Հովհաննես Ծործորեցի
Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում.
Արդյոք երկու ճնճղուկը մեկ լումայո՞վ չի վաճառվում. բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր կամքի գետնին չի ընկնում:
Սա՛ է հայտնում. ի՞նչն է ավելի նվաստ, քան ճնճղուկները, սակայն նրանք նույնպես չեն որսվում առանց Աստծո գիտության: Այն չի ասում, թե Աստված է որոգայթը ստեղծում, այլ չկա մի բան, որ կատարվի երկրի վրա և Նրանից թաքուն մնա: Ուրեմն՝ եթե այդ հեշտ վաճառվող բաները, որ փոքրության պատճառով բանջարի պես են վաճառվում, չեն որսվում առանց ձեր Հոր, ապա Նա որքա՛ն ավելի հսկում է մեծ և փոքր հավատացյալների վրա, որովհետև ինչպես որ կյանքի մասին է հոգ տանում՝ ըստ այսմ. «Նայե՛ք թռչուններին» (Մատթ. 6:26), այդպես էլ մահվան վերաբերյալ է օգ տակարը տնօրինում:
Բայց ինչո՞ւ է Ղուկասն ասում, թե հինգ ձագն է երկու լումայով վաճառվում 580, երբ [Մատթեոսն ասում է]՝ երկու ճնճղուկը՝ մեկ լումայով: Կամ ճնճղուկներից էլ փոքր ձագուկներ կան, որ այդպես են վաճառվում, կամ էլ տեղերի և ժամանակների զանազանության պատճառով է [այդպես] ասում. որովհետև մի տեղ երկու ճնճղուկն է մեկ լումա, մի ուրիշ տեղ էլ՝ հինգը. բայց վաճառվում են: Այսպես էլ [հասկացիր] ըստ [վաճառման] ժամանակի: Նաև [Տերն] այստեղ հոգիների անմահության մասին է քարոզում՝ երկու ճնճղուկ կոչելով հոգին ու մարմինը. թեպետ մարդը մարդկանց ձեռքով հեշտությամբ է սպանվում, սակայն մեկը 581, այսինքն՝ հոգին, գետնին չի ընկնում, իսկ մյուսը՝ մարմինը, թեկուզ ընկնում է, սակայն ո՛չ առանց Աստծո տեսչության, այլև հարություն է առնելու՝ ճնճղուկի պես թռչելով օդում:
Ստեփանոս Սյունեցի
29-30. Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են:
Չէ՞ որ երկու ճնճղուկ մի դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին չի ընկնում. և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են»:
Քանզի եթե մի ճնճղուկ անգամ առանց Աստծու՝ ձեր Հոր հրամանի գետին չի ընկնում, այդ դեպքում ինչպե՞ս ձեզնից [ոմանք] կմատնվեն թագավորների և դատավորների ձեռքը, առանց Աստծու՝ ձեր երկնավոր Հոր հրամանի:
Այս ասացի ըստ [մեջ բերված] խոսքի: Իսկ ըստ առակի մեկնության՝ մեծամիտ մարդիկ կոչվեցին երկնային ճնճղուկներ, ոչ թե [այնպիսի] մեծամեծ [թռչուններ], ինչպիսին են արծիվները, և ոչ էլ սեղանին արժանիներ, ինչպես տատրակն ու աղավնին:
Երկուսը վաճառվում են մի դահեկանի, քանզի ինչպես երկու թիվը պատշաճ է անսուրբ կենդանիներին, նույնպես և՝ անարգներին և նվազներին, որովհետև ասարիովնը դրամի միավոր է:
«Ձեր, -ասաց, -գլխի մազերն իսկ համրված են»: Ձեր՝ իմ աշակերտների և ձեր նմանների գլխի մազերն անգամ համրված են, այսինքն՝ ոչ միայն մեծամեծ գործերը, այլև փոքրագույնները, շատերի կողմից ավելորդ կարծվածները, համրված են Աստծու առջև:
Մաղաքիա արք. Օրմանյան
Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: