ՍՐԲՈՒՀԻ ԵՒԳԻՆԷ ԿՈՅՍԻ, ՆՐԱ ՀՕՐ՝ ՓԻԼԻՊՊՈՍԻ, ՄՕՐ՝ ԿՂՕԴԻԱՅԻ, ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ՝ՍԵՐԳԻՈՍԻ ԵՒ ԱՊԻՏՕՆԻ ՈՒ ԵՐԿՈՒ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԻ՝ ՊՌՈՏՈՍԻ ԵՒ ՅԱԿԻՆԹՈՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՐՔԸ

   Պարծեսցին սուրբքն փառօք եւ ցնծասցեն ի հանգիստս իւրեանց.

քանզի ընդ հուր եւ ընդ սուր անցուցին

զմարմինս իւրեանց:

Սուրբ զարիւնս իւրեանց հեղին, չարչարանացն համբերեցին

եւ զսպառնալիս բռնաւորաց անարգեցին յաշխարհի:

Արդ եկայք հաւատացեալք՝ կատարեսցուք զյիշատակ սոցա.

քանզի սոքա են մեզ բարեխօս

յԱրքայութեանն Աստուծոյ:

(Շարակնոց)

   

   Պանծալի կոյսը եւ Քրիստոսի ճգնաւոր վկայ Եւ­գի­նէն, որի անունը  թարգմանւում է «ազնուատոհմիկ», ապրել է Բ դարի վերջում Հռոմ քաղաքում: Նա դուստրն էր Փիլիպպոս անունով մի ազնուական մարդու, եւ աչքի էր ընկ­նում իր իմաս­տուն մտքով ու պարկեշտ վարքով: Ըստ հեթանոսական կարգի՝ Եւգինէն մանկուց քաջածանօթ էր լատինական ու յունական դպրութեանը, որովհետեւ ինքը եւ իր ծնողները դեռեւս անծանօթ էին ճշմարիտ աստուած­պաշտութեանը:

   Պատահեց այնպէս, որ հռոմէական Կոմոդոս կայսրը, իր ինքնակալութեան տարիներին Եւգինէի հօրը՝ մեծապատիւ Փիլիպպոսին, եպարքոսութեան աստիճան շնորհելով, ուղարկեց Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, որպէսզի տեղի ապստամբ բնակչութեանը հպատակեցնի հռոմէական կայսրութեանը: Եւ նա եկաւ իր կնոջ՝ Կղօդիայի, երկու որդիների՝ Սերգիոսի եւ Ապիտօնի, դստեր՝ Եւգինէի, ընտանիքի սպասաւորների ու արքունի գն­դի հետ եւ քաջութեամբ ու իմաստութեամբ կարողացաւ նուաճել ողջ Եգիպտոսը` ի սէր եւ ի հնազանդութիւն հռոմէական կայսրութեան:

   Ժամանակ անց, երբ Փիլիպպոս եպարքոսը հաստատուեց իր իշխանութեան մէջ, կամեցաւ այնտեղ՝ Ալեքսանդրիայում, ամուսնացնել դստերը՝ Եւգինէին, քանզի մեծամեծներից շատերն էին կամենում իրենց որդիների համար նրան կնութեան տանել՝ նրա անհամեմատ վայելչագեղութեան, իմաստութեան ու համեստութեան համար, որոնցով փայլում էր: Բայց Եւգինէն չէր կամենում հեթանոսի կին լինել, քանզի իր իմաստութեամբ օրըստօրէ տեսնելով հեթանոսական պաշտամունքների սնոտիութիւնը՝ սկսեց ծածկապէս հանդիպել քրիստոնեաների հետ ու փոքրիշատէ ծանօթանալ քրիստոնէա­կան ճշմարիտ հաւատին: Սկսեց յաճախակի Սուրբ Գիրք եւ սուրբերի վարքեր ընթերցել: Յատկա­պէս կարդալով սուրբ Պօղոսին ա­շակեր­տած սրբու­հի Թեկղիի պատմութիւնը՝ տիրապէս լուսաւորուեց ի վերուստ, բոցավառուեց սիրտը, եւ կամե­ցաւ հետեւել Քրիստոս երկնաւոր Փեսային: Ան­­դադար շուրթերին էին սաղմոսի այն խօսքերը, թէ՝ «Հեթանոսների կուռքերը դե­ւեր են ու մարդկանց որդիների ձեռքի գործ, բայց Տէրն արարեց երկին­­քը»: Միայն թէ վախենում էր իրեն յայտնել ծնողներին, որպէսզի նրանք նեղութիւններ չպատճառեն քաղաքում ապրող քրիստոնեաներին:

   Իսկ հայրը թախանձանքներով համոզում էր Եւգինէին ամուսնանալ Ակիւղոս անունով մի հռո­մէացու հետ, ով, ինչպէս հայրն էր ասում, ազնուական ծագում ունէր եւ հիւպատոսի որդի էր, սակայն պարկեշտ ու իմաստուն կոյսը պատասխանեց իր ծնողին. «Փեսայի ընտրութիւն պէտք է անել ոչ թէ ըստ իր ազնուականութեան կամ իր ազգատոհմի մեծութեան, այլ ըստ իր գովե­լի առաքինութեան: Ուստի մի՛ ստիպիր ինձ ընտ­րել մեծահարուստի որդու, այլ սպասիր, մինչեւ կը գտնուի այլ մէկը, ով վկայուած կը լինի իր բարեպաշտութեամբ եւ կատարելութեամբ»: Եւ երբ ծնողներն որպէս այդպիսի մէկին առաջարկում էին նրան, Եւգինէն այլ պատճառներ էր բռնում եւ խափանում ծնողների մտադրութիւնը: Իսկ նրանք անտեղեակ էին նրա խորհուրդներին, չգի­տէին, որ նա հաստատապէս մտադրուել էր երբէք չմտնել աշխարհի կարգի մէջ, այլ կուսական մաքրութեամբ հարսնանալ Երկնաւոր Փեսային: Այդ պատճառով Եւգինէն հնար էր փնտրում խոյս տալ հօր տնից ու ընդունել քրիս­տոնէութեան կնիքը:

   Այդ նպատակով մի օր Եւգինէն խնդրեց ծնողներին, որ իր երկու հաւատարիմ ներքինի­ների հետ, որոնց անուններն էին Պռո­տոս եւ Յակինթոս, գնայ դաշտ: Եւ երբ ճանապարհ ընկան, Եւգի­նէն սկսեց իմաս­տութեամբ խօսել ներքինիների հետ ու ասել, որ փրկութեան եւ երանութեան ճանապարհն այն է, որով քայլում են Քրիստոսին հաւատացողները, իսկ հեթանոսներն ու նրանց ձե­ռագործ կուռքերին ծառայողները մոլորուած են, շր­ջում են խաւարի մէջ եւ կուրօրէն ու անմտութեամբ դէպի կորուստ են գնում: Եւ բա­զում այլ արժանի խօսքեր ասելով՝ աւելացրեց. «Մինչ այժմ ինձ տիրուհի էիք համարում, սակայն այսուհետեւ կը լինենք հաւասար եղբայրներ ու կը ծառայենք ճշմարիտ Աստծուն: Արդ, լսել եմ որ այս կողմերում է բնակւում սուրբ Յեղինոս եպիսկոպոսը, ում միջոցով Աստուած մեծամեծ նշաններ եւ գործեր է անում: Գնանք նրա մօտ, ու նա մեզ ցոյց կը տայ փրկութեան ճանապարհը»:

   Բայց քանի որ անկարելի էր կանացի կերպարանքով գնալ, ուր կամենում էին, կտրեց իր մազերը, ինչպէս արդէն որոշել էր, եւ առնացի կերպարանք առաւ: Միասին ճանապարհ ընկան, եւ ոչ ոք չէր կարողանում ճանաչել Եւգինէին, որովհետեւ նա նմանուել էր ներքինիներին: Երբ անցնում էին քաղաքից դուրս գտնուող աւաններով, ուր բնակւում էին քրիստոնեաները, լսեցին նրանց պաշ­տամուն­քի ձայները. «Իսրայէլացիները ելան Եգիպ­տո­սից. ալէլուիա...  Աս­տուած, որ եկնքում է եւ երկ­րի վրայ, արարեց այն ամէնը, ինչ կամեցաւ... Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են եւ մարդկանց ձեռքերի գործ ...»:

   Առաջ գնալով՝ տեսան, որ քրիստոնեայ սպասաւորների բազմութիւ­նը, որոնց մէջ էր նաեւ Յեղինոս եպիսկոպո­սը, սաղմոսերգելով գնում էր դէպի վանք: Նրանք եր­­գում էին. «Խոստովանեցէք Տիրոջը...  Տէրն առաջնորդեց նրանց ուղիղ ճա­նապարհով, որպէսզի հասնեն իրենց բնակութեան քաղաքը»: Այնժամ Եւգինէն ներ­քինիներին ասաց. «Սաղմոսի այս տողե­րը վկա­յում են, որ ուղիղ է մեր ճանապարհը, եւ այն մեզ համար Տէրն է պատրաստում: Քանզի նախ երգում են իսրայէլացիների՝ Եգիպ­տոսից ելքի, գերութիւնից ազատութեան, կուռ­քերի ստութեան մասին, որոնց գերի են դարձել հեթանոսները, եւ ապա` ճշմարիտ ազատութեան մասին, երբ պաշտում են միմիայն մի Արարչի՝ երկնքի ու երկրի Արարողին: Երգում են նաեւ ուղիղ ճանապարհի մասին, որը տանում է դէպի Աստուած՝ դէպի երկնային վերին Քա­ղաք: Արդ, եկէք խառնուենք Տիրոջը փառաբանողների դա­սին ու գնանք նրանց յետեւից, ուր որ կը տանեն նրանց ոտքերը»:

   Երբ մօտեցան ամբոխին, հարցրին, թէ ո՞վ է այն ծերունին, ով գնում է բազմութեան մէջ՝ նստած աւանակի վրայ: Նրանց յայտնեցին, որ նա Յեղի­նոս եպիսկոպոսն է՝ մի սուրբ եւ հրաշագործ այր, ով, պայքարելով մի կախար­դի հետ, մտել է հրի մէջ  ու անվնաս դուրս եկել: Յոյժ ուրախացան Եւգինէն եւ ներքի­նի­ները, քան­­զի ում փնտրում էին, շուտ յաջո­ղուեց գտնել: Նրա յետեւից գնացին մին­չեւ վանք ու առան­ձին մօտենալով եպիսկոպոսին՝ ըն­կան նրա ոտքերը եւ աղաչեցին ուսուցանել իրենց փրկութեան տանող հաւատը: Նրանք ասա­ցին. «Մենք հե­թա­նոսներ ենք ու կամենում ենք կանգ­­նել աստուածգիտութեան ճշմարիտ ճանա­պար­հին»: Իսկ եպիսկոպոսը, աստուածային յայտնութեամբ կանխապէս իմանալով նրանց գալստեան մասին, նրանց ընդունեց մեծ մարդասիրութեամբ եւ իբրեւ անտեղեակ՝ հարցրեց. «Որ­տե­ղի՞ց էք, ո՞ր ազգից, ու ի՞նչ են ձեր անունները»: Եւգինէն պատասխանեց եւ ասաց. «Ազգութեամբ հռոմէացի ենք ու բնակւում էինք Հռոմ քաղաքում: Այս եղբայրներից մէկը Պռոտոսն է, միւսը՝ Յակինթոսը, իսկ ես՝ քո ծա­ռան, Եւգինէոսն եմ»: Այնժամ եպիս­կոպոսն ասաց. «Արդարեւ, լաւ ես կո­չուած Եւգինէոս պատուական անուամբ, քանզի գործեցիր ինչպէս ազնուատոհ­միկ՝ քաջութեամբ թողնելով կուռքերին եւ գնալով Քրիստոսի յետեւից: Տէրն ինձ ցոյց տուեց, որ Իր անուան փառքի համար դու պիտի անցնես բա­զում փորձութիւնների միջով: Ուստի զօրացիր, քանզի Տէրը քեզ հետ է ու չի թողնի քեզ: Իսկ քո երկու ընկերները, ովքեր մինչ այժմ կոչուած էին ծառայութեան, Քրիստոսի հետ բարեկամութիւնից վեր պիտի ելնեն, քանզի Ինքը՝ Տէ­րը, Իր հաւատարիմ ծառանե­րին ասում է. «Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, այլ բարեկամներ»:

   Եւ Աստուծոյ այրը այլ բազում հոգեշահ խօս­քեր ասաց նրանց: Օրեր անց Տի­րոջ անուամբ մկրտեց նրանց եւ ասաց. «Թող այս աղքատ վանքում միւս եղբայրների հետ ձեզ առանձին բնակութեան տեղ լի­նի: Իսկ ես այստեղ չեմ բնակ­ւում, այլ միայն այցելութեան եմ եկել»: Ու նրանց յանձնե­լով վանահօրը՝ գնաց: Նրանք մեծ ուրախութեամբ գոհացան Աստծուց եւ եպիսկոպոսից ու մնացին վանքում` իբրեւ Տիրոջից պարգեւուած արքունի պա­լա­տում:

   Իսկ ծնողները, տեսնելով, որ Եւգինէն չվերադարձաւ որոշուած ժամին, մարդիկ ուղար­­կեցին՝ որոնելու նրան, սակայն նրանք վերադարձան ձեռնունայն: Մեծ ջանքերով որո­նե­ցին նաեւ այլ տեղերում, սակայն զուր, որի հա­մար ընկան անտանելի սուգի ու մեծ տրտմու­թեան մէջ: Ծնողները դառնապէս լաց էին լի­նում իրենց աննման դստեր համար, եղբայրները՝ սիրելի քրոջ համար, ծառաները՝ իրենց տիրուհու հա­մար: Այնժամ որոշ քրմեր, սուտ հրապոյրներ բանեցնելով, համոզեցին ծնողներին, որ իրենց դստերն իր գեղեցկութեան եւ իմաստութեան հա­մար յափշտակել են կուռքերը: Տարուելով այս խորհրդով՝ Փիլիպպոսն իրեն սփոփելու համար շինել տուեց Եւգինէի ոսկեձոյլ արձանն ու նրան հա­մարեց չաստուածուհիներից մէկը:

   Իսկ սուրբ կոյս Եւգինէն, վերոնշեալ միաբաննե­րի վանքում առնացի կերպարանքով կրօնաւորե­լով, կոչուեց Եւգինէոս: Նա իր գործակիցների հետ օրըստօրէ արիութեամբ առաջադիմում էր առաքինութիւններ ձեռք բերելու եւ ճգնողական վար­քի մէջ ու բոլորի համար բարի օրինակ էր լինում իր աղօթասիրութեամբ, պահեցողութեամբ, ժուժկալութեամբ եւ բարեպաշտութեամբ: Ու­նէր անբիծ վարքագիծ, հեզ ու խոնարհ էր ամէն բանում եւ ջերմ էր աստուածպաշտութեան մէջ, որի համար թէ՛ մեծերը եւ թէ՛ փոքրերը նրան Աս­տուծոյ հրեշտակ էին կոչում:

   Երեք տարի անց վախճանուեց վանահայրը, ու եղբայրները որոշեցին նրա փո­խարէն կարգել Եւգի­նէին, ով թէպէտ երիտասարդ էր, սա­կայն նրան գերազանց էին տեսնում շատ քրիստոնեաներից, իսկ իր առաքինութիւններով յաղթող՝ իրենից տարէցներից: Այդ պատճառով բոլորն ակնկալում էին նրան ունենալ որ­պէս միաբանութեան առաջնորդ: Երբ նրան յայտ­նեցին այս մասին, երանելին, տարբեր պատճառ­ներ բռնելով, հրաժարուեց, սակայն որքան նա ընդդիմանում էր, այն­քան նրանք առաւել էին հաստատւում իրենց որոշման մէջ: Այնուամենայնիւ, ստիպեցին նրան հնազան­դուել իրենց: Այնժամ Եւգինէն բերել տուեց սուրբ Աւետարանը եւ ասաց եղբայրներին. «Ար­ժան է, որ Աստուծոյ ծառաներն իրենց բոլոր գործերում առաջ­նորդ ունենան մեր Փրկչին՝ Քրիստոսին: Եւ արդ, տեսնենք, թէ որն է Նրա կամ­­քը ձեր ընտրութեան հարցում»: Երբ բացեց Սուրբ Գիրքը, հանդիպեց Տիրոջ այն խօսքերին, որ ասում են. «Ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի, եւ ձեզնից ով կը կամենայ առաջինը լինել, ձեր ծառան պիտի լինի» [Մատթ. Ի 26]: Այս խօսքերին Եւգինէն աւելացրեց. «Արդ, քա­նի որ ստիպում էք ինձ ընդունել այդ սպասաւորութիւնն ու ծառայութիւնը, ապա ինձ բոլորից յետինը դասելով՝ ես չեմ հրաժարուի հնազանդ լի­նել ձեզ՝ ըստ տէրունական այս հրամանի»:

   Եւ ինչ­պէս որ ասաց, այնպէս էլ արեց գործով, քան­զի թէ­պէտ վանահայր կարգուեց, սակայն բոլորի առ­ջեւ խոնարհեցնում էր իր ան­ձը: Վանքի բոլոր գործերում բոլորից առաջ էր անցնում ու բոլորին իր նման ջերմեռանդ դարձնում: Ծառա­յում էր բոլորին ամենայետին գործերում, ջուր էր բերում վանքի համար եւ փայտ կոտրում: Իր խուցն ընտրել էր այնտեղ, ուր դռնապանն էր նստում: Ու այս ամէնի հետ մէկտեղ բոլոր եղբայրների հոգու եւ մարմնի հոգսերը կրում էր մեծ խնամքով ու անթերի կեր­պով: Երբէք չէր խախտում գիշերային եւ ցերեկային աղօթքների կարգը: Եւ քանի որ սքանչելի էր բոլոր առաքինութիւնների՝ յատկապէս խոնարհութեան մէջ, Աստուած նրան բժշկութեան շնորհ տուեց, որով մարդկանցից հալածում էր դեւերին եւ բացում կոյրերի աչքերը: Անմիջապէս տարածուեց նրա համբաւը, ու սկսեցին նրա մօտ գալ շատերը, ովքեր, բժշկուելով իրենց զա­նազան ախտերից, տարածեցին ողջ Եգիպտոսում, թէ Աստուած հայր Եւգինէո­սի ձեռքով մեծամեծ գործեր է անում:

   Ալեքսանդրիայում կար Մելանա անունով մի մեծահարուստ հեթա­նոս կին, որը սինկղիտոսներից 1 մէկի դուստրն էր: Սա չորս օր տառապում էր տեն­­­դով եւ բժշկութեան միջոց չէր գտնում: Արդ, երբ շատերից լսեց, թէ ինչ հրաշքներ է գործում հայր Եւգինէոսը, եկաւ վանքի մուտքի մօտ ու աղաչեց սուրբին իր Աստծուց բժշկութիւն խնդ­րել իր համար: Սուրբը Քրիստոսի անուամբ եւ սուրբ Խաչի նշանով աղօթեց նրա համար ու իւղով օծեց նրան: Այնժամ զօրացաւ Մելանան եւ մարմ­նի կատարեալ բժշկութիւն ստանալով՝ մեծ գոհութեամբ հրաժեշտ տուեց ու հեռացաւ վանքից: Նա գնաց Ալեքսանդրիայից դուրս գտնուող իր կալուածքը, որը հեռու չէր Եւգինէի վանքից, վերց­րեց երեք արծաթէ անօթներ, դրանք լցրեց դրամ­­ներով եւ որպէս նուէր՝ ուղարկեց Եւգինէին: Սակայն վերջինս մերժեց ընծայաբերին՝ ասելով. «Ասացէ՛ք ձեր տիկնոջը, որ Աստուծոյ սակաւապետ ծառաները ինչքի կարիք չու­նեն, քանզի մենք լի ենք Տիրոջ պարգեւած ամէն բարիքներով, իսկ եթէ նա կամենում է բարիք գործել, թող այն բաշխի կարօտեալներին»:

   Երբ այս խօսքերը հասց­րին Մելանային, նա տրտմեց, ապա անձամբ եկաւ երանելու մօտ ու աղա­­չեց, որպէս­զի չարհամարհի իր տուրքը եւ խոստացաւ աւելին տալ: Սա­կայն Եւգինէն դարձեալ մեր­ժեց ընծան ու խօսելով ի շահ նրա հոգու՝ արձակեց նրան: Իսկ չար կինը հոգելից խօսքերից օգտուելու փոխարէն սկսեց մոլեգնել ամօ­թա­­լի խորհուրդներով, քանզի կարծելով, թէ Եւ­գի­նէն այր է, ցան­կա­ցաւ նրա վայելչատես գեղեցկութեանը: Չկարողանալով զսպել իր տռփանքը՝ անմտութեամբ հնար էր որոնում՝ նրան որսալու համար: Ուստի հիւանդ ձեւա­նալով՝ անկողին ընկաւ, որի համար լուր ուղարկեց Եւգինէին եւ աղա­չեց նե­ղու­թիւն կրել ու այցելել իրեն: Եւ սուր­բը միամիտ սրտով վեր կացաւ ու գնաց նրա մօտ: Այնժամ Մելանան սկսեց իր մթերուած վավաշոտ ցանկութեամբ հրա­պուրել նրան, որպէսզի կե­նակցել տայ իր հետ: Առաջարկեց լինել իր օ­րինա­­ւոր ամուսինը՝ ասելով. «Շուտ կորցրած լի­նե­լով իմ ամուսնուն՝ չկայ մէկը, որ ժառանգի իմ մեծ ունեցուածքը»: Իսկ երանելին, իր հոգում զայ­րանալով նրա ապիրատ խօսքերից, խստօրէն սաստեց եւ յանդիմանեց նրան՝ ասելով. «Սանձի՛ր լե­զուդ ու խցի՛ր բերանդ, որից ժահահոտութիւն է բուրում եւ թոյներ են թափւում: Աստուծոյ ծառաները հեռու են այդպիսի խորհուրդներից»: Ու երբ նա կամեցաւ լրբութեամբ մերձենալ սուրբին, երանելին քա­ջութեամբ հեռացրեց նրան իրենից եւ ասաց. «Յիրաւի դու Մելանա ես կոչւում (որը նշանակում է «սեւ թանաք»), քանզի դու ժանտ կին ես ու սատանայի զաւակ, գե­հենի որդի եւ չարի ժառանգ: Հեռացի՛ր Աստուծոյ ծառայիցս»: Ու այս ասելով՝ հեռացաւ:

   Այնժամ Մելանան, ամօթահար եղած, սաստիկ բարկութեամբ եւ թշնամութեամբ բորբոքուեց ընդ­­դէմ իր բարերարի ու որոշեց նրան մատնել դատաւորի ձեռքը: Այդ նպատակով եկաւ Ալեքսանդ­րիա եւ համարձակուեց իր նաժիշտների հետ դի­մել Փիլիպպոս եպարքոսին՝ Եւգինէի հօրը: Սկսեց չարախօ­սել սուրբից եւ ասել. «Քրիստոնեաներից այսինչ աբեղան նենգօրէն եկաւ իմ տուն, կամեցաւ բռնութեամբ պղծել իմ անկողինը եւ վարկաբեկել իմ հօր տան ա­նունը: Ու եթէ ես ճչա­լով օգնութեան չկանչէի իմ նաժիշտներին, ապա չէի ա­զատուի նրա ձեռքից»: Եւ այլ բազում խօս­քերով անամօթ կինը պարսաւեց սուր­բին ու վան­քում գտնուող միւս եղբայրներին:

   Երբ եպարքոսը լսեց այս մասին, զօրականներ ուղարկեց վանք, որպէսզի բռ­նեն Եւգինէին եւ բոլոր վանականներին ու իր առ­ջեւ բերեն: Երբ նրանք եկան, քաղաքում մեծ ամ­բոխ հաւաքուեց, եւ հեթանոսներն սկսեցին յոխորտալ ընդդէմ քրիստոնեաների: Եպարքոսի հրամանով մեծ բազմու­թիւն էր հաւաքուել այնտեղ, ուր պէտք է անմեղները պատուհասուէին իբրեւ չարագործներ: Եկան նաեւ շատ քրիստո­նեաներ, որպէսզի կարողանային վերցնել սուրբերի՝ իբ­րեւ ճգնաւոր նահատակների մասունքները:

   Արդ, երբ Եւգինէին կրօնաւորական սքեմով կանգ­նեցրին ատեանի առջեւ, Փի­լիպպոս եպարքոսն սկսեց հարցաքննել նրան՝ ասելով. «Արդեօք ճշ­մա­րիտ են Մելանայի բողոքները քո դէմ: Դա՞ է ձեզ ուսուցանում ձեր Քրիստոսը, որ անխտիր մաս­նակից լինէք ամէն ապիրատութեան ու մին­չեւ անգամ չակնածէք մեծազգի եւ պարկեշտ կանանցից»: Իսկ սուրբը կանգնել էր գլուխը խոնարհած, որ չճանաչեն իրեն, ապա սկսեց քաղ­ցր ձայնով ու հեզութեամբ պատասխանել. «Մեր Տէր Յիսուս Քրիստոս, Ում ես ծառայում եմ, սրբութիւնների սրբութիւն է եւ մաքրութիւնների մաքրութիւն: Նա նոյնը մեզ պատուիրեց՝ լինել սուրբ ու անարատ հոգով եւ մարմնով, ու այդպիսիննե­րին խոստացաւ մշտնջենաւոր կեան­քում ունենալ Իր Աստուածութեան ան­ճա­ռելի տեսութիւնը: Արդ, եթէ Մելանան չարախօսեց իմ դէմ, ապա ուղիղ դատաստան անելու համար պէտք չէր, որ իմ տէրը միայն նրան դիւրալուր լի­նէր, այլ պէտք է լսէր երկու կողմերին: Եթէ քո ծառան յան­ցաւոր գտնուի, չեմ փախչի պատուհա­սից, իսկ եթէ անպարտ գտնուեմ այդպիսի ոճրա­լի չարախօսութիւնից, եւ իմ ոսոխը մեղաւոր համարուի, ապա աղաչում եմ, որ իմ պատ­ճառով չարիք չհասցնես նրան, քանզի մեր օրէնքը մեզ պատուիրում է ան­ոխակալ լինել, բարիք գործել մեր չարարարներին ու չարին չարութեամբ չհատուցել»:

   Զարմացաւ եպարքոսը նրա իմաստուն պատասխանից, որին չէր սպասում, սակայն դժուարանում էր նրան հաւատալ, քանի որ առաւել ընդու­նում էր Մելանայի չարախօսութիւն­ները, ով համարձակօրէն պնդում էր իր խօս­քերը՝ յոյս դնելով իր նաժիշտների վրայ, որոնց խրատել էր ատեանի առջեւ սուտ վկայութիւն տալ, ինչ­պէս որ արեցին. նրանք, առաջ գալով, ասացին. «Մի կերպ կարողացանք ազատել մեր տիկնոջը չար աբեղայի ձեռքից»: Այս վկայութիւնից եպարքոսը խռովուելով սպառնաց Եւգի­նէին եւ կամե­ցաւ դաժան մահուան վճիռ ար­ձա­կել նրա համար, իսկ ընկերներին՝ խոշ­տան­գել:

   Այնժամ հառաչեց երանելին ու ասաց. «Կայ ժամանակ լռելու եւ կայ ժամանակ խօսելու: Արդ, եթէ լռեմ, միգուցէ իմ պատճառով արատաւորուի քրիս­­­տոնեաների սուրբ անունը: Ապա ուրեմն լաւ է, որ այս ժամին խօսեմ ու յայտնեմ ճշմարտու­թիւնը, որ փառաւորուի իմ Փրկչի անու­նը, եւ չպարծենայ չարը Քրիստոսի ծառաների վրայ»: Այս ասելով՝ համարձակ գոչեց. «Դու իմ հայրն ես` ըստ մարմնի, իսկ ես քո դուստրն եմ՝ Եւգինէն, ում կորած էիր համարում: Ես Քրիստոսի սիրոյ համար, արհամարհելով ամէն ինչ, ըն­դունեցի հրեշտակային այս կարգը: Մերկա­ցայ աշխարհից ու այն ամէնից, ինչ կայ աշխար­հում, եւ միայն Քրիստոսով զգեստաւո­րուեցի: Արդեօք իմ եղբայրները չե՞ն Ապիտօնն ու Սեր­գիոսը, ովքեր նստած են քո կողքին: Ո՞ւր է իմ մայ­րը՝ Կղօդիա տիկինը: Ահա այս երկու ներ­քի­նիները, որոնց տեսնում էք ինձ հետ, Պռոտոսն ու Յակինթոսն են, ովքեր ընկերացան ինձ հետ՝ գնալու Փրկչի վարդապետութեան յետեւից եւ գտնելու Կեանքը, որ կայ Յիսուս Քրիստոսի մէջ»: Եւ դեռ խօսքը չաւարտած՝ հայ­րը եւ եղբայրները դէմքից ու ձայնից անմիջա­պէս ճանաչեցին նրան: Շտապ մօտեցան, գրկեցին, համբուրեցին նրան եւ յորդ արտասուքներ թափեցին անակնկալ հանդիպման համար: Անմիջապէս լուր հասցրին նրա մօրը՝ Կղօդիային, թէ քո դուստրը կեն­դանի է: Մայրը շուտափոյթ եկաւ, ընկաւ նրա պարանոցով, ու մեծ ցնծութիւն եղաւ եպարքոսի տանը: Անպատմելի ուրախութիւ­նից լաց էին լինում նրանց բոլոր մերձաւորնե­րը:

   Երբ այս լուրը տարածուեց ժողովրդի մէջ, փառաւորուեց Քրիստոսի անունը, եւ ամօթահար եղաւ չարը, քանզի ներկայ գտնուող հեթանոսներից ոմանք ա­սում էին. «Ճշմարիտ է Եւգինէի Աստուածը», որից քրիստոնեաները, համարձակութիւն առնելով, ասում էին. «Մի Տէր, մի Քրիստոս, մի հաւատ, մի մկրտու­թիւն: Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, Ով Իր իմաստութեամբ յայտնում է անյայտներն ու ծածուկները եւ իմաս­տուններին պահում խորագիտութեան մէջ: Քո Աջը, Տէ՛ր, զօրաւոր է ու փառաւորեալ, Քո Աջը, Տէ՛ր, կործանեց թշնամիներին»:

   Այնժամ Փիլիպպոս եպարքոսը հրամայեց բերել թանկարժէք զգեստներ եւ ոս­կե­թել կերպասներ ու ստիպեց հագցնել դստերը: Նստեցրեց նրան բար­ձր գա­հին՝ տեսանելի բոլորի համար, որպէսզի ողջ բազմութիւնը տեսնի, որ նա ինքն է՝ իր սի­րելի դուստրը, ով այդքան ժամանակ, հեռացած լինե­լով հայրական տնից, ընտրել էր նեղութիւններով լի դժուար կեանքը: Այդ օրը եպարքոսի ապարանքում եւ ողջ քաղաքում մեծ ուրախութիւն եղաւ: Իսկ այն ամօթապարտ չարախօսը՝ Մելանան, համակուելով հոգու դառնութեամբ, ինքնահա­լած փա­խաւ ատեանից ու թաքնուեց՝ սենեակից սե­նեակ փախչելով: Իսկ բարձրեալն Աստուած, Ով չի ողորմում անզեղջ անիրաւներին, նախատինքի առար­կայ դարձ­րեց նրան բոլորի համար, քանզի հուր իջաւ Բարձունքներից, եւ բոցակիզուեց նրա ամ­բողջ տունն ու ունեցուածքը, որից անհաւատնե­րը զարհուրելով ճշմարտապէս վկայեցին Եւգինէի հա­ւատը, եւ նրանցից շատերը յետ դարձան իրենց մո­լո­րութիւններից:

   Սրանից յետոյ Եւգինէն ծնողներին ու եղբայրներին լուսաւորեց Սուրբ Գրքի աստուածային խօսքերով եւ Տիրոջ շնորհներով նրանց քրիստոնեաներ դարձրեց: Եպարքոսն իր ողջ ընտանիքով ընդունեց սուրբ Մկրտութիւնը, իսկ Եւգինէն դարձեալ կրօնաւորի կանացի զգեստներ հագաւ: Այ­նու­հե­տեւ Ալեքսանդ­րիայում բազմացան հաւատաւորները, եւ Եգիպտոսի կող­­մե­­րում յոյժ համարձակութիւն ստացան քրիստոնեաները: Սակայն այս ամէնի մասին Փիլիպպոսը պէտք է տեղեկացնէր կայսրին, որին գրեց. «Ինքնակալիդ տէրութեան համար մեծ օ­գուտ է քրիստոնեաներին խաղաղութեամբ պահելը եւ նրանց չարգելելը՝ համարձակ պաշտել իրենց կրօնը, քան­զի որքան նրանք հա­ւա­տա­րիմ են լինում իրենց Օրէնքին, այնքան առա­ւել սի­րով են ծառայում նաեւ իրենց մարմնաւոր տէ­րերին»: Իսկ կայսրը, ով վստահում էր Փիլիպպոսին, ամէն ինչ յանձնեց նրա տնօրինութեանը: Սա­կայն երբ Եգիպտոսում քրիս­տո­նեաներն սկսեցին զօրանալ, որոշ հեթանոս պաշտօնեաներ, չարանալով նրա դէմ, գնացին Հռոմ ու նոր ինքնակալի եւ նրա գա­հակցի առջեւ (որոնք, ըստ ոմանց, Սեւերիոսն ու Անտօնիոսն էին, իսկ ըստ ոմանց էլ՝ Վոլուսիանոսը եւ Գա­ղե­նո­սը) ամբաստանեցին Փիլիպպոսին՝ ասելով, թէ եպարքոսը թողել է կուռքերի պաշ­տա­մուն­քը ու պաշտում է ոմն Խաչեալի: Աւելացրին նաեւ, թէ նազովրեցիների աղանդին սատարելու հա­մար նա գործում է ընդդէմ ձեր հրամանի եւ զանց առնում արքունի որոշումները:

   Այնժամ թագաւորը նրան մի սպառնալից ու կշտամբող նամակ գրեց, ուր ա­սում էր. «Մեզ նախոր­դող ինքնակալը եւ մեր դիւցազուն հայրը քեզ մեծապէս ու շուքով պատուեց եպարքոսութեան կար­գով՝ որպէս կուռքերին եւ արքու­նի հրամաննե­րին հաւատարիմ պաշտօնեայ, ու մինչեւ անգամ իր մարդասիրութեամբ Եգիպտոսում վերակա­ցու­թեան համար թագաւորի պէս ազատ իշխա­նու­թիւն տուեց: Մենք եւս պահում էինք քեզ ըն­ձեռ­ուած այդ պատիւը եւ կամենում տալ աւելին, քան որ ունես: Բայց քանի որ իմացանք, որ օտարացել ես քո հայրենի կրօնից ու համարձակւում ես գործել ընդդէմ աստուածների եւ ինքնակալ­նե­րի, ապա հրամայում ենք, որ կա՛մ ընդունես մեր նախկին օրէնքներն ու վայելես քո պատիւը, որ ունես, կա՛մ էլ հեռացուես քո իշխանութեան ա­թո­ռից եւ ամբողջապէս զրկուես քո ունեցուածքից»:

   Երբ Փիլիպպոսը ստացաւ այս հրամանը, իբր հիւանդութեան պատճառով մի քանի օր յապաղեց պատասխանել ու այդ ընթացքում գաղտնապէս վաճառեց իր մեծ ունեցուածքը: Ամբողջը բաշխեց Եգիպ­տոսի տարածքով մէկ գտնուող աղքատներին եւ ապա ինքնակամ հրաժարուելով եպարքոսութեան իշխանութիւնից՝ ինքնակալներին զեկուցեց, որ իր տեղում մէկ ուրիշին նշանակեն: Իսկ ինքն իր ընտանիքով հեռացաւ քաղաքից դուրս գտնուող մի վայր, ուր շատ քրիստոնեաներ էին բնակ­ւում: Եւ քանի որ նա զգօն էր, ունէր առաքի­­նի վարք եւ ջերմ էր աստուածպաշտութեան մէջ, նրան ընտրեցին Եգիպտոսի տարածքի եպիսկոպոս: Այսպէս նա աշխար­­հական առաջնորդութիւնից անցաւ եկեղեցական հովուապետական կարգի՝ փայլելով հաւատով ու բարի գործերով եւ մինչեւ անգամ Տիրոջ անուամբ հրաշագործելով հիւանդների ու այսահարնե­րի վրայ:

   Սրանից յետոյ թագաւորը որպէս վերակացու Ալեքսանդրիա ուղարկեց ոմն զօրապետ Պե­րեն­նիոսին եւ պատուիրեց սպանել Փիլիպպոսին, բայց  ձեռք չտալ երկրի ժողովրդին, որպէսզի մեծ խռովութիւն չընկնի: Իսկ նա, քաղաք գալով, խորհում էր, թէ ինչպէս դաւադրաբար սպա­նի Փիլիպպոսին: Այդ չար գործն անելու համար քրիստոնեաների կերպարանքով ծպտուած նրա արբանեակները մտան Եկեղեցի, ուր Փի­լիպպոս եպիսկոպոսը պաշտամունքի կարգն էր մատու­ցում եւ տաճարում մահացու հարուած հասցնե­լով՝ վիրաւորեցին նրան: Հարուածից երեք օր անց երանելին աւանդեց իր հոգին Աստուծոյ ձեռ­քը՝ արժանանալով վկայական մա­հուան եւ հայրապետա­կան պսակին: Նա եպիսկոպո­սութիւնը վարեց մէկ տարի ու երեք կամ չորս ամիս: Իսկ սուրբ կոյս Եւգինէն իր երանելի հօրը թա­ղեց տեղի գերեզմանոցում, որը Կղօդիան կառու­ցել էր տուել օտարականների համար:

   Փիլիպպոսի վախճանից յետոյ նրա ընտանիքն այ­լեւս հանգիստ չունեցաւ Ե­գիպտոսում, որի համար Կղօդիան, նրա երկու որդիները՝ Սերգիոսը եւ Ապիտօնը, Եւգինէն ու երկու ներքինիները որո­­շեցին վերադառնալ իրենց հայրենի քաղաքը՝ Հռոմ: Եւ թէպէտ սկզբում այնտեղ իրենց օտար էին զգում, բայց քանի որ ունէին հին ծանօթներ ու հռոմէացի մեծամեծ պաշտօնեաներ, սրանք, առանց իմանալու նրանց քրիստոնեայ լինելու մա­սին, ընդունեցին մեծ սիրով եւ ջերմութեամբ. մին­չեւ անգամ Ապիտոնին հիւպատոսի, այսինքն՝ բդեշ­խի կոչում տուեցին, իսկ Սերգիոսին Ափրիկէում փոխանորդ կարգեցին:

   Իսկ սուրբ կոյս Եւգինէն, մօր ու ներքինիների հետ առանձնանալով տանը, փայ­լում էր առաքինու­թեան գործերով, կրթւում եւ առաւել կատարեալ դառնում բարեպաշտութեան ընթացքի ու մենակեցութեան վարքի մէջ: Իր սքանչելի օրինա­կով, աստուածիմաստ եւ հոգեշահ խօսքերով նա Հռո­մի շատ օրիորդ­ների դարձնում էր Քրիստոսի հա­ւատին, որոնցից երեւելի եղաւ Բասիլան (կամ Վա­սիլան, որի անունը թարգմանւում է «թագուհի»): Նա թագաւորի ազգականներից էր ու աչքի էր ընկնում իր իմաստութեամբ եւ ուշիմ մտքով: Լսելով Եւգինէի բարի համբաւի մասին՝ ծած­կաբար եկաւ նրա մօտ ու նրանից լսելով փրկութեան տանող ճշմարիտ ճանապարհի մասին՝ կամեցաւ աշակերտել նրան: Բայց չմատնուելու համար վախենում էր մնալ նրա մօտ կամ երթեւեկել, ուստի խնդ­րեց Եւգինէին, որ իբր սպասաւորութեան համար իր մօտ ուղարկի իր ներքինիներին, որպէս­զի աւելի հաստատուի քրիստոնէական կարգի մէջ:

   Եւ Եւգինէն Պռոտոսին ու Յակինթոսին՝ որպէս սպասաւորներ, ուղարկեց Բա­սիլայի մօտ, ով, ընդունելով նրանց, կարգեց իր տան ծառաների հետ, սակայն նրանց՝ իբրեւ Քրիստոսի առաքեալների, առանձնակի պատիւ ընծայեց: Նրանցից յա­ճախ լսում էր Աւետարանի Խօսքը եւ զօրանում հաւատի մէջ: Ապա հանդիպելով հայրապետին, ով, ըստ ոմանց, Կիպրիանոս եպիսկոպոսն էր, իսկ ըստ ոմանց՝ Հռոմի Կոռնելիոս քահանայա­պետը, աւելի լուսաւորուեց ու ընդունեց սուրբ Աւազանի մկրտութիւնը: Հաստատուելով Քրիստոսի հաւատի մէջ՝ իր մէջ ուխտեց մինչեւ մահ անարատ պահել կուսական մարգարիտը եւ արհամարհել աշխարհի կարգը, որի մէջ կամենում էին նրան մտցնել իր մերձաւորները՝ ամուսնացնելով ոմն ազնուական Պոմպէո­սի հետ:

   Եւ այնուհետեւ ամէն առիթի դէպքում սուրբ կոյ­սերը՝ Եւգինէն ու Բասիլան, գաղտնաբար այցե­լում էին միմեանց, քաջալերում իրար եւ յորդորում յարատեւել Աս­տուծոյ բարեհաճ կամքով: Ժա­մանակ անց սուրբ Եւգինէն տեսիլ­քի մէջ տե­սաւ Բասիլա կոյսի մարտիրոսութիւնը, իսկ Բասիլան տեսաւ մի լուսատեսիլ այր, ով Եւգինէին երեք պսակներ տուեց. մէկը՝ Ալեքսանդրիայում ճգնութիւնների համար, միւսը՝ Հռոմում մարտիրոսութեան համար, իսկ երրորդը՝ մաքուր կու­սու­թեան համար: Եւ իւրաքանչիւրը, միմեանց պատ­մելով այն, ինչ տեսել էր, յոյժ ուրախ եղաւ ի Տէր:

   Իսկ Բասիլայի աղախիններից մէկը գնաց Պոմպէոս իշխանի մօտ, ով կամենում էր ամուսնանալ Բասիլայի հետ ու մատնեց նրան՝ ասելով. «Իմ տիրուհին, հրապուրուած լինելով Եւգինէի ուս­մունքով, չի կամենում ամուսնանալ քեզ հետ»: Պոմպէոսը շատ ջանքեր գործադրեց միջ­նորդ մարդկանց միջոցով մտափոխել կոյսին, սա­կայն չկարողացաւ, որի համար թագաւորի մօտ ամբաստանեց Եւգինէին, թէ՝ «Նա հրապուրանքներով բոլորին դարձնում է դէպի իր Աստուածը եւ կա­նանց թոյլ չի տալիս մերձաւորուել տղամարդկանց: Եւ եթէ արգելուեն ամուս­նութիւն­ները, ապա ինչպէ՞ս կÿաճի հռոմէական կայսրու­թիւնը, կամ ինչպէ՞ս կը յաղթենք օտարածին թշնամիներին»: Այնժամ զայրացած թագաւորը հրամա­յեց Պոմպէոսին. «Եթէ Բասիլան չհամաձայնուի ա­մուսնանալ, դատաւորի ձեռքով նրան մահուան մատնիր, իսկ Եւգինէին ես ինքս արդարօրէն կորստեան կը մատնեմ»: Պոմպէոսը դարձեալ փոր­ձեց վհուկների եւ պառաւների միջոցով ազդել Բասիլայի վրայ, սակայն չկարողացաւ ու բազում ողոքիչ եւ ապա սպառնալից խօսքերից յե­տոյ սրով կտրել տուեց նրա գլուխը:

   Սրանից յետոյ կայսրը հրաման տուեց քաղաքի Նիկետիոս դատաւորին, որ տանջանքներով փորձի Եւգինէին ու նրա գործակիցներին եւ ապա մա­հուան մատ­նի: Դատաւորը կանչեց նրանց, տարաւ կռատուն, որպէսզի երկրպագեն ու զոհեն կուռքերին, սակայն սուրբերը յանձն չառան նրա հրամանը, այլ աղօթեցին, եւ ահա նոյն պահին բոլոր կուռքերը ցած ընկնելով փշրուեցին: Անօրէնները բարկանալով անմիջապէս հատեցին երկու ներքինիների՝ Պռոտոսի ու Յակինթոսի գլուխները, իսկ Եւգինէին, ոտքերից մեծ քար կապելով, գցեցին Տի­բերիս գետը: Սակայն արձակուեցին նրա կապանքները, քարն ընկղմուեց ջրի յատակը, եւ տեսան, որ Քրիստոսի աղախինը ջրերի վրայով քայլում է ինչպէս ցամաքի վրայով: Այնժամ տես­նող­ները սքանչանալով փառք տուեցին Աստծուն, ան­գամ անարգեցին իրենց կուռքերին ու կռապաշտներին եւ հա­ւա­տա­ցին Քրիստոսին, Ում Եւ­գի­նէն էր պաշտում:

   Ապա դատաւորը հրամայեց, որ սաստիկ տաքաց­նեն բաղնիքն ու Եւգինէին գցեն մէջը: Սակայն մտնելուն պէս այնքան զովացաւ բաղնիքը, որ չկարողացան այլեւս տաքացնել, իսկ Եւգինէն ան­վնաս դուրս եկաւ այնտեղից: Նրան տեսնելով՝ ոմանք ասում էին, թէ Եւ­գի­նէն մոգ է եւ կախարդ, իսկ շատերն էլ գո­վում էին կոյսի հաւատը:

   Զայրացած դատաւորը հրամայեց Եւգինէին նետել խաւարչտին բանտ, ուր նրան երեւաց Փրկիչը՝ ձեռքին ձեան պէս ճերմակ ու անասելի քաղցրահամ հաց եւ ասաց կոյսին. «Վերցրո՛ւ Իմ ձեռ­քից այս կերակուրը, քանզի Ես քո Փրկիչն եմ, Ում սիրեցիր դու քո ամբողջ սրտով ու ամբողջ հոգով: Ես էլ քեզ սի­րեցի եւ շուտով կÿընդունեմ քեզ Իմ արքայութեան մէջ, որ երկնքում է»: Այս ասե­լով՝ Փրկիչն աներեւոյթ եղաւ:

   Բանտում տասը-տասնհինգ օր մնալուց յետոյ դա­տաւորը դահիճ ուղար­կեց, ու սա գլխատեց ճգնազգեաց նահատակին եւ Սուրբ Հոգու անարատ հար­­սին: Քրիստոնեաները վերցրին նրա պատուական մարմինն ու ամփոփեցին Հռոմից դուրս գտնուող նրա սեփական կալուածքում, ուր երանելին բազում սուր­բերի նշխարներ էր ժողովել: Նրա մայրը՝ Կղօդիան, ամէն օր գալիս եւ անմխիթար լաց էր լինում իր սիրելի զաւակի համար: Ու մի գիշեր ա­նուր­ջի մէջ տեսաւ իր դստերը՝ սուրբ կոյսերի լուսազարդ դասի հետ միասին: Նա ասաց մօրը. «Ողջո՛յն քեզ, մա՛յր իմ Կղօդիա: Մի՛ սգայ ինձ համար, այլ ուրախ եղիր, քանզի Աստուած ինձ դասեց այս սուրբերի հետ, որոնց տես­նում ես այս սքանչելի փառքի մէջ: Նաեւ իմ հայր Փիլիպպոսին դասեց սուրբ քահանայապետե­րի կարգում: Եւ արդ, ուրախ եղիր, մա՛յր իմ, քան­զի կիրակի օրը մեր Տէրը քեզ եւս կը մտցնի Իր ուրախութեան մէջ: Պատուիրի՛ր քո որդիներին ու իմ եղբայրներին, որ մինչեւ վերջ անա­ղարտ պահեն սուրբ Խաչի դրոշ­մը, որպէսզի ար­ժա­նի լինեն այս ցանկալի եւ անանց Կեանքին»: Այս ասելուց յե­տոյ անուրջը վերացաւ մօր աչքերի առջեւից, ու լսեց հրեշտակների ձայնը, որոնք փառաբանում էին Տիրոջը: Այնժամ արթնանալով՝ մեծ ուրախութեամբ փառք տուեց Աստծուն եւ իր որդիներին պատմեց տեսիլքի մասին: Իսկ կիրակի օրը՝ սուրբ Պատարագի ժամին, մինչ ջերմ արտասուքներով աղօթքի մէջ էր, առ Աստուած աւանդեց իր մաքուր հոգին:

   Եւգինէի երկու եղբայրները եւս՝ Սերգիոսն ու Ապի­տօնը, թէպէտ բնակւում էին երկրի վրայ, սակայն նրանց քաղաքացիութիւնը երկնքում էր, եւ ի­րենց առաքինի, անարատ վարքով փայլում էին աշ­խարհում՝ իբրեւ լուսատուներ: Հաստատուած լինելով Քրիստոսի սիրոյ մէջ՝ մինչեւ իրենց վեր­­ջին օրը անսայթաք պահուեցին չարի որոգայթներից եւ սրբութեամբ փոխուեցին Տի­րոջ մօտ՝ արդարների երանութեան մէջ՝ հասնելով իրենց ծնողներին եւ քրոջը: Ահա երանելի մաս եւ բա­ժին աշխարհական կարգի առաքինի անձանց հա­մար, քանզի քչերը եղան, որ այս օրինակով ու տան բոլոր անդամներով միասին` հայրը, մայրը, զաւակները, երանութեան արժանացան: Եւ արդարապէս նրանց գլուխն էր սուրբ կոյս Եւգինէն, որովհետեւ նա իր հօր տան համար բարի նախաշա­ւիղ եղաւ: Այդ պատճառով Եւգինէի հետ տօնելի են նրա տան բոլոր անդամները մեր ամենազօր Տիրոջ եւ Փրկչի շնորհներով, Ում վայել է փառք ու պատիւ յաւիտեանս. ամէն: