Զնեղութիւն եւ զչարչարանս յանձն առին կամաւորապէս.
ժուժկալեալ համբերեցին վասն անուանն Տեառն,
որ երեւեցաւ մեզ ի փրկութիւն:
(Շարակնոց)
Քրիստոսի խոստովանող սուրբ վկայ երանելի Բարսումա կամ Պարսամ հայրապետը Միջագետքի Եդեսիա (Ուռհա) քաղաքի եպիսկոպոսն էր: Նա իր հովուական ծառայութիւնը վարում էր Բ դարի սկզբին՝ Տրայանոս կայսեր թագաւորութեան տարիներին եւ իբրեւ քաջ ու արթուն հովիւ՝ առաջնորդում էր քրիստոնեաների փոքր հօտին, որը ձեւաւորուել էր սուրբ Թադէոս առաքեալի քարոզութիւնից: Նա առաջինն էր, որ Եդեսիայի բնակչութեանը մեր բարեպաշտ եւ աստուածասէր Աբգար թագաւորի հետ դարձրեց սուրբ հաւատին, բայց քանի որ Սանատրուկից յետոյ քաղաքում դարձեալ տարածուեց հեթանոսութիւնը, նօսրացան քրիստոնեաների շարքերը, ու զօրացան կռապաշտները:
Մի օր՝ հեթանոսական պիղծ կուռքերի տօնի օրը, Եդեսիա քաղաքում սուրբ Պարսամ հայրապետը տեսաւ իր համազգի պարթեւներին, ովքեր հարկադրուած գնում էին զոհեր մատուցելու: Նրանց Սարբիւղոս կամ Շարպէլ կոչուող ծերունի քուրմը տօնի կապակցութեամբ պայծառ ու երեւելի պատմուճան էր հագել եւ գլխին ոսկեզարդ արքայաշուք խոյր էր դրել: Նա հրամայաբար ստիպում էր ժողովրդին ուրախութեամբ մասնակցել այդ տօնակատարութեանը:
Այնժամ սուրբ եպիսկոպոսը, յանուն Աստուծոյ փառքի, վառուեց վրէժխնդրութեամբ ու իր հետ վերցնելով Թիփա (կամ Թիրադա) քահանային եւ Սիլովա սարկաւագին՝ մօտեցաւ քրմին ու ասաց. «Ամենաթագաւորն Աստուած քեզանից է պահանջելու այսքան մոլորուած մարդկանց հոգիները, որոնց ստիպում ես զոհ մատուցել խուլ ու համր եւ անշունչ կուռքերին: Խնայի՛ր նաեւ քեզ, քանզի ծեր այր ես ու անմտութեամբ ես վարւում»:
Եւ սուրբ եպիսկոպոսը Սուրբ Հոգու զօրութեամբ, որով զգեստաւորուած էր, աստուածիմաստ շատ խօսքերով խրատեց ու յանդիմանեց նրան եւ դարձրեց դէպի ճշմարիտ հաւատը: Ապա հէնց նոյն գիշերը Սարբիւղոս քուրմը եւ նրա քոյրը՝ Բաւեան (կամ Բաւեասան), գնացին եպիսկոպոսի մոտ ու նրանից ընդունեցին սուրբ մկրտութիւնը: Եպիսկոպոսը Սարբիւղոսին վերանուանեց Թութայէլ եւ նրա վրա սպիտակ պատմուճան գցեց, ինչպէս որ ըստ օրէնքի՝ հագնում էին նոր մկրտուածները՝ ի նշան սուրբ Աւազանից լուսաւորութեան:
Հետեւեալ օրը կռապաշտները, տեսնելով նրան սպիտակ զգեստներով, յոյժ զարմացան, իսկ նա ասաց նրանց. «Ինչո՞ւ էք զարմացած ինձ նայում: Իմացէ՛ք բոլորդ, որ ես, հաւատացել եմ Քրիստոս Աստծուն, մկրտուել եմ Հօր, Որդու ու Սուրբ Հոգու անունով եւ լուացուելով մկրտութեան ջրով՝ Քրիստոս Աստծուց մեղքերի թողութիւն ստացել այն բոլոր չարիքների համար, որոնք գործել եմ ձեր մէջ, որովհետեւ ես եմ եղել ձեր գայթակղութեան ու հոգիների կորստեան պատճառը: Ես մոլորեցնում էի ձեզ՝ մասնակից դարձնելով սնոտի պաշտամունքների զազրելի, անարժան գործին, բայց այսուհետեւ ձեր փրկութեան պատճառ կը դառնամ: Արդ, հաւատացէ՛ք բոլորդ ճշմարիտ Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսին»: Եւ այլ հոգեշահ օգտակար խօսքեր ասաց նրանց: Իսկ ժողովրդի բազմութիւնը Աստուծոյ շնորհների տւչութեամբ ականջալուր եղաւ նրա խօսքերին, քանի որ նրան ընդունում էին որպէս իրենց պաշտամունքի կատարեալ առաջնորդ: Եւ տղամարդկանցից ու կանանցից, ծերերից ու երիտասարդներից շատերը հաւատացին Քրիստոսին:
Լուր հասաւ Լուսիաս դատաւորին, ով այդ ժամանակ հռոմէական իշխանութեան կողմից Եդեսիայում հրամանատար էր կարգուած, թէ Սարբիւղոս քուրմը քրիստոնեայ է դարձել եւ իր յետեւից մեծ բազմութիւն տարել: Դատաւորը նրան շտապ իր մօտ կանչեց ու նրա հետ սկսեց խօսել նախ համոզիչ, ապա սպառնալից խօսքերով, որպէսզի նա հեռանայ քրիստոնէութիւնից, որ ընդունեց, եւ դառնայ իր նախկին պատուին: Սակայն նա քաջութեամբ պատասխանեց դատաւորի բոլոր հարցերին ու ամենեւին չպատրաստուեց ուրանալ Քրիստոսին եւ զոհել կուռքերին: Դատաւորը բարկացաւ ու դահիճներին հրամայեց բրիչներով հարուածել նրան: Ապա երկաթէ ճանկերով քերեցին եւ քերթեցին նրա ծնօտն ու երեսը, ձեռքերը մէջքին կապելով՝ ուժգին հարուածեցին նրա որովայնին եւ այդպէս խոշտանգուած՝ նրան տարան ու բանտ նետեցին:
Շատ օրեր անց բանտից հանելով՝ նրան բերեցին դատաւորի առջեւ, սակայն նրան դարձեալ հաստատուն գտան Քրիստոսի հաւատի մէջ: Ապա Լուսիասը հրաման տուեց կախել նրան աջ ձեռքից, որից խախտուեցին նրա բոլոր յօդերը: Մարմինն այրեցին մինչեւ քերուած ծնօտը եւ աչքերը, ապա դարձեալ կախեցին ու քերեցին նրա կողերը, իսկ վերջում աղով քացախ լցրեցին քերթուած վէրքերի եւ խանձուած ծնօտի վրայ: Եւ այս ամէնից յետոյ նրան խաչեցին: Մի քանի ժամ անցնելուց յետոյ տեսնելով, որ նա չի մեռնում, իջեցրին խաչից եւ կամեցան սղոցել նրան: Այնժամ նրա բարեկամներից ոմանք նրան թմրադեղով գինի տուեցին, որպէսզի չզգայ տանջանքների ցաւը, սակայն երանելին ասաց. «Կամենում եմ առաւելապէս զգալ դառնագոյն կտտանքները», եւ չխմեց գինին: Նա իր ձեռքերը երկինք բարձրացրեց եւ աղօթեց. «Տէ՜ր, թողութիւն տուր իմ նախկին յանցանքներին, երբ պիղծ կուռքերին զոհեր էի մատուցում ու բարկացնում Քեզ: Տէ՜ր, փրկի՛ր ինձ սպասուող Դատաստանից»: Ապա կնքելով իրեն սուրբ Խաչի նշանով՝ մտաւ մամլող մեքենայի մէջ, որ սղոցեն իրեն: Սակայն որքան էլ դահիճները ջանացին, սղոցի ատամները նրա վրայ ոչ մի հետք չթողեցին: Ուստի սրով հատեցին նրա գլուխը, եւ այդպէս երանելին նահատակուեց ի Տէր: Իսկ նրա քոյրը՝ Բաւեան, իր գիրկը վերցրեց սուրբի գլուխն ու ասաց. «Քո հոգու հետ ընդունիր նաեւ իմ հոգին, քաղցրի՛կ եղբայր, եւ մատուցի՛ր Քրիստոսին, Ում հաւատացինք»: Դատաւորն, այս լսելով, մինչ եղբօր գլուխը քրոջ գրկում էր, հրամայեց նոյն տեղում կտրել նաեւ նրա գլուխը: Իսկ քրիստոնեաները վերցրին նրանց մարմիններն ու պատուով թաղեցին իրենց գերեզմանոցում:
Այնժամ դատաւորին տեղեկացրին, որ Սարբիւղոս քրմին քրիստոնեաների եպիսկոպոս Պարսամն է դարձրել իրենց հաւատին, մկրտել եւ դարձել նրա մահուան պատճառը, եւ ոչ միայն նրան, այլեւ քաղաքի մեծամեծներից շատերին՝ Օտային, Արհավէասին, Յովսէոսին: Դատաւորը հրամայեց իր մօտ բերել սուրբ եպիսկոպոսին: Սպասաւորները նրան գտան Աստուծոյ տանը՝ քրիստոնեաների բազմութեան մէջ: Երբ ատեան տանելու համար բռնեցին նրան, հաւատացեալները գնացին նրա յետեւից, նրա հետ կանգնեցին ատեանի առջեւ եւ միաբան աղաղակելով՝ ասացին. «Պատրա՛ստ ենք մեռնել Քրիստոսի սիրոյ համար, պատրա՛ստ ենք մեռնել»: Իսկ դատաւորը, սաստելով ամբոխին, սկսեց հարցաքննել եպիսկոպոսին, ով համարձակ խոստովանեց, որ ցանկանում է մեռնել Քրիստոսի անուան համար: Այնժամ զայրացած դատաւորը եօթ հուժկու մարդկանց հրամայեց գանահարել եպիսկոպոսին, որից յետոյ դարձեալ սկսեց համոզել նրան, քանզի ջանում էր հնազանդեցնել իր կամքին կամ էլ սպառնալիքներով ահաբեկել: Սակայն սուրբ եպիսկոպոսն ասում էր. «Ես հաւատում եմ Քրիստոսին՝ ճշմարիտ Աստծուն, եւ անարգում եմ քո կուռքերին: Հրամայի՛ր տանջել մարմինս յանուն Քրիստոսի, որպէսզի բարի լինի ինձ, քանզի լոկ խօսքերն ինձ օգուտ չեն տայ»: Դատաւորի հրամանով դարձեալ կախեցին նրան ու մարմինը երկաթէ ճանկերով քերեցին, սակայն չկարողացան սասանել նրան:
Եւ մինչ դատաւորը խորհում էր, թե այլ ինչ տանջանքների ենթարկի նրան, նոյն պահին աւագանիներից մէկի՝ Սպալառիոս մեծ եպարքոսի կողմից, մի հրովարտակ եկաւ, ըստ որի՝ Մեծն Տրայիանոս թագաւորի հրամանով բոլոր քրիստոնեաները պէտք է ազատուեն բանտերից ու տանջանքներից: Եւ անմիջապէս կախաղանից իջեցրին եպիսկոպոսին ու ազատ արձակեցին: Թագաւորական հրովարտակն այս բովանդակութիւնն ունէր. «Մեր թագաւորութիւնը բազում հաւատարիմ իշխաններից լսեց, որ քրիստոնէական օրէնքները նման են մեր օրէնքներին: Նրանք պիղծ են համարում արիւնահեղներին եւ կախարդներին, պատուիրում են հեռու մնալ շնութիւնից, գողութիւնից, ընկերոջ հանդէպ նենգութիւնից, զրկանք պատճառելուց, ուսուցանում են ատել կաշառք տալն ու վերցնելը, չարամտութիւնը: Եւ քանի որ նոյն խորհրդով են գրուած մեր ու նրանց օրէնքները, հրամայում ենք դադարեցնել քրիստոնեաների դէմ հալածանքները, չարչարանքները եւ տանջանքները, թոյլ տալ նրանց հանգիստ ապրել ու խաղաղութեամբ կատարել իրենց կրօնական կարգերը եւ պաշտամունքները: Արդ, եթէ մէկն արգելի նրանց պաշտել իրենց կրօնը, հալածի կամ նեղութիւն պատճառի, պատիժներ ու տանջանքներ կÿընդունի մեր թագաւորութեան կողմից»:
Այս հրամանով սուրբ Բարսումա եպիսկոպոսն ազատուեց կապանքներից եւ տանջանքներից, իսկ հաւատացեալների բազմութիւնը, մեծ ուրախութեամբ նրան վերցնելով, սաղմոսներով եւ օրհնութեամբ տարաւ եկեղեցի: Այնուհետեւ երանելին, համարձակութիւն գտնելով, չէր դադարում աներկիւղ քարոզել աստուածպաշտութիւնը ու շատերին, այդ թւում՝ նաեւ պարթեւներին, դարձնել Քրիստոսի ճշմարիտ հաւատին: Իսկ ինքը, ապրելով բարի եւ առաքինի վարքով ու մեծ ճգնութիւններով, իր մարմնի մէջ կրում էր Քրիստոսի չարչարանքները: Եւ ծերութեան հասնելով՝ Քրիստոսի խոստովանող վկայ ու ճգնաւոր երանելի Բարսուման խաղաղութեամբ ննջեց ի Քրիստոս, իսկ հաւատացեալները շքեղ ծիսակատարութեամբ թաղեցին նրան եւ մեծապէս պատուեցին եկեղեցում:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 68:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: