Այսօր ընդ երկնային զուարթունսըն ժողովուրդք Հայաստանեայց.
տօնելով զյիշատակ սուրբ հայրապետաց շառաւղաց սրբոյն Գրիգորի.
օրհնեցէ՜ք զՀայրն երկնաւոր:
Այսօր որդիք Թորգոմայ ծնեալք աւազանաւն յորդիս Սիովնի.
ի յիշատակի հարցըն սրբոց որդւոց Մեծի Լուսաւորչին՝ գովեցէք զՈրդին Միածին:
Այսօր երկնաւոր քահանայութեան հաղորդ քահանայք սուրբ Եկեղեցւոյ.
ընդ քահանայապետս աստուածային օրինօք պատուեալս.
բարեբանեցէք զՀոգին ճշմարիտ՝ երգելով զփառս ի բարձունս:
(Շարակնոց)
Ս.Վրթանէս – Ս.Գրիգոր Լուսաւորչի աւագ որդին (262թ. Կեսարիա - 341թ. Վաղարշապատ): Ամփոփուել է բարձր Հայքի Դարանաղեաց գաւառի Թորդան աւանում, հայոց կաթողիկոս 333թ.-ից, Հայ Առաքելական Եկեղեցու տօնելի սուրբ:
Ս.Արիստակէս – Ս.Գրիգոր Լուսաւորչի յաջորդը եւ կրտսեր որդին (մօտ 264թ. Կեսարիա - 333թ.): Ամփոփուել է Եկեղեաց գաւառի Թիլ աւանում, հայոց կաթողիկոս 325թ.-ից:
Ս.Յուսիկ - Ս.Գրիգոր Լուսաւորչի թոռը (295-347թթ.): Ամփոփուել է Դարանաղեաց գաւառի Թորդան աւանում, հայոց կաթողիկոս 341թ.-ից: Յաջորդել է հօրը՝ Վրթանէս Ա Պարթեւին:
Ս.Գրիգորիս - Ս.Գրիգոր Լուսաւորչի թոռը (մօտ 295-337/338թթ.), Վրթանէս Ա Պարթեւի միւս որդին: Ամփոփուած է Ամարասում: Նշխարների գիւտը եղել է 489 թուականին հայոց Վաչագան թագաւորի օրօք:
Ս.Դանիէլ քահանայ – ծննդեան թիւն անյայտ է, նահատակուել է 347 թ.-ին:
Այս հինգ պանծալի զաւակները եւ սուրբ Լուսաւորչի ժառանգակալները եղան բարի արմատից բարի շառաւիղներ եւ լուսաբուխ աղբիւրից բխած շնորհասփիւռ վտակներ: Նրանք՝ Արիստակէսը եւ Վրթանէսը, Վրթանէսի որդիները եւ Գրիգորի թոռները՝ Յուսիկը եւ Գրիգորիսը, սուրբ Գրիգորի հարազատ յետնորդներն էին: Նրանց թւում էր նաեւ սուրբ Գրիգորի աշակերտը՝ Դանիէլը, ում համարում են նրա հոգեորդիներից մէկը: Նրանք բոլորը հոգելից հայրեր ու վարդապետներ էին, ովքեր նահատակուեցին ճշմարտութեան վկայութեան համար:
Երիցս երանելի մեր հայր սուրբ Գրիգոր Լուսաւորիչը մեծացաւ Կեսարիայում իր բարեպաշտ դայեակի՝ Սոփիայի ձեռքով եւ երբ արբունքի հասաւ, նրա մայրագիրը՝ Սոփիան, նրան ամուսնացրեց հաւատացեալ Դաւիթ իշխանի պարկեշտ դստեր՝ Մարիամի հետ: Նրանից ծնուեցին Գրիգորի երկու որդիները, որոնցից անդրանիկին կոչեցին Վրթանէս, իսկ կրտսերին՝ Ռստակէս կամ Արիստակէս, իսկ իրենց ամուսնութիւնից մօտ երեք տարի անց երկու մաքուր լծակիցները՝ սուրբ Գրիգորը եւ նրա սրբասէր կինը՝ Մարիամը, միաբան նոյն խորհրդի շուրջ, որոշեցին հեռանալ միմեանցից եւ անձնատուր լինել միայն Տիրոջը եւ ոչ աշխարհին:
Այնուհետեւ սուրբ Գրիգորը, ով մեզ համար Աստուծոյ կողմից Լուսաւորիչ էր կարգուած, Տիրոջ թելադրանքով ծառայութեան մտաւ Տրդատ թագաւորի մօտ` փոխհատուցելու այն բանի համար, որ իր հայրը՝ Անակը, սպանել էր Տրդատ թագաւորի հօրը՝ Խոսրով արքային: Մարիամն էլ իր աւագ որդուն՝ Վրթանէսին, յանձնեց Աստուծոյ երկիւղն ունեցող դայեակներից մէկին, իր հետ վերցրեց մանուկ Արիստակէսին եւ մտաւ կուսանաց վանք, ուր ապրեց սրբութեամբ մինչեւ առ Քրիստոս փոխուելը: Սակայն երբ Արիստակէսը մեծացաւ, թողեց մօրը եւ մտաւ արանց վանք, ուր աշակերտելով Նիկոմաքոս անունով մի սուրբ մենակեացի` Աստուծոյ շնորհով առաջադէմ գտնուեց ողջ կրօնաւորական կարգի եւ կենցաղավարութեան մէջ: Երբ արդէն կատարելութեան էր հասել, իր ծերից հրաման առաւ առանձնանալ անապատում եւ փակուելով մի խցում՝ իր անձը պահեցողութեամբ ու աղօթքներով մատնեց մեծ ճգնութիւնների: Նա եղաւ սքանչելի մենակեաց՝ զարդարուած առաքինութիւններով ու իմաստութեամբ, թողեց աշակերտներ եւ փայլեց երկնքից երկրի վրայ փայլող լուսատուների պէս, քանզի նրա համար այսպէս է վկայում ականատես Ագաթանգեղոսը. «Ռստակէսը,- ասում է,- ով մանկուց դաստիարակուել էր Աստուծոյ ծառայութեան համար, մտել էր լեռնաբնակ մենակեացների կրօնական կարգի մէջ եւ բազում նեղութիւններ էր կրում մեծ ճիգերով: Նա իր անձն ամբողջովին մատնեց քաղցի եւ ծարաւի, բուսակերութեան, անլոյս արգելարանների: Շատ անգամներ գիշերային հանգիստը մէկ ակնթարթի պէս ոտքի վրայ անց էր կացնում տքնութեամբ: Եւ այսպէս ապրեց ոչ քիչ ժամանակ: Քաջութեամբ տանում էր բոլոր փորձութիւնները, լուսաւորւում էր եւ պայծառանալով` ծանօթ ու հաճելի դառնում Աստծուն եւ մարդկանց»:
Իսկ նրա աւագ եղբայրը՝ Վրթանէսը, ապրեց Կեսարիայում, մեծացաւ բարեպաշտութեամբ, խորացաւ արտաքին ու հոգեւոր կրթութեան մէջ: Նրան ամուսնացրին, եւ նա ունեցաւ երկու որդի, ինչպէս ասում են` երկուորեակներ, որոնց կոչեցին Գրիգորիս եւ Յուսիկ: Ապա իր անարատ վարքի եւ իմաստութեան համար աստուածային կոչումով հրաւիրուեց ընդունելու երէցութեան կարգը: Նա քահանայական ծառայութիւն էր մատուցում մեծ սրբութեամբ եւ նոյն գովելի վարքով կրթում եկեղեցու մանուկներին 1:
Արդ, մինչ սուրբ Լուսաւորչի երկու որդիները Կեսարիայում փայլում էին իրենց աստուածահաճոյ վարքով, նրանց սքանչելի հայրը՝ սուրբ Գրիգորը, բազում տարիների մրցապայքարից յետոյ հայրապետական փառքով Հայաստան աշխարհին յայտնուեց որպէս Լուսաւորիչ եւ կամաւոր մոռացութեան մատնեց իր որդիներին, իսկ որդիներն էլ, ճանաչելով իրենց հօր փառաւորութիւնը, անփառասէր մտքով եւս լուռ էին մնում: Նրանց մասին Խորենացին գրում է. «Արդարեւ, սքանչելի հօր որդիներն առաւել քան զարմանալի էին, քանզի Տրդատի մօտ վերադառնալուց յետոյ ոչ նա իր որդիներին փնտռեց, եւ ոչ էլ նրանք եկան իրենց հօր մօտ: Եւ սա ոչ միայն Տրդատի կամ Դիոկղետիանոսի յարուցած հալածանքների երկիւղից, այլ նրանք չերեւացին նաեւ, երբ Գրիգորը Կեսարիայում ընդունեց քահանայութիւնը եւ չպերճացան իրենց հօր փառքով: Գրիգորը եւս երկար չմնաց Կեսարիայում, որպէսզի յայտնի չդառնար որդիներին, այլ շտապ գալով Սեբաստիա, մնաց այնտեղ՝ վարդապետութեան համար նիւթեր հաւաքելու: Բայց եթէ նոյնիսկ երկար մնար Կեսարիայում, ոչինչ չէին անի, ինչ որ կ՚անցնէր մտքով, այլ սպասում էին միայն անսպառին եւ մնայունին, քանզի նրանք չէին ընկնում պատուի ետեւից, այլ պատիւն էր գնում նրանց հետեւից, ինչպէս քեզ պատմում է Ագաթանգեղոսը»:
Շատ տարիներ անց սուրբ Գրիգորը բովանդակ Հայոց աշխարհը լուսաւորելուց եւ եկեղեցիները պայծառացնելուց յետոյ իր ծերութեան օրերին ձգտեց առանձնութեան ու միայնացաւ լեռներում: Իսկ երանելի Տրդատ արքան, տեղեկանալով Գրիգորի երկու որդիների մասին, որ նրանցից աւագը քահանայ է, իսկ կրտսերը` աբեղայ, մեծապէս ուրախ եղաւ եւ հրովարտակներով հանդերձ ուղարկեց երեք պատուական անձանց, որպէսզի նրանց շտապ իր մօտ բերեն: Սրանք հասան Կապադովկիա եւ հարցուփորձ անելով` Կեսարիա քաղաքում գտան սուրբ երէց Վրթանէսին եւ հակառակ նրա կամքի` նրան իր երկու մատաղատունկ մանուկների՝ Գրիգորիսի եւ Յուսիկի հետ վերցրին իրենց հետ: Ապա գտան նաեւ սուրբ մենակեաց Ռստակէսին, ով բնակւում էր անապատի իր մենաստանում: Երբ նրան յայտնեցին արքայի հրաւէրի մասին, նա չհամաձայնուեց գալ անապատից, մինչեւ որ հաւաքուեցին մեծաթիւ քրիստոնեաներ եւ համոզեցին նրան` ասելով. «Քեզ համար առաւել հոգեշահ է Աստուծոյ մշակութեան գործը, քան մենաւոր բնակութիւնն այս անապատում», եւ նախարարների հետ նրան ճանապարհ դրին:
Երբ եկան Հայոց աշխարհ, Գրիգորի երկու որդիներին տարան թագաւորի առջեւ, իսկ աստուածասէր թագաւորը նրանց մեծ պատուի արժանացնելուց յետոյ նրանց հետ անձամբ սուրբ Գրիգորին փնտռելու ելաւ: Եւ գտան նրան մի անբնակ վայրում` Դարանաղեաց գաւառում` «Մանեայ այր» կոչուած լերան վրայ: Ապա երանելի Տրդատ թագաւորը խնդրեց սուրբ Գրիգորին՝ փոխարէն այն բանի, որ չհամաձայնուեց մնալ ու ժողովրդի մէջ շրջել իր հետ եւ նախընտրեց մենակեցութիւնը, ողջ Հայոց աշխարհի հայրապետութեան համար թող ձեռնադրի եւ որպէս եպիսկոպոս իրեն յանձնի իր որդուն՝ սուրբ Ռստակէսին, ինչպէս որ գրուած է. «Հայրերի փոխարէն կը լինեն որդիները»:
Սուրբ Գրիգորն անսաց թագաւորին. եպիսկոպոսների ժողով հրաւիրեց եւ իր փոխարէն ձեռնադրեց երանելի Արիստակէսին: Սուրբ Գրիգորից յետոյ Արիստակէսը նստեց Հայոց կաթողիկոսական Աթոռին, սակայն որքան ժամանակ ողջ էր նրա հայրը, ժամանակ առ ժամանակ գալիս էր եւ շրջում իր սուրբ որդու՝ Արիստակէսի եւ բոլոր աշակերտների հետ՝ յորդորելով նրանց հաստատուն մնալ ճշմարտութեան եւ պատուիրանապահութեան մէջ:
Երբ սուրբ Լուսաւորիչը Տրդատի հետ գնաց Հռոմ՝ ողջունելու սուրբ Սեղբեստրոսին եւ Կոստանդիանոսին, իր հետ տարաւ Արիստակէսին, իսկ մի քանի տարի անց, երբ Կոստանդիանոսը նրան հրաւիրեց Տրդատի հետ գալ մասնակցելու Նիկիայի ժողովին, իր փոխարէն ուղարկեց իր որդուն՝ սուրբ Արիստակէսին, որին ուղեկիցներ եղան նաեւ սուրբ Յակովբ Մծբնայ հայրապետը, Եդեսիայի Եւթաղ եպիսկոպոսը եւ պարսից Յովհան եպիսկոպոսը: Երբ նրանք անցնում էին Կեսարիայով, հանդիպեցին սուրբ Ղեւոնդիոսին եւ ներկայ գտնուեցին այն միաբանական ցնծութեանը, երբ Ղեւոնդիոս Մեծը եւ Նազիանզի եպիսկոպոսը մկրտում էին Գրիգորիսին՝ Գրիգոր Աստուածաբանի հօրը, որի շուրջը սուրբ աւազանից ելնելիս փայլատակող լոյս երեւաց: Ապա իրենց հետ վերցնելով սուրբ Ղեւոնդիոսին՝ գնացին մասնակցելու սուրբ ժողովին եւ մեծ պատիւների արժանացան ինքնակալի եւ ժողովի հայրերի կողմից:
Յայսմաւուրքը գրում է, թէ երբ սուրբ Արիստակէսը գնաց այդ ժողովին, իր հետ ունէր Կենաց Փայտի սուրբ նշանը, որը սուրբ Գրիգորին էր տուել Հռոմի սուրբ Սեղբեստրոս հայրապետը: Սուրբ Արիստակէսը նրանով մեծ հրաշքներ գործեց իր բոլոր ճանապարհներին, յատկապէս Բիւթանիայի ծովն անցնելիս, որի միջով անհետ ընթացքով ակօս բացեց: Քանզի երբ տեսան սուրբին նուաստ կերպարանքով՝ սաստիկ նիհարած եւ մաշուած բազում ճգնութիւններից, չարափառ արիոսականներից ոմանք, ծաղրելով նրան, անարգեցին եւ ասացին միմեանց. «Տեսէ՛ք, տեսէ՛ք Արեւելքի առաջնորդին, նրան վայել է մաճկալ մշակ լինել»: Եւ ծովափի մօտ տեսնելով մի զոյգ եզներ՝ մօտեցան սուրբին ու հեգնելով ասացին. «Ով ա՛յր Աստուծոյ եւ որդի՛ նահատակի, լծի՛ր այս եզները, նստի՛ր նրանց վրայ եւ քայլի՛ր ծովի վրայով»: Սուրբ Արիստակէս հայրապետը նրանց պատասխանեց. «Իրաւացի էք, որ ինձ մշակ էք կոչում, սակայն ես մշակն եմ ամենակալ Տէր Աստուծոյ, Ով սքանչելիքներ է գործում»: Այս ասելով՝ կորզեց մաճը մաճկալի ձեռքից եւ ծովի վրայով մի արտաչափ հեռաւորութեամբ քշեց եզներին: Այդպէս մի երթեւեկելու չափով ակօս բացելով ծովի երեսին՝ ցամաք վերադարձաւ եւ ասաց իրեն ծաղրողներին. «Ո՛վ արիոսականներ, եթէ հաւատ ունէք, իմ հետեւից ցանէ՛ք ցորենի սերմը եւ հարթեցրէ՛ք: Ապա թէ ոչ՝ ինչո՞ւ էք զուր նեղում սուրբ հայրերին, որ ժողովուել են այստեղ»: Այս տեսնողներն ու լսողներն ահաբեկուեցին եւ պատկառեցին նրանից՝ իբրեւ Աստուծոյ հրեշտակի:
Արդ, երբ արձակուեց Նիկիայի սուրբ ժողովը, սուրբ Արիստակէսը, իր հետ վերցնելով եկեղեցական ժողովի ուղղափառ հաւատի սահմանումը եւ կանոնական օրինադրութիւնները, վերադարձաւ Հայոց աշխարհ եւ դրանք յանձնեց իր հօրն ու թագաւորին: Նրանք այն ընդունեցին մեծ սիրով, իսկ սուրբ Գրիգորը Հայաստան աշխարհը զգուշութեամբ պահելու համար դրանց վրայ աւելացրեց լուսաւոր կանոններ, որից յետոյ իր հօտն ամբողջովին յանձնեց իր որդու ձեռքը եւ իսպառ առանձնացաւ անապատում:
Այնուհետեւ սուրբ Արիստակէսը, Վաղարշապատում ստանձնելով Էջմիածնի կաթողիկոսական Աթոռը, առաւել ու առաւել էր պայծառացնում Հայաստանեայց Եկեղեցին, բարեկարգում վանքերը, կարգաւորում մենաստանները եւ վայելչապէս փայլեցնում Եկեղեցու ողջ միաբանութիւնը: Յաճախակի դարձած իր սովորութեամբ անձամբ շրջում էր տեղից տեղ, հաստատում եւ զօրացնում էր հաւատացեալների հօտը, խրատում էր մեղաւորներին՝ ուղղելով նրանց ընթացքը եւ անաչառութեամբ յանդիմանում խոտորուածներին՝ թէ՛ փոքրերին եւ թէ՛ մեծերին:
Իսկ Չորրորդ Հայքի Արքեղայոս անունով վերակացուն, իր անուղղելի գործերի համար յանդիմանուած լինելով սուրբի կողմից, սպասում էր հարմար պահի, որպէսզի նենգութեամբ վրէժ լուծի նրանից: Եւ եղաւ, որ երբ սուրբ Արիստակէսն անցնում էր Ծոփք 2 գաւառով, որի Խոզան գիւղաքաղաքում նա մեծ եկեղեցի էր կառուցել, Արքեղայոսը, ճանապարհին վրայ հասնելով, սրով խոցոտեց ու սպանեց սուրբ հայրապետին: Եւ մինչ աշակերտները շտապում էին տարածել լուրը, անօրէնը ճողոպրելով փախուստ տուեց դէպի Կիլիկիայի Տաւրոս լեռը: Այդպէս Տրդատի թագաւորութեան յիսունչորսերորդ տարում նահատակուեց երանելի Արիստակէսը, ով հայրապետական Աթոռին նստեց եօթ կամ ութ տարի: Սուրբի մարմինն աշակերտները տարան Եկեղեաց գաւառ 3 եւ ամփոփեցին Թիլ աւանում, որը որպէս հայրապետանոցի կալուածք` Տրդատը յանձնել էր սուրբ Գրիգորին, եւ որտեղ ինքը՝ Արիստակէսը, իր բնակութեան համար առանձին վանական հանգոյց էր հիմնել:
Սուրբ Արիստակէսից յետոյ եպիսկոպոսաց դասի միաբան խորհրդով եւ Տրդատ արքայի ցանկութեամբ կաթողիկոսական Աթոռին արժանացաւ նրա աւագ եղբայրը՝ սուրբ Վրթանէսը, ով իր հովուապետական ծառայութեան մէջ փայլեց նոյնպիսի մաքուր վարքով եւ պայծառ վարդապետութեամբ, եղաւ բոլորին խրատող եւ յանդիմանող, անդադար հսկողութեամբ տքնեց իր հօտի համար եւ օրըստօրէ առաջադէմ գտնուեց աստուածպաշտութեան կարգի մէջ: Եկեղեցու բարեզարդութիւնն առաւել յարդարելու համար դիմեց Երուսաղէմի երանելի Մակար հայրապետին եւ նրանից խնդրեց Երուսաղէմի Եկեղեցու սուրբ խորհուրդների եւ այլ եկեղեցական արարողութիւնների պաշտամունքի կարգաւորութիւնը, որն աւանդութեամբ փոխանցուել էր Տեառնեղբայր Յակոբոս առաքեալից: Նրանից ստանալով խնդրածը՝ ինչ-ինչ տեղերում այն յարմարացրեց ըստ իր թեմի, լրացրեց իր հօր՝ սուրբ Լուսաւորչի աւանդներով եւ առաւել պայծառացրեց:
Երանելի Վրթանէսը ջերմ նամակագրական կապի մէջ էր սուրբ Յակովբ Մծբնայ հայրապետի հետ, ումից ձեռք բերեց նրա հոգելից ճառերի օրինակը, որը, ինչպէս ասում է «Ճառընտիր»-ը, հայրապետը խոստացել էր նրա եղբօրը՝ Արիստակէսին: Եօթերորդ դարի պատմիչ Մովսէս Կաղանկատուացին գրում է, որ նա՝ Վրթանէսը, լի էր հայրատուր շնորհներով ու խրատական խօսքերով: Նա իր ուղիղ եւ առաքինասէր կենցաղավարութեամբ պատժում եւ խրատում էր բոլոր նրանց, ում տեսնում էր մոլորուած դիւապաշտական աղանդի մէջ: Պոռնկութեան համար աներկիւղ յանդիմանում էր նաեւ թագուհուն, որի պատճառով մինչ Տարոն գաւառի եկեղեցում կատարում էր եկեղեցական արարողութիւնը, թագուհու խորհրդով հաւաքուեցին բազմաթիւ չար ու դիւապաշտ մարդիկ՝ երանելի Վրթանէսին սպանելու միտումով: Սակայն երբ ներխուժեցին եկեղեցու գաւիթը, բարերար Աստուծոյ հրամանով բոլորը դեւերի կողմից ամուր կապուեցին, շղթայուած ու ոլորուած պարանոցներով լուռ կանգնեցին, մինչեւ որ երանելին աւարտեց աստուածային Խորհուրդը: Նա, դուրս գալով ու նրանց տեսնելով, խիստ զարմացաւ եւ երբ հարցրեց պատճառը, նրանք խոստովանեցին իրենց չար մտադրութիւնը եւ թագուհու ցանկութիւնը: Իսկ նա աղօթելով ձեռքը դրեց բոլորի վրայ, բժշկեց ու խրատեց, որպէսզի այլեւս չարիք չգործեն, այլ ապաշխարութեամբ ողորմութիւն գտնեն: Ունէր երկու որդի: Մէկի անունը Յուսիկ էր, ով առաքինասէր եւ մաքուր վարք ունէր: Ստանձնելով հօր քահանայապետական Աթոռը՝ նա յանդիմանում էր թագաւորին նրա մեղսասիրութեան ու չարագործութիւնների համար, որի համար թագաւորը հրամայեց եկեղեցու մէջ բրածեծ անելով սպանել նրան: Իսկ միւս որդուն իր պապի անունով Գրիգորիս էին կոչում, ով իր առաքինի վարքով համանման եւ հաւասար էր պապին: Չամուսնացաւ, ինչպէս աշխարհի կարգն է, այլ փափագեց ու բաղձաց ձեռք բերել հայրական հոգեւոր ժառանգութիւնը, որի համար մանուկ հասակից հմտացաւ աստուածաշնչեան Սուրբ Գրքի ընթերցանութեան մէջ: Մարմնական ցանկութիւնները սանձում էր պահեցողութեամբ եւ աղօթքներով, իսկ հոգին լուսաւորում հաւատով ու սիրով: Կարճ ժամանակում ստանալով իր պապի՝ Մեծ Գրիգորի երկու գերաշխարհիկ բարձր աստիճանները` նա կարգաւորեց քահանայապետական աստիճաններն ու Աթոռը:
Տասնհինգ տարեկան հասակում մատաղատունկ Գրիգորիսին ձեռնադրում են Վրաստանի եւ Աղուանքի եպիսկոպոս, ուր մեկնելով՝ լուսաւորեց այդ երկու երկրները ու տարածեց քրիստոնեութիւնը: Եկեղեցիներ կառուցեց շատ աւաններում ու քաղաքներում, ձեռնադրեց քահանաներ, ժողովրդին յորդորեց սուրբ պաշտամունքի՝ մշտապէս տօնելով սուրբերի յիշատակը: Նա շրջում էր հեթանոսների մէջ, մկրտում էր նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անուամբ եւ ուսուցանում պահել տէրունական բոլոր պատուիրանները: Երանելին իր հետ վերցրեց չափազանց թանկագին պաշար՝ սուրբ Յովհաննէս Մկրտչի հօր՝ մեծ քահանայապետ ու նահատակ Զաքարիայի արիւնը եւ սուրբ Պանդալիոնի մասունքները, ով նահատակուել էր Նիկոմիդիա քաղաքում եւ տարաւ Աղուանքի իշխանութեան տակ գտնուող Ցուր մեծ քաղաքը: Այնտեղ կառուցեց մի փոքրիկ եկեղեցի եւ այնտեղ մեծ զգուշաւորութեամբ զետեղեց Զաքարիայի արեան ու սուրբ Պանդալիոնի մասունքների մի մասը: Այդ եկեղեցում սպասաւորելու համար կարգեց Դանիէլ անունով մի քահանայի, իսկ ինքն իր հետ վերցրեց սուրբ Զաքարիայի ու երանելի Պանդալիոնի մասունքների միւս մասը եւ Քրիստոսի պատուիրաններին հնազանդ ու բարեսէր իր աշակերտներին եւ մեկնեց մասքութների երկիրը, ուր ներկայացաւ Արշակունիների տոհմակից Սանեսան թագաւորին: Այնտեղ նա քարոզեց անճառելի Երրորդութեան արարչական զօրութիւնը, Միածին Որդու մարդեղութիւնը, երկրի վրայ Նրա բազմաթիւ եւ բազմատեսակ հրաշագործութիւնները, խաչելութիւնն ու մահը, երեք օրից յարութիւն առնելը, նոյն Մարմնով երկինք համբարձուելը եւ Նրա երկրորդ Գալուստը՝ ողջերին ու մեռելներին դատելու համար: Նրան մէկ անգամ ունկնդրողներն ուրախութեամբ էին ընդունում աւետարանական Խօսքը եւ հաւատում:
Սակայն ամենաչար սատանան, թափանցելով նրանց սրտերը, գրգռում էր նրանց չհնազանդուել Տիրոջ կենսատու պատուիրաններին: Սկսեցին երանելու դէմ մեղանդրանքներ յարուցել ճշմարիտ վարդապետութեան համար, որովհետեւ նա քարոզելիս յայտնում էր բարերար Աստուծոյ կամքը, ըստ որի` չի՛ կարելի աւար առնել, չի՛ կարելի յափշտակել եւ ոչ էլ գողանալ, այլ պէտք է վաստակել սեփական ձեռքերով, ապրել ժուժկալութեամբ եւ երանելի լինել Աստուծոյ համար: Նրանք ասում էին. «Այդ Հայոց թագաւորի խաբէութիւնն է, ով ցանկանում է զրկել մեզ Հայաստանի աւարից, իսկ մենք ինչպէ՞ս ապրենք, եթէ աւար չառնենք եւ չյափշտակենք»: Այնժամ բռնեցին Գրիգորիսին, կապեցին մի կատաղի ձիու պոչից եւ բաց թողեցին Կասպից ծովի մօտ գտնուող Վատնեան դաշտի մէջ: Խփուելով քարերին ու թփերին՝ չարաչար կերպով ջախջախուեցին նրա բոլոր անդամները, եւ այդպէս նահատակուեց երանելի սուրբը: Նրան իր աշակերտները վերցրին եւ բերեցին Ամարաս գիւղաքաղաքի 4 եկեղեցին, որ գտնւում էր Յաբանդ գաւառում: Զաքարիայի սուրբ արիւնը լցրեցին մի ապակեայ սրուակի մէջ, մէկ այլ անօթի մէջ էլ սուրբ Գրիգորիսի մասունքների հետ դրեցին երանելի Պանդալիոնի նշխարները, իսկ իրենք փախան դէպի Հայաստան:
Երբ Մեծն Վրթանէսը լսեց իր հրեշտականման զաւակի այսօրինակ նահատակութեան, ինչպէս նաեւ իւրայինների կողմից սուրբ Տրդատի՝ մահաբեր դեղով դաւադրաբար սպանութեան մասին, համակուեց ներքին անփարատելի սուգով, քանզի որքան էլ ջանում էր բոլորին կրթել աստուածպաշտութեամբ, սակայն տեսնում էր շատերին՝ միտուած դէպի չարը: Մինչեւ իսկ ստահակներից ոմանք խորհում էին դաւադրութեամբ սպանել նաեւ իրեն՝ սուրբ հայրապետին, սակայն Տէրը հրաշքով պահում էր նրան: «Քանզի Տրդատ Մեծի փոխման օրերին,- գրում է Մովսէս Խորենացին,- Վրթանէս Մեծը պատահմամբ գտնւում էր սուրբ Յովհաննէսի վկայարանում 5, որը Տարոն գաւառում կառուցել էր նրա հայրը: Այստեղ այդ լերան բնակիչները նախարարների թելադրանքով կամեցան դաւադրաբար սպանել նրան: Սակայն նրանք կապուեցին մի աներեւոյթ ձեռքով, ինչպէս հնում՝ Եղիսէի ժամանակ 6: Եւ այդպէս Վրթանէսն անվնաս անցաւ գնաց Եկեղեաց գաւառի Թիլ աւանը, ուր գտնւում էր նրա Արիստակէս եղբօր հանգստարանը: Սուգի մէջ լինելով Հայոց աշխարհի համար՝ նա երկար աղօթեց եղբօր տապանի մօտ եւ իր հօտի համար Տիրոջից այցելութիւն խնդրեց, որպէսզի նորահաւատ ազգը կորստեան չմատնուի»:
Եւ քանի որ Հայաստանը երկու տարի մնաց անտէրունչ եւ առանց թագաւորի, պարսիկների արշաւանքների եւ նախարարների անմիաբանութեան պատճառով երկրում բազմացան չարիքները: Իսկ աւագ իշխանները եւ բարեպաշտ մարդիկ, տեսնելով, որ երկիրն աւերւում է, ու քրիստոնէութիւնը լռելով տեղի է տալիս, ժողովուեցին սուրբ Վրթանէսի մօտ՝ խորհուրդ անելու եւ երկրի խաղաղութեան համար հնար գտնելու: Ապա բոլորի հաւանութեամբ Վրթանէս Մեծը նամակ գրեց Կոստանդնուպոլիս՝ Կոստանդիանոս Մեծի որդուն՝ Կոստանդ կայսրին, հետեւեալ բովանդակութեամբ. «Վրթանէս եպիսկոպոսապետը, նրա ձեռքի տակ եղած եպիսկոպոսները եւ Մեծ Հայաստանի բոլոր նախարարները մեր տիրոջ՝ ինքնակալ Կոստանդին ողջո՛յն ենք յղում: Յիշի՛ր քո հօր՝ Կոստանդիանոսի ուխտը մեր Տրդատ թագաւորի հետ եւ մեր երկիրը մի՛ թող անաստուած պարսիկներին, այլ օգնի՛ր մեզ զօրքով՝ Տրդատի որդուն՝ Խոսրովին թագաւորեցնելու համար, քանզի Աստուած ձեզ տէր դարձրեց ոչ միայն Եւրոպային, այլեւ ողջ Միջերկրայքին: Ձեր զօրութեան ահը տարածուել է մինչեւ աշխարհի ծայրը, եւ մենք կամենում ենք, որ դուք աւելի ու աւելի զօրանաք: Ո՛ղջ եղէք»: Իսկ Կոստանդը գրեց այս պատասխան թուղթը. «Ինքնակալ Օգոստոս Կոստանդոս կայսրից Վրթանէս Մեծիդ եւ բոլոր քո աշխարհականներին՝ ողջո՜յն: Օգնութեան համար ուղարկեցի մեծ զօրք եւ հրաման՝ Խոսրովին՝ ձեր Տրդատ թագաւորի որդուն, ձեզ թագաւոր դարձնելու համար, որպէսզի հաստատուելով բարեկարգութեան մէջ, հաւատարմութեամբ ծառայէք մեզ: Ո՛ղջ եղէք»:
Եւ Կոստանդը մեծ զօրքով Հայաստան ուղարկեց Անտիոքոս զօրավարին, ով, միաբանուելով պատուելի նախարարների հետ, Խոսրովին թագադրեց Հայոց աշխարհի թագաւոր: Հայոց եւ յունաց զօրքերը տեղաբաշխելով տարբեր գնդերի միջեւ՝ նրանց ուղարկեց ընդդէմ ապստամբողների եւ խաղաղութիւն հաստատեց երկրում:
Ինը տարի անց, երբ մեռաւ Խոսրովը, նախարարները եկան սուրբ Վրթանէսի մօտ, որպէսզի կայսեր միջոցով Խոսրովի որդի Տիրանին շտապ նստեցնեն իր հօր թագաւորական Աթոռին: Եւ սուրբը, լսելով նրանց խնդրանքը, Տիրանի հետ անձամբ գնաց կայսեր մօտ, եւ թագադրելով նրան՝ վերադարձան Հայոց երկիր: Սուրբ Վրթանէս հայրապետն ապրեց մինչեւ Տիրանի թագաւորութեան երրորդ տարին եւ աւարտելով երկրաւոր կեանքը՝ իր կաթողիկոսութեան տասնհինգերորդ տարում խաղաղութեամբ փոխուեց աշխարհից: Նա աւարտեց իր երկրաւոր կեանքը՝ մշտապէս մաքառելով մեծամեծ դժուարութիւնների հետ եւ բոլոր պարագաներում արդարացնելով փորձառու եւ գործունեայ հովուի համբաւը: Նրա մարմինը մեծ պատուով ամփոփեցին Եկեղեաց գաւառի Թորդան 7 աւանում, քանզի, ինչպէս Խորենացին է գրում, այդպէս էր պատուիրել սուրբը, որովհետեւ մարգարէական հոգով տեսել էր, որ ժամանակ անց իր հօր՝ սուրբ Գրիգորի մարմինը եւս պիտի այդտեղ փոխադրուի: Այդպէս էլ եղաւ. Գառնիկ անունով մի ճգնաւորի ձեռքով սուրբ Գրիգորի նշխարները բերուեցին ու թաղուեցին Թորդան աւանում:
Այնուհետեւ հայրապետական Աթոռին նստեց սուրբ Վրթանէսի կրտսեր որդին եւ Աղուանքի կաթողիկոս սուրբ Գրիգորիսի եղբայրը՝ սուրբ Յուսիկը, ով ունէր հօր եւ եղբօր առաքինութիւնները ու լի էր Սուրբ Հոգով: Սա, նախքան Տիրան արքայի թագաւորելը, փեսայացել էր նրան, սակայն իր երկու որդիների՝ Պապի եւ Աթանագինէի ծնուելուց յետոյ, աշխարհից հրաժարական կեանք վարեց, որովհետեւ աղօթասէր էր եւ ճգնասէր: Արդ, երբ մտաւ եկեղեցական կարգի մէջ եւ հաստատուեց հայրապետական Աթոռին, աւելացրեց իր ճգնութիւններն ու մշտամռունչ աղօթքները եւ սքանչելապէս փայլեց սրբութեամբ:
Իսկ Տիրան թագաւորը՝ Յուսիկի կարծեցեալ աները, անհոգ ու անարժան կեանք վարելով, աստուածային ճանապարհից մոլորուած ընթացք էր բռնել, որի համար բազում անգամներ խրատւում էր սուրբ հայրապետի կողմից, սակայն անօգուտ: Այդ ժամանակներում Կոստանդի յաջորդ Յուլիանոս Ուրացող կայսրը Տիրան արքային է տալիս տախտակի վրայ նկարուած իր պատկերը, որի վրայ կային նաեւ մի քանի դեւերի պատկերներ եւ հրամայում է այն կանգնեցնել եկեղեցու արեւելեան կողմում` ասելով, թէ այդպէս պէտք է անեն Հռոմէական տէրութեան բոլոր հարկատուները: Յանձն առնելով` Տիրանը բերում է պատկերը` չմտածելով, որ դրանով դեւերի պատկերներին խաբէութեամբ երկրպագութիւն կը մատուցուի: Եւ Ծոփքի գաւառ հասնելով` կամեցաւ պատկերը դնել իր արքունի եկեղեցում, սակայն սուրբ Յուսիկը պատկերը յափշտակեց թագաւորի ձեռքից, ցած գցեց եւ ոտքի տակ տալով ջարդեց` թագաւորին հասկացնելով գործի խորամանկութիւնը: Վախենալով Յուլիանոսից՝ Տիրանը նրան չլսեց, որովհետեւ մտածեց, թէ ինքը կարող է մեռնել որպէս թագաւորի պատկերն անարգող: Ուստի առաւել բորբոքուեց նրա զայրոյթը, որ տածում էր դէպի սուրբ Յուսիկը՝ իր յանցանքները շարունակ յանդիմանելու պատճառով, եւ հրամայեց ճիպոտներով երկար ձաղկել նրան: Եւ հէնց բրածեծ անելիս՝ սուրբն աւանդեց հոգին: Աշակերտները վերցրին նրա մարմինը, պատուով տարան Թորդան եւ ամփոփեցին իր հօր՝ Վրթանէսի մօտ: Նա եպիսկոպոսական պաշտօնը վարեց շուրջ վեց տարի:
Այնուհետեւ Տիրանը նախատինքի եւ անէծքի ենթարկուեց սուրբ ծերունի Դանիէլ քահանայի կողմից, ով սուրբ Գրիգորի աշակերտն ու սպասաւորն էր: Նա, մտնելով արքայի մօտ, սկսեց Տիրոջ խօսքերով յանդիմանել նրան այն անօրէնութեան համար, որ գործեց Աստուծոյ ծառայ սուրբ Յուսիկի դէմ եւ յորդորեց զղջմամբ ու ճշմարիտ ապաշխարութեամբ քաւել իր մեղքերը: Սակայն երբ Տիրանն արհամարհեց Տիրոջ խօսքը, Դանիէլն անիծեց նրան՝ որպէս անուղղելի կերպով չարիքների մէջ շաղախուած մէկի: Եւ բարկութիւնից մոլեգնած թագաւորի հրամանով երանելուն անմիջապէս խեղդամահ արին: Նրա աշակերտները՝ Շաղիտան եւ Եպիփանը, վերցնելով նրա մարմինը, ամփոփեցին նրա մենարանում, որը գտնւում էր Հացեաց դրախտում 8: Անմիջապէս կատարուեց սուրբի անէծքը. Տիրանն ընկաւ պարսից Շապուհ արքայի ձեռքը, ով կուրացրեց նրան` գուցէ այսպէս լուծելով սուրբ մարդու վրէժը, ով լոյս լինելով` Աւետարանի խօսքով լուսաւորում էր մեր աշխարհը: Տիրան արքան, զրկուելով իր թագաւորութիւնից, խեղդամահ եղաւ իր որդու՝ Արշակի հրամանով:
Այս հինգ սուրբ հայրապետների մասին արժանի գովասանութեամբ եւ առանձին ներբողներով գեղեցկապէս ճառում է Պլուզ անունով Յովհաննէս վարդապետ Երզնկացին (Ծործորեցին): Նա մեծապէս իր ցաւն է յայտնում առ այն, թէ ինչպիսի լուսաւորիչներ խաւարեցրին մեր հայրերը` ապաշնորհ գտնուելով ըստ հոգու մեր նախածնողների՝ մեր սուրբ Լուսաւորչի բազմերախտ ու լուսափայլ շառաւղի հանդէպ: Նա իր ճառը կնքում է նրանց զօրաւոր բարեխօսութեանն ուղղուած մաղթանքներով, որպէսզի նրանք չնայեն մեր անարժանութեանը, այլ հայրագութ ներողամտութեամբ առաւել խնամակալ լինեն տառապած ազգիս, քան նախկինում, «քանզի,-ասում է,- առաւել համարձակութիւն ունէք բարեխօսել Աստծուն, Ում այժմ մերձ էք, քան երբ մարմնի տաղաւարի մէջ էիք: Խնդրէ՛ք նաեւ ամենողորմ Տիրոջից աշխարհին խաղաղութիւն, սուրբ Եկեղեցուն հաստատութիւն, նրա մանուկներին մաքրութիւն եւ սէր, բանաւոր հօտի վերակացուներին միաբանութիւն եւ ուղիղ քարոզութիւն, ժողովրդին՝ միասնութիւն եւ խաղաղութիւն, որպէսզի մենք, վայելելով ձեր հոգեւոր սեղանից, փառաւորենք Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Նրանց յիշատակը տօնւում է Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան երրորդ կիրակիին յաջորդող շաբաթ օրը կամ Վարդավառի երրորդ կիրակիին յաջորդող շաբաթ օրը՝ կապուած Սուրբ Ծննդեան եւ Մեծ պահքի միջեւ ընկած ժամանակաշրջանի տեւողութեան հետ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: