Պարծեսցին սուրբքն փառօք եւ ցնծասցեն ի հանգիստս իւրեանց.
քանզի ընդ հուր եւ ընդ սուր անցուցին
զմարմինս իւրեանց:
Սուրբ զարիւնս իւրեանց հեղին, չարչարանացն համբերեցին
եւ զսպառնալիս բռնաւորաց անարգեցին յաշխարհի:
Արդ եկայք հաւատացեալք՝ կատարեսցուք զյիշատակ սոցա.
քանզի սոքա են մեզ բարեխօս
յԱրքայութեանն Աստուծոյ:
(Շարակնոց)
Պանծալի կոյսը եւ Քրիստոսի ճգնաւոր վկայ Եւգինէն, որի անունը թարգմանւում է «ազնուատոհմիկ», ապրել է Բ դարի վերջում Հռոմ քաղաքում: Նա դուստրն էր Փիլիպպոս անունով մի ազնուական մարդու, եւ աչքի էր ընկնում իր իմաստուն մտքով ու պարկեշտ վարքով: Ըստ հեթանոսական կարգի՝ Եւգինէն մանկուց քաջածանօթ էր լատինական ու յունական դպրութեանը, որովհետեւ ինքը եւ իր ծնողները դեռեւս անծանօթ էին ճշմարիտ աստուածպաշտութեանը:
Պատահեց այնպէս, որ հռոմէական Կոմոդոս կայսրը, իր ինքնակալութեան տարիներին Եւգինէի հօրը՝ մեծապատիւ Փիլիպպոսին, եպարքոսութեան աստիճան շնորհելով, ուղարկեց Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, որպէսզի տեղի ապստամբ բնակչութեանը հպատակեցնի հռոմէական կայսրութեանը: Եւ նա եկաւ իր կնոջ՝ Կղօդիայի, երկու որդիների՝ Սերգիոսի եւ Ապիտօնի, դստեր՝ Եւգինէի, ընտանիքի սպասաւորների ու արքունի գնդի հետ եւ քաջութեամբ ու իմաստութեամբ կարողացաւ նուաճել ողջ Եգիպտոսը` ի սէր եւ ի հնազանդութիւն հռոմէական կայսրութեան:
Ժամանակ անց, երբ Փիլիպպոս եպարքոսը հաստատուեց իր իշխանութեան մէջ, կամեցաւ այնտեղ՝ Ալեքսանդրիայում, ամուսնացնել դստերը՝ Եւգինէին, քանզի մեծամեծներից շատերն էին կամենում իրենց որդիների համար նրան կնութեան տանել՝ նրա անհամեմատ վայելչագեղութեան, իմաստութեան ու համեստութեան համար, որոնցով փայլում էր: Բայց Եւգինէն չէր կամենում հեթանոսի կին լինել, քանզի իր իմաստութեամբ օրըստօրէ տեսնելով հեթանոսական պաշտամունքների սնոտիութիւնը՝ սկսեց ծածկապէս հանդիպել քրիստոնեաների հետ ու փոքրիշատէ ծանօթանալ քրիստոնէական ճշմարիտ հաւատին: Սկսեց յաճախակի Սուրբ Գիրք եւ սուրբերի վարքեր ընթերցել: Յատկապէս կարդալով սուրբ Պօղոսին աշակերտած սրբուհի Թեկղիի պատմութիւնը՝ տիրապէս լուսաւորուեց ի վերուստ, բոցավառուեց սիրտը, եւ կամեցաւ հետեւել Քրիստոս երկնաւոր Փեսային: Անդադար շուրթերին էին սաղմոսի այն խօսքերը, թէ՝ «Հեթանոսների կուռքերը դեւեր են ու մարդկանց որդիների ձեռքի գործ, բայց Տէրն արարեց երկինքը»: Միայն թէ վախենում էր իրեն յայտնել ծնողներին, որպէսզի նրանք նեղութիւններ չպատճառեն քաղաքում ապրող քրիստոնեաներին:
Իսկ հայրը թախանձանքներով համոզում էր Եւգինէին ամուսնանալ Ակիւղոս անունով մի հռոմէացու հետ, ով, ինչպէս հայրն էր ասում, ազնուական ծագում ունէր եւ հիւպատոսի որդի էր, սակայն պարկեշտ ու իմաստուն կոյսը պատասխանեց իր ծնողին. «Փեսայի ընտրութիւն պէտք է անել ոչ թէ ըստ իր ազնուականութեան կամ իր ազգատոհմի մեծութեան, այլ ըստ իր գովելի առաքինութեան: Ուստի մի՛ ստիպիր ինձ ընտրել մեծահարուստի որդու, այլ սպասիր, մինչեւ կը գտնուի այլ մէկը, ով վկայուած կը լինի իր բարեպաշտութեամբ եւ կատարելութեամբ»: Եւ երբ ծնողներն որպէս այդպիսի մէկին առաջարկում էին նրան, Եւգինէն այլ պատճառներ էր բռնում եւ խափանում ծնողների մտադրութիւնը: Իսկ նրանք անտեղեակ էին նրա խորհուրդներին, չգիտէին, որ նա հաստատապէս մտադրուել էր երբէք չմտնել աշխարհի կարգի մէջ, այլ կուսական մաքրութեամբ հարսնանալ Երկնաւոր Փեսային: Այդ պատճառով Եւգինէն հնար էր փնտրում խոյս տալ հօր տնից ու ընդունել քրիստոնէութեան կնիքը:
Այդ նպատակով մի օր Եւգինէն խնդրեց ծնողներին, որ իր երկու հաւատարիմ ներքինիների հետ, որոնց անուններն էին Պռոտոս եւ Յակինթոս, գնայ դաշտ: Եւ երբ ճանապարհ ընկան, Եւգինէն սկսեց իմաստութեամբ խօսել ներքինիների հետ ու ասել, որ փրկութեան եւ երանութեան ճանապարհն այն է, որով քայլում են Քրիստոսին հաւատացողները, իսկ հեթանոսներն ու նրանց ձեռագործ կուռքերին ծառայողները մոլորուած են, շրջում են խաւարի մէջ եւ կուրօրէն ու անմտութեամբ դէպի կորուստ են գնում: Եւ բազում այլ արժանի խօսքեր ասելով՝ աւելացրեց. «Մինչ այժմ ինձ տիրուհի էիք համարում, սակայն այսուհետեւ կը լինենք հաւասար եղբայրներ ու կը ծառայենք ճշմարիտ Աստծուն: Արդ, լսել եմ որ այս կողմերում է բնակւում սուրբ Յեղինոս եպիսկոպոսը, ում միջոցով Աստուած մեծամեծ նշաններ եւ գործեր է անում: Գնանք նրա մօտ, ու նա մեզ ցոյց կը տայ փրկութեան ճանապարհը»:
Բայց քանի որ անկարելի էր կանացի կերպարանքով գնալ, ուր կամենում էին, կտրեց իր մազերը, ինչպէս արդէն որոշել էր, եւ առնացի կերպարանք առաւ: Միասին ճանապարհ ընկան, եւ ոչ ոք չէր կարողանում ճանաչել Եւգինէին, որովհետեւ նա նմանուել էր ներքինիներին: Երբ անցնում էին քաղաքից դուրս գտնուող աւաններով, ուր բնակւում էին քրիստոնեաները, լսեցին նրանց պաշտամունքի ձայները. «Իսրայէլացիները ելան Եգիպտոսից. ալէլուիա... Աստուած, որ եկնքում է եւ երկրի վրայ, արարեց այն ամէնը, ինչ կամեցաւ... Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են եւ մարդկանց ձեռքերի գործ ...»:
Առաջ գնալով՝ տեսան, որ քրիստոնեայ սպասաւորների բազմութիւնը, որոնց մէջ էր նաեւ Յեղինոս եպիսկոպոսը, սաղմոսերգելով գնում էր դէպի վանք: Նրանք երգում էին. «Խոստովանեցէք Տիրոջը... Տէրն առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որպէսզի հասնեն իրենց բնակութեան քաղաքը»: Այնժամ Եւգինէն ներքինիներին ասաց. «Սաղմոսի այս տողերը վկայում են, որ ուղիղ է մեր ճանապարհը, եւ այն մեզ համար Տէրն է պատրաստում: Քանզի նախ երգում են իսրայէլացիների՝ Եգիպտոսից ելքի, գերութիւնից ազատութեան, կուռքերի ստութեան մասին, որոնց գերի են դարձել հեթանոսները, եւ ապա` ճշմարիտ ազատութեան մասին, երբ պաշտում են միմիայն մի Արարչի՝ երկնքի ու երկրի Արարողին: Երգում են նաեւ ուղիղ ճանապարհի մասին, որը տանում է դէպի Աստուած՝ դէպի երկնային վերին Քաղաք: Արդ, եկէք խառնուենք Տիրոջը փառաբանողների դասին ու գնանք նրանց յետեւից, ուր որ կը տանեն նրանց ոտքերը»:
Երբ մօտեցան ամբոխին, հարցրին, թէ ո՞վ է այն ծերունին, ով գնում է բազմութեան մէջ՝ նստած աւանակի վրայ: Նրանց յայտնեցին, որ նա Յեղինոս եպիսկոպոսն է՝ մի սուրբ եւ հրաշագործ այր, ով, պայքարելով մի կախարդի հետ, մտել է հրի մէջ ու անվնաս դուրս եկել: Յոյժ ուրախացան Եւգինէն եւ ներքինիները, քանզի ում փնտրում էին, շուտ յաջողուեց գտնել: Նրա յետեւից գնացին մինչեւ վանք ու առանձին մօտենալով եպիսկոպոսին՝ ընկան նրա ոտքերը եւ աղաչեցին ուսուցանել իրենց փրկութեան տանող հաւատը: Նրանք ասացին. «Մենք հեթանոսներ ենք ու կամենում ենք կանգնել աստուածգիտութեան ճշմարիտ ճանապարհին»: Իսկ եպիսկոպոսը, աստուածային յայտնութեամբ կանխապէս իմանալով նրանց գալստեան մասին, նրանց ընդունեց մեծ մարդասիրութեամբ եւ իբրեւ անտեղեակ՝ հարցրեց. «Որտեղի՞ց էք, ո՞ր ազգից, ու ի՞նչ են ձեր անունները»: Եւգինէն պատասխանեց եւ ասաց. «Ազգութեամբ հռոմէացի ենք ու բնակւում էինք Հռոմ քաղաքում: Այս եղբայրներից մէկը Պռոտոսն է, միւսը՝ Յակինթոսը, իսկ ես՝ քո ծառան, Եւգինէոսն եմ»: Այնժամ եպիսկոպոսն ասաց. «Արդարեւ, լաւ ես կոչուած Եւգինէոս պատուական անուամբ, քանզի գործեցիր ինչպէս ազնուատոհմիկ՝ քաջութեամբ թողնելով կուռքերին եւ գնալով Քրիստոսի յետեւից: Տէրն ինձ ցոյց տուեց, որ Իր անուան փառքի համար դու պիտի անցնես բազում փորձութիւնների միջով: Ուստի զօրացիր, քանզի Տէրը քեզ հետ է ու չի թողնի քեզ: Իսկ քո երկու ընկերները, ովքեր մինչ այժմ կոչուած էին ծառայութեան, Քրիստոսի հետ բարեկամութիւնից վեր պիտի ելնեն, քանզի Ինքը՝ Տէրը, Իր հաւատարիմ ծառաներին ասում է. «Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, այլ բարեկամներ»:
Եւ Աստուծոյ այրը այլ բազում հոգեշահ խօսքեր ասաց նրանց: Օրեր անց Տիրոջ անուամբ մկրտեց նրանց եւ ասաց. «Թող այս աղքատ վանքում միւս եղբայրների հետ ձեզ առանձին բնակութեան տեղ լինի: Իսկ ես այստեղ չեմ բնակւում, այլ միայն այցելութեան եմ եկել»: Ու նրանց յանձնելով վանահօրը՝ գնաց: Նրանք մեծ ուրախութեամբ գոհացան Աստծուց եւ եպիսկոպոսից ու մնացին վանքում` իբրեւ Տիրոջից պարգեւուած արքունի պալատում:
Իսկ ծնողները, տեսնելով, որ Եւգինէն չվերադարձաւ որոշուած ժամին, մարդիկ ուղարկեցին՝ որոնելու նրան, սակայն նրանք վերադարձան ձեռնունայն: Մեծ ջանքերով որոնեցին նաեւ այլ տեղերում, սակայն զուր, որի համար ընկան անտանելի սուգի ու մեծ տրտմութեան մէջ: Ծնողները դառնապէս լաց էին լինում իրենց աննման դստեր համար, եղբայրները՝ սիրելի քրոջ համար, ծառաները՝ իրենց տիրուհու համար: Այնժամ որոշ քրմեր, սուտ հրապոյրներ բանեցնելով, համոզեցին ծնողներին, որ իրենց դստերն իր գեղեցկութեան եւ իմաստութեան համար յափշտակել են կուռքերը: Տարուելով այս խորհրդով՝ Փիլիպպոսն իրեն սփոփելու համար շինել տուեց Եւգինէի ոսկեձոյլ արձանն ու նրան համարեց չաստուածուհիներից մէկը:
Իսկ սուրբ կոյս Եւգինէն, վերոնշեալ միաբանների վանքում առնացի կերպարանքով կրօնաւորելով, կոչուեց Եւգինէոս: Նա իր գործակիցների հետ օրըստօրէ արիութեամբ առաջադիմում էր առաքինութիւններ ձեռք բերելու եւ ճգնողական վարքի մէջ ու բոլորի համար բարի օրինակ էր լինում իր աղօթասիրութեամբ, պահեցողութեամբ, ժուժկալութեամբ եւ բարեպաշտութեամբ: Ունէր անբիծ վարքագիծ, հեզ ու խոնարհ էր ամէն բանում եւ ջերմ էր աստուածպաշտութեան մէջ, որի համար թէ՛ մեծերը եւ թէ՛ փոքրերը նրան Աստուծոյ հրեշտակ էին կոչում:
Երեք տարի անց վախճանուեց վանահայրը, ու եղբայրները որոշեցին նրա փոխարէն կարգել Եւգինէին, ով թէպէտ երիտասարդ էր, սակայն նրան գերազանց էին տեսնում շատ քրիստոնեաներից, իսկ իր առաքինութիւններով յաղթող՝ իրենից տարէցներից: Այդ պատճառով բոլորն ակնկալում էին նրան ունենալ որպէս միաբանութեան առաջնորդ: Երբ նրան յայտնեցին այս մասին, երանելին, տարբեր պատճառներ բռնելով, հրաժարուեց, սակայն որքան նա ընդդիմանում էր, այնքան նրանք առաւել էին հաստատւում իրենց որոշման մէջ: Այնուամենայնիւ, ստիպեցին նրան հնազանդուել իրենց: Այնժամ Եւգինէն բերել տուեց սուրբ Աւետարանը եւ ասաց եղբայրներին. «Արժան է, որ Աստուծոյ ծառաներն իրենց բոլոր գործերում առաջնորդ ունենան մեր Փրկչին՝ Քրիստոսին: Եւ արդ, տեսնենք, թէ որն է Նրա կամքը ձեր ընտրութեան հարցում»: Երբ բացեց Սուրբ Գիրքը, հանդիպեց Տիրոջ այն խօսքերին, որ ասում են. «Ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի, եւ ձեզնից ով կը կամենայ առաջինը լինել, ձեր ծառան պիտի լինի» [Մատթ. Ի 26]: Այս խօսքերին Եւգինէն աւելացրեց. «Արդ, քանի որ ստիպում էք ինձ ընդունել այդ սպասաւորութիւնն ու ծառայութիւնը, ապա ինձ բոլորից յետինը դասելով՝ ես չեմ հրաժարուի հնազանդ լինել ձեզ՝ ըստ տէրունական այս հրամանի»:
Եւ ինչպէս որ ասաց, այնպէս էլ արեց գործով, քանզի թէպէտ վանահայր կարգուեց, սակայն բոլորի առջեւ խոնարհեցնում էր իր անձը: Վանքի բոլոր գործերում բոլորից առաջ էր անցնում ու բոլորին իր նման ջերմեռանդ դարձնում: Ծառայում էր բոլորին ամենայետին գործերում, ջուր էր բերում վանքի համար եւ փայտ կոտրում: Իր խուցն ընտրել էր այնտեղ, ուր դռնապանն էր նստում: Ու այս ամէնի հետ մէկտեղ բոլոր եղբայրների հոգու եւ մարմնի հոգսերը կրում էր մեծ խնամքով ու անթերի կերպով: Երբէք չէր խախտում գիշերային եւ ցերեկային աղօթքների կարգը: Եւ քանի որ սքանչելի էր բոլոր առաքինութիւնների՝ յատկապէս խոնարհութեան մէջ, Աստուած նրան բժշկութեան շնորհ տուեց, որով մարդկանցից հալածում էր դեւերին եւ բացում կոյրերի աչքերը: Անմիջապէս տարածուեց նրա համբաւը, ու սկսեցին նրա մօտ գալ շատերը, ովքեր, բժշկուելով իրենց զանազան ախտերից, տարածեցին ողջ Եգիպտոսում, թէ Աստուած հայր Եւգինէոսի ձեռքով մեծամեծ գործեր է անում:
Ալեքսանդրիայում կար Մելանա անունով մի մեծահարուստ հեթանոս կին, որը սինկղիտոսներից 1 մէկի դուստրն էր: Սա չորս օր տառապում էր տենդով եւ բժշկութեան միջոց չէր գտնում: Արդ, երբ շատերից լսեց, թէ ինչ հրաշքներ է գործում հայր Եւգինէոսը, եկաւ վանքի մուտքի մօտ ու աղաչեց սուրբին իր Աստծուց բժշկութիւն խնդրել իր համար: Սուրբը Քրիստոսի անուամբ եւ սուրբ Խաչի նշանով աղօթեց նրա համար ու իւղով օծեց նրան: Այնժամ զօրացաւ Մելանան եւ մարմնի կատարեալ բժշկութիւն ստանալով՝ մեծ գոհութեամբ հրաժեշտ տուեց ու հեռացաւ վանքից: Նա գնաց Ալեքսանդրիայից դուրս գտնուող իր կալուածքը, որը հեռու չէր Եւգինէի վանքից, վերցրեց երեք արծաթէ անօթներ, դրանք լցրեց դրամներով եւ որպէս նուէր՝ ուղարկեց Եւգինէին: Սակայն վերջինս մերժեց ընծայաբերին՝ ասելով. «Ասացէ՛ք ձեր տիկնոջը, որ Աստուծոյ սակաւապետ ծառաները ինչքի կարիք չունեն, քանզի մենք լի ենք Տիրոջ պարգեւած ամէն բարիքներով, իսկ եթէ նա կամենում է բարիք գործել, թող այն բաշխի կարօտեալներին»:
Երբ այս խօսքերը հասցրին Մելանային, նա տրտմեց, ապա անձամբ եկաւ երանելու մօտ ու աղաչեց, որպէսզի չարհամարհի իր տուրքը եւ խոստացաւ աւելին տալ: Սակայն Եւգինէն դարձեալ մերժեց ընծան ու խօսելով ի շահ նրա հոգու՝ արձակեց նրան: Իսկ չար կինը հոգելից խօսքերից օգտուելու փոխարէն սկսեց մոլեգնել ամօթալի խորհուրդներով, քանզի կարծելով, թէ Եւգինէն այր է, ցանկացաւ նրա վայելչատես գեղեցկութեանը: Չկարողանալով զսպել իր տռփանքը՝ անմտութեամբ հնար էր որոնում՝ նրան որսալու համար: Ուստի հիւանդ ձեւանալով՝ անկողին ընկաւ, որի համար լուր ուղարկեց Եւգինէին եւ աղաչեց նեղութիւն կրել ու այցելել իրեն: Եւ սուրբը միամիտ սրտով վեր կացաւ ու գնաց նրա մօտ: Այնժամ Մելանան սկսեց իր մթերուած վավաշոտ ցանկութեամբ հրապուրել նրան, որպէսզի կենակցել տայ իր հետ: Առաջարկեց լինել իր օրինաւոր ամուսինը՝ ասելով. «Շուտ կորցրած լինելով իմ ամուսնուն՝ չկայ մէկը, որ ժառանգի իմ մեծ ունեցուածքը»: Իսկ երանելին, իր հոգում զայրանալով նրա ապիրատ խօսքերից, խստօրէն սաստեց եւ յանդիմանեց նրան՝ ասելով. «Սանձի՛ր լեզուդ ու խցի՛ր բերանդ, որից ժահահոտութիւն է բուրում եւ թոյներ են թափւում: Աստուծոյ ծառաները հեռու են այդպիսի խորհուրդներից»: Ու երբ նա կամեցաւ լրբութեամբ մերձենալ սուրբին, երանելին քաջութեամբ հեռացրեց նրան իրենից եւ ասաց. «Յիրաւի դու Մելանա ես կոչւում (որը նշանակում է «սեւ թանաք»), քանզի դու ժանտ կին ես ու սատանայի զաւակ, գեհենի որդի եւ չարի ժառանգ: Հեռացի՛ր Աստուծոյ ծառայիցս»: Ու այս ասելով՝ հեռացաւ:
Այնժամ Մելանան, ամօթահար եղած, սաստիկ բարկութեամբ եւ թշնամութեամբ բորբոքուեց ընդդէմ իր բարերարի ու որոշեց նրան մատնել դատաւորի ձեռքը: Այդ նպատակով եկաւ Ալեքսանդրիա եւ համարձակուեց իր նաժիշտների հետ դիմել Փիլիպպոս եպարքոսին՝ Եւգինէի հօրը: Սկսեց չարախօսել սուրբից եւ ասել. «Քրիստոնեաներից այսինչ աբեղան նենգօրէն եկաւ իմ տուն, կամեցաւ բռնութեամբ պղծել իմ անկողինը եւ վարկաբեկել իմ հօր տան անունը: Ու եթէ ես ճչալով օգնութեան չկանչէի իմ նաժիշտներին, ապա չէի ազատուի նրա ձեռքից»: Եւ այլ բազում խօսքերով անամօթ կինը պարսաւեց սուրբին ու վանքում գտնուող միւս եղբայրներին:
Երբ եպարքոսը լսեց այս մասին, զօրականներ ուղարկեց վանք, որպէսզի բռնեն Եւգինէին եւ բոլոր վանականներին ու իր առջեւ բերեն: Երբ նրանք եկան, քաղաքում մեծ ամբոխ հաւաքուեց, եւ հեթանոսներն սկսեցին յոխորտալ ընդդէմ քրիստոնեաների: Եպարքոսի հրամանով մեծ բազմութիւն էր հաւաքուել այնտեղ, ուր պէտք է անմեղները պատուհասուէին իբրեւ չարագործներ: Եկան նաեւ շատ քրիստոնեաներ, որպէսզի կարողանային վերցնել սուրբերի՝ իբրեւ ճգնաւոր նահատակների մասունքները:
Արդ, երբ Եւգինէին կրօնաւորական սքեմով կանգնեցրին ատեանի առջեւ, Փիլիպպոս եպարքոսն սկսեց հարցաքննել նրան՝ ասելով. «Արդեօք ճշմարիտ են Մելանայի բողոքները քո դէմ: Դա՞ է ձեզ ուսուցանում ձեր Քրիստոսը, որ անխտիր մասնակից լինէք ամէն ապիրատութեան ու մինչեւ անգամ չակնածէք մեծազգի եւ պարկեշտ կանանցից»: Իսկ սուրբը կանգնել էր գլուխը խոնարհած, որ չճանաչեն իրեն, ապա սկսեց քաղցր ձայնով ու հեզութեամբ պատասխանել. «Մեր Տէր Յիսուս Քրիստոս, Ում ես ծառայում եմ, սրբութիւնների սրբութիւն է եւ մաքրութիւնների մաքրութիւն: Նա նոյնը մեզ պատուիրեց՝ լինել սուրբ ու անարատ հոգով եւ մարմնով, ու այդպիսիններին խոստացաւ մշտնջենաւոր կեանքում ունենալ Իր Աստուածութեան անճառելի տեսութիւնը: Արդ, եթէ Մելանան չարախօսեց իմ դէմ, ապա ուղիղ դատաստան անելու համար պէտք չէր, որ իմ տէրը միայն նրան դիւրալուր լինէր, այլ պէտք է լսէր երկու կողմերին: Եթէ քո ծառան յանցաւոր գտնուի, չեմ փախչի պատուհասից, իսկ եթէ անպարտ գտնուեմ այդպիսի ոճրալի չարախօսութիւնից, եւ իմ ոսոխը մեղաւոր համարուի, ապա աղաչում եմ, որ իմ պատճառով չարիք չհասցնես նրան, քանզի մեր օրէնքը մեզ պատուիրում է անոխակալ լինել, բարիք գործել մեր չարարարներին ու չարին չարութեամբ չհատուցել»:
Զարմացաւ եպարքոսը նրա իմաստուն պատասխանից, որին չէր սպասում, սակայն դժուարանում էր նրան հաւատալ, քանի որ առաւել ընդունում էր Մելանայի չարախօսութիւնները, ով համարձակօրէն պնդում էր իր խօսքերը՝ յոյս դնելով իր նաժիշտների վրայ, որոնց խրատել էր ատեանի առջեւ սուտ վկայութիւն տալ, ինչպէս որ արեցին. նրանք, առաջ գալով, ասացին. «Մի կերպ կարողացանք ազատել մեր տիկնոջը չար աբեղայի ձեռքից»: Այս վկայութիւնից եպարքոսը խռովուելով սպառնաց Եւգինէին եւ կամեցաւ դաժան մահուան վճիռ արձակել նրա համար, իսկ ընկերներին՝ խոշտանգել:
Այնժամ հառաչեց երանելին ու ասաց. «Կայ ժամանակ լռելու եւ կայ ժամանակ խօսելու: Արդ, եթէ լռեմ, միգուցէ իմ պատճառով արատաւորուի քրիստոնեաների սուրբ անունը: Ապա ուրեմն լաւ է, որ այս ժամին խօսեմ ու յայտնեմ ճշմարտութիւնը, որ փառաւորուի իմ Փրկչի անունը, եւ չպարծենայ չարը Քրիստոսի ծառաների վրայ»: Այս ասելով՝ համարձակ գոչեց. «Դու իմ հայրն ես` ըստ մարմնի, իսկ ես քո դուստրն եմ՝ Եւգինէն, ում կորած էիր համարում: Ես Քրիստոսի սիրոյ համար, արհամարհելով ամէն ինչ, ընդունեցի հրեշտակային այս կարգը: Մերկացայ աշխարհից ու այն ամէնից, ինչ կայ աշխարհում, եւ միայն Քրիստոսով զգեստաւորուեցի: Արդեօք իմ եղբայրները չե՞ն Ապիտօնն ու Սերգիոսը, ովքեր նստած են քո կողքին: Ո՞ւր է իմ մայրը՝ Կղօդիա տիկինը: Ահա այս երկու ներքինիները, որոնց տեսնում էք ինձ հետ, Պռոտոսն ու Յակինթոսն են, ովքեր ընկերացան ինձ հետ՝ գնալու Փրկչի վարդապետութեան յետեւից եւ գտնելու Կեանքը, որ կայ Յիսուս Քրիստոսի մէջ»: Եւ դեռ խօսքը չաւարտած՝ հայրը եւ եղբայրները դէմքից ու ձայնից անմիջապէս ճանաչեցին նրան: Շտապ մօտեցան, գրկեցին, համբուրեցին նրան եւ յորդ արտասուքներ թափեցին անակնկալ հանդիպման համար: Անմիջապէս լուր հասցրին նրա մօրը՝ Կղօդիային, թէ քո դուստրը կենդանի է: Մայրը շուտափոյթ եկաւ, ընկաւ նրա պարանոցով, ու մեծ ցնծութիւն եղաւ եպարքոսի տանը: Անպատմելի ուրախութիւնից լաց էին լինում նրանց բոլոր մերձաւորները:
Երբ այս լուրը տարածուեց ժողովրդի մէջ, փառաւորուեց Քրիստոսի անունը, եւ ամօթահար եղաւ չարը, քանզի ներկայ գտնուող հեթանոսներից ոմանք ասում էին. «Ճշմարիտ է Եւգինէի Աստուածը», որից քրիստոնեաները, համարձակութիւն առնելով, ասում էին. «Մի Տէր, մի Քրիստոս, մի հաւատ, մի մկրտութիւն: Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, Ով Իր իմաստութեամբ յայտնում է անյայտներն ու ծածուկները եւ իմաստուններին պահում խորագիտութեան մէջ: Քո Աջը, Տէ՛ր, զօրաւոր է ու փառաւորեալ, Քո Աջը, Տէ՛ր, կործանեց թշնամիներին»:
Այնժամ Փիլիպպոս եպարքոսը հրամայեց բերել թանկարժէք զգեստներ եւ ոսկեթել կերպասներ ու ստիպեց հագցնել դստերը: Նստեցրեց նրան բարձր գահին՝ տեսանելի բոլորի համար, որպէսզի ողջ բազմութիւնը տեսնի, որ նա ինքն է՝ իր սիրելի դուստրը, ով այդքան ժամանակ, հեռացած լինելով հայրական տնից, ընտրել էր նեղութիւններով լի դժուար կեանքը: Այդ օրը եպարքոսի ապարանքում եւ ողջ քաղաքում մեծ ուրախութիւն եղաւ: Իսկ այն ամօթապարտ չարախօսը՝ Մելանան, համակուելով հոգու դառնութեամբ, ինքնահալած փախաւ ատեանից ու թաքնուեց՝ սենեակից սենեակ փախչելով: Իսկ բարձրեալն Աստուած, Ով չի ողորմում անզեղջ անիրաւներին, նախատինքի առարկայ դարձրեց նրան բոլորի համար, քանզի հուր իջաւ Բարձունքներից, եւ բոցակիզուեց նրա ամբողջ տունն ու ունեցուածքը, որից անհաւատները զարհուրելով ճշմարտապէս վկայեցին Եւգինէի հաւատը, եւ նրանցից շատերը յետ դարձան իրենց մոլորութիւններից:
Սրանից յետոյ Եւգինէն ծնողներին ու եղբայրներին լուսաւորեց Սուրբ Գրքի աստուածային խօսքերով եւ Տիրոջ շնորհներով նրանց քրիստոնեաներ դարձրեց: Եպարքոսն իր ողջ ընտանիքով ընդունեց սուրբ Մկրտութիւնը, իսկ Եւգինէն դարձեալ կրօնաւորի կանացի զգեստներ հագաւ: Այնուհետեւ Ալեքսանդրիայում բազմացան հաւատաւորները, եւ Եգիպտոսի կողմերում յոյժ համարձակութիւն ստացան քրիստոնեաները: Սակայն այս ամէնի մասին Փիլիպպոսը պէտք է տեղեկացնէր կայսրին, որին գրեց. «Ինքնակալիդ տէրութեան համար մեծ օգուտ է քրիստոնեաներին խաղաղութեամբ պահելը եւ նրանց չարգելելը՝ համարձակ պաշտել իրենց կրօնը, քանզի որքան նրանք հաւատարիմ են լինում իրենց Օրէնքին, այնքան առաւել սիրով են ծառայում նաեւ իրենց մարմնաւոր տէրերին»: Իսկ կայսրը, ով վստահում էր Փիլիպպոսին, ամէն ինչ յանձնեց նրա տնօրինութեանը: Սակայն երբ Եգիպտոսում քրիստոնեաներն սկսեցին զօրանալ, որոշ հեթանոս պաշտօնեաներ, չարանալով նրա դէմ, գնացին Հռոմ ու նոր ինքնակալի եւ նրա գահակցի առջեւ (որոնք, ըստ ոմանց, Սեւերիոսն ու Անտօնիոսն էին, իսկ ըստ ոմանց էլ՝ Վոլուսիանոսը եւ Գաղենոսը) ամբաստանեցին Փիլիպպոսին՝ ասելով, թէ եպարքոսը թողել է կուռքերի պաշտամունքը ու պաշտում է ոմն Խաչեալի: Աւելացրին նաեւ, թէ նազովրեցիների աղանդին սատարելու համար նա գործում է ընդդէմ ձեր հրամանի եւ զանց առնում արքունի որոշումները:
Այնժամ թագաւորը նրան մի սպառնալից ու կշտամբող նամակ գրեց, ուր ասում էր. «Մեզ նախորդող ինքնակալը եւ մեր դիւցազուն հայրը քեզ մեծապէս ու շուքով պատուեց եպարքոսութեան կարգով՝ որպէս կուռքերին եւ արքունի հրամաններին հաւատարիմ պաշտօնեայ, ու մինչեւ անգամ իր մարդասիրութեամբ Եգիպտոսում վերակացութեան համար թագաւորի պէս ազատ իշխանութիւն տուեց: Մենք եւս պահում էինք քեզ ընձեռուած այդ պատիւը եւ կամենում տալ աւելին, քան որ ունես: Բայց քանի որ իմացանք, որ օտարացել ես քո հայրենի կրօնից ու համարձակւում ես գործել ընդդէմ աստուածների եւ ինքնակալների, ապա հրամայում ենք, որ կա՛մ ընդունես մեր նախկին օրէնքներն ու վայելես քո պատիւը, որ ունես, կա՛մ էլ հեռացուես քո իշխանութեան աթոռից եւ ամբողջապէս զրկուես քո ունեցուածքից»:
Երբ Փիլիպպոսը ստացաւ այս հրամանը, իբր հիւանդութեան պատճառով մի քանի օր յապաղեց պատասխանել ու այդ ընթացքում գաղտնապէս վաճառեց իր մեծ ունեցուածքը: Ամբողջը բաշխեց Եգիպտոսի տարածքով մէկ գտնուող աղքատներին եւ ապա ինքնակամ հրաժարուելով եպարքոսութեան իշխանութիւնից՝ ինքնակալներին զեկուցեց, որ իր տեղում մէկ ուրիշին նշանակեն: Իսկ ինքն իր ընտանիքով հեռացաւ քաղաքից դուրս գտնուող մի վայր, ուր շատ քրիստոնեաներ էին բնակւում: Եւ քանի որ նա զգօն էր, ունէր առաքինի վարք եւ ջերմ էր աստուածպաշտութեան մէջ, նրան ընտրեցին Եգիպտոսի տարածքի եպիսկոպոս: Այսպէս նա աշխարհական առաջնորդութիւնից անցաւ եկեղեցական հովուապետական կարգի՝ փայլելով հաւատով ու բարի գործերով եւ մինչեւ անգամ Տիրոջ անուամբ հրաշագործելով հիւանդների ու այսահարների վրայ:
Սրանից յետոյ թագաւորը որպէս վերակացու Ալեքսանդրիա ուղարկեց ոմն զօրապետ Պերեննիոսին եւ պատուիրեց սպանել Փիլիպպոսին, բայց ձեռք չտալ երկրի ժողովրդին, որպէսզի մեծ խռովութիւն չընկնի: Իսկ նա, քաղաք գալով, խորհում էր, թէ ինչպէս դաւադրաբար սպանի Փիլիպպոսին: Այդ չար գործն անելու համար քրիստոնեաների կերպարանքով ծպտուած նրա արբանեակները մտան Եկեղեցի, ուր Փիլիպպոս եպիսկոպոսը պաշտամունքի կարգն էր մատուցում եւ տաճարում մահացու հարուած հասցնելով՝ վիրաւորեցին նրան: Հարուածից երեք օր անց երանելին աւանդեց իր հոգին Աստուծոյ ձեռքը՝ արժանանալով վկայական մահուան եւ հայրապետական պսակին: Նա եպիսկոպոսութիւնը վարեց մէկ տարի ու երեք կամ չորս ամիս: Իսկ սուրբ կոյս Եւգինէն իր երանելի հօրը թաղեց տեղի գերեզմանոցում, որը Կղօդիան կառուցել էր տուել օտարականների համար:
Փիլիպպոսի վախճանից յետոյ նրա ընտանիքն այլեւս հանգիստ չունեցաւ Եգիպտոսում, որի համար Կղօդիան, նրա երկու որդիները՝ Սերգիոսը եւ Ապիտօնը, Եւգինէն ու երկու ներքինիները որոշեցին վերադառնալ իրենց հայրենի քաղաքը՝ Հռոմ: Եւ թէպէտ սկզբում այնտեղ իրենց օտար էին զգում, բայց քանի որ ունէին հին ծանօթներ ու հռոմէացի մեծամեծ պաշտօնեաներ, սրանք, առանց իմանալու նրանց քրիստոնեայ լինելու մասին, ընդունեցին մեծ սիրով եւ ջերմութեամբ. մինչեւ անգամ Ապիտոնին հիւպատոսի, այսինքն՝ բդեշխի կոչում տուեցին, իսկ Սերգիոսին Ափրիկէում փոխանորդ կարգեցին:
Իսկ սուրբ կոյս Եւգինէն, մօր ու ներքինիների հետ առանձնանալով տանը, փայլում էր առաքինութեան գործերով, կրթւում եւ առաւել կատարեալ դառնում բարեպաշտութեան ընթացքի ու մենակեցութեան վարքի մէջ: Իր սքանչելի օրինակով, աստուածիմաստ եւ հոգեշահ խօսքերով նա Հռոմի շատ օրիորդների դարձնում էր Քրիստոսի հաւատին, որոնցից երեւելի եղաւ Բասիլան (կամ Վասիլան, որի անունը թարգմանւում է «թագուհի»): Նա թագաւորի ազգականներից էր ու աչքի էր ընկնում իր իմաստութեամբ եւ ուշիմ մտքով: Լսելով Եւգինէի բարի համբաւի մասին՝ ծածկաբար եկաւ նրա մօտ ու նրանից լսելով փրկութեան տանող ճշմարիտ ճանապարհի մասին՝ կամեցաւ աշակերտել նրան: Բայց չմատնուելու համար վախենում էր մնալ նրա մօտ կամ երթեւեկել, ուստի խնդրեց Եւգինէին, որ իբր սպասաւորութեան համար իր մօտ ուղարկի իր ներքինիներին, որպէսզի աւելի հաստատուի քրիստոնէական կարգի մէջ:
Եւ Եւգինէն Պռոտոսին ու Յակինթոսին՝ որպէս սպասաւորներ, ուղարկեց Բասիլայի մօտ, ով, ընդունելով նրանց, կարգեց իր տան ծառաների հետ, սակայն նրանց՝ իբրեւ Քրիստոսի առաքեալների, առանձնակի պատիւ ընծայեց: Նրանցից յաճախ լսում էր Աւետարանի Խօսքը եւ զօրանում հաւատի մէջ: Ապա հանդիպելով հայրապետին, ով, ըստ ոմանց, Կիպրիանոս եպիսկոպոսն էր, իսկ ըստ ոմանց՝ Հռոմի Կոռնելիոս քահանայապետը, աւելի լուսաւորուեց ու ընդունեց սուրբ Աւազանի մկրտութիւնը: Հաստատուելով Քրիստոսի հաւատի մէջ՝ իր մէջ ուխտեց մինչեւ մահ անարատ պահել կուսական մարգարիտը եւ արհամարհել աշխարհի կարգը, որի մէջ կամենում էին նրան մտցնել իր մերձաւորները՝ ամուսնացնելով ոմն ազնուական Պոմպէոսի հետ:
Եւ այնուհետեւ ամէն առիթի դէպքում սուրբ կոյսերը՝ Եւգինէն ու Բասիլան, գաղտնաբար այցելում էին միմեանց, քաջալերում իրար եւ յորդորում յարատեւել Աստուծոյ բարեհաճ կամքով: Ժամանակ անց սուրբ Եւգինէն տեսիլքի մէջ տեսաւ Բասիլա կոյսի մարտիրոսութիւնը, իսկ Բասիլան տեսաւ մի լուսատեսիլ այր, ով Եւգինէին երեք պսակներ տուեց. մէկը՝ Ալեքսանդրիայում ճգնութիւնների համար, միւսը՝ Հռոմում մարտիրոսութեան համար, իսկ երրորդը՝ մաքուր կուսութեան համար: Եւ իւրաքանչիւրը, միմեանց պատմելով այն, ինչ տեսել էր, յոյժ ուրախ եղաւ ի Տէր:
Իսկ Բասիլայի աղախիններից մէկը գնաց Պոմպէոս իշխանի մօտ, ով կամենում էր ամուսնանալ Բասիլայի հետ ու մատնեց նրան՝ ասելով. «Իմ տիրուհին, հրապուրուած լինելով Եւգինէի ուսմունքով, չի կամենում ամուսնանալ քեզ հետ»: Պոմպէոսը շատ ջանքեր գործադրեց միջնորդ մարդկանց միջոցով մտափոխել կոյսին, սակայն չկարողացաւ, որի համար թագաւորի մօտ ամբաստանեց Եւգինէին, թէ՝ «Նա հրապուրանքներով բոլորին դարձնում է դէպի իր Աստուածը եւ կանանց թոյլ չի տալիս մերձաւորուել տղամարդկանց: Եւ եթէ արգելուեն ամուսնութիւնները, ապա ինչպէ՞ս կÿաճի հռոմէական կայսրութիւնը, կամ ինչպէ՞ս կը յաղթենք օտարածին թշնամիներին»: Այնժամ զայրացած թագաւորը հրամայեց Պոմպէոսին. «Եթէ Բասիլան չհամաձայնուի ամուսնանալ, դատաւորի ձեռքով նրան մահուան մատնիր, իսկ Եւգինէին ես ինքս արդարօրէն կորստեան կը մատնեմ»: Պոմպէոսը դարձեալ փորձեց վհուկների եւ պառաւների միջոցով ազդել Բասիլայի վրայ, սակայն չկարողացաւ ու բազում ողոքիչ եւ ապա սպառնալից խօսքերից յետոյ սրով կտրել տուեց նրա գլուխը:
Սրանից յետոյ կայսրը հրաման տուեց քաղաքի Նիկետիոս դատաւորին, որ տանջանքներով փորձի Եւգինէին ու նրա գործակիցներին եւ ապա մահուան մատնի: Դատաւորը կանչեց նրանց, տարաւ կռատուն, որպէսզի երկրպագեն ու զոհեն կուռքերին, սակայն սուրբերը յանձն չառան նրա հրամանը, այլ աղօթեցին, եւ ահա նոյն պահին բոլոր կուռքերը ցած ընկնելով փշրուեցին: Անօրէնները բարկանալով անմիջապէս հատեցին երկու ներքինիների՝ Պռոտոսի ու Յակինթոսի գլուխները, իսկ Եւգինէին, ոտքերից մեծ քար կապելով, գցեցին Տիբերիս գետը: Սակայն արձակուեցին նրա կապանքները, քարն ընկղմուեց ջրի յատակը, եւ տեսան, որ Քրիստոսի աղախինը ջրերի վրայով քայլում է ինչպէս ցամաքի վրայով: Այնժամ տեսնողները սքանչանալով փառք տուեցին Աստծուն, անգամ անարգեցին իրենց կուռքերին ու կռապաշտներին եւ հաւատացին Քրիստոսին, Ում Եւգինէն էր պաշտում:
Ապա դատաւորը հրամայեց, որ սաստիկ տաքացնեն բաղնիքն ու Եւգինէին գցեն մէջը: Սակայն մտնելուն պէս այնքան զովացաւ բաղնիքը, որ չկարողացան այլեւս տաքացնել, իսկ Եւգինէն անվնաս դուրս եկաւ այնտեղից: Նրան տեսնելով՝ ոմանք ասում էին, թէ Եւգինէն մոգ է եւ կախարդ, իսկ շատերն էլ գովում էին կոյսի հաւատը:
Զայրացած դատաւորը հրամայեց Եւգինէին նետել խաւարչտին բանտ, ուր նրան երեւաց Փրկիչը՝ ձեռքին ձեան պէս ճերմակ ու անասելի քաղցրահամ հաց եւ ասաց կոյսին. «Վերցրո՛ւ Իմ ձեռքից այս կերակուրը, քանզի Ես քո Փրկիչն եմ, Ում սիրեցիր դու քո ամբողջ սրտով ու ամբողջ հոգով: Ես էլ քեզ սիրեցի եւ շուտով կÿընդունեմ քեզ Իմ արքայութեան մէջ, որ երկնքում է»: Այս ասելով՝ Փրկիչն աներեւոյթ եղաւ:
Բանտում տասը-տասնհինգ օր մնալուց յետոյ դատաւորը դահիճ ուղարկեց, ու սա գլխատեց ճգնազգեաց նահատակին եւ Սուրբ Հոգու անարատ հարսին: Քրիստոնեաները վերցրին նրա պատուական մարմինն ու ամփոփեցին Հռոմից դուրս գտնուող նրա սեփական կալուածքում, ուր երանելին բազում սուրբերի նշխարներ էր ժողովել: Նրա մայրը՝ Կղօդիան, ամէն օր գալիս եւ անմխիթար լաց էր լինում իր սիրելի զաւակի համար: Ու մի գիշեր անուրջի մէջ տեսաւ իր դստերը՝ սուրբ կոյսերի լուսազարդ դասի հետ միասին: Նա ասաց մօրը. «Ողջո՛յն քեզ, մա՛յր իմ Կղօդիա: Մի՛ սգայ ինձ համար, այլ ուրախ եղիր, քանզի Աստուած ինձ դասեց այս սուրբերի հետ, որոնց տեսնում ես այս սքանչելի փառքի մէջ: Նաեւ իմ հայր Փիլիպպոսին դասեց սուրբ քահանայապետերի կարգում: Եւ արդ, ուրախ եղիր, մա՛յր իմ, քանզի կիրակի օրը մեր Տէրը քեզ եւս կը մտցնի Իր ուրախութեան մէջ: Պատուիրի՛ր քո որդիներին ու իմ եղբայրներին, որ մինչեւ վերջ անաղարտ պահեն սուրբ Խաչի դրոշմը, որպէսզի արժանի լինեն այս ցանկալի եւ անանց Կեանքին»: Այս ասելուց յետոյ անուրջը վերացաւ մօր աչքերի առջեւից, ու լսեց հրեշտակների ձայնը, որոնք փառաբանում էին Տիրոջը: Այնժամ արթնանալով՝ մեծ ուրախութեամբ փառք տուեց Աստծուն եւ իր որդիներին պատմեց տեսիլքի մասին: Իսկ կիրակի օրը՝ սուրբ Պատարագի ժամին, մինչ ջերմ արտասուքներով աղօթքի մէջ էր, առ Աստուած աւանդեց իր մաքուր հոգին:
Եւգինէի երկու եղբայրները եւս՝ Սերգիոսն ու Ապիտօնը, թէպէտ բնակւում էին երկրի վրայ, սակայն նրանց քաղաքացիութիւնը երկնքում էր, եւ իրենց առաքինի, անարատ վարքով փայլում էին աշխարհում՝ իբրեւ լուսատուներ: Հաստատուած լինելով Քրիստոսի սիրոյ մէջ՝ մինչեւ իրենց վերջին օրը անսայթաք պահուեցին չարի որոգայթներից եւ սրբութեամբ փոխուեցին Տիրոջ մօտ՝ արդարների երանութեան մէջ՝ հասնելով իրենց ծնողներին եւ քրոջը: Ահա երանելի մաս եւ բաժին աշխարհական կարգի առաքինի անձանց համար, քանզի քչերը եղան, որ այս օրինակով ու տան բոլոր անդամներով միասին` հայրը, մայրը, զաւակները, երանութեան արժանացան: Եւ արդարապէս նրանց գլուխն էր սուրբ կոյս Եւգինէն, որովհետեւ նա իր հօր տան համար բարի նախաշաւիղ եղաւ: Այդ պատճառով Եւգինէի հետ տօնելի են նրա տան բոլոր անդամները մեր ամենազօր Տիրոջ եւ Փրկչի շնորհներով, Ում վայել է փառք ու պատիւ յաւիտեանս. ամէն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: