թագաւորութեան կողմից»:

   Այս հրամանով սուրբ Բարսումա եպիսկոպոսն ազատուեց կապանքներից եւ տան­ջանքներից, իսկ հաւատացեալների բազմութիւնը, մեծ ուրախութեամբ նրան վերցնելով, սաղմոսներով եւ օրհնութեամբ տարաւ եկեղեցի: Այ­նու­հետեւ երանելին, համարձակութիւն գտ­նե­լով, չէր դադարում ան­երկիւղ քարոզել աստուածպաշտութիւնը ու շատերին, այդ թւում՝ նաեւ պար­­­թեւներին, դարձնել Քրիստոսի ճշմարիտ հա­ւա­տին: Իսկ ինքը, ապրելով բարի եւ առաքինի վար­քով ու մեծ ճգնութիւններով, իր մարմնի մէջ կրում էր Քրիստոսի չարչարանքները: Եւ ծե­րութեան հասնելով՝ Քրիստոսի խոստովանող վկայ ու ճգնաւոր երանելի Բարսուման խաղաղութեամբ ննջեց ի Քրիստոս, իսկ հաւատացեալները շքեղ ծիսակատարութեամբ թաղեցին նրան եւ մեծապէս պատուեցին եկեղեցում:

   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 68: