Հովհաննես Ծործորեցի
Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից:
Ինչ որ խավարի մեջ եմ ձեզ ասում, լույսի մեջ ասեք, և ինչ որ ականջին եք լսում, քարոզեք տանիքի վրա:
Թեպետ [Տերը] խավար վայրում չէր, երբ այս խոսքն ասում էր, կամ ականջի չէր շշնջում, բայց քանի որ միայն [առաքյալների] հետ էր խոսում և մի փոքր անկյունում ուսուցանում, սա «խավար» ու «ականջ» կոչեց՝ այն համարձակության համեմատ, որ լինելու էր հետո: Իսկ «լույս» ու «տուն» են նշանակում բարձրաձայն քարոզելը և հաստատամտությամբ ու անվախորեն ավետարանելը:
[Տերն այս խոսքով] նաև [առաքյալների] առավելությունն է ցույց տալիս, որովհետև «սկզբում,- ասում է,- Ես Ինքս փոքրն ու նվազը ցույց տվի, իսկ է՛լ ավելին ձեր ձեռքով եմ իրականացնելու», քանի որ Նա Հրեաստանում և սակավ [քարոզեց], իսկ նրանք՝ ամբողջ աշխարհում և շատ: Նաև՝ ինչ որ Ես առակների միջոցով եմ ուսուցանում քարոզիչներիդ, դուք այն մեկնաբանելով թարգմանեք շատերին: Եվ ինչ որ ասում եմ հրեաների խավարասեր այս տանը, ասեք հեթանոսների լույսի մեջ: Ինչ որ ականջով լսեցիք Պաղեստինի անկյուններում, քարոզեք այս աշխարհի տան մեջ: Նաև՝ ինչ որ ծածուկ ասացի ձեզ, լուսավորյալների՛ն ասեք և ձեր լսա՛ծն ասեք և ոչ թե չլսածը:
Ստեփանոս Սյունեցի
Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից:
«Ինչ ձեզ ասում եմ խավարի մեջ, դուք ասացեք լույսի՛ մեջ, և ինչ լսում եք ականջի մեջ փսփսուքով, քարոզեցե՛ք տանիքների վրայից»:
Այժմ, ինչ ուսուցանում եմ առանձնաբար և առակներով, քարոզեցեք համարձակությամբ և հայտնապես, և ինչ ասում եմ ականջի մեջ գաղտնի, այդ ուսուցանեք տանիքների վրայից, այսինքն՝ բարձր ձայնով բոլոր կամեցողներին:
Մաղաքիա արք. Օրմանյան
Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: