Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ Իր մոտ կանչելով Իր տասներկու աշակերտներին՝ Նա (Հիսուս) նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիների վրա՝ դրանց դուրս հանելու և բոլոր հիվանդություններն ու տկարությունները բուժելու»։
Այնուամենայնիվ, Սուրբ Հոգու էջքը (Հոգեգալուստը) դեռևս տեղի չէր ունեցել․ «․․․քանի որ Հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր (Հովհ. 7:39): Ուրեմն նրանք ինչպե՞ս էին դևեր հանում:
Քրիստոսի հրամանով և իշխանությամբ: Նայի՛ր, թե որքան տեղին ժամանակին էր այս առաքելությունը: Հիսուս նրանց առաքելության չուղարկեց հենց սկզբից, այլ երբ առաքյալներն արդեն իսկ բավական ժամանակ Նրա հետևորդներ էին եղել և տեսել էին, թե ինչպես Փրկիչը հարություն տվեց մեռյալին, հնազանդեցրեց ծովին, հանեց դևերին, բժշկեց անդամալույծին, թողություն շնորհեց մեղքերին, մաքրեց բորոտին: Երբ նրանք բավարար չափով՝ և՛ գործով, և՛ խոսքով, վստահություն ձեռք բերեցին Քրիստոսի զորության հարցում, այն ժամանակ էլ Հիսուս նրանց ուղարկում է առաքելության։ Քանի որ Պաղեստինում դեռևս ոչ մի վտանգ չկար, ուստի Հիսուս Իր աշակերտներին առաքում էր ոչ թե վտանգավոր սխրանքների, այլ միայն՝ չարախոսությունների ենթարկվելու փորձությանը: Այնուամենայնիվ, Քրիստոս առաքյալներին կանխասում է նաև վտանգների մասին, որպեսզի նախապես իսկ նրանց պատրաստի և հաճախակի հիշեցումներով ընտելացնի գալիք փորձություններին:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն:
Եվ Իր մոտ կանչելով Իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանություն տվեց պիղծ հոգիներ հանելու և բոլոր ցավերն ու բոլոր հիվանդությունները բժշկելու:
Ծածկաբար «կանչել» է անվանում շնորհաբաշխությունը, որից է ամեն կանչված կանչվում և փրկված՝ փրկվում: Որովհետև [Տերը] երկրավոր պաշտամունքից կանչեց երկնային ուսմունքի սպասավորությանը՝ Իր մոտ հավաքելով ազգերի ու ցեղերի. բայց նախ [առաքյալներին] մերձեցրեց Իրեն և ապա նրանց միջոցով՝ ամենքին: Եվ դու ուշադրություն դարձրու, թե ինչպե՛ս պատշաճ ժամանակին կանչեց առաքելության. որովհետև սկզբո՛ւմ չուղարկեց, այլ երբ շատ շրջեցին Նրա հետ և Նրա զորության չափն ու կերպը հասկացան: Նախ աշակերտության կանչեց, այժմ էլ՝ առաքելության՝ իշխանություն տալով դևերի և հիվանդությունների վրա: Որովհետև թեև «Հոգին դեռ չկար, քանի որ Հիսուսը դեռ չէր փառավորվել» (Հովհ. 7։39) խաչելությամբ և վերացրել Ադամի անեծքը, սակայն մասնավոր շնորհներ է պարգևում, որպեսզի ցույց տա, որ Իր իշխանությունն Իր սեփականն է, ինչ պատճառով և այն պարգևում է [առաքյալներին]:
Նաև [սրանով] սկիզբն է դնում Հոգու այն շնորհի բաշխման, որը կորցրեց առաջին Ադամը և որը վերցվեց մարդկանցից նրանց մարմին լինելու պատճառով (Ծննդ. 6։3), և այժմ վերստին ընծայում է, բայց ըստ կարգի, հարմարության և ընդունողների համապատասխանության: Որովհետև ինչպես որ նախ բնական շնորհով զարդարեց Ադամի բնությունը, ինչպես մի մանկան, ապա, երբ [վերջինս] սրանով զարգացավ, գրավոր [օրենքով] աճեցրեց՝ իբրև երիտասարդի, իսկ երբ կատարյալ [հասակի] մարդ դարձավ, ավետարանով լուսավորեց, այդպես էլ այստեղ: Նախքան [Իր] խաչվելը դևերի վրա իշխանություն է տալիս, խաչելությունից հետո [Իր բերանից] փչման միջոցով բացում նրանց միտքը՝ հասկանալու [Սուրբ] Գիրքը (Ղուկ. 24։45), իսկ Պենտեկոստեի օրը Հոգու կատարյալ էության իջմամբ [շնորհ պարգևում]՝ որպես Նոր Կտակարանի ավետարանի փայլմամբ լրման հասած Եկեղեցու: Նաև՝ քանի որ [Տերն առաքյալներին] քահանայության է կանչում, նախ դպրության աստիճանն է տալիս՝ դևերի վրա իշխանություն ունենալու և ցավերը հեռացնելու, Իր հարությունից հետո սարկավագ է ձեռնադրում, իսկ Պենտեկոստեի օրը՝ հայրապետ, ինչից սովորելով՝ Եկեղեցին այսպես է տնօրինում իր սպասավորների՝ ըստ կարգի շնորհաբաշխությունը:
Բայց անհրաժեշտ է քննել, թե ինչո՛ւ միայն տասներկու և ո՛չ ավելի կամ պակաս [հոգիների] կանչեց իբրև գլխավոր առաքյալներ: Տասներկու թիվը բազմաթիվ խորհուրդներ ունի, սակայն մենք մի մասն ենք ընդունում, ինչն էլ համառոտաբար ներկայացնենք. նախ՝ ըստ օրինակի, երկրորդ՝ ըստ թվի նշանակության, և երրորդ՝ ըստ խորհրդի:
Ըստ օրինակի: Տարին տասներկու ամսով է ամբողջանում, արևը՝ նույնքան կենդանատեսակներով շարժվում, օրն ու գիշերը, երբ հավասար են, տասներկուական ժամ ունեն: Երկիրը նույնաթիվ մասերի է բաժանված: Մեր մարմինը կազմված է [նույնքան] անդամներից 1: Հակոբի որդիները տասներկուսն էին (Ծննդ. 35։22, 49։28)և նույնքան ցեղերի բաժանվեցին: Ելիմի աղբյուրներն ու վեմից բխած վտակները նույնքան թվով էին (Ելք 15։27, Թվեր 33։9, 20։11): Մովսեսը նույնքան քարով շինեց զոհասեղանը (Ելք 24։4), իսկ Հեսուն Հորդանանի ափին կանգնեցրեց արձանը (Հեսու 4։3-20), նաև այդքան վիճակների բաժանեց [Աստծուց իրենց] պարգևված երկիրը (Հեսու 18։10-21, 42): Տասներկու իշխան նավակատիքով պատվեցին [Վկայության] խորանը (Թվեր 1։ 44): Տասներկուսն էին վակասի վրայի ակները (Ելք 28։21): Նույնքան էր այն մարդկանց թիվը, որ լրտեսեցին [ամորհացիների] երկիրը (Բ Օր. 1։23-24): [Եսայի] մարգարեի տեսիլքում սերովբեների թևերը տասներկուսն էին, և նույնքան են հրեշտակների դասերը, ինչպես ասացին ոմանք՝ ելնելով Տիրոջ խոսքից (Ես. 6։2, Մատթ. 26։53): Այդքան էին նաև թե՛ Եզեկիելի տեսած տաճարի, թե՛ Խոսքի Հայտնության մեջ Հովհաննես [Ավետարանչի տեսած տաճարի] դռները (Եզեկ. 48։31, Հայտ. 21։21): Տասներկուսն էին մարգարեները 2: Սողոմոնը նույնքան թվով եզների վրա հաստատեց պղնձե ծովը (Գ Թագ. 7։25), տասներկու տարեկանում թագավորեց ու իմաստնացավ, Դանիելը [այդ տարիքում] մարգարեացավ 3, և տասներկուամյա էր Հիսուսը, երբ Տաճարում վարդապետների հետ խոսում էր (Ղուկ. 2։42-47): Ահա ըստ այսքան օրինակների է, որ տասներկու առաքյալներ կանչվեցին Տիրոջից, և եթե մեկը կամենա, հեշտությամբ կարող է համեմատել և [վերոհիշյալ] օրինակներով եղածները ստուգել:
Այժմ էլ տեսնենք այս թվի նշանակությունը: Այն հնգանկյունի է և գոյանում է երեքից. մեկ, հինգ, տասներկու [4],որը խորհրդանշում է տասներկու առաքյալներին, ովքեր հինգ զգայարաններով գոյացածներիս բարձրացրին դեպի Երեք Անձի և Մեկ Աստվածության պաշտամունքը: Նաև տասներկու թիվը, ըստ թվաբանական արվեստի, գերակատար թվերից է. նրա մասերը գումարվելով ծնում են տասնվեց [թիվը], որովհետև նրա մասերը՝ վեց, չորս, երեք, երկու և մեկ, կազմում են տասնվեց 5, ինչը խորհրդանշում է սուրբ առաքյալների գերազանցությունը, որ այս հողեղեն բնությունից լինելով՝ գերակատար առաքինությամբ գերազանցեցին հրեղեններին: Նրանք նաև Վեմի վրա հաստատված սուրբ քարեր են, և այդ խորհրդով ենք տասներկու քար դնում եկեղեցու հիմքում [6]:
Խոսենք [այս թվի] խորհրդի մասին ևս: Հին պատվիրանները տասն էին, իսկ Նոր ուխտը [բովանդակում է] երկու բան՝ հավատ և գործ, որոնց սպասավորներն ու քարոզիչները եղան առաքյալները: Այլև՝ տասներկուսը [գոյանում է] ութից և չորսից. ութն [ունի] ութ դարաշրջանների խորհուրդը, որոնցում ութերորդ օրը Տերը հարություն առավ 7, իսկ չորսը [խորհրդանշում է] աշխարհի չորս կողմերը, որոնց քարոզեցին [առաքյալներն] ընդունել հավիտենական կյանքը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն:
Հիսուս Իր տասներկու առաքյալներին ընտրելուց հետո, նրանց առաքումն անմիջապես չկատարեց, այլ, ինչպես իր տեղում էլ ասացինք (Մարկ. 3:13-15), բավականին ժամանակ նրանց Իր մոտ պահեց, որպեսզի թե՛ Իր վարդապետությանն ընտելանան, թե՛ Իր գործելու եղանակը սովորեն եւ թե՛ հալածանքների ու նեղությունների հանդեպ արիություն ձեռք բերեն եւ Ավետարանը քարոզելու կատարյալ համարձակություն ունենան: Այսպես անցավ Հռոմի 781, մեր թվարկության 28 եւ Հիսուսի կյանքի 32-րդ տարվա ամառը: Երբ աշունը եկավ, ավարտվեցին հողագործական աշխատանքները, մարդիկ իրենց տները քաշվեցին եւ, ինչպես ամեն մի երկրի սովորությունն է, գավառում ու գյուղերում սկսվեց առանձնական կյանքը, Հիսուս անհրաժեշտություն զգաց Ավետարանի քարոզությունն ընդարձակել եւ նրա տարածմանը մի նոր զարկ տալ ու Իր ընտրած առաքյալներին ուղարկել այն վայրեր, որտեղ Ինքը մեկ անգամ արդեն քարոզել էր, որպեսզի առաքյայները քարոզությամբ վարդապետությունը վերարծարծեն ու հիմնավորեն զորությամբ, այսինքն՝ հրաշալի բժշկություններով:
Հիսուս Իր Տասներկուսին վեց զույգի բաժանեց՝ մեկ-մեկ չուղարկեց, այլ երկու-երկու, որպեսզի փոխարինաբար միմյանց օգնական ու պաշտպան լինեն: Զույգերը որոշակիորեն ցույց չեն տրված, բայց Մատթեոսի կողմից յուրաքանչյուր երկու անվան միջեւ եւ դնելը բավականին հայտնի կերպով ցույց է տալիս զույգերի բաժանումը, որն է Պետրոս եւ Անդրեաս, Հակոբոս եւ Հովհաննես, Փիլիպպոս եւ Բարդողիմեոս, Թովմաս եւ Մատթեոս, Հակոբ եւ Թադեոս, Սիմոն եւ Հուդա (Մատթ. 10:2-4): Ասված չէ նաեւ, թե ով որ կողմ գնաց, բայց, անշուշտ, Հիսուս յուրաքանչյուրի համար որոշակի մի շրջանակ սահմանեց, որպեսզի թե՛ Ավետարանի գործը կանոնավոր լինի եւ թե՛ երկու զույգեր միեւնույն տեղում իրար չհանդիպեն: Թեպետ հայտնի կերպով չի ասված, բայց որպես ստուգություն պետք է ընդունվի, թե առաքյալների համար գծված սահմանը Գալիլիայից այն կողմ չէր անցնում, այլ ամփոփված էր Հիսուսի աշխատության գլխավոր ասպարեզը եղող Գալիլիայի սահմաններում:
Առաքյալներին տրված պաշտոնը երկու գլխավոր բաժին ուներ, ինչը որ Հիսուսի որդեգրած ոճի մեջ էլ հայտնի էր՝ քարոզություն ու բժշկություն: Առաջինի համր Մարկոս ասում է. «Քարոզէին զի ապաշխարեսցեն», իսկ Ղուկասն ասում է. «Քարոզէին զԱրքայությունն Աստուծոյ»: Իսկ երկրորդի համար ավետարանիչները ավել ընդարձակ հիշատակություն են անում: Մատթեոսն ասում է. «Ետ նոցա իշխանութիւն այսոց պղծոց հանել զնոսա եւ բժշկել զամենայն ցաւս եւ զամենայն հիւանդութիւնս»: Մարկոսն ասում է. «Ետ նոցա զօրութիւն եւ իշխանութիւն ի վերայ ամենայն դիւաց, եւ բժշկել զախտաժէտս»: Մեջբերված խոսքերում գլխավոր տեղը գրավում է դիվահարի բժշկությունը, իսկ հիվանդությունների չափը կամ տեսակը բոլորովինոր ոշակի չէ, այլ պետք է կարողանան ամեն տեսակի ցավեր, հիվանդություններ եւ ախտեր բժշկել: Այդ բժշկությունն էլ դեղերի միջոցով չէ, այլ ձեռքը դնելով եւ աղոթելով: Եւ թեպետ Մարկոսի Ավետարանում կարդում ենք. «Օծանէին իւղով զբազում հիւանդս եւ բժշկէին զնոսա», սակայն հնարավոր չէ այդ յուղի հիշատակությամբ տեսակ-տեսակ ախտաբույժ ձեթեր եւ յուղեր հասկանալ, որոնք Հիսուսն էլ չէր օգտագործում, այլ պետք է կարծել միայն Հիսուսից իրենց հանձնված եւ միակ օրհնված մի յուղ, որ եթե ամեն տեսակ ցավերը, ախտերն ու հիվանդությունները բժշկելուն էր ծառայում, ապա պետք է ընդունել, որ ոչ թե ներքին բուժական զորություն ունեցող մի յուղ էր, այլ պարզապես աստվածային զորության հաղորդակցության նշան էր, հար եւ նման ձեռք դնելու նշանին, որ երբեք բժշկելու բնական զորություն չեր կարող պարունակել: Այդ պաշտոններն էին, որոնք առաքյալները սկսեցին գործադրել իրենց գնացած վայրերում:
-------------
[4] Սկսած դեռևս վաղ միջնադարից՝ Եկեղեցու հայրերը՝ ծանոթ այն ժամանակվա թվաբանության արվեստին (սկիզբ առած դեռևս պյութագորասականներից) իրենց մեկնություններում գործածում էին թվականների զանազան տեսակներ: Անկյունավոր թվերը լինում են ուղղանկյունի, եռանկյունի, քառանկյունի և այլն: Դրանք երկու տեսակ են՝ «ավելորդ» և «ուղղորդ»: Ծործորեցին այստեղ խոսում է ուղղորդ հնգանկյունի թվի մասին, որպիսին է և 12-ը: Ուղղորդ հնգանկյունի թվերն են՝ 1, 5, 12, 22, 35, 51, 70 և այլն: Նրանց միջև տարբերությունն աճում է 3-ով. 5-1=4, 12-5=7, 22-12=10, 35-22=13 ևն, որտեղ 7-4=3, 10-7=3, 13-10=3 ևն: Անկյունավոր թվերի մասին կարելի է կարդալ Հովհան-նես Սարկավագի «Յաղագս անկիւնաւոր թուոց» աշխատության մեջ (Ա. Գ. Աբրահամյան, Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը, Երևան, 1956, էջ 148-157): Անկյունավոր թվերի միջոցով խորհրդաբանական մեկնության է դիմում, օրինակ, նաև սբ Եվագր Պոնտացին դեռևս 4-րդ դարում, իր «Աղոթքի մասին» գործի նախաբանում, երբ բացատրում է, թե ինչու է ընտրել աղոթքի մասին խոսքերի քանակի 153 թիվը (Творения Аввы Евагрия, перевод А. И. Сидорова, Мартис, 1994, с. 77):
[6] Այժմ եկեղեցու հիմքում դնում են 16 քար՝ ըստ ավելի ուշ խմբագրված Մայր Մաշտոցի: Ըստ Ստեփանոս Սյունեցու «Ժամակարգության մեկնության» հրատարակիչ Սահակ վրդ. Ամատունու՝ այդ փոփոխությունը կատարվել է 1807թ.-ին Կ. Պոլսում հրատարակված Մայր Մաշտոցում, որը, ինչպես նշված է հենց հրատարակության մեջ, խմբագրության է ենթարկվել «Մինաս արքեպիսկոպոսի» և «Գալուստ դպրի» ձեռքով (տես Մաշտոցի նշվ. հրատ. և «Արարատ», 1915, թ. 2, էջ 235): Մենք ստուգեցինք Սահակ վրդի այս տեղեկությունը 1714թ.-ին հրատարակված Մաշտոցով, և այնտեղ, իրոք, եկեղեցու հիմնարկեքի՝ սբ Հովհան Մանդակունի կաթողիկոսի ստեղծած կանոնում խոսվում է 12 և ոչ թե 16 քարի մասին. «Ժողովեալ աստուածային քահանայապետն.... եւ բերեն քարինս անտաշս երկոտասանս», «....զքարինսն երկոտասանս ըստ անուան առաքելոցն դնեն ի խորանին...», և ոչ մի տեղ 16 քարի մասին չի նշվում (Գիրք սրբոյն Մաշտոցայ վարդապետի արարողութիւնք հանա-պազորդեան եկեղեցեաց Հայաստանեայց, ի տպարանի Պարօն Կարապետի, ռճկգ (1714) թ., էջ եճհ, եճձ (570, 580)): Եկեղեցու հիմքում դրվող 12 և ոչ թե 16 քարի մասին են խոսում նաև թե՛ սբ Հովհան Օձնեցին, թե՛ Ստեփանոս Սյունեցին իրենց գործերում:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: