ՄԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԻ, ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ՈՐԴԻՆԵՐԻ ԵՒ ԹՈՌՆԵՐԻ՝ ՍՈՒՐԲ ԱՐԻՍՏԱԿԷՍԻ, ՎՐԹԱՆԷՍԻ, ՅՈՒՍԻԿԻ, ԳՐԻԳՈՐԻՍԻ ԵՒ ԴԱՆԻԷԼԻ ՎԱՐՔՆ ՈՒ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ

 

   Այսօր ընդ երկնային զուարթունսըն ժողովուրդք Հայաստանեայց.

տօնելով զյիշատակ սուրբ հայրապետաց շառաւղաց սրբոյն Գրիգորի.

օրհնեցէ՜ք զՀայրն երկնաւոր:

Այսօր որդիք Թորգոմայ ծնեալք աւազանաւն յորդիս Սիովնի.

ի յիշատակի հարցըն սրբոց որդւոց Մեծի Լուսաւորչին՝ գովեցէք զՈրդին Միածին:

Այսօր երկնաւոր քահանայութեան հաղորդ  քահանայք սուրբ Եկեղեցւոյ.

ընդ քահանայապետս աստուածային օրինօք պատուեալս.

բարեբանեցէք զՀոգին ճշմարիտ՝ երգելով զփառս ի բարձունս:

(Շարակնոց)

   

   Ս.Վրթանէս – Ս.Գրիգոր Լուսաւորչի աւագ որդին (262թ. Կեսարիա - 341թ. Վաղարշապատ): Ամփոփուել է բարձր Հայքի Դարանաղեաց գաւառի Թորդան աւանում, հայոց կաթողիկոս 333թ.-ից, Հայ Առաքելական Եկեղեցու տօնելի սուրբ:

   Ս.Արիստակէս – Ս.Գրիգոր Լուսաւորչի յաջորդը եւ կրտսեր որդին (մօտ 264թ. Կեսարիա - 333թ.): Ամփոփուել է Եկեղեաց գաւառի Թիլ աւանում, հայոց կաթողիկոս 325թ.-ից:

   Ս.Յուսիկ - Ս.Գրիգոր Լուսաւորչի թոռը (295-347թթ.): Ամփոփուել է Դարանաղեաց գաւառի Թորդան աւանում, հայոց կաթողիկոս 341թ.-ից: Յաջորդել է հօրը՝ Վրթանէս Ա Պարթեւին:

   Ս.Գրիգորիս - Ս.Գրիգոր Լուսաւորչի թոռը (մօտ 295-337/338թթ.), Վրթանէս Ա Պարթեւի միւս որդին: Ամփոփուած է Ամարասում: Նշխարների գիւտը եղել է 489 թուականին հայոց Վաչագան թագաւորի օրօք:

   Ս.Դանիէլ քահանայ – ծննդեան թիւն անյայտ է, նահատակուել է 347 թ.-ին:

   

   Այս հինգ պանծալի զաւակները եւ սուրբ Լուսաւորչի ժառանգակալները եղան բարի արմատից բարի շառաւիղներ եւ լուսաբուխ աղ­բիւրից բխած շնորհասփիւռ վտակներ: Նրանք՝ Արիստակէսը եւ Վրթանէսը, Վրթանէսի որդիները եւ Գրի­գո­րի թոռները՝ Յուսիկը եւ Գրիգորիսը, սուրբ Գրիգորի հարազատ յետնորդներն էին: Նրանց թւում էր նաեւ սուրբ Գրիգորի աշակերտը՝ Դանիէլը, ում համարում են նրա հոգեոր­դի­ներից մէկը:  Նրանք բոլորը հոգելից հայրեր ու վարդապետներ էին, ովքեր նահատակուեցին ճշմարտութեան վկայութեան համար:

   Երիցս երանելի մեր հայր սուրբ Գրիգոր Լուսաւորիչը մեծացաւ Կեսարիայում իր բարեպաշտ դա­­յեակի՝ Սոփիայի ձեռքով եւ երբ արբունքի հասաւ, նրա մայրագիրը՝ Սոփիան, նրան ա­մուս­նաց­րեց հաւատացեալ Դաւիթ իշխանի պարկեշտ դստեր՝ Մարիամի հետ: Նրանից ծնուե­ցին Գրիգորի երկու որդիները, որոնցից անդրանիկին կոչեցին Վրթանէս, իսկ կրտսերին՝ Ռստա­կէս կամ Արիստակէս, իսկ իրենց ամուսնութիւնից մօտ երեք տարի անց եր­­կու մաքուր լծակիցները՝ սուրբ Գրիգորը եւ նրա սրբասէր կինը՝ Մարիամը, միաբան նոյն խորհրդի շուրջ, որոշեցին հեռանալ միմեանցից եւ անձնատուր լինել միայն Տիրոջը եւ ոչ աշխարհին:

   Այնուհետեւ սուրբ Գրիգորը, ով մեզ համար Աստուծոյ կողմից Լուսաւորիչ էր կարգուած, Տիրոջ թելադրանքով ծառայութեան մտաւ Տրդատ թագաւորի մօտ` փոխհատուցելու այն բանի համար, որ իր հայրը՝ Անակը, սպանել էր Տրդատ թագաւորի հօրը՝ Խոսրով արքային: Մարիամն էլ իր աւագ որդուն՝ Վրթանէսին, յանձնեց Աստուծոյ երկիւղն ունեցող դայեակներից մէկին, իր հետ վերցրեց մանուկ Արիստակէսին եւ մտաւ կուսանաց վանք, ուր ապրեց սրբութեամբ մինչեւ առ Քրիստոս փոխուելը: Սակայն երբ Արիստակէսը մեծացաւ, թողեց մօրը եւ մտաւ արանց վանք, ուր աշակերտելով Նիկոմաքոս անունով մի սուրբ մենակեացի` Աստուծոյ շնորհով առաջադէմ գտնուեց ողջ կրօնաւորական կարգի եւ կենցաղավարութեան մէջ: Երբ արդէն կատարելութեան էր հասել, իր ծերից հրաման առաւ առանձնանալ անապատում եւ փակուելով մի խցում՝ իր անձը պահեցողութեամբ ու աղօթքներով մատնեց մեծ ճգնութիւնների: Նա եղաւ սքանչելի մենակեաց՝ զարդարուած առաքինութիւններով ու իմաստութեամբ, թողեց աշակերտներ եւ փայլեց երկնքից երկրի վրայ փայլող լուսատուների պէս, քանզի նրա համար այսպէս է վկայում ականատես Ագաթանգեղոսը. «Ռստակէսը,- ասում է,- ով մանկուց դաստիարակուել էր Աստուծոյ ծառայութեան համար, մտել էր լեռնաբնակ մենակեացների կրօնական կարգի մէջ եւ բազում նեղութիւններ էր կրում  մեծ ճիգերով: Նա իր անձն ամբողջովին մատնեց քաղցի եւ ծարաւի, բուսակերութեան, անլոյս արգելարանների: Շատ անգամներ գիշերային հանգիստը մէկ ակնթարթի պէս ոտքի վրայ անց էր կացնում տքնութեամբ: Եւ այսպէս ապրեց ոչ քիչ ժամանակ: Քաջութեամբ տանում էր բոլոր փորձութիւնները, լուսաւորւում էր եւ պայծառանալով` ծանօթ ու հաճելի դառնում Աստծուն եւ մարդկանց»:

   Իսկ նրա աւագ եղբայրը՝ Վրթանէսը, ապրեց Կեսարիայում, մեծացաւ բարեպաշտութեամբ, խորացաւ արտաքին ու հոգեւոր կրթութեան մէջ: Նրան ամուսնացրին, եւ նա ունեցաւ երկու որդի, ինչպէս ասում են` երկուորեակներ, որոնց կոչեցին Գրիգորիս եւ Յուսիկ: Ապա իր անարատ վարքի եւ իմաստութեան համար աստուածային կոչումով հրաւիրուեց ընդունելու երէցութեան կարգը: Նա քահանայական ծառայութիւն էր մատուցում մեծ սրբութեամբ եւ նոյն գովելի վարքով կրթում եկեղեցու մանուկներին 1:

   Արդ, մինչ սուրբ Լուսաւորչի երկու որդիները Կեսարիայում փայլում էին իրենց աստուածահաճոյ վարքով, նրանց սքանչելի հայրը՝ սուրբ Գրիգորը, բազում տարիների մրցապայքարից յետոյ հայ­րապետական փառքով Հայաստան աշխարհին յայտնուեց որպէս Լուսաւորիչ եւ կամա­ւոր մոռացութեան մատնեց իր որդիներին, իսկ որդիներն էլ, ճանաչելով իրենց հօր փառաւորութիւնը, անփառասէր մտքով եւս լուռ էին մնում: Նրանց մասին Խորենացին գրում է. «Արդարեւ, սքան­չելի հօր որ­դի­ներն առաւել քան զարմանալի էին, քանզի Տրդա­­­տի մօտ վերադառնալուց յետոյ ոչ նա իր որդի­ներին փնտռեց, եւ ոչ էլ նրանք եկան իրենց հօր մօտ: Եւ սա ոչ միայն Տրդատի կամ Դիոկղետիա­նոսի յա­րու­­ցած հալածանքների երկիւղից, այլ նրանք չերեւացին նաեւ, երբ Գրիգորը Կեսարիայում ընդունեց քահանայութիւնը եւ չպերճացան իրենց հօր փառ­քով: Գրիգորը եւս երկար չմնաց Կեսարիայում, որպէսզի յայտնի չդառնար որդիներին, այլ շտապ գալով Սեբաստիա, մնաց այնտեղ՝ վարդապետութեան համար նիւթեր հաւա­քելու: Բայց եթէ նոյնիսկ երկար մնար Կեսարիայում, ոչինչ չէին անի, ինչ որ կ՚անցնէր մտքով, այլ սպասում էին միայն անսպառին եւ մնա­յու­նին, քանզի նրանք չէին ընկ­նում պատուի ետեւից, այլ պատիւն էր գնում նրանց հետեւից, ինչ­պէս քեզ պատմում է Ագաթանգեղոսը»:

   Շատ տարիներ անց սուրբ Գրիգորը բովանդակ Հայոց աշխարհը լուսաւորելուց եւ եկեղեցիները պայծառացնելուց յետոյ իր ծերութեան օրերին ձգտեց առանձնութեան ու միայնացաւ լեռ­նե­րում: Իսկ երանելի Տրդատ արքան, տեղեկանալով Գրիգորի երկու որդիների մասին, որ նրան­ցից ա­ւագը քահանայ է, իսկ կրտսերը` աբեղայ, մեծապէս ուրախ եղաւ եւ հրովարտակներով հանդերձ ուղարկեց երեք պատուական անձանց, որպէսզի նրանց շտապ իր մօտ բերեն: Սրանք հասան Կապադովկիա եւ հարցուփորձ անելով` Կեսարիա քաղաքում գտան սուրբ երէց Վրթանէսին եւ հակառակ նրա կամքի` նրան իր երկու մատաղատունկ մանուկների՝ Գրիգորիսի եւ Յուսիկի հետ վերցրին իրենց հետ: Ապա գտան նաեւ սուրբ մենակեաց Ռստակէսին, ով բնակւում էր անապատի իր մենաստանում: Երբ նրան յայտնեցին արքայի հրաւէրի մասին, նա չհա­մա­ձայնուեց գալ անապատից, մինչեւ որ հաւաքուեցին մեծա­թիւ քրիստոնեաներ եւ համոզեցին նրան` ասելով. «Քեզ համար առաւել հոգեշահ է Աստուծոյ մշա­կութեան գործը, քան մենաւոր բնակութիւնն այս անապատում», եւ նախա­րար­ների հետ նրան ճա­նապարհ դրին:

   Երբ եկան Հայոց աշխարհ, Գրիգորի երկու որդիներին տարան թագաւորի առջեւ, իսկ աս­­տուա­­ծասէր թագաւորը նրանց մեծ պատուի արժանացնելուց յետոյ նրանց հետ ան­ձամբ սուրբ Գրիգորին փնտռելու ելաւ: Եւ գտան նրան մի անբնակ վայրում` Դարանաղեաց գաւառում` «Մանեայ այր» կոչուած լերան վրայ: Ապա երանելի Տրդատ թագաւորը խնդրեց սուրբ Գրի­գո­րին՝ փոխարէն այն բանի, որ չհամաձայնուեց մնալ ու ժողովրդի մէջ շրջել իր հետ եւ նախընտրեց մենակեցութիւնը, ողջ Հայոց աշխարհի հայրապետութեան համար թող ձեռնադրի եւ որպէս եպիս­կո­պոս իրեն յանձնի իր որդուն՝ սուրբ Ռստակէսին, ինչպէս որ գրուած է. «Հայրերի փոխարէն կը լինեն որ­­­դիները»:

   Սուրբ Գրիգորն անսաց թագաւորին. եպիսկոպոսների ժողով հրաւիրեց եւ իր փոխարէն ձեռնադ­րեց երանելի Արիստակէսին: Սուրբ Գրիգորից յետոյ Արիստակէսը նստեց Հայոց կաթողիկոսական Աթոռին, սակայն որքան ժամանակ ողջ էր նրա հայրը, ժամանակ առ ժամանակ գալիս էր եւ շրջում իր սուրբ որդու՝ Արիստակէսի եւ բոլոր աշակերտների հետ՝ յորդորելով նրանց հաստատուն մնալ ճշմարտութեան եւ պատուիրանապահութեան մէջ:

   Երբ սուրբ Լուսաւորիչը Տրդատի հետ գնաց Հռոմ՝ ողջունելու սուրբ Սեղբեստրոսին եւ Կոս­տանդիանոսին, իր հետ տարաւ Արիստակէսին, իսկ մի քանի տարի անց, երբ Կոստանդիանոսը նրան հրաւիրեց Տրդատի հետ գալ մասնակցելու Նիկիայի ժողովին, իր փոխարէն ուղար­կեց իր որդուն՝ սուրբ Արիստակէսին, որին ուղեկիցներ եղան նաեւ սուրբ Յակովբ Մծբնայ հայրապետը, Եդեսիայի Եւթաղ եպիսկոպոսը եւ պարսից Յովհան եպիսկոպոսը: Երբ նրանք անց­նում էին Կեսարիայով, հանդիպեցին սուրբ Ղեւոնդիոսին եւ ներկայ գտնուեցին այն միաբանական ցնծութեանը, երբ Ղեւոնդիոս Մեծը եւ Նազիանզի եպիսկոպոսը մկրտում էին Գրիգորիսին՝ Գրիգոր Աստուածաբանի հօրը, որի շուրջը սուրբ աւազանից ելնելիս փայլատակող լոյս երեւաց: Ապա իրենց հետ վերցնելով սուրբ Ղեւոնդիոսին՝ գնացին մասնակցելու սուրբ ժողովին եւ մեծ պատիւ­նե­րի արժանացան ինքնակալի եւ ժողովի հայրերի կողմից:

   Յայսմաւուրքը գրում է, թէ երբ սուրբ Արիստակէսը գնաց այդ ժողովին, իր հետ ունէր Կե­­նաց Փայտի սուրբ նշանը, որը սուրբ Գրիգորին էր տուել Հռոմի սուրբ Սեղբեստրոս հայրա­պե­տը: Սուրբ Արիստակէսը նրա­նով մեծ հրաշքներ գործեց իր բոլոր ճանապարհներին, յատկապէս Բիւ­թանիայի ծովն անցնելիս, որի միջով անհետ ընթացքով ակօս բացեց: Քանզի երբ տեսան սուրբին  նուաստ կերպարանքով՝ սաստիկ նիհարած եւ մաշուած բազում ճգնութիւններից, չարափառ արիոսականներից ոմանք, ծաղրելով նրան, անարգեցին եւ ասացին միմեանց. «Տեսէ՛ք, տեսէ՛ք Արեւելքի առաջնորդին, նրան վայել է մաճկալ մշակ լինել»: Եւ ծովափի մօտ տեսնելով մի զոյգ եզներ՝ մօտեցան սուրբին ու հեգնելով ասացին. «Ով ա՛յր Աս­տուծոյ եւ որդի՛ նահատակի, լծի՛ր այս եզները, նստի՛ր նրանց վրայ եւ քայլի՛ր ծովի վրայով»: Սուրբ Արիստակէս հայրապետը նրանց պատասխանեց. «Իրաւացի էք, որ ինձ մշակ էք կո­չում, սակայն ես մշակն եմ ամենակալ Տէր Աստու­ծոյ, Ով սքանչելիքներ է գործում»: Այս ասելով՝ կորզեց մաճը մաճ­կա­լի ձեռքից եւ ծովի վրա­յով մի արտաչափ հեռաւորութեամբ քշեց եզներին: Այդպէս մի երթեւեկելու չափով ակօս բացելով ծովի երեսին՝ ցամաք վերադարձաւ եւ ասաց իրեն ծաղրողներին. «Ո՛վ արիոսականներ, եթէ հաւատ ունէք, իմ հետեւից ցանէ՛ք ցորենի սերմը եւ հարթեցրէ՛ք: Ապա թէ ոչ՝ ինչո՞ւ էք զուր նեղում սուրբ հայրերին, որ ժողովուել են այստեղ»: Այս տեսնողներն ու լսող­ներն ահաբեկուեցին եւ պատկա­ռե­­ցին նրանից՝ իբրեւ Աստուծոյ հրեշ­տա­կի:

   Արդ, երբ արձակուեց Նիկիայի սուրբ ժողովը, սուրբ Արիստակէսը, իր հետ վերցնելով եկե­ղե­­ցա­կան ժողովի ուղղափառ հաւատի սահմանումը եւ կանոնական օրինադրութիւնները, վերադարձաւ Հայոց աշխարհ եւ դրանք յանձնեց իր հօրն ու թագաւորին: Նրանք այն ընդունեցին մեծ սիրով, իսկ սուրբ Գրիգորը Հայաստան աշխարհը զգուշութեամբ պահելու համար դրանց վրայ աւելացրեց լուսաւոր կանոններ, որից յետոյ իր հօտն ամբողջովին յանձնեց իր որդու ձեռքը եւ իսպառ ա­ռանձնացաւ անա­պա­տում:

   Այնուհետեւ սուրբ Արիստակէսը, Վաղարշապատում ստանձնելով Էջմիածնի կաթողիկոսական Աթոռը, առաւել ու առաւել էր պայծառացնում Հայաստանեայց Եկեղեցին, բարեկարգում վան­քե­րը, կարգաւորում մենաստանները եւ վայելչապէս փայլեցնում Եկեղեցու ողջ միաբանութիւնը: Յաճախակի դարձած իր սովորութեամբ անձամբ շրջում էր տեղից տեղ, հաս­տատում եւ զօ­րացնում էր հաւատացեալների հօտը, խրատում էր մեղաւորներին՝ ուղղելով նրանց ընթացքը եւ անաչառութեամբ յանդիմանում խոտորուածներին՝ թէ՛ փոքրերին եւ թէ՛ մեծերին:

   Իսկ Չորրորդ Հայքի Արքեղայոս անունով վերակացուն, իր անուղղելի գործերի համար յանդիմանուած լինելով սուրբի կողմից, սպասում էր հարմար պահի, որպէսզի նենգութեամբ վրէժ լու­ծի նրա­նից: Եւ եղաւ, որ երբ սուրբ Արիստակէսն անցնում էր Ծոփք 2 գաւառով, որի Խոզան գիւղա­­քա­ղա­քում նա մեծ եկեղեցի էր կառուցել, Արքեղայոսը, ճանապարհին վրայ հասնելով, սրով խոցոտեց ու սպանեց սուրբ հայրապետին: Եւ մինչ աշակերտները շտապում էին տարածել լուրը, ա­նօ­րէնը ճողոպրելով փախուստ տուեց դէպի Կիլիկիայի Տաւրոս լեռը: Այդպէս Տրդատի թագաւորութեան յիսունչոր­սե­րորդ տարում նահատակուեց երանելի Արիստակէսը, ով հայրապետական Աթոռին նստեց եօթ կամ ութ տարի: Սուրբի մարմինն աշակերտները տարան Եկեղեաց գա­­ւառ 3 եւ ամփոփեցին Թիլ աւանում, որը որպէս հայրապետանոցի կալուածք` Տրդատը յանձնել էր սուրբ Գրիգորին, եւ որտեղ ինքը՝ Արիստակէսը, իր բնա­կութեան համար առանձին վանական հանգոյց էր հիմնել:

   Սուրբ Արիստակէսից յետոյ եպիսկոպոսաց դասի միաբան խորհրդով եւ Տրդատ ար­քայի ցան­կու­թեամբ կաթողիկոսական Աթոռին արժանացաւ նրա աւագ եղբայրը՝ սուրբ Վրթանէսը, ով իր հովուա­պետական ծառայութեան մէջ փայլեց նոյնպիսի մաքուր վար­քով եւ պայծառ վար­դա­պե­տութեամբ, եղաւ բոլորին խրատող եւ յանդիմանող, անդադար հսկողութեամբ տքնեց իր հօտի հա­մար եւ օրըստօրէ առաջադէմ գտնուեց աստուածպաշտութեան կարգի մէջ: Ե­կե­­ղեցու բարեզարդութիւնն առաւել յարդարելու համար դիմեց Երուսաղէմի ե­րա­նելի Մակար հայ­­րապետին եւ նրանից խնդրեց Երու­սաղէմի Եկեղեցու սուրբ խորհուրդների եւ այլ եկեղեցական ա­րարո­ղու­թիւնների պաշտամունքի կարգաւորութիւնը, որն աւանդութեամբ փոխան­ցուել էր Տեառնեղբայր Յակոբոս առաքեալից: Նրանից ստանալով խնդրածը՝ ինչ-ինչ տեղերում այն յար­մա­­րաց­րեց ըստ իր թեմի, լրացրեց իր հօր՝ սուրբ Լուսաւորչի աւանդներով եւ առաւել պայծառացրեց:

   Երանելի Վրթանէսը ջերմ նամակագրական կապի մէջ էր սուրբ Յա­կովբ Մծբնայ հայրապետի հետ, ումից ձեռք բերեց նրա հո­գե­լից ճառերի օրինակը, որը, ինչպէս ասում է «Ճառընտիր»-ը, հայրապետը խոս­տա­ցել էր նրա եղբօրը՝ Արիս­տա­­կէսին: Եօթերորդ դարի պատմիչ Մով­սէս Կաղան­կա­տուա­ցին գրում է, որ նա՝ Վրթանէսը, լի էր հայրա­տուր շնորհներով ու խրատական խօսքերով: Նա իր ուղիղ եւ առաքինա­­սէր կենցաղավա­րու­թեամբ պատժում եւ խրատում էր բոլոր նրանց, ում տեսնում էր մո­լորուած դիւապաշտական աղանդի մէջ: Պոռնկու­թեան համար աներկիւղ յանդիմանում էր նաեւ թագուհուն, որի պատճառով մինչ Տա­րոն գաւառի եկեղեցում կատարում էր եկե­ղե­ցական արարո­­ղութիւնը, թագուհու խորհրդով հաւաքուեցին բազմաթիւ չար ու դիւապաշտ մարդիկ՝ երա­նե­լի Վրթանէսին սպանելու միտումով: Սակայն երբ ներխուժեցին եկեղեցու գաւիթը, բարերար Աստուծոյ հրամանով բոլորը դեւերի կող­մից ամուր կապուեցին, շղթայուած ու ոլորուած պարանոցներով լուռ կանգնեցին, մինչեւ որ երանելին աւարտեց աստուածային Խորհուրդը: Նա, դուրս գալով ու նրանց տես­նելով, խիստ զարմացաւ եւ երբ հարցրեց պատճառը, նրանք խոս­տո­­վանեցին ի­րենց չար մտադրութիւնը եւ թագուհու ցանկութիւնը: Իսկ նա աղօթելով ձեռքը դրեց բոլորի վրայ, բժշկեց ու խրատեց, որպէսզի այլեւս չարիք չգործեն, այլ ապաշխարութեամբ ողորմութիւն գտնեն: Ունէր երկու որդի: Մէկի անունը Յուսիկ էր, ով առաքինասէր եւ մաքուր վար­ք ունէր: Ստանձնելով հօր քահանայապետական Աթոռը՝ նա յանդիմանում էր թագաւորին նրա մեղսասիրութեան ու չարագործութիւնների համար, որի համար թագաւորը հրամայեց եկեղեցու մէջ բրածեծ անելով սպանել նրան: Իսկ միւս որդուն իր պապի անունով Գրիգորիս էին կոչում, ով իր առաքինի վարքով համանման եւ հաւասար էր պապին: Չամուս­նա­ցաւ, ինչպէս աշխար­հի կարգն է, այլ փափագեց ու բաղձաց ձեռք բերել հայրական հոգեւոր ժառանգութիւնը, որի համար մանուկ հասակից հմտացաւ աստուածաշնչեան Սուրբ Գրքի ընթերցանութեան մէջ: Մարմ­­նական ցան­կու­թիւն­ները սանձում էր պահեցողութեամբ եւ աղօթքներով, իսկ հոգին լուսաւորում հաւատով ու սիրով: Կարճ ժամանակում ստանալով իր պապի՝ Մեծ Գրիգորի երկու գերաշխարհիկ բարձր աստիճանները` նա կարգաւորեց քահանայապետա­կան աստիճաններն ու Աթոռը:

   Տասնհինգ տարեկան հասակում մատաղատունկ Գրիգորիսին ձեռնադրում են Վրաս­տա­­նի եւ Ա­­ղուանքի եպիսկոպոս, ուր մեկնելով՝ լուսաւորեց այդ երկու երկրները ու տարածեց քրիստո­նեու­թիւնը: Եկեղեցիներ կառուցեց շատ աւաններում ու քաղաքներում, ձեռ­նադրեց քահա­նա­­ներ, ժո­ղո­վրդին յորդորեց սուրբ պաշտամունքի՝ մշտապէս տօնելով սուրբերի յիշատա­կը: Նա շրջում էր հեթա­նոս­նե­րի մէջ, մկրտում էր նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անուամբ եւ ուսուցանում պա­հել տէ­րու­նա­կան բոլոր պատուիրանները: Երանելին իր հետ վերցրեց չափազանց թանկագին պա­շար՝ սուրբ Յով­հան­նէս Մկրտչի հօր՝ մեծ քահանայապետ ու նա­հա­տակ Զաքարիայի արիւնը եւ սուրբ Պանդալիոնի մասունքները, ով նահատա­կուել էր Նիկոմի­դիա քաղաքում եւ տարաւ Աղուանքի իշ­խա­­նութեան տակ գտնուող Ցուր մեծ քաղաքը: Այնտեղ կառուցեց մի փոքրիկ եկեղեցի եւ այնտեղ մեծ զգուշաւորութեամբ զետեղեց Զաքարիայի արեան ու սուրբ Պանդալիոնի մասունքների մի մասը: Այդ եկեղեցում սպասաւորելու համար կար­գեց Դանիէլ անունով մի քա­հա­նայի, իսկ ինքն իր հետ վերցրեց սուրբ Զաքարիայի ու երանելի Պանդալիոնի մասունքների միւս մասը եւ Քրիստոսի պատուիրաններին հնազանդ ու բարեսէր իր աշա­կերտ­ներին եւ մեկ­նեց մասքութների երկիրը, ուր ներկայացաւ Արշակունիների տոհմակից Սանեսան թագաւորին: Այնտեղ նա քարոզեց անճառելի Երրորդութեան արարչական զօրութիւնը, Միա­ծին Որդու մարդեղութիւնը, երկրի վրայ Նրա բազմաթիւ եւ բազմատեսակ հրաշագործութիւնները, խա­­չելութիւնն ու մահը, երեք օրից յարութիւն առնելը, նոյն Մարմնով երկինք համբարձուելը եւ Նրա երկրորդ Գալուստը՝ ողջերին ու մեռելներին դատելու համար: Նրան մէկ անգամ ունկնդրողներն ուրա­խու­թեամբ էին ընդունում աւետարանական Խօսքը եւ հաւատում:

   Սակայն ամենաչար սատանան, թափանցելով նրանց սրտերը, գրգռում էր նրանց չհնազան­դուել Տի­րոջ կենսատու պատուիրաններին: Սկսեցին երանելու դէմ մեղանդրանքներ յարուցել ճշմարիտ վարդա­պե­տութեան հա­մար, որովհետեւ նա քարոզելիս յայտնում էր բարերար Աստուծոյ կամ­­­քը, ըստ որի` չի՛ կարելի  աւար առնել, չի՛ կարելի յափշտա­կել եւ ոչ էլ գողանալ, այլ պէտք է վաստակել սեփական ձեռքերով, ապրել ժուժկալութեամբ եւ երանելի լինել Աստուծոյ համար: Նրանք ասում էին. «Այդ Հայոց թագաւորի խաբէութիւնն է, ով ցանկանում է զրկել մեզ Հայաս­տա­­նի աւարից, իսկ մենք ինչպէ՞ս ապրենք, եթէ աւար չառնենք եւ չյափշտակենք»: Այն­­­ժամ բռնեցին Գրի­­գորիսին, կապեցին մի կատաղի ձիու պոչից եւ բաց թո­ղեցին Կասպից ծովի մօտ գտնուող Վատնեան դաշտի մէջ: Խփուելով քարերին ու թփերին՝ չա­րա­չար կերպով ջախջա­խուե­­­ցին նրա բոլոր ան­դամները, եւ այդպէս նահատակուեց երանելի սուրբը: Նրան իր աշա­կերտ­նե­­րը վերցրին եւ բե­րե­ցին Ամարաս գիւղաքաղաքի 4 եկեղեցին, որ գտնւում էր Յաբանդ գաւառում: Զաքարիայի սուրբ ա­­րիւնը լցրեցին մի ապակեայ սրուակի մէջ, մէկ այլ անօթի մէջ էլ սուրբ Գրիգորիսի մասունքների հետ դրեցին երանելի Պան­դալիոնի նշխար­­ները, իսկ իրենք փախան դէ­պի Հայաստան:

   Երբ Մեծն Վրթանէսը լսեց իր հրեշտականման զաւակի այսօրինակ նահատակութեան, ինչպէս նաեւ իւրայինների կողմից սուրբ Տրդատի՝ մահաբեր դեղով դաւադրաբար սպանութեան մա­սին, հա­­մակուեց ներքին անփարատելի սուգով, քանզի որքան էլ ջանում էր բոլորին կրթել աստուածպաշտութեամբ, սակայն տեսնում էր շատերին՝ միտուած դէպի չարը: Մինչեւ իսկ ստա­­­հակներից ոմանք խորհում էին դաւադրութեամբ սպանել նաեւ իրեն՝ սուրբ հայրապետին, սա­կայն Տէրը հրաշքով պահում էր նրան: «Քանզի Տրդատ Մեծի փոխման օրերին,- գրում է Մով­սէս Խորենացին,-  Վրթանէս Մեծը պատահմամբ գտնւում էր սուրբ Յովհաննէսի վկայարանում 5, որը Տարոն գաւառում կառուցել էր նրա հայրը: Այստեղ այդ լերան բնակիչները նախարարների թելադրանքով կամեցան դաւադրաբար սպանել նրան: Սակայն նրանք կապուեցին մի աներեւոյթ ձեռ­քով, ինչպէս հնում՝ Եղիսէի ժամանակ 6: Եւ այդպէս Վրթանէսն անվնաս անցաւ գնաց Եկեղեաց գա­ւա­­ռի Թիլ աւանը, ուր գտնւում էր նրա Արիս­տա­կէս եղբօր հանգստարանը: Սուգի մէջ լինելով Հա­յոց աշխարհի համար՝ նա երկար աղօթեց եղբօր տապանի մօտ եւ իր հօտի համար Տիրոջից այ­ցե­լութիւն խնդրեց, որպէսզի նորահաւատ ազգը կորստեան չմատնուի»:

   Եւ քանի որ Հայաստանը երկու տարի մնաց անտէրունչ եւ առանց թագաւորի, պարսիկների արշաւանքների եւ նախարար­ների անմիաբանութեան պատճառով երկրում բազմացան չարիքները: Իսկ աւագ իշ­­խանները եւ բարեպաշտ մարդիկ, տեսնելով, որ երկիրն աւերւում է, ու քրիստոնէութիւնը լռելով տե­ղի է տալիս, ժողովուեցին սուրբ Վրթանէսի մօտ՝ խորհուրդ անելու եւ երկրի խաղաղութեան հա­­մար հնար գտնելու: Ապա բոլորի հաւանութեամբ Վրթանէս Մեծը նամակ գրեց Կոստանդ­նու­պո­­­­լիս՝ Կոստանդիանոս Մեծի որդուն՝ Կոստանդ կայսրին, հետեւեալ բովանդակութեամբ. «Վրթա­­­­նէս եպիսկոպոսապետը, նրա ձեռքի տակ եղած եպիսկոպոսները եւ Մեծ Հայաստանի բոլոր նա­խարարները մեր տիրոջ՝ ինքնակալ Կոստանդին ողջո՛յն ենք յղում:  Յիշի՛ր քո հօր՝ Կոստան­դի­ա­­­նոսի ուխտը մեր Տրդատ թագաւորի հետ եւ մեր երկիրը մի՛ թող ա­նաս­տուած պարսիկներին, այլ օգնի՛ր մեզ զօրքով՝ Տրդատի որդուն՝ Խոսրովին թագաւորեցնելու համար, քանզի Աստուած ձեզ տէր դարձրեց ոչ միայն Եւրոպային, այլեւ ողջ Միջերկրայ­քին: Ձեր զօրութեան ահը տարածուել է մինչեւ աշ­խարհի ծայրը, եւ մենք կամենում ենք, որ դուք աւելի ու աւելի զօրանաք: Ո՛ղջ ե­ղէք»: Իսկ Կոստանդը գրեց այս պատասխան թուղթը. «Ինքնակալ Օգոստոս Կոստանդոս կայս­րից Վրթանէս Մեծիդ եւ բոլոր քո աշխարհական­նե­րին՝ ողջո՜յն: Օգնութեան համար ուղարկեցի մեծ զօրք եւ հրաման՝ Խոսրովին՝ ձեր Տրդատ թագաւորի որդուն, ձեզ թագաւոր դարձնելու համար, որպէսզի հաս­տատուելով բարեկարգութեան մէջ, հաւատարմութեամբ ծառայէք մեզ: Ո՛ղջ եղէք»:

   Եւ Կոստանդը մեծ զօրքով Հայաստան ուղարկեց Անտիոքոս զօրավարին, ով, միաբանուելով պատուելի նախարարների հետ, Խոսրովին թագադրեց Հայոց աշխարհի թագաւոր: Հա­յոց եւ յու­նաց զօրքերը տեղաբաշխելով տարբեր գնդերի միջեւ՝ նրանց ուղարկեց ընդդէմ ապստամբողների եւ խաղաղութիւն հաստատեց երկրում:

   Ինը տարի անց, երբ մեռաւ Խոսրովը, նախարարները եկան սուրբ Վրթանէսի մօտ, որպէսզի կայսեր միջոցով Խոսրովի որդի Տիրանին շտապ նստեցնեն իր հօր թագաւորական Աթոռին: Եւ սուրբը, լսելով նրանց խնդրանքը, Տիրանի հետ անձամբ գնաց կայսեր մօտ, եւ թագադ­րե­լով նրան՝ վերադարձան Հայոց երկիր: Սուրբ Վրթանէս հայրապետն ապրեց մինչեւ Տի­րա­­նի թա­գա­ւորութեան երրորդ տարին եւ աւարտելով երկրաւոր կեանքը՝ իր կաթողիկոսութեան տասնհինգերորդ տարում խաղաղութեամբ փոխուեց աշխարհից: Նա աւարտեց իր երկրաւոր կեանքը՝ մշտապէս մաքառելով մեծամեծ դժուարութիւնների հետ եւ բոլոր պարագաներում արդարացնելով փորձառու եւ գործունեայ հովուի համբաւը: Նրա մարմինը մեծ պատուով ամփոփեցին Ե­կեղեաց գաւառի Թորդան 7 աւանում, քանզի, ինչպէս Խորենացին է գրում, այդ­պէս էր պատուիրել սուրբը, որովհետեւ մարգարէական հոգով տեսել էր, որ ժամանակ անց իր հօր՝ սուրբ Գրի­գո­­րի մարմինը եւս պիտի այդտեղ փոխադրուի: Այդպէս էլ եղաւ. Գառնիկ ա­նունով մի ճգնաւորի ձեռ­քով սուրբ Գրիգորի նշխարները բերուեցին ու թաղուեցին Թորդան ա­ւանում:

   Այնուհետեւ հայրապետական Աթոռին նստեց սուրբ Վրթանէսի կրտսեր որդին եւ Աղուանքի կա­թո­­ղիկոս սուրբ Գրիգորիսի եղբայրը՝ սուրբ Յուսիկը, ով ունէր հօր եւ եղբօր ա­ռա­քի­նու­թիւնները ու լի էր Սուրբ Հոգով: Սա, նախքան Տիրան արքայի թագաւորելը, փեսա­յա­ցել էր նրան, սակայն իր երկու որդիների՝ Պապի եւ Աթանագինէի ծնուելուց յետոյ, աշխարհից հրա­ժա­րա­կան կեանք վարեց, որովհետեւ աղօթասէր էր եւ ճգնասէր: Արդ, երբ մտաւ եկեղեցական կարգի մէջ եւ հաստատուեց հայրապետական Աթոռին, աւելացրեց իր ճգնութիւններն ու մշտամռունչ աղօթքները եւ սքանչելապէս փայլեց սրբութեամբ:

   Իսկ Տիրան թագա­ւո­րը՝ Յուսիկի կարծեցեալ աները, անհոգ ու անարժան կեանք վա­րելով, աս­տուա­­ծային ճանապարհից մո­­­լորուած ընթացք էր բռնել, որի համար բազում անգամ­ներ խրատւում էր սուրբ հայրապետի կող­մից, սակայն անօգուտ: Այդ ժամանակներում Կոստանդի յաջորդ Յու­լիա­նոս Ուրացող կայսրը Տի­րան արքային է տալիս տախտակի վրայ նկարուած իր պատկերը, որի վրայ կային նաեւ մի քանի դեւերի պատկերներ եւ հրա­մա­յում է այն կանգնեցնել եկե­ղեցու արեւելեան կողմում` ա­սե­լով, թէ այդպէս պէտք է անեն Հռոմէական տէրու­թեա­ն բոլոր հարկատուները: Յանձն առնելով` Տիրանը բերում է պատկերը` չմտա­ծելով, որ դրանով դե­ւե­­րի պատկերներին խաբէութեամբ երկրպա­գու­­թիւն կը մատուցուի: Եւ Ծոփքի գաւառ հասնելով` կամեցաւ պատկե­րը դնել իր արքունի եկեղեցում, սակայն սուրբ Յուսիկը պատկերը յափշտակեց թագաւորի ձեռ­քից, ցած գցեց եւ ոտքի տակ տա­լով ջարդեց` թագաւորին հասկացնելով գործի խորամանկու­թիւնը: Վախենալով Յուլիանոսից՝ Տի­րանը նրան չլսեց, որովհետեւ մտածեց, թէ ինքը կարող է մեռնել որպէս թագաւորի պատկերն անարգող: Ուստի առաւել բորբոքուեց նրա զա­յ­րոյ­թը, որ տածում էր դէպի սուրբ Յու­սի­­կը՝ իր յանցանքները շարունակ յանդիմանելու պատճա­ռով, եւ հրամայեց ճիպոտներով երկար ձաղկել նրան: Եւ հէնց բրածեծ անելիս՝ սուրբն աւանդեց հոգին: Աշակերտները վերցրին նրա մարմինը, պա­տուով տարան Թորդան եւ ամփոփեցին իր հօր՝ Վրթանէսի մօտ: Նա ե­պիս­կոպոսական պաշ­տօնը վարեց շուրջ վեց տարի:

   Այ­նուհետեւ Տիրանը նախատինքի եւ անէծքի ենթարկուեց սուրբ ծերունի Դանիէլ քահանա­յի կող­մից, ով սուրբ Գրիգորի աշակերտն ու սպասաւորն էր: Նա, մտնելով արքայի մօտ, սկսեց Տի­րոջ խօսքերով յանդիմանել նրան այն անօրէնութեան համար, որ գործեց Աստուծոյ ծառայ սուրբ Յուսիկի դէմ եւ յորդորեց զղջմամբ ու ճշմարիտ ապաշխարութեամբ քաւել իր մեղքերը: Սակայն երբ Տիրանն արհամարհեց Տիրոջ խօսքը, Դանիէլն անիծեց նրան՝ որպէս ա­նուղղելի կերպով չա­րիք­ների մէջ շաղախուած մէկի: Եւ բարկութիւնից մոլեգնած թագաւորի հրամանով երանելուն անմիջապէս խեղ­­դամահ արին: Նրա աշակերտները՝ Շաղիտան եւ Ե­պի­փանը, վերցնելով նրա մարմինը, ամփոփեցին նրա մենարանում, որը գտնւում էր Հացեաց դրախտում 8: Անմիջապէս կա­տա­րուեց սուրբի անէծքը. Տիրանն ընկաւ պարսից Շապուհ արքայի ձեռ­քը, ով կուրացրեց նրան` գու­ցէ այսպէս լուծելով սուրբ մարդու վրէժը, ով լոյս լի­նե­լով` Աւետարանի խօսքով լուսաւորում էր մեր աշխարհը: Տիրան արքան, զրկուելով իր թագաւորութիւնից, խեղդամահ եղաւ իր որդու՝ Ար­շակի հրամանով:

   Այս հինգ սուրբ հայրապետների մասին արժանի գովասանութեամբ եւ առանձին ներբողնե­րով գեղեցկապէս ճառում է Պլուզ անունով Յովհաննէս վարդապետ Երզնկացին (Ծոր­ծո­րեցին): Նա մեծապէս իր ցաւն է յայտնում առ այն, թէ ինչպիսի լուսաւորիչներ խաւա­րեց­րին մեր հայ­րե­րը` ապաշնորհ գտնուելով ըստ հոգու մեր նախածնողների՝ մեր սուրբ Լուսաւորչի բազմերախտ ու լուսափայլ շառաւղի հանդէպ: Նա իր ճառը կնքում է նրանց զօրաւոր բարեխօսութեանն ուղղուած մաղթանքներով, որպէսզի նրանք չնայեն մեր անար­ժա­նու­թեանը, այլ հայրագութ նե­րո­ղա­մտութեամբ առաւել խնամակալ լինեն տառապած ազգիս, քան նախկինում, «քանզի,-ասում է,- առաւել համարձակութիւն ունէք բարեխօսել Աստծուն, Ում այժմ մերձ էք, քան երբ մարմնի տաղա­ւա­րի մէջ էիք: Խնդրէ՛ք նաեւ ամենողորմ Տիրոջից աշխարհին խաղաղութիւն, սուրբ Եկեղեցուն հաստատութիւն, նրա մանուկներին մաքրութիւն եւ սէր, բանաւոր հօտի վերակացուներին միաբանութիւն եւ ուղիղ քարոզութիւն, ժողովրդին՝ միասնութիւն եւ խաղաղութիւն, որպէսզի մենք, վայելելով ձեր հոգեւոր սեղանից, փառաւորենք Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ յաւի­տեանս յաւիտենից. ամէն»:

   Նրանց յիշատակը տօնւում է Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան երրորդ կիրակիին յաջորդող շաբաթ օրը կամ Վարդավառի երրորդ կիրակիին յաջորդող շաբաթ օրը՝ կապուած Սուրբ Ծննդեան եւ Մեծ պահքի միջեւ ընկած ժամանակաշրջանի տեւողութեան հետ: