ՍՈՒՐԲ ՏՐԻՓՈՆ ՎԿԱՅԻ ՎԱՐՔՆ ՈՒ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Որք մատնեցին զանձինս իւրեանց ի փորձ սրոյ եւ հրոյ.

եւ հեղմամբ արեանն իւրեանց եղեն վկայք Քրիստոսի

եւ հրաւիրեցան ի կոչումն Արքայութեանն երկնից:

Աղօթիւք սոցա եւ բարեխօսութեամբ պարգեւեա մեզ

Քրիստոս մասն եւ բաժին ընդ հրաւիրեալսն

ի կոչումն Արքայութեան երկնից:

(Շարակնոց)
   
   Քրիստոսի հրաշագործ վկայ երանելի Տրիփոնը ծագումով Փռիւգիայից էր՝ Սամուսա գիւղից: Նա ծնուել է Գ դարի սկզբին քրիստոնեայ ընտանիքում: Մինչ դեռաբողբոջ մանուկ էր, մե­ռաւ նրա հայրը, եւ նրան մեծացրին առաքինի մայրն ու աւագ քոյրը, ովքեր նրան դաստիա­րա­կում էին իմաստուն խրատներով եւ բարեպաշտութեամբ: Նա լի էր Աստուծոյ շնորհներով, քանզի իր դեռահաս տարիքում ունէր չափահասի կատարեալ իմաստութիւն, որի համար իր խօսքերով ու բարի վարքի օրինակով խրատում եւ յորդո­րում էր իր հասակակիցներին:

   Նա սա­գեր էր արածեցնում գիւղի մերձակայ լճի մօտ, սակայն սիրտը միշտ վերի­նն էր խորհում, իսկ առաքինի մտքով ստէպ-ստէպ աղօթում: Շատ անգամ նրա ընկերները տեսնում էին, որ երբ տկարանում էր սագերից մէկը, Տրիփոնն աղօթում էր ու առողջացնում նրան:

   Երբ լրացաւ նրա տասներկու տարին, Տէրը յայտնի դարձրեց Իր հաւատարիմ ծառայի բժշ­կութեան շնորհը, որը պարգեւել էր նրան դեռեւս ման­կուց: Նա Քրիստոսի անուամբ բժշ­ում էր բոլոր ցաւագնոտներին, փարատում էր մարդկանց եւ անասունների բոլոր ցաւերն ու հա­լածում դեւերին:

   Մի անգամ երեխաներից մէկին մի թունաւոր օձ խայթեց: Երեխան այդ դաժան հա­րուածից թուլացաւ եւ մեռելի նման ընկաւ գետնին: Կարեկցելով ու արտասուելով՝ նրա շուրջը հաւաքուեցին ընկերները, ծնողները եւ ժողովր­դի բազմութիւնը, որոնք մօտ երեք ժամ ող­բա­լով լաց էին լինում նրա համար, ինչպէս մեռե­լի վրայ, իսկ նա հեծեծագին ձայնով ասում էր. «Օ­գ­նի՛ր ինձ, ո՛վ Տրիփոն եղբայր, աղաչի՛ր Աստծուն, որ փրկի ինձ, քանզի Աստ­ծուց քեզ բժշկու­թեան շնորհ է տրուած»: Երբ Տրիփոնին բե­րե­ցին օձից թունաւորուած երեխայի մօտ, նրան կն­քեց սուրբ Խաչի նշանով, աչքերը երկինք բարձրացրեց ու աղօթեց՝ ասելով. «Տիեզերքի լու­սա­տու Քրիստո՛ս, Կեա՛նք եւ մարդկային ազգի Փրկի՛չ: Տէր Աստուա՛ծ իմ, Դո՛ւ, որ Բժիշկն ես հո­­գի­ների ու մարմինների, բժշկի՛ր այս թունաւո­րուա­ծ երեխային Քո ահաւոր Սուրբ անուամբ, քանզի Քո հզօր զօրութեամբ Դու զօրաւոր ես ամէն բա­նում»: Եւ մանուկն իսկոյն ոտքի կանգնեց եւ նրա հետ սկսեց փառաւորել Աստծուն: Բոլոր ականատեսները հիանալով գոհացան Տիրոջից ու Տրիփոնին խանդաղատելով՝ սիրեցին նրան որպէս Աստուծոյ ծառայի, բայց նա ամենեւին չբարձրամտեց եւ փառքը Աստծուն վերագրեց:

   Տրիփոնն օրըստօրէ առաջադիմում էր բարեպաշտ վար­քով ու առաքինութեամբ: Սակայն երբ հռ­չա­կուեց նրա անունը, եւ մինչեւ անգամ սկսեց փա­­­ռա­ւորուել մարդկանց կողմից, պատանին որո­շեց միառժամանակ խոյս տալ իր գիւղից: Եւ մինչ այս մտադրութեան մէջ էր, լսեց մի ձայն, որն իրեն ա­սաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ այլ գիւղեր ու քա­ղաքներ, բժշկի՛ր նրանց հիւանդներին եւ փա­րա­տիր նրանց ցաւերը»:

   Եւ Տրիփոնը տեսաւ, որ ահա ձիու վրայ նստած մի ճամփորդ է անց­նում: Պատանին խօսեց նրա հետ ու ա­սաց. «Բա­­րի՛ ուղեւոր, թո՛յլ տուր գալ քեզ հետ, ուր Աստուած կառաջնորդի ինձ»: Ճամփորդը, տես­նե­լով նրա վրայ երեւացող Աստուծոյ շնորհնե­րը, ասաց. «Բարի, որդեակ, ե՛կ ինձ հետ», եւ Տրի­փո­նին բարձրացնելով ձիու վրայ՝ զրուցելով ճա­նապարհ ընկան: Նա Տրիփոնից հոգեշահ շատ խօսքեր լսեց: Իր հարցերին պատանուց իմաստուն պատասխաններ ստանալով՝ նա զարմանում էր ու մտա­ծում, թէ ինչպէ՞ս է այս փոքր տղան խօսում կատարելութեամբ:

   Երբ ճամփորդը մի պահ յետ շրջվեց, տեսաւ Աստուծոյ հրեշտակին, ով Տիրոջ հրամանով պահպանում էր Տրիփոնին: Սքանչացած տեսիլքից՝ հիացած զարհուրեց, իսկ Աստուծոյ սուրբն իմաստուն խօսքերով քաջալերեց նրան: Եւ մինչդեռ նրանք գնում էին, դեւերն աղա­ղակում էին սուրբի յետեւից ու ասում. «Ո՞ւր ես գնում, Տրիփո՛ն, մեր հալածի՛չ ու սրբութեան քարո՛զ», իսկ նա ոչինչ չպատասխանեց: Ճանապարհորդը, այս տեսնելով եւ լսե­լով, առաւել եւս հիացաւ ու լցուեց երկիւղով, եւ ապա ասաց Տրի­փոնին. «Ո՛վ Աստուծոյ սուրբդ, կամենում եմ լինել քո ծառան ու սպասաւորը, որպէսզի արժա­նա­նամ Տիրոջ ողորմութեանը»: Իսկ նա պատասխա­նեց. «Դու Քրիստոսի ծառան ես, սրբութեամբ եւ արդարութեամբ ծառայի՛ր Նրան, ու կապրես»:

   Երբ գիշերն օթեւանելու համար հասան մի պան­­դոկի, լսեցին, որ պանդոկապետը հիւանդ է եւ տառապում է ջերմագին տենդի մէջ: Այնժամ Տրիփոնի ուղեկիցը խնդրեց նրան փրկել հիւան­դին: Իսկ սուրբը, Քրիստոսի Խա­չի նշանով կնքե­լով հիւանդին, ասաց. «Տէր Աստուծոյ անուամբ իսկոյն ոտքի ելի՛ր»: Այս հրամանից հիւանդն ան­մի­ջապէս ոտքի կանգնեց, սկսեց սպասաւորել ու նրանց առջեւ սեղան պատրաստել: Հիւանդի ողջ ըն­տա­նիքին մեծ ուրախու­թիւն տիրեց, եւ բոլորը փառաւորեցին Տիրոջը:

   Առաւօտեան վեր կացան եւ սաղմոսելով ու օրհնութեամբ՝ ճանապարհ ընկան դէ­­պի Կեսարիա: Եւ ահա սարսափազդու մի վայրի գա­զան, քշուե­լով դեւերի կողմից, կատաղած գա­լիս էր դէպի իրենց կողմը՝ յօշոտելու: Տրիփոնը չդադարեցրեց աղօթքը ու ոչինչ հա­­մա­րեց գազանի ցասումը, իսկ նրա ընկերը զար­­հուրած ճչում էր եւ ասում. «Փրկի՛ր մեզ, սո՛ւրբդ Աստուծոյ»: Սուրբը նրան ասաց. «Քաջա­լե­րուի՛ր եւ մի՛ վախեցիր, քան­­զի Տէրը մեզ հետ է», եւ երկինք տարածելով իր ձեռքերը՝ աղօթեց. «Ամենա­­կալ Տէ՛ր Աստուած, մեկնի՛ր Քո պահպա­նո­ղական Աջը եւ հալածի՛ր Քո այս ծառայից դի­ւա­կան երկիւղը: Թող չար դեւերը փախչեն Քո ահա­ւոր անունից, որից դողում են բոլոր արա­րած­ները: Զօրացրո՛ւ սրան Քո ողորմութեամբ եւ վա­­նի՛ր խռովեցուցչին, որպէսզի առանց երկիւ­ղե­լու ամենաչար ոգուց` օրհնաբանի ու փառաւորի Քեզ»: Այս խօսքերից քաջալերուեց զարհուրածը եւ սկսեց սուրբին աղօթակից լինել: Ապա կնքելով գազանին՝ Տրիփոնն ասաց. «Դար­ձի՛ր քո տեղը, որտեղից եկար, իսկ ովքեր ուղարկեցին քեզ, թող յետ ընկրկեն», ու գազանն իսկոյն փախուստ տուեց:

   Երբ մտան Կեսարիա, սուրբին ընդառաջ վա­զեց մի դիւահար մարդ ու ողորմագին աղաղակեց. «Աստուծո՛յ ծառայ, փրկի՛ր ինձ տանջող թշնամու պաշարումից»: Սուրբը գթաց նրան, հոգոց հանեց ու արտասուքներով կանչեց Տի­րոջը՝ ասելով. «Փառ­­քի Ճառագա՛յթ եւ բարերար Աստուծո՛յ Պատ­կեր, անշիջա­նելի Լո՛յս ու իրաւունքի եւ ար­դա­րութեան Տէ՛ր, թող Քո ահեղ ու փառաւորեալ անու­նը Քո ստեղծածից հալածի չար այսին, որ­պէս­զի ազատուելով` նա օրհնի Արարչիդ, քանզի Դու ողորմութիւն ես կամենում եւ զօրեղ ու հզօր ես ամէն բանում»: Եւ նոյն պահին դեւը, սաստկա­պէս ցնցելով մարդուն, ելաւ նրանից ու փոթո­ր­կուած ուժգին քամու պէս չքուեց անապատի կող­մը: Իսկ չար այսից ազատուած մարդը փառաւո­րում էր Տիրոջը եւ ամէնքին պատմում Աստուծոյ հրա­շագործութեան մասին:

   Երբ այդ մասին լսեց քաղաքի նշանաւոր մարդ­կանցից մէկը, ով եւս տառապում էր դեւից, դիմեց Տրիփոնին ու աղաչեց նրան, որպէսզի իրեն եւս ողորմութիւն անի: Տրիփոնն ասաց նրան. «Թող ողորմի քեզ բոլոր տառապեալներին Լսողը»: Եւ երբ մօտեցաւ նրան ու բռնեց նրա ձեռքից, դե­ւը գետնին հարուածեց նրան եւ յոյժ տագնապի մատնեց: Սուրբը, սաստելով նրան, ասաց. «Քե՛զ եմ ասում, անիրաւ չար ա՛յս, զարհուրի՛ր ահաւոր Աստծուց, ելի՛ր դրանից ու այլեւս նրա մօտ բնակութեան մի՛ վերադար­ձիր»: Եւ նոյն պահին դեւը դուրս եկաւ ու թանձ­րա­ցած ծխի նման քշուեց հողմից, իսկ այրն զգաս­տանալով գոհացաւ Տիրոջից եւ Աստուծոյ ծառայից: Նոյն քաղաքում երանելի Տրիփոնն իր աղօթքով բժշկեց նաեւ մի մարդու դստերը:

   Այնուհետեւ ողջ քաղաքով մէկ հեթանոս­նե­րի մէջ լուր տարածուեց, թէ մի պատանի, ով խոս­­տովանում է իր անձը որպէս բարձրեալ Աստուծոյ  ծառայ, մեծամեծ հրաշքներ է գոր­ծում: Երբ լուրը հասաւ նաեւ Ուղկիոս դատաւո­րին, ով թէպէտ հեթանոս, սակայն բարեսէր ու ար­­դարադատ մարդ էր, ցան­կացաւ տեսնել Աստուծոյ ծառային, եւ նրա յետեւից վստահելի մար­դիկ ուղարկեց: Երբ բե­րե­ցին Տրիփոնին, դատաւորն իր դռների մօտ ընդա­ռաջ եկաւ նրան եւ ասաց. «Բարո՛վ եկար, բարձրեալ Աստուծո՛յ ծառայ»: Երանելի Տրիփոնը պատաս­խա­նեց ու ասաց. «Թող բարձրեալ Աստուած լուսաւո­րի քո միտքն անձիդ օգտակարութեան հա­մար»: Դատաւորն ասաց. «Այդքան երիտասարդ լինելով՝ ինչպէ՞ս ես կատարեալ մարդուն յատուկ այդքան շնորհներ ստացել, որով հա­լածում ես դեւերին»: Սուրբն ասաց նրան. «Տէ­րը ոչ թէ իմ արժանաւորութեան համար, այլ ըստ Իր ողորմութեան՝ այ­ցելում է Իրենից եր­կիւ­ղած­ներին, որքան էլ նրանք նուաստ եւ անպիտան լի­­նեն, որպէսզի անգործ դարձնելով նրանց եսը՝ Աստուծոյ առջեւ չպարծենան զօ­­րեղ մարմնով ու իրենց գիտութեամբ: Եւ այս զօրութիւնն է Աստուծոյ շնորհով, որով երբ կամենում է, մարդկանցից հալածում է դեւերին ու ազատում ցա­ւե­րից եւ դրանց հետ մէկտեղ հերքում չար խոր­հուրդ­­ների ապակա­նող ներգործութիւնները, որոնք մարդկանց գերում ու ընկղմում են չարիքների խորխորատներում: Արդ, դու եւս հաւատա՛ ամենակալ Աստծուն ու Նրանից բա­րե­րա­րութեան շնորհներ ստացիր, որպէսզի ճշմարիտ հա­ւա­տի եւ արդարութեան անարատ վարքի միջոցով այս անցաւոր ու ունայն ճոխութիւնների փոխա­րէն ժառանգես երկնքի Արքայութիւնը եւ անա­պա­կան Բարիք­ները ի Քրիստոս Յիսուս, անճառե­լի լուսաւորութիւնն ու պայծառութիւնը, որ կան եւ պահուած են հաւատացեալների, սուրբերի ու արդարների համար»: Դատաւորն ասաց. «Աղօթի՛ր ինձ համար, եւ թող լինի քո ասածի համաձայն»: Սուրբ Տրիփոնն սկսեց աղօթել ու ասել. «Իմանալի՛ Զօրութիւն, լուսաւորի՛ր սրան Քո աստուածգիտութեան Լոյսով եւ դուրս բեր խաւա­րից դէպի Լոյս: Դո՛ւ, որ լուսաւորում ես Քեզ հաւատացողներին, ողորմի՛ր սրան, որպէսզի Քո լոյսով տեսնելով ճշմարիտ Լոյսը՝ փառաւորի Քեզ՝ ճշմարիտ Աստծուդ»: Աղօթքից յետոյ աստուածային տւչութեամբ դատաւորի վրայ ծագեց աստուածգիտութեան լոյսը, եւ նա ընդունեց սուրբ հաւատը, որից յետոյ ապրեց Աստուծոյ երկիւղով ու բարեպաշտ վարքով:

   Սրանից յետոյ երանելու մօտ բերեցին ջրգո­ղու­թեամբ տառապող մի հիւանդի, ում չէր կա­րո­ղանում օգնել ոչ մի բժշկական դեղամիջոց: Սա աղաչում եւ խնդրում էր սուրբին, որպէսզի աղօ­թի իր Աստուծոյ անուամբ ու բժշկի իրեն: Եւ սուր­բը, կարեկցելով նրան, արտասուքներով ու հառաչանքներով կանչեց Տիրոջ անունը՝ յիշատա­կե­լով Փրկչի բժշկութիւնները, որ Նա անում էր երկրի վրայ: Խնդրում էր Աստծուց գթալ հի­ւան­դին եւ Իր մեծ ողորմութեամբ բժշկութիւն պարգեւել նրան, որը եւ ստացաւ:

   Բայց որպէսզի ժողովուրդը չանհանգստացնի իրեն, երանելին մեկուսացաւ մի առանձին բնակութեան վայրում, ուր իր ողջ ժամանակն անց էր կացնում անդադար աղօթքներով, պահքի պնդութեամբ ու գիշեր թէ ցերեկ ամբողջ հոգով խոկում էր Տիրոջ Օրէնքի շուրջ: Այդ պատճառով նախանձելով նրան՝ չարանենգ բանսարկուն տեսակ-տեսակ փորձութիւններով սաստիկ պատերազմ սկսեց սուրբի դէմ, սակայն նա Տիրոջ շնորհով ունայնացնում էր չարի բոլոր պատերազմները:

   Օրերից մի օր դեւերից քշուելով՝ նրա մօտ եկաւ արագաշարժ, յանդուգն եւ անճոռնի քայ­լուած­քով ու չար այսից կուչ եկած մի կոյր կին, ում տեսնելով՝ Տրիփոնը մի պահ զարհուրեց եւ ապա հարցրեց. «Ո՞վ ես դու եւ որտեղի՞ց ես գա­լիս»: Կինն ասաց. «Ես այսերի բազմութեան ըն­դու­նա­րանն եմ: Բերուել եմ անապատից եւ եկել քեզ մօտ»: Սուրբն ասաց. «Իսկ ինչո՞ւ եկար այս­տեղ»: Կինը պատասխանեց. «Որովհետեւ տեսայ Աստուծոյ շնորհների զօրութիւնը, որ կայ քո մէջ: Արդ, գթա՛ եւ օգնի՛ր ինձ»: Սուրբը դառ­նա­պէս լաց եղաւ թշուառ կնոջ համար եւ արտա­սուք­նե­րով երկար աղօթեց Տիրոջը: Դեւե­րը, չար­չարուելով նրա աղօթքից, զարհու­րե­լի ձայներ էին արձակում: Սուրբը սաստեց նրանց ու ասաց. «Զօրութիւնների Տիրոջ անուամբ հալածուէ՛ք նրանից եւ թող այլեւս նրան տիրելու իշ­խա­նութիւն չունենաք»: Դեւերը, Տի­րոջ ահից խռովքի մատնուելով, Տրիփոնին ասա­ցին. «Քանի որ մեզ հալածեցիր այստեղից, կը գնանք Հռոմ, որպէսզի ակամայ գաս նաեւ այնտեղ»: Այնժամ սուրբը, իր ձեռքն առնելով սուրբ Խա­չի նշանը, որ կրում էր իր հետ, կնքեց կնոջը ու նոյն պահին տեսաւ նրան՝ ազատուած դեւերից եւ առողջացած իր ցաւերից: Ու բոլոր տես­նող­ներն սկսեցին բարձրաձայն օրհնել Իր ծառայի ձեռքով բարիքներ պարգեւող Աստծուն:

   Իսկ դեւերը, Հռոմ գալով, սկսեցին տանջել քա­ղաքի դատաւորի կնոջը, որի ա­նունն էր Պրոկղ: Կի­նը չար այսերից տանջ­ւում էր այնքան սաստիկ, որ հնար չկար նրան մխիթարութեան: Իսկ դե­ւերն աղաղակում էին ու ասում. «Մինչեւ Տրիփոնն այստեղ չգայ, մենք չե՛նք ել­նի»: Ապա որոնող մարդիկ ուղարկեցին այլեւայլ տեղեր, որպէսզի տեսնեն, թէ որտե՞ղ է գտնւում Տրիփոն անունով դեւերի հալածիչ հրաշագործ մէկը: Ամենուր որոնելուց յետոյ լսեցին, որ նրա համբաւը տարածուած է Կեսարիայի կողմերում, եւ փնտրտուքն այդ տարածքում շարու­նա­­կե­լուց յետոյ գտան նրան: Անմիջապէս նրան բերեցին Հռոմ, ու երբ նա ոտք դրեց այսահարի տու­ն, դեւերն սկսեցին աղաղակել եւ ասել. «Եկար եւ այստեղ, որ հալածե՞ս մեզ: Ո՞ւր փախչենք մենք քո երեսից»: Իսկ սուրբն ասաց. «Զօ­րու­թիւնների Տիրոջ անուամբ, Ով զօրացրեց ինձ ձեզ վրայ, հալածուէ՛ք դէպի ար­­տաքին խաւարը, որ ձեզ համար պատրաստել է ամէնքի Տէրը»: Կինն անմիջապէս ազատուեց պիղծ այ­­սերից ու սկսեց փառաւորել Տրիփոնի Աստծուն: Այնժամ սուր­բը նրանց ողջ ընտանիքին սկսեց խօսել ուղիղ հաւատի եւ բարի գործերի մա­­­սին, ապա շտապ հեռացաւ այդ քաղաքից, որ­պէս­­զի իր անունը տարածում չգտնի:

   Սակայն տեսաւ, որ ուր գնում է, չի ազատւում մարդ­կանց գովեստներից, ուս­տի որոշեց գնալ իր հայրենի երկիրն ու խոնարհութեամբ զբաղուել իր նախ­կին գործով: Բայց երբ տեղ հասաւ, տեղի բնա­կիչները, կարօտած լինելով նրա սրբութեանը, բազ­­մութեամբ ընթացան դէպի նա եւ նրա մօտ բե­­րեցին հիւանդ­ների ու ախտաժէտների՝ խնդրե­լով, թէ ինչ որ օտարներին է անում, չխնա­յի նաեւ իւրայիններին: Եւ սուրբն ակամայից տե­ղի տուեց նրանց խնդրանքներին ու աղօթքներով բժշկեց շատերին:

   Այդ ժամանակ Հռոմում թագաւորում էր Գոր­դիա­նոս կայսրը, ով ունէր համանուն անուամբ դուս­տր՝ Գորդիանէն: Նա զգօն էր եւ իմաստուն, հմուտ էր իմաստասիրական գիտութիւններում ու երե­ւելի գեղեցկութիւն ունէր: Եւ մինչ թագա­ւո­րա­կան զարմից շատերը կամենում էին նրան կնու­­թեան առնել, աղջկան անակնկալ աղէտ հա­­սաւ. նա, հարուած ընդունելով չար այսից, սկսեց մոլեգնել, աղաղակել, կանչել Տրիփոնի անու­նը եւ ասել. «Օգնի՛ր ինձ քո աղօթքներով, սո՛ւր­բդ Աստուծոյ»: Իսկ թագաւորն ու թագուհին անհանգստացած հարցնում էին, թէ ո՞վ է Տրի­փո­նը: Եւ նրանց ասացին, թէ նա է, ով երբեմն այս քա­ղաքում բժշկութիւն է արել, իսկ այժմ գտնւում է իր հայրենի Փռիւգիայում:

   Այնժամ կայսրն ուղարկեց իր հաւատարիմ մարդկանց, որպէս­զի շտապ գտնեն նրան ու պատուով իր մօտ բե­րեն: Շատ որոնելուց յետոյ նրան գտան իր գիւ­ղում՝ լճի մօտ սագեր արածեցնելիս: Երբ տեղեկա­նա­լով իմացան, որ նա ինքը՝ Տրիփոնն է, ում փնտ­րում էին, չէին կարողանում հաւատալ, որովհետեւ նուաստ կերպարանք ունէր: Ապա մօտենալով նրան՝ հարցրին. «Դո՞ւ ես Տրիփոնը»: Սուրբը չհա­մարձակուեց ծածկել իր անձը, որովհետեւ Տի­րոջ ազդմամբ գիտէր, որ առանց յապաղելու պէտք է գնար նրանց հետ, ուստի յայտնեց իր ով լի­նելը: Նրանք յայտնեցին իրեն որոնելու պատ­ճա­ռը, որն արդէն գիտէր սուրբը, ապա նստեցրին նրան ձիու վրայ եւ ըստ թագաւորի հրա­մանի՝ շտապ ճանապարհ ընկան: Նախքան քա­ղաք մտնե­լը ողջ ճանապարհին Տրի­փո­նը չէր դա­դա­րում աղաչել Աստծուն, որ բժշկի թա­գաւորի դս­տերը, որպէսզի հեշտութեամբ ազա­տուի մարդ­կանց ամբո­խից: Եւ երբ երեք օրուայ ճանապարհ էր մնում, որ հասնէր Հռոմ, դեւերն սկսե­ցին մեծ շփոթութեամբ խռովուել  ու աղա­ղակել. «Եկէ՛ք դուրս ելնենք, քանզի գալիս է Տրիփոնը, որ հալածի մեզ մեր բնակութեան վայրից եւ ուղարկի այնտեղ, ուր չենք կա­մե­նում»: Եւ տանջելով աղջկան՝ դուրս ելան նրա­նից, իսկ աղջիկն անմիջապէս առող­ջա­ցաւ:

   Երբ երեք օր անց Տրիփոնը տեղ հասաւ, թա­գաւորը հա­ւա­տաց, որ Աստուած սուրբի միջոցով է բժշկել իր դստերը, եւ իր աւագանու առջեւ նրան մեծա­պէս պատուի ար­ժանացրեց: Թագա­ւորն սկսեց թա­խան­ձել Տրիփոնին, որ ցոյց տայ իրեն չար ոգուն, որը մտնում է մարդկանց մէջ ու տանջում նրանց հոգով եւ մարմ­նով: Նա ասում էր. «Աղա­չում եմ քեզ, Աստուծո՛յ ծառայ, ցո՛յց տուր մեզ դե­­ւին, որը չարչարում էր իմ դստերը»: Տրիփոնը թա­գաւորից եօթ օր ժամանակ խնդրեց, որն անց­կացրեց պահքով, գիշեր-ցերեկ արտասուքներով ա­ղօ­թե­լով ու ամուր հաւատով, որպէս­զի Տէրը կատարի թագաւորի խնդրանքը եւ տեսանելի կերպով ցոյց տայ գաղտ­նի մարտնչող թշնամու չարութիւնը: Երբ լրա­ցան նրա օրերը, թագաւորը մեծ պա­տուով կան­չեց նրան ու դարձեալ կրկնեց իր խնդրան­քը: Այն­ժամ սուրբը հա­ւաքուած հեթա­նոս­ների եւ հաւատացեալների բազմութեան առ­ջեւ ասաց. «Քե՛զ եմ ասում, չա՛ր այս, յայտնուի՛ր ինչ­պէս որ կաս, որ­պէսզի բոլորը ճանաչեն քո գաղտ­նորոգայթ խորամանկութիւնը»: Նոյն պա­հին առաջ եկաւ գլխա­ւոր դիւապետերից մէկը՝ իր արբանեակներով հան­դերձ, որոնք մտել էին թա­գաւորի դստեր մէջ: Նրանք կերպարանուած էին հրեղէն աչքեր ունեցող շան տեսքով ու գետնի վրայ քարշ էին տալիս իրենց գլուխները: Սուրբն ա­սաց դեւին. «Ինչո՞ւ մտար թագաւորի դստեր մօտ եւ չարչարեցիր նրան»: Դեւն ասաց. «Նրա մօտ իմ հայրն առաքեց` իմ ընկերներով հանդերձ՝ տան­ջելու նրան, որ­պէսզի ցոյց տանք, թէ ինչ ենք անում շատ հոգիներին»: Տրիփոնն ասաց. «Ո՞վ է ձեր հայ­րը, ու ո՞րն է նրա գործը»: Դեւն ասաց. «Բա­րու թշնամի սատանան եւ չարի յորդորիչը, որը մարդ­կանցից յափշտա­կում է բարեպաշտութեան խորհուրդները՝ աստուածսիրութիւնը, սրբու­թիւ­նը, արդարու­թիւ­նը, ու տնկում անաստուածութեան, անօրէնու­թեան եւ հայհոյութեան խորհուրդները: Արհամարհել է տալիս հաւա­տն ու արդար վարքը, որն այս քաղաքում եւ ողջ տիեզերքով մէկ քարոզեցին Պետրոսն ու Պօղոսը՝ իրենց առաքեալներով: Նա մեզ ուսուցանում է ոչ միայն խորհուրդներով պատ­րել մարդկանց, այլեւ չար գործերով: Իսկ մենք մեզ հաւա­նու­թիւն տուողներին մոլո­րեց­նում ենք բազմաստուածութեան, սպանութեան, ագահութեան, ամբարտաւանութեան եւ ամէն տե­սակ չարիքների մէջ, որոնց մասին պատմում են ձեր գրքերը: Եւ այս ամէնը մարդկանց գործել ենք տալիս խոր­հուրդներով, խօսքերով ու գործերով եւ այդպէս հեշտութեամբ բոլորին տանում արդարութիւնից դէպի մեղքը: Մեր հայրը չարարար է, իսկ մենք նրա արբանեակներն ենք: Մենք աստուածասէր արդարների առջեւ տկարանում ու անգործ ենք գտնւում, անզօր ենք լի­նում նրանց մտքի առջեւ, սակայն զօրանում ենք մեր կամքը մեր ցանկութիւն­ները կատարողների վրայ: Եւ ես ոչ թէ կամովին խոստովանեցի ճշմարտութիւնը, այլ Աստուծոյ հրեշ­տա­կի հրամա­նով, քանզի եթէ չստիպէր ինձ այդ հզօ­րը, կը գործադրէի իմ սովորական որո­գայթ­նե­րը: Մենք բնաւ չենք քարոզում ճշմարտութիւնը, այլ՝ ստութիւնը, որպէսզի կարողանանք որ­սալ մարդկանց կորստեան վիհի  ու անշէջ հրի մէջ»:

   Այս լսելով՝ թագա­ւորը եւ բոլոր իշխանաւորները զարմացան ու հիացմունքով փառաւորեցին Տրի­փոնի Աստծուն: Ներկաներից շա­տե­րը հաւատացին Քրիստոսին, իսկ հաւատացեալներն առաւել հաստատուեցին ճշմարիտ հաւատի մէջ: Այնժամ սուրբն ասաց դեւին. «Այսուհետեւ դու, որ հարկադրուած խոստովանեցիր ճշմարտութիւ­նը, ետեւս անցի՛ր, հակառակո՛րդ Ճշմարտութեան»: Եւ չար այսն անմիջապէս չքուեց բազ­մու­թեան առջեւից: Թագաւորը մեծարեց Աստուծոյ երանելի այրին եւ նրան շատ ոսկի ու արծաթ տուեց: Սուրբը չէր կամենում վերցնել, սակայն թագաւորի ստիպմամբ սուրբը հար­կա­դրուած վերցրեց, որոնք ծածկաբար բաշխեց կարօտեալներին:

   Սրանից յետոյ մեռաւ Գորդիանոս թագաւորը, ով խաղաղութեան մէջ էր քրիս­տոնեաների հետ, եւ նրան յաջորդեց Փիլիպպոսը, ով նոյն օրի­նա­կով առաւել էր նրանից: Սակայն Փիլիպպոսից յե­տոյ թագաւորեց Դեկոսը, ով մի ան­­գութ ու կուռ­­քերի պաշտամունքի մէջ մոլորուած մարդ էր: Սա իր ողջ երկ­րով մէկ հալածանքներ սկսեց քրիս­տոնեաների դէմ եւ հրաման արձակեց բո­լոր գիւ­ղերում ու աւաններում, ըստ որի՝ ովքեր չպաշ­տեն կուռքերին, չարաչար տանջանքներով մահուան կը մատնուեն: Նրա պաշտօնեաները, ստանալով այդ հրա­մանը, սկսեցին խոշտանգել եւ նեղել հաւատացեալներին, որպէսզի նրանք հնազանդուեն թագաւորի հրամանին:

   Այդ ժամանակ Նիկիա քաղաքի դատաւորն էր Ակիւ­­ղինոս եպարքոսը` քրիստոնեաների արեան ծա­րաւի մի մարդ, ով, լսելով երանելի Տրիփոնի մասին, թէ նա իր վարքով ու սքանչելի գործերի մի­­ջոցով շատերին կռապաշտութիւնից քրիս­տո­նէու­­թեան է դարձնում եւ հաւատացեալներին հաստատուն ու անդրդվելի պահում, ուղարկեց զի­նուոր­­ներին, որպէսզի ձերբակալեն նրան որտեղ որ գտնեն եւ ատեան բերեն: Եւ քանի որ պէտք չէ վա­­ռուող ճրագը կաթսայի տակ դնել, սուրբ Տրի­փոնը՝ որպէս մահապարտ մէկը, բռնուեց զինուորների կողմից եւ կապանքներով բերուեց Նիկիա՝ եպարքոսի ատեան:

   Եպարքոսը նրան հարցրեց. «Ի՞նչ է քո անունը, ու ի՞նչ ծագում ունես»: Երանելին պատասխանեց. «Ծնողներս կոչել են Տրիփոն, սա­կայն հաւատի շնորհով քրիստոնեա՛յ եմ կոչ­ւում»: Եպարքոսն ասաց. «Արդեօք չլսեցի՞ր քրիս­տո­­նեաների համար արձակուած հրամանը` նրանց հրով, սրով եւ այլ դառը տանջանքներով մահուան մատ­նելու մասին»: Երանելին պատասխանեց. «Եթէ մահուան արժանի յանցանք եմ գործել, չեմ հրա­ժա­րուի մահից»: Եպարքոսն ասաց. «Ուրիշ ի՞նչ առա­ւել յանցանք պիտի գործէիր, քանզի զանց առնելով արքունի հրամանը՝ ցնորուել ես՝ հե­տե­ւե­լով քո կրօնին եւ մոլորեցնում ես շատերին: Արդ, զգաստացի՛ր ու զոհի՛ր աստուածներին, պաշտի՛ր նրանց ինչպէս որ մենք եւ սիրելի կը լի­նես թագաւորին ու նրա պաշտօնեաներին»: Պատասխանեց սուրբ Տրիփոնը. «Հաստատուած եմ Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու ճշմա­րիտ հաւատով ու անդրդուելի եմ այս խոստովանութեան մէջ»: Եպարքոսն ասաց. «Զուր մի՛ բարբաջիր եւ քանի դեռ չես ընդունել չարչարանքները, լսի՛ր ինձ ու զո­հի՛ր կուռքերին»: Պատասխանեց սուրբը. «Ինչ չար­չարանքների որ մատնես, Աստուծոյ սիրոյ համար կընդունեմ յօժարութեամբ»:

   Այս լսե­լով՝ եպարքոսը մեծ ցասումով հրամայեց խա­րոյկ բորբոքել եւ սուրբին կա­խել կրակի վրայ, որպէսզի թերեւս ցաւերի կսկծից մեղմանայ սրտի խստութիւնը: Իսկ երանելին կախուած մնաց զուարթ սրտով ու առ Աստուած աղօթելով: Բռնաւորը, տեսնելով սուրբի համբերութիւնը, հրամայեց սրով խոցոտել նրա մարմինը: Դահիճներն սկսե­ցին բոլոր կողմերից սուսերով հարուածել այնքան, որ պատառոտուեց նրա ողջ մարմինը, եւ բացուած արեան վտակները ոռոգեցին գետինը, սակայն սուրբն առ Աստուած հաստատուն էր պահում իր խորհուրդները: Երեք ժամ չար ու դառը տանջանքների ենթարկելուց յետոյ յոգնեցին դա­հիճ­նե­­րի ձեռքերը, իսկ սուրբը դեռեւս այնքան զուարթ էր, որ բռնակալը զարմացել էր, թէ ինչպէս անգամ չկնճռոտուեց նրա դէմքը, հոգոց չհա­­նեց, եւ նեղսրտութեան որեւէ նշան չնշմարուեց նրա վրայ, այլ այդ ա­մէնը կրեց երեսի զուարթութեամբ ու սքանչելի լռութեամբ: Ապա ասաց Տրի­փոնին. «Արդեօք չզղջացի՞ր յամառութեանդ համար: Իմացի՛ր, որ ոչ ոք չի կարող ընդիմանալ թագաւորի հրամանին»: Սուրբն ասաց. «Երկրաւոր հրա­մաններին, որոնք ընդդէմ են երկնաւորին, շատերն են ընդդիմացել, յաղթել եւ պսակներ ստացել անմահ Թագաւորից, որի հա­մար ես եւս յուսում եմ Ան­մահի զօրութեանը ու հաւատում եմ, որ կը յաղթեմ քո, թագաւորի եւ նաեւ ձեր խորհրդակից սատանայի բռնութիւններին: Ես չեմ պաշտի ձեր դեւերին, որոնք աշխար­հի իշխաններին յորդորում են տրուել անիրաւութիւններով լի հաճոյքներին, որպէսզի նրանց մատ­նի յաւիտենական տանջանքներին, որն արդար Դատաւորի կողմից պատրաստուած է նրա ու նրան հնազանդուողների համար»:

   Այս լսելով՝ բռնա­­կալն առաւել բարկացաւ, եւ քանի որ ձմե­ռա­յին խիստ եղանակ էր, ու առատ ձիւն կար, հրա­մայեց Տրիփոնին տանել եւ գցել մի ցուրտ դաշ­­տի մէջ, իսկ ուղեկցող զինուորների բազ­մու­թեա­նը հրամայեց ճանապարհին նրան ձիերի ոտ­քի տակ գցել: Իսկ սուրբն այդ սոսկալի տանջանքների մէջ լիասիրտ ուրախութեամբ գոհանում էր Աստծուց: Երկար ժամեր տան­ջանքներ կրելուց յե­­տոյ սուրբը կանչեց Տիրոջն ու ասաց. «Տէ՜ր, սա մեղք մի՛ համարիր սրանց, քանզի չգիտեն, թէ ինչ են անում»:

   Սրանից յետոյ դարձեալ նրան կանգ­­նեցրին ատեանի առջեւ: Բռնակալն ասաց նրան. «Սթափուի՛ր քո յիմարութիւնից, ապա թէ ոչ, ես առաւել կը սաստկացնեմ քո չարչարանքները եւ կը զրկեմ քեզ այս քաղցր կեանքից»: Սուրբ Տրի­փոնն ասաց. «Ես սթափ էի Քրիստոսի շնորհով, սթափ եմ նաեւ հիմա, եւ ուրախ եմ յանուն Տիրոջ այս չարչարանքների համար, որքան էլ դրանք սաստկացնես, քանզի շատ չար­չա­րանք­նե­րով ինձ համար կը բազմանան յաւիտենական Թագաւորի կողմից պատրաստուած  պարգեւնե­րը»: Բռնակալը, տեսնելով քաջ նահատակի հաս­տա­տուն միտքը, հրամայեց նրան բանտ տանել ու առանց տանջանքների թող­նել մի վայրում, որ­պէս­զի թերեւս ինքն իրեն դարձի գայ եւ ընդունի իրենց կամքը: Մի քանի օր անց, երբ նրան դար­ձեալ ատեան բերեցին, բռնակալն ասաց. «Կար­ծում եմ, որ խրատուել ես, եւ քո մոլորութիւնից կուռքերի պաշ­տամունքին դառնալու համար յոյժ օգտակար եղաւ քեզ հանգիստ ժամանակ շնորհելը»: Սուրբ Տրիփոնն ասաց. «Ես խրատուել եմ դեռեւս իմ մանկութիւնից, որի համար արհամարհեցի ձեր կուռքերը եւ սի­րե­ցի Աստծուն, Ով արարեց երկինքն ու երկիրը: Ես օրհ­­նում եմ Նրան, փառաւորում եմ եւ երկրպագում ու մնում եմ Նրա Պատուիրանների մէջ, քանզի ով ուրանայ, ուրացուած կը լինի Աստուծոյ առջեւ, որ երկն­­քում է»:

   Այս խօսքերից սրտմտելով՝ բռնա­կա­լը հրամայեց բերել երկաթէ գամեր եւ ցցել նրա ոտ­քերի մէջ: Այդպէս ողջ օրը նրան քայլեցրին քաղաքի փողոցների ձեան վրայով, սակայն Քրիստոսի քաջ նահա­տակը յաւիտենական կեանքը ժառանգելու ակնկալիքով առանց վհատուելու ու մեծ ուժով հաստատուն մնաց հաւատի մէջ: Իսկ բռ­նա­ւորը, զարմանալով սուր­բի համբերութեան վրայ, մտածում էր նրան այլ տանջանքների մատ­­նել: Մերկացնել տուեց նրան, ձեռքերը կապել տուեց յետեւում եւ տասը հոգու հրամայեց գա­ւա­զաններով հարուածել: Սակայն այս անգամ եւս չկարողա­ցաւ սուրբին խոնարհեցնել իր կամ­քին: Ապա հրամայեց ջահերով այրել նրա կո­ղե­րը:

   Եւ մինչ երանելին այս տանջանքների մէջ էր, հաւատացեալներից շատերը տեսան սուրբին՝ պայ­ծառ լոյսի մէջ եւ զարդարուած անպատմե­լի գեղեցկութեամբ: Քանզի Լոյս ծագեց սուրբի վրայ, ծաղ­­կէ պսակ դրուեց նրա գլխին, իսկ դէմքը շո­ղաց լուսափայլ ճառագայթներով: Այս տեսնող­ներն օրհնութիւններ մատուցեցին Աստծուն, իսկ Աստուծոյ սուրբը կախաղանի վրա­յից ձեռքերը բազ­կատարած երկինք բարձրացրեց ու աղօթեց՝ ասե­լով. «Տէ՛ր Աստուած, Յիսո՛ւս Քրիստոս, թող ինձ վրայ չզօրանայ չարը` իր գործակիցներով հան­­դերձ, քանզի կամենում է չարչարելով հեռացնել ինձ Քո սուրբ կամքից: Արժանաւորի՛ր ինձ դասուել Քո հօտի ընտրեալների հետ եւ ստանալ անապական պսակը, որ խոստացար Քո սուրբ ծա­ռա­ներին»: Այնժամ բռնակալն ասաց նրան. «Ի՞նչ ունես ասելու կամ ի՞նչ ես մտադիր անել, որ անդրդուելի ես մնում քո կամաւոր չար­չա­րանք­ների մէջ ու գնում ես դէ­պի մահը: Արդ, ասա՛ ինձ, հնազա՞նդ ես ինքնակալի հրամանին»: Սուրբը պատասխանեց. «Շատ անգամներ լսեցիր ինձ­նից եւ ինչո՞ւ ես դարձեալ հարցնում: Կենդանի է Աստուած, որ երկնքում է: Ես Նրան եմ միայն պաշ­­տում ու միայն Նրա­նից երկիւղում եւ ոչ այլ մէ­­կից»:

   Այս լսելով՝ Եպարքոսը համոզուեց, որ նա անսասան է, ու հրապարակաւ սուրբի համար մա­­հա­վճիռ արձակեց՝ ասելով. «Փռիւ­գիացի Տրիփոնը քրիստոնեայ լինելու համար, ըստ կայսեր հրա­մանի, բա­զում չարչարանքներ կրեց, սակայն չըն­դունեց ինքնակալի հրամանը, որի հա­մար ար­քու­նական ատեանը հրամայում է նրան սրով մա­հա­պատժի ենթարկել»:

   Երբ սուրբին բերեցին նահատակութեան վայրը, նա դահիճներին խնդրեց իրեն փոքր-ինչ ժա­մա­նակ տալ: Եւ բարձրացնելով իր ձեռքերը՝ աղօ­թեց Տիրոջը՝ ասելով. «Գոհանո՛ւմ եմ Քեզանից, Տէ՛ր ամենակալ, որ ինձ մանկուց առաջնորդեցիր գնալ արդարութեան ճա­նա­պարհով ու կատարել Քո բարի կամքը: Դու ինձ զօրութիւն տուեցիր դե­ւե­րի վրայ եւ շնորհեցիր Քո Խօսքով հալածել նրանց, նրանց հետ պա­տե­րազ­մե­լիս երեւելի յաղթող դարձ­րիր Քո ծառային ու ամենուր նկուն եւ ամօթահար դարձրիր նրանց: Արդ, խնդրում եմ Քեզ, Տէ՜ր, իմ վախճա­նից յետոյ թող Քո ողորմութեան այս շնորհը մնայ չար այսից վտանգուած այն հաւատացեալների վրայ, որոնք կը յիշեն Քո ծառայ Տրիփոնի անու­նը: Իսկ ինձ՝ Քո անարժան ծառայիս, ում արժանացրիր չարչարուել ու մեռնել Քո սուրբ անուան համար, ընդունիր Քո սուրբ վկաների դա­սում, որոնց մահը փառաւորուած է Քո Տէրու­թեան առջեւ, որպէսզի նրանց հետ արժանի լինեմ փա­ռաւորելու Քեզ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն»:

   Երբ վերջացրեց աղօթքը, Քրիստոսի փառա­­ւոր վկայ սուրբ Տրի­­փոնը գովելի ու անուանի վկայութեամբ ընդունեց ի Քրիստոս իր նա­հա­տա­կու­­թիւնը փետրուարի սկզբին` Տիրոջ մօտ 250 թուականին: Իսկ քրիստոնեաները, ովքեր գտնւում էին Նիկիայում, ծածուկ վերցրին նրա մասունքները եւ տապանակի մէջ դնելով՝ նաւով ուղարկեցին իր գիւ­ղը, ինչպէս որ ինքը նախա­պէս պատուիրել ու իրենից յետոյ յայտնել էր երազով: Այնտեղ դրուեց մի նշանաւոր վայրում, սակայն ժամանակ անց տեղափոխուեց Արեւմուտք:

   Եւ Աստուած նրա մասունքների մօտ, նաեւ այլ բազում տե­ղերում սուրբի զօրաւոր բարեխօսութեամբ բժշ­կում էր այսահարներին, ախտաժէտներին ու վտանգուածներին:

   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 64: