Որք մատնեցին զանձինս իւրեանց ի փորձ սրոյ եւ հրոյ.
եւ հեղմամբ արեանն իւրեանց եղեն վկայք Քրիստոսի
եւ հրաւիրեցան ի կոչումն Արքայութեանն երկնից:
Աղօթիւք սոցա եւ բարեխօսութեամբ պարգեւեա մեզ
Քրիստոս մասն եւ բաժին ընդ հրաւիրեալսն
ի կոչումն Արքայութեան երկնից:
(Շարակնոց)
Քրիստոսի հրաշագործ վկայ երանելի Տրիփոնը ծագումով Փռիւգիայից էր՝ Սամուսա գիւղից: Նա ծնուել է Գ դարի սկզբին քրիստոնեայ ընտանիքում: Մինչ դեռաբողբոջ մանուկ էր, մեռաւ նրա հայրը, եւ նրան մեծացրին առաքինի մայրն ու աւագ քոյրը, ովքեր նրան դաստիարակում էին իմաստուն խրատներով եւ բարեպաշտութեամբ: Նա լի էր Աստուծոյ շնորհներով, քանզի իր դեռահաս տարիքում ունէր չափահասի կատարեալ իմաստութիւն, որի համար իր խօսքերով ու բարի վարքի օրինակով խրատում եւ յորդորում էր իր հասակակիցներին:
Նա սագեր էր արածեցնում գիւղի մերձակայ լճի մօտ, սակայն սիրտը միշտ վերինն էր խորհում, իսկ առաքինի մտքով ստէպ-ստէպ աղօթում: Շատ անգամ նրա ընկերները տեսնում էին, որ երբ տկարանում էր սագերից մէկը, Տրիփոնն աղօթում էր ու առողջացնում նրան:
Երբ լրացաւ նրա տասներկու տարին, Տէրը յայտնի դարձրեց Իր հաւատարիմ ծառայի բժշկութեան շնորհը, որը պարգեւել էր նրան դեռեւս մանկուց: Նա Քրիստոսի անուամբ բժշում էր բոլոր ցաւագնոտներին, փարատում էր մարդկանց եւ անասունների բոլոր ցաւերն ու հալածում դեւերին:
Մի անգամ երեխաներից մէկին մի թունաւոր օձ խայթեց: Երեխան այդ դաժան հարուածից թուլացաւ եւ մեռելի նման ընկաւ գետնին: Կարեկցելով ու արտասուելով՝ նրա շուրջը հաւաքուեցին ընկերները, ծնողները եւ ժողովրդի բազմութիւնը, որոնք մօտ երեք ժամ ողբալով լաց էին լինում նրա համար, ինչպէս մեռելի վրայ, իսկ նա հեծեծագին ձայնով ասում էր. «Օգնի՛ր ինձ, ո՛վ Տրիփոն եղբայր, աղաչի՛ր Աստծուն, որ փրկի ինձ, քանզի Աստծուց քեզ բժշկութեան շնորհ է տրուած»: Երբ Տրիփոնին բերեցին օձից թունաւորուած երեխայի մօտ, նրան կնքեց սուրբ Խաչի նշանով, աչքերը երկինք բարձրացրեց ու աղօթեց՝ ասելով. «Տիեզերքի լուսատու Քրիստո՛ս, Կեա՛նք եւ մարդկային ազգի Փրկի՛չ: Տէր Աստուա՛ծ իմ, Դո՛ւ, որ Բժիշկն ես հոգիների ու մարմինների, բժշկի՛ր այս թունաւորուած երեխային Քո ահաւոր Սուրբ անուամբ, քանզի Քո հզօր զօրութեամբ Դու զօրաւոր ես ամէն բանում»: Եւ մանուկն իսկոյն ոտքի կանգնեց եւ նրա հետ սկսեց փառաւորել Աստծուն: Բոլոր ականատեսները հիանալով գոհացան Տիրոջից ու Տրիփոնին խանդաղատելով՝ սիրեցին նրան որպէս Աստուծոյ ծառայի, բայց նա ամենեւին չբարձրամտեց եւ փառքը Աստծուն վերագրեց:
Տրիփոնն օրըստօրէ առաջադիմում էր բարեպաշտ վարքով ու առաքինութեամբ: Սակայն երբ հռչակուեց նրա անունը, եւ մինչեւ անգամ սկսեց փառաւորուել մարդկանց կողմից, պատանին որոշեց միառժամանակ խոյս տալ իր գիւղից: Եւ մինչ այս մտադրութեան մէջ էր, լսեց մի ձայն, որն իրեն ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ այլ գիւղեր ու քաղաքներ, բժշկի՛ր նրանց հիւանդներին եւ փարատիր նրանց ցաւերը»:
Եւ Տրիփոնը տեսաւ, որ ահա ձիու վրայ նստած մի ճամփորդ է անցնում: Պատանին խօսեց նրա հետ ու ասաց. «Բարի՛ ուղեւոր, թո՛յլ տուր գալ քեզ հետ, ուր Աստուած կառաջնորդի ինձ»: Ճամփորդը, տեսնելով նրա վրայ երեւացող Աստուծոյ շնորհները, ասաց. «Բարի, որդեակ, ե՛կ ինձ հետ», եւ Տրիփոնին բարձրացնելով ձիու վրայ՝ զրուցելով ճանապարհ ընկան: Նա Տրիփոնից հոգեշահ շատ խօսքեր լսեց: Իր հարցերին պատանուց իմաստուն պատասխաններ ստանալով՝ նա զարմանում էր ու մտածում, թէ ինչպէ՞ս է այս փոքր տղան խօսում կատարելութեամբ:
Երբ ճամփորդը մի պահ յետ շրջվեց, տեսաւ Աստուծոյ հրեշտակին, ով Տիրոջ հրամանով պահպանում էր Տրիփոնին: Սքանչացած տեսիլքից՝ հիացած զարհուրեց, իսկ Աստուծոյ սուրբն իմաստուն խօսքերով քաջալերեց նրան: Եւ մինչդեռ նրանք գնում էին, դեւերն աղաղակում էին սուրբի յետեւից ու ասում. «Ո՞ւր ես գնում, Տրիփո՛ն, մեր հալածի՛չ ու սրբութեան քարո՛զ», իսկ նա ոչինչ չպատասխանեց: Ճանապարհորդը, այս տեսնելով եւ լսելով, առաւել եւս հիացաւ ու լցուեց երկիւղով, եւ ապա ասաց Տրիփոնին. «Ո՛վ Աստուծոյ սուրբդ, կամենում եմ լինել քո ծառան ու սպասաւորը, որպէսզի արժանանամ Տիրոջ ողորմութեանը»: Իսկ նա պատասխանեց. «Դու Քրիստոսի ծառան ես, սրբութեամբ եւ արդարութեամբ ծառայի՛ր Նրան, ու կապրես»:
Երբ գիշերն օթեւանելու համար հասան մի պանդոկի, լսեցին, որ պանդոկապետը հիւանդ է եւ տառապում է ջերմագին տենդի մէջ: Այնժամ Տրիփոնի ուղեկիցը խնդրեց նրան փրկել հիւանդին: Իսկ սուրբը, Քրիստոսի Խաչի նշանով կնքելով հիւանդին, ասաց. «Տէր Աստուծոյ անուամբ իսկոյն ոտքի ելի՛ր»: Այս հրամանից հիւանդն անմիջապէս ոտքի կանգնեց, սկսեց սպասաւորել ու նրանց առջեւ սեղան պատրաստել: Հիւանդի ողջ ընտանիքին մեծ ուրախութիւն տիրեց, եւ բոլորը փառաւորեցին Տիրոջը:
Առաւօտեան վեր կացան եւ սաղմոսելով ու օրհնութեամբ՝ ճանապարհ ընկան դէպի Կեսարիա: Եւ ահա սարսափազդու մի վայրի գազան, քշուելով դեւերի կողմից, կատաղած գալիս էր դէպի իրենց կողմը՝ յօշոտելու: Տրիփոնը չդադարեցրեց աղօթքը ու ոչինչ համարեց գազանի ցասումը, իսկ նրա ընկերը զարհուրած ճչում էր եւ ասում. «Փրկի՛ր մեզ, սո՛ւրբդ Աստուծոյ»: Սուրբը նրան ասաց. «Քաջալերուի՛ր եւ մի՛ վախեցիր, քանզի Տէրը մեզ հետ է», եւ երկինք տարածելով իր ձեռքերը՝ աղօթեց. «Ամենակալ Տէ՛ր Աստուած, մեկնի՛ր Քո պահպանողական Աջը եւ հալածի՛ր Քո այս ծառայից դիւական երկիւղը: Թող չար դեւերը փախչեն Քո ահաւոր անունից, որից դողում են բոլոր արարածները: Զօրացրո՛ւ սրան Քո ողորմութեամբ եւ վանի՛ր խռովեցուցչին, որպէսզի առանց երկիւղելու ամենաչար ոգուց` օրհնաբանի ու փառաւորի Քեզ»: Այս խօսքերից քաջալերուեց զարհուրածը եւ սկսեց սուրբին աղօթակից լինել: Ապա կնքելով գազանին՝ Տրիփոնն ասաց. «Դարձի՛ր քո տեղը, որտեղից եկար, իսկ ովքեր ուղարկեցին քեզ, թող յետ ընկրկեն», ու գազանն իսկոյն փախուստ տուեց:
Երբ մտան Կեսարիա, սուրբին ընդառաջ վազեց մի դիւահար մարդ ու ողորմագին աղաղակեց. «Աստուծո՛յ ծառայ, փրկի՛ր ինձ տանջող թշնամու պաշարումից»: Սուրբը գթաց նրան, հոգոց հանեց ու արտասուքներով կանչեց Տիրոջը՝ ասելով. «Փառքի Ճառագա՛յթ եւ բարերար Աստուծո՛յ Պատկեր, անշիջանելի Լո՛յս ու իրաւունքի եւ արդարութեան Տէ՛ր, թող Քո ահեղ ու փառաւորեալ անունը Քո ստեղծածից հալածի չար այսին, որպէսզի ազատուելով` նա օրհնի Արարչիդ, քանզի Դու ողորմութիւն ես կամենում եւ զօրեղ ու հզօր ես ամէն բանում»: Եւ նոյն պահին դեւը, սաստկապէս ցնցելով մարդուն, ելաւ նրանից ու փոթորկուած ուժգին քամու պէս չքուեց անապատի կողմը: Իսկ չար այսից ազատուած մարդը փառաւորում էր Տիրոջը եւ ամէնքին պատմում Աստուծոյ հրաշագործութեան մասին:
Երբ այդ մասին լսեց քաղաքի նշանաւոր մարդկանցից մէկը, ով եւս տառապում էր դեւից, դիմեց Տրիփոնին ու աղաչեց նրան, որպէսզի իրեն եւս ողորմութիւն անի: Տրիփոնն ասաց նրան. «Թող ողորմի քեզ բոլոր տառապեալներին Լսողը»: Եւ երբ մօտեցաւ նրան ու բռնեց նրա ձեռքից, դեւը գետնին հարուածեց նրան եւ յոյժ տագնապի մատնեց: Սուրբը, սաստելով նրան, ասաց. «Քե՛զ եմ ասում, անիրաւ չար ա՛յս, զարհուրի՛ր ահաւոր Աստծուց, ելի՛ր դրանից ու այլեւս նրա մօտ բնակութեան մի՛ վերադարձիր»: Եւ նոյն պահին դեւը դուրս եկաւ ու թանձրացած ծխի նման քշուեց հողմից, իսկ այրն զգաստանալով գոհացաւ Տիրոջից եւ Աստուծոյ ծառայից: Նոյն քաղաքում երանելի Տրիփոնն իր աղօթքով բժշկեց նաեւ մի մարդու դստերը:
Այնուհետեւ ողջ քաղաքով մէկ հեթանոսների մէջ լուր տարածուեց, թէ մի պատանի, ով խոստովանում է իր անձը որպէս բարձրեալ Աստուծոյ ծառայ, մեծամեծ հրաշքներ է գործում: Երբ լուրը հասաւ նաեւ Ուղկիոս դատաւորին, ով թէպէտ հեթանոս, սակայն բարեսէր ու արդարադատ մարդ էր, ցանկացաւ տեսնել Աստուծոյ ծառային, եւ նրա յետեւից վստահելի մարդիկ ուղարկեց: Երբ բերեցին Տրիփոնին, դատաւորն իր դռների մօտ ընդառաջ եկաւ նրան եւ ասաց. «Բարո՛վ եկար, բարձրեալ Աստուծո՛յ ծառայ»: Երանելի Տրիփոնը պատասխանեց ու ասաց. «Թող բարձրեալ Աստուած լուսաւորի քո միտքն անձիդ օգտակարութեան համար»: Դատաւորն ասաց. «Այդքան երիտասարդ լինելով՝ ինչպէ՞ս ես կատարեալ մարդուն յատուկ այդքան շնորհներ ստացել, որով հալածում ես դեւերին»: Սուրբն ասաց նրան. «Տէրը ոչ թէ իմ արժանաւորութեան համար, այլ ըստ Իր ողորմութեան՝ այցելում է Իրենից երկիւղածներին, որքան էլ նրանք նուաստ եւ անպիտան լինեն, որպէսզի անգործ դարձնելով նրանց եսը՝ Աստուծոյ առջեւ չպարծենան զօրեղ մարմնով ու իրենց գիտութեամբ: Եւ այս զօրութիւնն է Աստուծոյ շնորհով, որով երբ կամենում է, մարդկանցից հալածում է դեւերին ու ազատում ցաւերից եւ դրանց հետ մէկտեղ հերքում չար խորհուրդների ապականող ներգործութիւնները, որոնք մարդկանց գերում ու ընկղմում են չարիքների խորխորատներում: Արդ, դու եւս հաւատա՛ ամենակալ Աստծուն ու Նրանից բարերարութեան շնորհներ ստացիր, որպէսզի ճշմարիտ հաւատի եւ արդարութեան անարատ վարքի միջոցով այս անցաւոր ու ունայն ճոխութիւնների փոխարէն ժառանգես երկնքի Արքայութիւնը եւ անապական Բարիքները ի Քրիստոս Յիսուս, անճառելի լուսաւորութիւնն ու պայծառութիւնը, որ կան եւ պահուած են հաւատացեալների, սուրբերի ու արդարների համար»: Դատաւորն ասաց. «Աղօթի՛ր ինձ համար, եւ թող լինի քո ասածի համաձայն»: Սուրբ Տրիփոնն սկսեց աղօթել ու ասել. «Իմանալի՛ Զօրութիւն, լուսաւորի՛ր սրան Քո աստուածգիտութեան Լոյսով եւ դուրս բեր խաւարից դէպի Լոյս: Դո՛ւ, որ լուսաւորում ես Քեզ հաւատացողներին, ողորմի՛ր սրան, որպէսզի Քո լոյսով տեսնելով ճշմարիտ Լոյսը՝ փառաւորի Քեզ՝ ճշմարիտ Աստծուդ»: Աղօթքից յետոյ աստուածային տւչութեամբ դատաւորի վրայ ծագեց աստուածգիտութեան լոյսը, եւ նա ընդունեց սուրբ հաւատը, որից յետոյ ապրեց Աստուծոյ երկիւղով ու բարեպաշտ վարքով:
Սրանից յետոյ երանելու մօտ բերեցին ջրգողութեամբ տառապող մի հիւանդի, ում չէր կարողանում օգնել ոչ մի բժշկական դեղամիջոց: Սա աղաչում եւ խնդրում էր սուրբին, որպէսզի աղօթի իր Աստուծոյ անուամբ ու բժշկի իրեն: Եւ սուրբը, կարեկցելով նրան, արտասուքներով ու հառաչանքներով կանչեց Տիրոջ անունը՝ յիշատակելով Փրկչի բժշկութիւնները, որ Նա անում էր երկրի վրայ: Խնդրում էր Աստծուց գթալ հիւանդին եւ Իր մեծ ողորմութեամբ բժշկութիւն պարգեւել նրան, որը եւ ստացաւ:
Բայց որպէսզի ժողովուրդը չանհանգստացնի իրեն, երանելին մեկուսացաւ մի առանձին բնակութեան վայրում, ուր իր ողջ ժամանակն անց էր կացնում անդադար աղօթքներով, պահքի պնդութեամբ ու գիշեր թէ ցերեկ ամբողջ հոգով խոկում էր Տիրոջ Օրէնքի շուրջ: Այդ պատճառով նախանձելով նրան՝ չարանենգ բանսարկուն տեսակ-տեսակ փորձութիւններով սաստիկ պատերազմ սկսեց սուրբի դէմ, սակայն նա Տիրոջ շնորհով ունայնացնում էր չարի բոլոր պատերազմները:
Օրերից մի օր դեւերից քշուելով՝ նրա մօտ եկաւ արագաշարժ, յանդուգն եւ անճոռնի քայլուածքով ու չար այսից կուչ եկած մի կոյր կին, ում տեսնելով՝ Տրիփոնը մի պահ զարհուրեց եւ ապա հարցրեց. «Ո՞վ ես դու եւ որտեղի՞ց ես գալիս»: Կինն ասաց. «Ես այսերի բազմութեան ընդունարանն եմ: Բերուել եմ անապատից եւ եկել քեզ մօտ»: Սուրբն ասաց. «Իսկ ինչո՞ւ եկար այստեղ»: Կինը պատասխանեց. «Որովհետեւ տեսայ Աստուծոյ շնորհների զօրութիւնը, որ կայ քո մէջ: Արդ, գթա՛ եւ օգնի՛ր ինձ»: Սուրբը դառնապէս լաց եղաւ թշուառ կնոջ համար եւ արտասուքներով երկար աղօթեց Տիրոջը: Դեւերը, չարչարուելով նրա աղօթքից, զարհուրելի ձայներ էին արձակում: Սուրբը սաստեց նրանց ու ասաց. «Զօրութիւնների Տիրոջ անուամբ հալածուէ՛ք նրանից եւ թող այլեւս նրան տիրելու իշխանութիւն չունենաք»: Դեւերը, Տիրոջ ահից խռովքի մատնուելով, Տրիփոնին ասացին. «Քանի որ մեզ հալածեցիր այստեղից, կը գնանք Հռոմ, որպէսզի ակամայ գաս նաեւ այնտեղ»: Այնժամ սուրբը, իր ձեռքն առնելով սուրբ Խաչի նշանը, որ կրում էր իր հետ, կնքեց կնոջը ու նոյն պահին տեսաւ նրան՝ ազատուած դեւերից եւ առողջացած իր ցաւերից: Ու բոլոր տեսնողներն սկսեցին բարձրաձայն օրհնել Իր ծառայի ձեռքով բարիքներ պարգեւող Աստծուն:
Իսկ դեւերը, Հռոմ գալով, սկսեցին տանջել քաղաքի դատաւորի կնոջը, որի անունն էր Պրոկղ: Կինը չար այսերից տանջւում էր այնքան սաստիկ, որ հնար չկար նրան մխիթարութեան: Իսկ դեւերն աղաղակում էին ու ասում. «Մինչեւ Տրիփոնն այստեղ չգայ, մենք չե՛նք ելնի»: Ապա որոնող մարդիկ ուղարկեցին այլեւայլ տեղեր, որպէսզի տեսնեն, թէ որտե՞ղ է գտնւում Տրիփոն անունով դեւերի հալածիչ հրաշագործ մէկը: Ամենուր որոնելուց յետոյ լսեցին, որ նրա համբաւը տարածուած է Կեսարիայի կողմերում, եւ փնտրտուքն այդ տարածքում շարունակելուց յետոյ գտան նրան: Անմիջապէս նրան բերեցին Հռոմ, ու երբ նա ոտք դրեց այսահարի տուն, դեւերն սկսեցին աղաղակել եւ ասել. «Եկար եւ այստեղ, որ հալածե՞ս մեզ: Ո՞ւր փախչենք մենք քո երեսից»: Իսկ սուրբն ասաց. «Զօրութիւնների Տիրոջ անուամբ, Ով զօրացրեց ինձ ձեզ վրայ, հալածուէ՛ք դէպի արտաքին խաւարը, որ ձեզ համար պատրաստել է ամէնքի Տէրը»: Կինն անմիջապէս ազատուեց պիղծ այսերից ու սկսեց փառաւորել Տրիփոնի Աստծուն: Այնժամ սուրբը նրանց ողջ ընտանիքին սկսեց խօսել ուղիղ հաւատի եւ բարի գործերի մասին, ապա շտապ հեռացաւ այդ քաղաքից, որպէսզի իր անունը տարածում չգտնի:
Սակայն տեսաւ, որ ուր գնում է, չի ազատւում մարդկանց գովեստներից, ուստի որոշեց գնալ իր հայրենի երկիրն ու խոնարհութեամբ զբաղուել իր նախկին գործով: Բայց երբ տեղ հասաւ, տեղի բնակիչները, կարօտած լինելով նրա սրբութեանը, բազմութեամբ ընթացան դէպի նա եւ նրա մօտ բերեցին հիւանդների ու ախտաժէտների՝ խնդրելով, թէ ինչ որ օտարներին է անում, չխնայի նաեւ իւրայիններին: Եւ սուրբն ակամայից տեղի տուեց նրանց խնդրանքներին ու աղօթքներով բժշկեց շատերին:
Այդ ժամանակ Հռոմում թագաւորում էր Գորդիանոս կայսրը, ով ունէր համանուն անուամբ դուստր՝ Գորդիանէն: Նա զգօն էր եւ իմաստուն, հմուտ էր իմաստասիրական գիտութիւններում ու երեւելի գեղեցկութիւն ունէր: Եւ մինչ թագաւորական զարմից շատերը կամենում էին նրան կնութեան առնել, աղջկան անակնկալ աղէտ հասաւ. նա, հարուած ընդունելով չար այսից, սկսեց մոլեգնել, աղաղակել, կանչել Տրիփոնի անունը եւ ասել. «Օգնի՛ր ինձ քո աղօթքներով, սո՛ւրբդ Աստուծոյ»: Իսկ թագաւորն ու թագուհին անհանգստացած հարցնում էին, թէ ո՞վ է Տրիփոնը: Եւ նրանց ասացին, թէ նա է, ով երբեմն այս քաղաքում բժշկութիւն է արել, իսկ այժմ գտնւում է իր հայրենի Փռիւգիայում:
Այնժամ կայսրն ուղարկեց իր հաւատարիմ մարդկանց, որպէսզի շտապ գտնեն նրան ու պատուով իր մօտ բերեն: Շատ որոնելուց յետոյ նրան գտան իր գիւղում՝ լճի մօտ սագեր արածեցնելիս: Երբ տեղեկանալով իմացան, որ նա ինքը՝ Տրիփոնն է, ում փնտրում էին, չէին կարողանում հաւատալ, որովհետեւ նուաստ կերպարանք ունէր: Ապա մօտենալով նրան՝ հարցրին. «Դո՞ւ ես Տրիփոնը»: Սուրբը չհամարձակուեց ծածկել իր անձը, որովհետեւ Տիրոջ ազդմամբ գիտէր, որ առանց յապաղելու պէտք է գնար նրանց հետ, ուստի յայտնեց իր ով լինելը: Նրանք յայտնեցին իրեն որոնելու պատճառը, որն արդէն գիտէր սուրբը, ապա նստեցրին նրան ձիու վրայ եւ ըստ թագաւորի հրամանի՝ շտապ ճանապարհ ընկան: Նախքան քաղաք մտնելը ողջ ճանապարհին Տրիփոնը չէր դադարում աղաչել Աստծուն, որ բժշկի թագաւորի դստերը, որպէսզի հեշտութեամբ ազատուի մարդկանց ամբոխից: Եւ երբ երեք օրուայ ճանապարհ էր մնում, որ հասնէր Հռոմ, դեւերն սկսեցին մեծ շփոթութեամբ խռովուել ու աղաղակել. «Եկէ՛ք դուրս ելնենք, քանզի գալիս է Տրիփոնը, որ հալածի մեզ մեր բնակութեան վայրից եւ ուղարկի այնտեղ, ուր չենք կամենում»: Եւ տանջելով աղջկան՝ դուրս ելան նրանից, իսկ աղջիկն անմիջապէս առողջացաւ:
Երբ երեք օր անց Տրիփոնը տեղ հասաւ, թագաւորը հաւատաց, որ Աստուած սուրբի միջոցով է բժշկել իր դստերը, եւ իր աւագանու առջեւ նրան մեծապէս պատուի արժանացրեց: Թագաւորն սկսեց թախանձել Տրիփոնին, որ ցոյց տայ իրեն չար ոգուն, որը մտնում է մարդկանց մէջ ու տանջում նրանց հոգով եւ մարմնով: Նա ասում էր. «Աղաչում եմ քեզ, Աստուծո՛յ ծառայ, ցո՛յց տուր մեզ դեւին, որը չարչարում էր իմ դստերը»: Տրիփոնը թագաւորից եօթ օր ժամանակ խնդրեց, որն անցկացրեց պահքով, գիշեր-ցերեկ արտասուքներով աղօթելով ու ամուր հաւատով, որպէսզի Տէրը կատարի թագաւորի խնդրանքը եւ տեսանելի կերպով ցոյց տայ գաղտնի մարտնչող թշնամու չարութիւնը: Երբ լրացան նրա օրերը, թագաւորը մեծ պատուով կանչեց նրան ու դարձեալ կրկնեց իր խնդրանքը: Այնժամ սուրբը հաւաքուած հեթանոսների եւ հաւատացեալների բազմութեան առջեւ ասաց. «Քե՛զ եմ ասում, չա՛ր այս, յայտնուի՛ր ինչպէս որ կաս, որպէսզի բոլորը ճանաչեն քո գաղտնորոգայթ խորամանկութիւնը»: Նոյն պահին առաջ եկաւ գլխաւոր դիւապետերից մէկը՝ իր արբանեակներով հանդերձ, որոնք մտել էին թագաւորի դստեր մէջ: Նրանք կերպարանուած էին հրեղէն աչքեր ունեցող շան տեսքով ու գետնի վրայ քարշ էին տալիս իրենց գլուխները: Սուրբն ասաց դեւին. «Ինչո՞ւ մտար թագաւորի դստեր մօտ եւ չարչարեցիր նրան»: Դեւն ասաց. «Նրա մօտ իմ հայրն առաքեց` իմ ընկերներով հանդերձ՝ տանջելու նրան, որպէսզի ցոյց տանք, թէ ինչ ենք անում շատ հոգիներին»: Տրիփոնն ասաց. «Ո՞վ է ձեր հայրը, ու ո՞րն է նրա գործը»: Դեւն ասաց. «Բարու թշնամի սատանան եւ չարի յորդորիչը, որը մարդկանցից յափշտակում է բարեպաշտութեան խորհուրդները՝ աստուածսիրութիւնը, սրբութիւնը, արդարութիւնը, ու տնկում անաստուածութեան, անօրէնութեան եւ հայհոյութեան խորհուրդները: Արհամարհել է տալիս հաւատն ու արդար վարքը, որն այս քաղաքում եւ ողջ տիեզերքով մէկ քարոզեցին Պետրոսն ու Պօղոսը՝ իրենց առաքեալներով: Նա մեզ ուսուցանում է ոչ միայն խորհուրդներով պատրել մարդկանց, այլեւ չար գործերով: Իսկ մենք մեզ հաւանութիւն տուողներին մոլորեցնում ենք բազմաստուածութեան, սպանութեան, ագահութեան, ամբարտաւանութեան եւ ամէն տեսակ չարիքների մէջ, որոնց մասին պատմում են ձեր գրքերը: Եւ այս ամէնը մարդկանց գործել ենք տալիս խորհուրդներով, խօսքերով ու գործերով եւ այդպէս հեշտութեամբ բոլորին տանում արդարութիւնից դէպի մեղքը: Մեր հայրը չարարար է, իսկ մենք նրա արբանեակներն ենք: Մենք աստուածասէր արդարների առջեւ տկարանում ու անգործ ենք գտնւում, անզօր ենք լինում նրանց մտքի առջեւ, սակայն զօրանում ենք մեր կամքը մեր ցանկութիւնները կատարողների վրայ: Եւ ես ոչ թէ կամովին խոստովանեցի ճշմարտութիւնը, այլ Աստուծոյ հրեշտակի հրամանով, քանզի եթէ չստիպէր ինձ այդ հզօրը, կը գործադրէի իմ սովորական որոգայթները: Մենք բնաւ չենք քարոզում ճշմարտութիւնը, այլ՝ ստութիւնը, որպէսզի կարողանանք որսալ մարդկանց կորստեան վիհի ու անշէջ հրի մէջ»:
Այս լսելով՝ թագաւորը եւ բոլոր իշխանաւորները զարմացան ու հիացմունքով փառաւորեցին Տրիփոնի Աստծուն: Ներկաներից շատերը հաւատացին Քրիստոսին, իսկ հաւատացեալներն առաւել հաստատուեցին ճշմարիտ հաւատի մէջ: Այնժամ սուրբն ասաց դեւին. «Այսուհետեւ դու, որ հարկադրուած խոստովանեցիր ճշմարտութիւնը, ետեւս անցի՛ր, հակառակո՛րդ Ճշմարտութեան»: Եւ չար այսն անմիջապէս չքուեց բազմութեան առջեւից: Թագաւորը մեծարեց Աստուծոյ երանելի այրին եւ նրան շատ ոսկի ու արծաթ տուեց: Սուրբը չէր կամենում վերցնել, սակայն թագաւորի ստիպմամբ սուրբը հարկադրուած վերցրեց, որոնք ծածկաբար բաշխեց կարօտեալներին:
Սրանից յետոյ մեռաւ Գորդիանոս թագաւորը, ով խաղաղութեան մէջ էր քրիստոնեաների հետ, եւ նրան յաջորդեց Փիլիպպոսը, ով նոյն օրինակով առաւել էր նրանից: Սակայն Փիլիպպոսից յետոյ թագաւորեց Դեկոսը, ով մի անգութ ու կուռքերի պաշտամունքի մէջ մոլորուած մարդ էր: Սա իր ողջ երկրով մէկ հալածանքներ սկսեց քրիստոնեաների դէմ եւ հրաման արձակեց բոլոր գիւղերում ու աւաններում, ըստ որի՝ ովքեր չպաշտեն կուռքերին, չարաչար տանջանքներով մահուան կը մատնուեն: Նրա պաշտօնեաները, ստանալով այդ հրամանը, սկսեցին խոշտանգել եւ նեղել հաւատացեալներին, որպէսզի նրանք հնազանդուեն թագաւորի հրամանին:
Այդ ժամանակ Նիկիա քաղաքի դատաւորն էր Ակիւղինոս եպարքոսը` քրիստոնեաների արեան ծարաւի մի մարդ, ով, լսելով երանելի Տրիփոնի մասին, թէ նա իր վարքով ու սքանչելի գործերի միջոցով շատերին կռապաշտութիւնից քրիստոնէութեան է դարձնում եւ հաւատացեալներին հաստատուն ու անդրդվելի պահում, ուղարկեց զինուորներին, որպէսզի ձերբակալեն նրան որտեղ որ գտնեն եւ ատեան բերեն: Եւ քանի որ պէտք չէ վառուող ճրագը կաթսայի տակ դնել, սուրբ Տրիփոնը՝ որպէս մահապարտ մէկը, բռնուեց զինուորների կողմից եւ կապանքներով բերուեց Նիկիա՝ եպարքոսի ատեան:
Եպարքոսը նրան հարցրեց. «Ի՞նչ է քո անունը, ու ի՞նչ ծագում ունես»: Երանելին պատասխանեց. «Ծնողներս կոչել են Տրիփոն, սակայն հաւատի շնորհով քրիստոնեա՛յ եմ կոչւում»: Եպարքոսն ասաց. «Արդեօք չլսեցի՞ր քրիստոնեաների համար արձակուած հրամանը` նրանց հրով, սրով եւ այլ դառը տանջանքներով մահուան մատնելու մասին»: Երանելին պատասխանեց. «Եթէ մահուան արժանի յանցանք եմ գործել, չեմ հրաժարուի մահից»: Եպարքոսն ասաց. «Ուրիշ ի՞նչ առաւել յանցանք պիտի գործէիր, քանզի զանց առնելով արքունի հրամանը՝ ցնորուել ես՝ հետեւելով քո կրօնին եւ մոլորեցնում ես շատերին: Արդ, զգաստացի՛ր ու զոհի՛ր աստուածներին, պաշտի՛ր նրանց ինչպէս որ մենք եւ սիրելի կը լինես թագաւորին ու նրա պաշտօնեաներին»: Պատասխանեց սուրբ Տրիփոնը. «Հաստատուած եմ Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու ճշմարիտ հաւատով ու անդրդուելի եմ այս խոստովանութեան մէջ»: Եպարքոսն ասաց. «Զուր մի՛ բարբաջիր եւ քանի դեռ չես ընդունել չարչարանքները, լսի՛ր ինձ ու զոհի՛ր կուռքերին»: Պատասխանեց սուրբը. «Ինչ չարչարանքների որ մատնես, Աստուծոյ սիրոյ համար կընդունեմ յօժարութեամբ»:
Այս լսելով՝ եպարքոսը մեծ ցասումով հրամայեց խարոյկ բորբոքել եւ սուրբին կախել կրակի վրայ, որպէսզի թերեւս ցաւերի կսկծից մեղմանայ սրտի խստութիւնը: Իսկ երանելին կախուած մնաց զուարթ սրտով ու առ Աստուած աղօթելով: Բռնաւորը, տեսնելով սուրբի համբերութիւնը, հրամայեց սրով խոցոտել նրա մարմինը: Դահիճներն սկսեցին բոլոր կողմերից սուսերով հարուածել այնքան, որ պատառոտուեց նրա ողջ մարմինը, եւ բացուած արեան վտակները ոռոգեցին գետինը, սակայն սուրբն առ Աստուած հաստատուն էր պահում իր խորհուրդները: Երեք ժամ չար ու դառը տանջանքների ենթարկելուց յետոյ յոգնեցին դահիճների ձեռքերը, իսկ սուրբը դեռեւս այնքան զուարթ էր, որ բռնակալը զարմացել էր, թէ ինչպէս անգամ չկնճռոտուեց նրա դէմքը, հոգոց չհանեց, եւ նեղսրտութեան որեւէ նշան չնշմարուեց նրա վրայ, այլ այդ ամէնը կրեց երեսի զուարթութեամբ ու սքանչելի լռութեամբ: Ապա ասաց Տրիփոնին. «Արդեօք չզղջացի՞ր յամառութեանդ համար: Իմացի՛ր, որ ոչ ոք չի կարող ընդիմանալ թագաւորի հրամանին»: Սուրբն ասաց. «Երկրաւոր հրամաններին, որոնք ընդդէմ են երկնաւորին, շատերն են ընդդիմացել, յաղթել եւ պսակներ ստացել անմահ Թագաւորից, որի համար ես եւս յուսում եմ Անմահի զօրութեանը ու հաւատում եմ, որ կը յաղթեմ քո, թագաւորի եւ նաեւ ձեր խորհրդակից սատանայի բռնութիւններին: Ես չեմ պաշտի ձեր դեւերին, որոնք աշխարհի իշխաններին յորդորում են տրուել անիրաւութիւններով լի հաճոյքներին, որպէսզի նրանց մատնի յաւիտենական տանջանքներին, որն արդար Դատաւորի կողմից պատրաստուած է նրա ու նրան հնազանդուողների համար»:
Այս լսելով՝ բռնակալն առաւել բարկացաւ, եւ քանի որ ձմեռային խիստ եղանակ էր, ու առատ ձիւն կար, հրամայեց Տրիփոնին տանել եւ գցել մի ցուրտ դաշտի մէջ, իսկ ուղեկցող զինուորների բազմութեանը հրամայեց ճանապարհին նրան ձիերի ոտքի տակ գցել: Իսկ սուրբն այդ սոսկալի տանջանքների մէջ լիասիրտ ուրախութեամբ գոհանում էր Աստծուց: Երկար ժամեր տանջանքներ կրելուց յետոյ սուրբը կանչեց Տիրոջն ու ասաց. «Տէ՜ր, սա մեղք մի՛ համարիր սրանց, քանզի չգիտեն, թէ ինչ են անում»:
Սրանից յետոյ դարձեալ նրան կանգնեցրին ատեանի առջեւ: Բռնակալն ասաց նրան. «Սթափուի՛ր քո յիմարութիւնից, ապա թէ ոչ, ես առաւել կը սաստկացնեմ քո չարչարանքները եւ կը զրկեմ քեզ այս քաղցր կեանքից»: Սուրբ Տրիփոնն ասաց. «Ես սթափ էի Քրիստոսի շնորհով, սթափ եմ նաեւ հիմա, եւ ուրախ եմ յանուն Տիրոջ այս չարչարանքների համար, որքան էլ դրանք սաստկացնես, քանզի շատ չարչարանքներով ինձ համար կը բազմանան յաւիտենական Թագաւորի կողմից պատրաստուած պարգեւները»: Բռնակալը, տեսնելով քաջ նահատակի հաստատուն միտքը, հրամայեց նրան բանտ տանել ու առանց տանջանքների թողնել մի վայրում, որպէսզի թերեւս ինքն իրեն դարձի գայ եւ ընդունի իրենց կամքը: Մի քանի օր անց, երբ նրան դարձեալ ատեան բերեցին, բռնակալն ասաց. «Կարծում եմ, որ խրատուել ես, եւ քո մոլորութիւնից կուռքերի պաշտամունքին դառնալու համար յոյժ օգտակար եղաւ քեզ հանգիստ ժամանակ շնորհելը»: Սուրբ Տրիփոնն ասաց. «Ես խրատուել եմ դեռեւս իմ մանկութիւնից, որի համար արհամարհեցի ձեր կուռքերը եւ սիրեցի Աստծուն, Ով արարեց երկինքն ու երկիրը: Ես օրհնում եմ Նրան, փառաւորում եմ եւ երկրպագում ու մնում եմ Նրա Պատուիրանների մէջ, քանզի ով ուրանայ, ուրացուած կը լինի Աստուծոյ առջեւ, որ երկնքում է»:
Այս խօսքերից սրտմտելով՝ բռնակալը հրամայեց բերել երկաթէ գամեր եւ ցցել նրա ոտքերի մէջ: Այդպէս ողջ օրը նրան քայլեցրին քաղաքի փողոցների ձեան վրայով, սակայն Քրիստոսի քաջ նահատակը յաւիտենական կեանքը ժառանգելու ակնկալիքով առանց վհատուելու ու մեծ ուժով հաստատուն մնաց հաւատի մէջ: Իսկ բռնաւորը, զարմանալով սուրբի համբերութեան վրայ, մտածում էր նրան այլ տանջանքների մատնել: Մերկացնել տուեց նրան, ձեռքերը կապել տուեց յետեւում եւ տասը հոգու հրամայեց գաւազաններով հարուածել: Սակայն այս անգամ եւս չկարողացաւ սուրբին խոնարհեցնել իր կամքին: Ապա հրամայեց ջահերով այրել նրա կողերը:
Եւ մինչ երանելին այս տանջանքների մէջ էր, հաւատացեալներից շատերը տեսան սուրբին՝ պայծառ լոյսի մէջ եւ զարդարուած անպատմելի գեղեցկութեամբ: Քանզի Լոյս ծագեց սուրբի վրայ, ծաղկէ պսակ դրուեց նրա գլխին, իսկ դէմքը շողաց լուսափայլ ճառագայթներով: Այս տեսնողներն օրհնութիւններ մատուցեցին Աստծուն, իսկ Աստուծոյ սուրբը կախաղանի վրայից ձեռքերը բազկատարած երկինք բարձրացրեց ու աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր Աստուած, Յիսո՛ւս Քրիստոս, թող ինձ վրայ չզօրանայ չարը` իր գործակիցներով հանդերձ, քանզի կամենում է չարչարելով հեռացնել ինձ Քո սուրբ կամքից: Արժանաւորի՛ր ինձ դասուել Քո հօտի ընտրեալների հետ եւ ստանալ անապական պսակը, որ խոստացար Քո սուրբ ծառաներին»: Այնժամ բռնակալն ասաց նրան. «Ի՞նչ ունես ասելու կամ ի՞նչ ես մտադիր անել, որ անդրդուելի ես մնում քո կամաւոր չարչարանքների մէջ ու գնում ես դէպի մահը: Արդ, ասա՛ ինձ, հնազա՞նդ ես ինքնակալի հրամանին»: Սուրբը պատասխանեց. «Շատ անգամներ լսեցիր ինձնից եւ ինչո՞ւ ես դարձեալ հարցնում: Կենդանի է Աստուած, որ երկնքում է: Ես Նրան եմ միայն պաշտում ու միայն Նրանից երկիւղում եւ ոչ այլ մէկից»:
Այս լսելով՝ Եպարքոսը համոզուեց, որ նա անսասան է, ու հրապարակաւ սուրբի համար մահավճիռ արձակեց՝ ասելով. «Փռիւգիացի Տրիփոնը քրիստոնեայ լինելու համար, ըստ կայսեր հրամանի, բազում չարչարանքներ կրեց, սակայն չընդունեց ինքնակալի հրամանը, որի համար արքունական ատեանը հրամայում է նրան սրով մահապատժի ենթարկել»:
Երբ սուրբին բերեցին նահատակութեան վայրը, նա դահիճներին խնդրեց իրեն փոքր-ինչ ժամանակ տալ: Եւ բարձրացնելով իր ձեռքերը՝ աղօթեց Տիրոջը՝ ասելով. «Գոհանո՛ւմ եմ Քեզանից, Տէ՛ր ամենակալ, որ ինձ մանկուց առաջնորդեցիր գնալ արդարութեան ճանապարհով ու կատարել Քո բարի կամքը: Դու ինձ զօրութիւն տուեցիր դեւերի վրայ եւ շնորհեցիր Քո Խօսքով հալածել նրանց, նրանց հետ պատերազմելիս երեւելի յաղթող դարձրիր Քո ծառային ու ամենուր նկուն եւ ամօթահար դարձրիր նրանց: Արդ, խնդրում եմ Քեզ, Տէ՜ր, իմ վախճանից յետոյ թող Քո ողորմութեան այս շնորհը մնայ չար այսից վտանգուած այն հաւատացեալների վրայ, որոնք կը յիշեն Քո ծառայ Տրիփոնի անունը: Իսկ ինձ՝ Քո անարժան ծառայիս, ում արժանացրիր չարչարուել ու մեռնել Քո սուրբ անուան համար, ընդունիր Քո սուրբ վկաների դասում, որոնց մահը փառաւորուած է Քո Տէրութեան առջեւ, որպէսզի նրանց հետ արժանի լինեմ փառաւորելու Քեզ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն»:
Երբ վերջացրեց աղօթքը, Քրիստոսի փառաւոր վկայ սուրբ Տրիփոնը գովելի ու անուանի վկայութեամբ ընդունեց ի Քրիստոս իր նահատակութիւնը փետրուարի սկզբին` Տիրոջ մօտ 250 թուականին: Իսկ քրիստոնեաները, ովքեր գտնւում էին Նիկիայում, ծածուկ վերցրին նրա մասունքները եւ տապանակի մէջ դնելով՝ նաւով ուղարկեցին իր գիւղը, ինչպէս որ ինքը նախապէս պատուիրել ու իրենից յետոյ յայտնել էր երազով: Այնտեղ դրուեց մի նշանաւոր վայրում, սակայն ժամանակ անց տեղափոխուեց Արեւմուտք:
Եւ Աստուած նրա մասունքների մօտ, նաեւ այլ բազում տեղերում սուրբի զօրաւոր բարեխօսութեամբ բժշկում էր այսահարներին, ախտաժէտներին ու վտանգուածներին:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 64:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: