Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:2

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, և նրա եղբայր Անդրեասը, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես»։
   
    Քանի որ ավետարանիչն արդեն իսկ խոսել էր երկու զույգ առաքյալների՝ Պետրոսի և Հովհաննեսի մասին, իրենց եղբայրների հետ մեկտեղ ( Մատթ. 4:18, 21), և նրանցից հետո էլ հիշատակել էր Մատթեոսի կանչի մասին (Մատթ. 9:9), մինչդեռ այլ առաքյալների կոչման և անունների մասին ոչինչ չէր հաղորդել մեզ, ուստի այժմ անհրաժեշտ էր դրանք հերթով թվարկել և կանչվածներին անուններով հիշատակել՝ ասելով այսպես. «Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց»:

    Կար մեկ այլ Սիմոն, որ կոչվում էր Կանանացի. նմանապես կային նաև Հուդա Իսկարիովտացին ու Հակոբի Որդի Հուդան, ինչպես և՝ Ալփեոսի որդի Հակոբոսը և Զեբեդեոսի որդի Հակոբոսը: Մարկոսը թվարկում է առաքյալներին ըստ յուրաքանչյուրի արժանավորության՝ երկու գլխավորներից հետո դնելով Անդրեասին, մինչդեռ Մատթեոսն այդկերպ չի թվարկում, այլ առաքյալներին հիշատակում է մեկ այլ եղանակով. նա իրենից բարձր է դասում Թովմասին, ով իրականում շատ ավելի ցածր էր: Դիտենք այս թվարկումն ըստ հերթականության՝ սկսելով առաջինից:

    «Առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, և նրա եղբայր Անդրեասը»: Եվ սա արդեն փոքր գովասանք չէ: Մեկին գովել էր առաքինության համար, մյուսին՝ բարոյական նկարագիր ունենալու համար: Դրանից հետո՝ Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես»։ Տեսնու՞մ ես, որ Մատթեոս ավետարանիչն առաքյալներին չի դասավորում իրենց արժանավորության համաձայն: Իմ կարծիքով՝ Հովհաննեսը ոչ միայն ավելի բարձր էր մնացած բոլորից, այլև իր եղբորից:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը Անդրէաս,
   

    Տասներկու առաքյալների անունները սրանք էին:

    Թեպետ ամեն առարկա առանց անվան մոտ է անգոյության և անվամբ է ամբողջանում, սակայն անունը [բուն] առարկայի համեմատ ստորադաս է և երկրորդական: Ուստի [Տերն առաքյալներին] նախ կանչելով ծնեց շնորհով, այժմ էլ նրանց անուններն է տալիս: Նաև քանի որ անունը բնության մաս չէ, այլ կցվում է, սակայն համառոտաբար սահմանում է բնությունը, ուստի [ավետարանիչն] ասում է. «Առաքյալների անունները սրանք էին», այսինքն՝ նրանց էությունը ցույց տվող և գործերը բացահայտող՝ ըստ այսմ. «Ադամն ինչ անուն որ դրեց, դա է նրա անունը» (Ծննդ. 2։19), որովհետև [անունը] համապատասխանեց [կենդանու էությանը]: Այսպես [եղավ] և [առաքյալների] դեպքում, քանի որ [նրանց անունները] մարգարեաբար դրվեցին՝ գոյություն առնելով երեք բանից՝ առարկայից, բառից և գործից:

    Առաջինի [անունն էր] Սիմոն՝ Պետրոս անվանված, և նրա եղբորը՝ Անդրեաս:

    Թեպետ բոլորն էլ գլխավոր [առաքյալներ] էին, սակայն [Տերը] Պետրոսին է նրանց գլուխ կարգում և ընտրում որպես ոչ միայն նրանց, այլև գառների, ոչխարների և խոյերի հովիվ: Առաջին լինում են կամ դասակարգությամբ, կամ զորությամբ, իսկ սա երկուսով էլ օժտված էր. դասակարգությամբ [առաջինն] էր ամենամեծ տարիքն ունենալու պատճառով, իսկ զորությամբ՝ ջերմեռանդ սիրո և խիզախ հավատի: Այս պատճառով էլ հարգելով՝ [Տերը նրան] առաքինության անունով է կոչում. որովհետև նախ ծնողներից Սիմոն անունն էր ստացել, որ նշանակում է «հնազանդ» կամ «տրտում լուր», իսկ շնորհից [ստացավ] Պետրոս [անունը], որ թարգմանվում է «վեմ» կամ «ճանաչող», կամ «ճանաչված», կամ «արձակող», կամ «մերկացած ոտք»:

    Անդրեասին (ում [անունը] նշանակում է «կերակրին պատասխանող», կամ «գեղեցիկ պատկեր», կամ «գեղեցկություն», կամ «ազգից սիրված») [ավետարանիչը] բավական է համարում ներկայացնել իբրև [Պետրոսի] արյունակից և կոչել «նրա եղբայրը». այսինքն՝ [Անդրեասն] ինչպես որ կցորդ եղավ Պետրոսի առաքինությանը, ծննդյանն ու քարոզությանը, այդպես և խաչելությամբ մահվանը [1]: Նրանք, լինելով հավատքի ամոլներ և տոհմերի իշխաններ՝ Նեփթաղիմի ցեղից, բառնալով ավետարանի քարոզության և խաչի չարչարանքների լուծը, խոսքի արորով գցեցին հավատի սերմը մարդկային ազգերի բանական դաշտերի, [այսինքն]՝ սրտերի մեջ: Պետրոսը նախ հաստատեց առաջին եկեղեցին Անտիոքում ու հավատացյալներին կոչեց «քրիստոնյա» (Գործք 11։26) և շրջելով քարոզեց Գալիլեայում, Պոնտոսում, ամբողջ Կապադովկիայում, հետո Իտալիայում և ապա Հռոմում, որտեղ մնաց քսանհինգ տարի, գրեց ընդհանրական երկու թղթերը, Ներոնի [հրամանով] գլխիվայր խաչվեց հուլիս ամսի կաղանդից երեք օր առաջ [2]: և թաղվեց նույն քաղաքում: Իսկ Անդրեասը՝ Բեթսայիդա քաղաքից, նախ աշակերտեց Հովհաննես [Մկրտչին] և ապա կանչվելով Տիրոջից՝ հետևեց Նրան, Քրիստոսի հարությունից հետո գնաց քարոզության և քարոզեց շնագլուխների ցեղին ու մարդակերներին, ապա Նիկիայում և Նիկոմեդիայում: Այնուհետև գնաց սաբաստացիների մեծ քաղաքը, ուր բնակվում են ափսարացիները, [հոսում է] Փարիս գետը, ուր նաև ներքին Եթովպիայի [բնակիչներն] էին ապրում, իսկ հետո խաչվեց Աքայիայի պարտեզներում՝ Եգիատ դատավորի [հրամանով], նոյեմբեր ամսի 30-ին, և նրա մարմինը դրվեց այնտեղ [3]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

2-4․ Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը Անդրէաս, Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց, Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան:
   
    Ավետարանիչներն Առաքյալների ընտրության մասին պատմելու առիթով, ամբողջությամբ տալիս են Տասներկուսի անունները և անհրաժեշտ է, որ այստեղ մենք էլ նրանց ներկայացնենք, դիտողության տեղիք տվող կետերը լուսաբանենք և յուրաքանչյուրի ծագումն ու գործերը բացատրենք մինչև պատմությանն անցնելու ժամանակը, իսկ նրանց հետագայի գործերը Ավետարանի պատմության ընթացքի մեջ կներկայացնենք։
    Մատթեոսի տված ցուցակը հետևյալ կերպով է կազմված․
1․ Սիմոն Պետրոս
2․ Անդրեաս, նրա եղբայրը
3․ Հակոբոս Զեբեդեոսի
4․ Հովհաննես, նրա եղբայրը
5․ Փիլիպպոս
6․ Բարդողիմեոս
7․ Թովմաս
8․ Մատթեոս Մաքսավոր
9․ Հակոբոս Ալփեոսի
10․ Ղեբեոս Թադեոս
11․ Սիմոն Կանանացի
12․ Հուդա Իսկարիովտացի։
Մարկոսի տված ցուցակն էլ հետևյալն է․
1․ Սիմոն Պետրոս
2․ Հակոբոս Զեբեդեոսի Բաներեգես
3․ Հովհաննես Բաներեգես, Հակոբոսի եղբայրը
4․ Անդրեաս
5․ Փիլիպպոս
6․ Բարդողիմեոս
7․ Մատթեոս Մաքսավոր
8․ Թովմաս
9․ Հակոբոս Ալփեա
10․Թադեոս
11․Սիմոն Կանանացի
12․ Հուդա Իսկարիովտացի։
    Ղուկասի տված ցուցակն էլ հետևյալն է․
1․ Սիմոն Պետրոս
2․ Անդրեաս, նրա եղբայրը
3․ Հակոբոս
4․ Հովհաննես
5․ Փիլիպպոս
6․ Բարդողիմեոս
7․ Մատթեոս
8․ Թովմաս
9․ Հակոբոս Ալփեոսի
10․ Սիմոն Նախանձահույզ
11․ Հուդա Հակոբոսի
12․ Հուդա Իսկարիովտացի։

    Ղուկասն ուրիշ տեղ էլ է Առաքյալների ցուցակ ներկայացնում (Գործ․ 1։13) և միևնույն մարդկանց է նշում, միայն թե Պետրոսին Սիմոն անունը չի ավելացնում, Անդրեասին դնում է չորրորդը, Սիմոն Նախանձահույզին գրում է Շմավոն, որ նույն անվան տարբեր հնչումն է, Հուդա Հակովբա անունը գրված է Հուդա Հակովբյան, որ մեր թարգմանությանն է պատկանում և տարբերություն չունի, իսկ Հուդա Իսկարիովտացին մատնությունից և խեղդվելուց հետո չէր կարող այլևս հիշվել։
Հովհաննեսը ամբողջ տասներկուսի ցուցակը դնելն ավելորդ է համարել, բայց առաքյալների թիվն ու անունները հիշատակված են Ավետարանում։
Առաքյալների թվի տասներկու լինելը հիշված է զանազան անգամներ՝ (Հովհ. 6։68, 71-72 և 20։24
    Սիմոն Պետրոս՝ (Հովհ․ 1։40, 42, 44) և ուրիշ երեսուն անգամ․
   Զեբեդեոսի որդիներ, այսինքն՝ Հակոբոս և Հովհաննես՝ (Հովհ․ 21։2)․
    Անդրեաս՝ (Հովհ․ 1։40, 44) և ուրիշ երեք անգամ․
    Փիլիպպոս՝ (Հովհ․ 1։43, 44) և ուրիշ ինն անգամ․
   Նաթանայել՝ (Հովհ․ 1։45, 46) և ուրիշ չորս անգամ․
   Թովմաս Երկվորյակ՝ (Հովհ․ 11։16) և ուրիշ յոթն անգամ․
    Հուդա Ոչ-Իսկարիովտացի՝ (Հովհ․ 14։22)․
    Հուդա Իսկարիովտացի՝ (Հովհ․ 6։72) և ուրիշ յոթն անգամ։
    Պակասում են միայն Մատթեոս Մաքսավորի, Ալփեան Հակոբի և Սիմոն Կանանացու անունները, որոնք Հովհաննեսի կողմից չեն հիշված, սակայն բոլոր առաքյալների թվի տասներկու լինելը հայտնի կերպով է գրված, որը ցույց է տալիս նրանց՝ Տասներկուսի զորությունը։
   Այս տարբեր ցուցակները, ինչպես մի ակնարկով էլ երևում է, իրար հետ համեմատելու ժամանակ մեծ դժվարություններ չեն հարուցում, միայն ոմանց տարբեր անուններ ունենալն են հաստատում, ինչը որ շատերի համար հայտնապես էլ գրված է։
    Շարքի մեջ թեպետ ոմանք հետ ու առաջ են նշված, սակայն չորս-չորս հաշվելու ժամանակ, երեք քառյակներն էլ միշտ միևնույն անուններով են կազմված։ Եվ սա հաստատում է, թե առաքյալների մեջ էլ ավանդության կամ առաջնության մի կարգ կար, ինչը որ անհրաժեշտ է առհասարակ բոլոր խմբերին ու դասակարգերին։ Այդ կարգը երկու ծագում կարող է ունենալ․ մեկը Հիսուսին աշակերտության մտնելու կարգն է, որովհետև արդեն տեսանք, թե առաջին քառյակը կազմողները բոլորից առաջ հետևեցին Հիսուսին (Հովհ․ 1։35-42), իսկ նրանցից հետո Հիսուսին հետևողները երկրորդ քառյակի մեջ են մտնում (Հովհ․ 1։43-51)։ Իսկ մյուսը՝ ըստ յուրաքանչյուրի տարիքի կարգն է կամ Հիսուսին հետևելուց առաջ քաղաքում և արհեստում ունեցած իրենց դիրքը։ Գուցե այս երկու պատճառներն էլ միաժամանակ ազդեցություն ունեցան առաքյալների մեջ ընդունված հաստատուն հերթականության վրա։
    Ծնունդով բոլոր առաքյալները Գալիլիացի էին, թեպետ և ոմանց ծննդավայրը հայտնի կերպով ցույց տրված չէ, սակայն ժողովուրդը բացահայտորեն վկայեց․ «Ո՞չ աւասիկ ամենեքեան սոքա․․․ Գալիլիացիք են» (Գործ․ 2։7): Միայն ոմանք ուզեցին բացառություն անել Հուդա Իսկարիովտացու համար, բայց դա էլ հիմնական կարծիք չէ։
    Ենթադրվում է, որ տարիքով բոլորն էլ առավելագույնը Հիսուսի տարիքին են՝ շուրջ երեսուն տարեկան մարդիկ։ Միայն Հովհաննեսի համար է ավանդությունն ընդունել, թե տարիքով ամենափոքրն էր և շուրջ քսանհինգ տարեկան մի երիտասարդ էր։ Ընտանեկան դրությամբ ընդունվում է միայն Հովհաննեսի ամուրի լինելը, իսկ մնացյալ բոլորը ամուսնացած անձեր են համարվում, թեպետ միայն Պետրոսի ամուսնացած լինելը և զոքանչ ունենալն է հիշված, ինչպես մենք էլ սկզբում հիշեցինք (Մատթ․ 8։14-15)։ Այժմ յուրաքանչյուրի հատուկ պարագաները բացատրենք։

    Պետրոս․ նախկին հրեական անունն էր Սիմոն, իսկ Պետրոսը, որը Կեփասն ու Վեմն է, իբրև մականուն, Հիսուսի կամքով հետո է ավելացել, հավանաբար ելնելով նրա բնավորության գծերից, որովհետև Հիսուս Զեբեդիոսի որդիներին էլ նույն պատճառով մականուն տվեց։ Հոր անունը Հովնան է, և ո՛չ Հոհան, ինչպես ոմանք գրել են շփոթությամբ։ Հայրը երբեք չի հիշվում, հավանաբար կենդանի չէր։ Ծնունդով բնիկ Բեթսայիդա քաղաքից էր, թեպետ հետո բնակություն էր հաստատել Կափառնայումում։ Արհեստով ձկնորս էր, բայց ոչ թե հասարակ արհեստավոր, այլ՝ վարպետ իր արհեստի, արհեստակիցների մեջ ավագություն վայելող՝ որպես արհեստին քաջավարժ և որպես մեծ նավի ու կատարյալ կազմվածքի տեր անձնավորություն։ Բնավորությամբ եռանդուն, գործունյա, ձեռներեց և համարձակ էր՝ մինչև հանդգնության հասնող, գործի մեջ առաջ նետվող, հաճախ խոհական չափավորությունն էլ մոռանալով՝ վտանգի էր ենթարկվում։ Առաքելությունից առաջ ունեցած դիրքը, իր գործունյա ձիրքը, Հիսուսին բոլորից առաջ աշակերտած լինելը, Պետրոսի համար առավելություններ համարվեցին և նա բոլոր ցուցակների մեջ առաջին տեղում է նշանակված, իսկ Մատթեոսը որոշակիորեն գրում է․ «Առաջին Սիմովն անուանեալն Պետրոս»։ Այդ բառը հռոմեական եկեղեցականների կողմից իբր փաստ է դիտվում՝ Պետրոսին բացառիկ աստիճան վերագրելու համար, մինչ առաջին ասվելը երկրորդի ու երրորդի հետ նույն աստիճանին պատկանելն է ցույց տալիս, միայն թե հերթականության մեջ առաջին տեղում հայտնվելը, անշուշտ, մի որևէ նախընթաց և զգալի առավելություն ունենալու համար է։ Քանզի Հիսուս տասներկու հավասար ընկերներ ընտրեց և ոչ թե մեկ գլխավոր և տասնմեկ ենթականեր, որի մասին ավետարանիչները ո՛չ հիշում են և ո՛չ էլ՝ ակնարկում։ Պետրոսը Հիսուսին աշակերտելուց առաջ Հովհաննես Մկրտչի աշակերտն էր եղել։
   Անդրեաս․ Պետրոսի հարազատ և կրտսեր եղբայրն էր, նույն ծննդավայրից ու նույն արհեստն ուներ։ Հովհաննես Մկրտչի աշակերտը լինելով՝ Հիսուսի հետևից գնաց և եղբորը ներկայացրեց Հիսուսին, ինչի մասին իր տեղում պատմեցինք (Մատթ․ 2։23)։ Անդրեասին տրված է «Նախակոչ» աշակերտի անունը, որովհետև առաջին անգամ Հիսուսի հետևից գնացող երկու աշակերտներից նրա անունն է միայն բացահայտ հիշվում։
    Հակոբոս․ Զեբեդեոսի և Սողոմեի որդին, և, որովհետև Սողոմեն տիրամայր Մարիամի մորաքրոջ դուստրն էր, Հակոբոսն էլ Հիսուսի մեծ մոր քրոջ թոռն է գալիս, վեցերորդ աստիճանի ազգակցությամբ։ Հակոբոսը Բեթսայիդացի էր, բայց հավանաբար Կափառնայումում էր հաստատվել՝ ձկնորսության գործով, ինչպիսին էր նաև իր հայրը՝ Զեբեդիոսը։ Իր արհեստի մեջ լավ դիրք ունեցող մեկն էր, որովհետև վարձկաններ պահելու միջոցներ ուներ (Մարկ․ 1։20): Հակոբոսի՝ Հորդանանի եզերքից Հիսուսին հետևած լինելը գրեթե ստույգ է, ինչպես իր տեղում ասացինք (Հովհ․ 1։35-42)։ Դրանից հետո եղած դեպքերն էլ ենք արդեն բացատրել (Մատթ 4։17-22 և Ղուկ․ 5։1-11
   Հովհաննես վերոհիշյալ Հակոբոսի հարազատ և կրտսեր եղբայրը։ Իր եղբորից առաջ է հետևել Հիսուսին և Նրան ընկերակցել բոլոր գործերում, որոնք հետզհետե պատմվեցին։ Հովհաննեսն իր աջակցությամբ, կրտսերությամբ և համակրելի բնավորությամբ Հիսուսի հատուկ սիրուն էր արժանացել, մինչև իսկ ինքը համարձակ կերպով գրում է իր մասին․ «Աշակերտը - զօր սիրէրն Յիսուս» (Հովհ․ 13։23, 21։20): Սակայն այդ սիրալիր բնավորության հետ բուռն, ցասկոտ և աղմկահույզ մի խառնվածք են ունեցել Զեբեդեոսի երկու զավակները, որի համար նրանց Բաներեգես կամ Բսաներեգես մականունը տրվեց, որ թարգմանվում է Որոտման Որդիներ և նշանակում է որոտում, այսինքն՝ աղմուկ, խնդիր հուզող և ցասկոտ բնավորություն ունեցող մարդիկ։ Այդ բնավորության հետևանք են սամարացիների վրա երկնքից կրակ թափելու առաջարկը (Ղուկ․ 9։54) և ընկերների վրա մի բարձր դիրք ձեռք բերելու հետամտությունը (Մարկ․ 10։35):
    Առաքելական խմբի այդ առաջին քառյակին միշտ նախապատվված ենք տեսնելու՝ միշտ Հիսուսի հետ և Նրա մոտ՝ կարևոր դեպքերի ժամանակ, մինչ մյուս առաքյալները հետևում են մնում, ինչպես պատմության շարքում պիտի տեսնենք Հայրոսի տանը, Այլակերպության վայրում, Ձիթենյաց լեռան վրա և Գեթսեմանիի պարտեզում։
    Փիլիպպոս․ սա ևս բեթսեյիդացի ձկնորս էր, հոր անունը հիշված չէ, և ոչ էլ իր նախնական և հրեական անունը, քանզի Փիլիպպոս հայտնի հունական անուն է, իսկ կոչումը եղավ Հորդանանի եզերքից, ինչպես արդեն պատմեցինք (Հովհ․ 1։43-51)։ Երկրորդ անգամ կանչվելու պատմությունը պակասում է, բայց նախապատիվ դիրք ունենալն հայտնի է, որովհետև բոլոր ցուցակների մեջ հաստատուն կերպով երկրորդ քառյակում առաջինն է։
    Բարդողիմեոս․ ում մասին արդեն խոսեցինք, թե նույն ինքն Հովհաննեսի Ավետարանում հիշված Նաթանայելն է, և ում կանչվելն էլ ներկայացրեցին նույն Ավետարանից (Հովհ․ 1։43-51)։ Նաթանայել- Բարդողիմեոսը Կանա քաղաքից էր, արհեստով՝ ձկնորս (Հովհ․ 21։2)։ Առաջին կանչվելուց հետո ուրիշ դեպք չկա պատմության մեջ, բայց իր համար մեծ պատիվ է Հիսուսի բերանով Աննենգ իսրայելացի հռչակվելը և մեծ գովեստ է առաջին անգամ Հիսուսին Աստուծո Որդի դավանելը և Նախադավան առաքյալ լինելը։
    Մատթեոս․ իր նախնական հրեական անունով Ղևի, հոր անունը Ալփեոս, ծնունդով ենթադրվում է Կափառնայումից, արհեստով՝ մաքսավոր, ում անունը չի հիշված Հորդանանից հետևողների մեջ, թեպետ սույն տեղից հետևած լինելը չի կարող կասկածի ենթարկվել։ Կափառնայումի մոտ, ծովեզերքին, վերջին կանչվելը արդեն պատմեցինք (Մատթ․ 9։9-17
    Թովմաս․ ըստ ավանդության նախնական և հրեական անունը Հուդա է, հոր անունն ու ծննդավայրը չեն հիշված, բացի արհեստով ձկնորս լինելուց (Հովհ․ 21։2): Եզրակացնում ենք, թե Տիբերեայի ծովեզրյա քաղաքներից էր։ Թովմասին տրվում է Երկվորյակ մականունը (Հովհ․ 11։16), որ հունարեն հնչմամբ Դիդիմոսն է, թեպետ և Ավետարանը չի բացատրում անվան իմաստը և ոչ էլ տալիս է մյուս երկվորյակի անունը։ Բայց Արևելյան Եկեղեցու ավանդությունը կարծում է, թե Թովմասի երկվորյակ եղբայրը Թադեոսն է, Յոթանասուներկու աշակերտների թվից, որ եղբոր հանձնարարությամբ Եդեսիա գնաց, քարոզեց և Աբգարին մկրտեց։ Թովմասի ոչ առաջին և ոչ երկրորդ կանչվելու վերաբերյալ մասնավոր հիշատակություն չկա․ Ավետարանների մեջ, սակայն, մյուսների նման, պետք է ընդունել, որ Հորդանանից հետևելը և Տիբերեայի ձկնորսությունից կանչված լինելը ստույգ է։
    Հակոբ կամ Հակոբոս․ որդի Ալփեոսի, որի մասին ուրիշ հիշատակություն չունենք Ավետարանում, միայն ակնառու է հաստատուն կերպով երրորդ քառյակի առաջին նշանակվելը։ Հայրանունը Ալփեոս է և Մատթեոսի հայրանվան հետ նույնը լինելը առիթ է եղել ոմանց Հակոբին Մատթեոսի եղբայր կարծելուն և արհեստով մաքսավոր ենթադրելուն։ Սակայն, անիմաստ մի կարծիք է, որ երբեք հավանականության հիմք չունի, որովհետև եթե այդպես լիներ, անշուշտ ավետարանիչները և, մանավանդ ինքը՝ Մատթեոսը, զանց չէին առնի այդ պարագան հիշել, ինչպես հիշված է Պետրոսի և Անդրեասի, Հակոբոսի և Հովհաննեսի եղբայր լինելը, հայրանունների նույնությունը, ուստի պատահականություն է։
    Սիմոն․ կամ ուրիշ հնչմամբ Շմավոն, Կանանացի կամ Նախանձահույզ մականվանված, որի ո՛չ ծննդավայրը, ո՛չ հայրանունը և ո՛չ էլ արհեստը հիշված չեն Ավետարանում, բայց, հավանաբար, սա էլ ձկնորս է Բեթսայիդայից կամ մոտիկ որևէ գյուղից։ Արդեն հիշեցինք (Հովհ․ 2։1-11), թե Կանանացի մականունը երբեք Կանացի չի նշանակում, այլ՝ թարգմանաբար հիշված նախանձահույզ մականվան հրեերեն բառն է։ Այդ մականունը, ըստ ոմանց, Պետրոս և Բաներեգես մականունների նման, Հիսուս տվել է Սիմոն առաքյալին՝ Սիմոնի բնավորությունը նկատի ունենալով։ Իսկ ըստ այլոց, Սիմոնն սկզբում հետևել է Հուդա Գալիլիացուն (Գործ․ 5։37), որն իբրև սուտ-Քրիստոս ժողովրդական կուսակցություն կազմեց, և նրան հետևողները կրում էին նախանձահույզ անունը։
   Թադեոս․ այս առաքյալի անունները մեր ցուցակներում աչքի ընկնող տարբերություն ունեն, որովհետև տարբեր անուններով են ներկայանում՝ Ղեբեոս, Թադեոս և Հուդա։ Սակայն մյուս անունների դեպքում նկատված ամենակատարյալ համաձայնությունը ստիպում է, որ այս անվան համար էլ տարբերություն չենթադրել, մանավանդ, որ հարկադրական պատճառ չկա։ Արդեն տեսանք մյուսների մոտ, որ առաքյալները երկու անուն ունեին, և ըստ այդմ էլ առաքյալի նախնական հրեական անունը Հուդա է, մականունը՝ Թադեոս, իսկ Հակոբի կամ Հակոբյանը հայրանունն է՝ Հակոբի որդի Հուդա-Թադեոս։ Իսկ Ղեբեոս անունը կարդացվում է հունարեն սովորական օրինակներում, առանց Թադեոսի, մինչ լատիներեն սովորական օրինակներում կարդացվում է Թադեոս՝ առանց Ղեբեոսի, սակայն լեզվագետները այս երկու անունները նույնիմաստ են համարում՝ մեկը եբրայական և մյուսը՝ ասորական ստուգաբանությամբ։ Եվ մեր հայ թարգմանիչները երկու տարբեր օրինակներ տեսնելով՝ ավելի ապահով են նկատել դնելու «Ղեբէոս որ անուանեցաւն Թադեոս» (Մատթ․ 10։3)
    Այս վերջին երեք՝ Հակոբ, Սիմոն և Հուդա առաքյալների վերաբերյալ ավելի դժվար խնդիր է մեջտեղ գալիս՝ ճշտելու նրանց ո՛վ լինելը։ Հիսուսի եղբայրներ կոչվող չորս եղբայրներ են հիշատակվում Ավետարանում՝ Հակոբ, Հովսես, Սիմոն և Հուդա անուններով, և այսպիսով երեք անունների զույգ են հայտնվում մեր դիմաց․ մեկը՝ Հակոբ, Սիմոն և Հուդա՝ առաքյալների մեջ կողք-կողքի նշված, մյուսն էլ՝ Հակոբ, Սիմոն և և Հուդա՝ Տյառնեղբայրների մեջ հիշված։ Լատինները և առհասարակ արևմտյաններն այդ երեք համանունները ձգտում են նույնացնել և պաշտպանում են, թե նույն ինքն երեք Տյառնեղբայրներն են, որ ընդգրկվեցին Տասներկուսի մեջ։ Նրանց փաստերն են․
1․ Երեք անունների կատարյալ նույնությունը,
2․ Կղեովպաս անվան, որ Տյառնեղբայրների հոր անունն է և Ալփեոս անվան նույնությունը,
3․ Հակոբ Տեառնեղբոր փոքրիկ կոչվելը (Մարկ․ 15։40), որպես Տասներկուսի մեջ գտնվող Զեբեդյան Հակոբոսից տարբերվի, որ երեցն էր,
4․ Իրենց եկեղեցու ավանդությունը։
   Սակայն բոլորովին հակառակն է Արևելյան Եկեղեցիների և մեր Եկեղեցու ավանդությունը, որը մենք ևս ընդունում ու պաշտպանում ենք։ Տեառնեղբայրներին Տասներկուսի մեջ ներմուծելը Ավետարանի պատմությանն անհամաձայն է։ Մեր փաստերն են․
1․ Տասներկուսի ընտրությունից հետո Տյառնեղբայրները Տիրամոր հետ հեռվից են գալիս Հիսուսին փնտրելու և Նրան մեկ անգամ էլ տեսնելու համար (Մարկ․ 3։31), ինչը չի համապատասխանում Հիսուսի հետ շրջող առաքյալներին։
2․ Տասներկուսի ընտրությունից մեկ տարի հետո Տյառնեղբայրները Հիսուսին հորդորում են Երուսաղեմ գնալ և Իրեն հայտնել աշխարհին․«Քանզի, - ասում է ավետարանիչը, - եւ եղբարքն իսկ չէին հաւատացեալ ի նա» (Հովհ․ 7։5)։ Այդպիսի գործը և այդպիսի թերահավատությունը չի պատշաճում շարունակ Հիսուսի հետ գործող առաքյալներին։
3․ Հիսուսի համբարձումից հետո վերնատան մեջ հավաքվածների մասին խոսելով, Ղուկասը Տասնմեկին անվանապես հիշում է, որոնց մեջ են Հակոբոս Ալփեան, Շմավոն Նախանձահույզը և Հուդա Հակոբյանը, և ապա ավելացնում է, թե «Սոքա ամենեքին,» , այսինքն՝ տասնմեկ առաքյալները «էին հանապազորդեալ միաբան յաղօթս հանդերձ կանամբք եւ Մարեմաւ մարբն Յիսուսի եւ եղբարբք նորա» (Գործ․ 1։13, 14), որով առաքյալները հայտնապես զատվում են Տյառնեղբայրներից։
4․ Եթե Տասներկուսի մեջ երեք հարազատ եղբայրներ լինեին, ապա ավետարանիչներն այն նշած կլինեին, ինչպես ասում են Հովնանյան և Զեբեդյան եղբայրների համար։
5․ Կղեովպաս և Ալփեոս անունները նույնը կարծելը, Cleophas=Կղեովպաս և Alphaeus=Ալփեոս անունները տառերի տեղափոխությամբ իրար նմանեցնելը ավելի բառախաղ է, քան պատճառաբանություն։
6․ Երեք անունների հավասար կերպով երկու խմբերի մեջ էլ գտնվելը օրինակը չունեցող երևույթ չէ, քանի որ հրեաների մեջ անունների թիվը ընդարձակ չէր և նույնիսկ տասներկու առաքյալների մեջ շատ նույնություններ կային, օրինակ, երկու Սիմոններ՝ Պետրոս և Կանանացի, երկու Հակոբոսներ՝ Զեբեդեան և Ալփեան և երեք Հուդաներ՝ Հակոբեան, Թովմաս և Իսկարիովտացի։
7․ Ամբողջովին տարօրինակ է Հուդա Հակոբա անունը մեկնաբանել որպես Հուդա եղբայր Հակոբի (Հուդա 1), որովհետև այս ձևով միայն հայրանուններ են նշված, ինչպես, օրինակ, Սիմոն Հովնանու, Հակոբոս Զեբեդեա, Ղևի Ալփեա, Հուդա Սիմոնի և այլն, ըստ այսմ էլ Հուդա Հակոբեա նշանակում է Հուդա որդի Հակոբի և ոչ երբեք Հուդա եղբայր Հակոբի։
8․ Հակոբոս Տյառնեղբոր փոքրիկ կոչվելը մի պարզ մականուն է, գուցե կազմվածքով փոքրիկ լինելու կամ թե նույն գերդաստանում մեկ այլ Հակոբոս գոյություն ունենալու պատճառով և երբեք չի թելադրում Տասներկուսի միջից Զեբեդեան Հակոբոսի հետ դիմաբաժանված կարծել, իսկ Ավետարանում Հակոբոսը երէց երբեք չի կոչվել, այլ միայն վկայաբանություններում է հիշվում Հակոբոս Ալփեանի հետ համեմատելով։
9․ Արևմտյան Եկեղեցու ավանդությունից ավելի հնագույն, տարածված և հաստատուն է Արևելյան Եկեղեցիների միատեսակ ավանդությունը։
    Այս տեսությունների և փաստերի վրա հիմնվելով եզրակացնում ենք, թե Հակոբոս Զեբեդեան, Հակոբոս Ալփեան և Հակոբոս Տյառնեղբայրը երեք տարբեր Հակոբոսներ են, ինչպես որ մեր եկեղեցին էլ տարբեր տոներ է կատարում երեք առաքյալների համար։
    Տասներկուսի թիվը լրացնելու համար մնում է մի քանի խոսք էլ Հուդա Իսկարիովտացու մասին ասել, որ հետո Հիսուսի մատնիչը եղավ և տասնեկու սուրբ առաքյալների միջից դուրս մնաց։ Հուդայի հոր անունը Սիմոն է, իսկ ինքը, որպես բնակիչ Կարիովա քաղաքի, կոչվում է Իսկարիովտացի, որ Հուդայի ցեղին է պատկանում և կոչվում է նաև Ասովր (Հես․ 15։24), իսկ Գալիլիայից դուրս լինելու պատճառով, ոմանք այս Հուդային գալիլիացի չեն համարում։ Սակայն Հուդան ոչ թե ինքն էր բուն Իսկարիովտացի, այլ որդին էր Սիմոն Իսկարիովտացու (Հովհ․ 13։24), հավանաբար, գաղթել էր Կարիովտից և բնակություն հաստատել Գալիլիայում և անունը մնացել էր։ Ոմանք Իսկարիովտ անունով ավան են փորձում գտնել Եփրեմի ցեղի տարածքում, բայց այն ևս դուրս է մնում Գալիլիայից և կարող ենք նույն մեկնությունը տալ։ Տասներկուսի մեջ Իսկարիովտացին թեպետ վերջինն է հիշվում, բայց երևում է, թե պատվով և կարգով վերջինը չէր, որովհետև առաքելական խմբի գանձապահն ու մատակարարն էր (Հովհ․ 12։6, 13։29) և վերջին ընթրիքի ժամանակ անմիջապես Հիսուսի մոտ էր նստել (Մատթ․ 26։23): Հետևաբար, անվան վերջում դրվելը մատնության պատճառով է, և բոլոր ավետարանիչներն էլ նրա անունն ավելացնում են․ «Որ եւ մատնեցան զնա» բացատրությունը։ Իսկ Իսկարիովտացին պետք է ենթադրել, որ ոչ թե ձկնորս էր, այլ մաքսավոր։ Բայց թե ինչու ապագա մի մատնիչի Հիսուս Տասներկուսի մեջ դասեց և մի աշակերտի, որ սկզբից ևեթ գող էր (Հովհ․ 12։6), և ում համար կանխավ ասել էր, թե «Մինդ ի ձէնջ սատանայ է» (Հովհ․ 6։17), ինչու՞ հանդուրժեց, որ մինչև վերջ առաքյալների շարքում մնա, ո՛չ ընտրությունից զրկեց և ո՛չ էլ ընտրությունից հետո մերժեց, մենք էլ ուրիշ ոչինչ չենք կարող ասել, բայց միայն դրանում աստվածային անհաս ողորմության և անբավ ներողմտության մի նոր արտահայտություն տեսնել, որը չի ուզում մեղավորներին իսկույն պատժել, այլ զղջման և ուղղվելու դյուրություններ ու առիթներ է շնորհում, որովհետև «Զամենայն մարդիկ կամի զի կեցցեն, եւ ի գիտութիւն ճշմարտութեան եկեսցեն» (Ա Տիմ․ 2։4):
--------------------
[1] Նկատի է առնված այն, որ, ըստ վարքագրական աղբյուրների, թե՛ Պետրոսը, թե՛ նրա եղբայր Անդրեասը նահատակվել են խաչելությամբ, սակայն տարբեր վայրերում ու տարբեր ժամանակներում: Սբ Պետրոսին խաչել են գլխիվայր, իսկ սբ Անդրեասին՝ բազմապատկման նշանի տեսքն ունեցող խաչի վրա, ինչ պատճառով այսպիսի խաչը կոչվում է նրա անունով:
[2] Կաղանդն ամսամուտն է՝ ամսագլուխը, և երբ նրանով են նշում ժամանակը, ապա հաշվում են ոչ թե նշվող ամսվա օրերի աճման կարգով, այլ նվազման (տես Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի, հտ. Ա, Վենետիկ, 1836, էջ 1036): Ուստի «հուլիս ամսի կաղանդից երեք օր առաջ»-ը հունիսի 27-ը կամ 28-ն է:
[3] Առաքյալների (թե՛ Պետրոսի ու Անդրեասի, թե՛ հաջորդիվ ներկայացվող մնացած առաքյալների) քարոզության ու նահատակության վայրերի և հանգա-մանքների մասին պահպանվել են հնուց եկած զանազան ավանդություններ: Այստեղ տրվում է դրանցից մեկը միայն, որում ներկայացված փաստերը կարող են չհամընկնել այլ ավանդություններում բերված փաստերի հետ: Իսկ առաքյալների անունների բացատրությունները լեզվաբանության այժմյան տվյալներով երբեմն տարբեր են Ծործորեցու ժամանակվա տվյալներից: Այժմ այդ անունները սովորաբար բացատրվում են հետևյալ կերպ. Պետրոս՝ «վեմ», Անդրեաս՝ «տղամարդ, առնական», Հակոբոս՝ «(ուրիշի) տեղը գրավող» կամ «խաբեբա», Հովհաննես՝ «Տիրոջ շնորհ կամ ողորմություն», Թադեոս՝ «գովաբանող կամ խոստովանող» (Ղեբեոս՝ «սրտով մարդ, գովաբանություն, խոստովանություն»), Բարթողոմեոս՝ «Թոլոմեի որդի», Հուդա՝ «գովաբանված», Մատթեոս՝ «Աստծո պարգև», Սիմոն՝ «լսող, հնազանդվող», Փիլիպպոս՝ «ձիասեր», Թովմաս՝ «երկվորյակ»: Որոտման որդիների հոր անունը՝ Զեբեդեոս (որը, ըստ Ծործորեցու գիտեցածի, նշանակում է «կրթող») վերջին դարերի գիտնականները մեկնում են որպես կամ «իմ նվեր», կամ «առատ», նաև՝ «բաժին»: