Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:32

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

32-33. «Արդ, ամեն ոք, ով Ինձ խոստովանի մարդկանց առաջ, Ես էլ նրան կխոստովանեմ Իմ երկնավոր Հոր առաջ»։  «Իսկ ով Ինձ ուրանա մարդկանց առաջ, Ես էլ նրան կուրանամ Իմ երկնավոր Հոր առաջ»։
   

    Այսպիսով՝ հեռու վանելով աշակերտների հոգիները սասանող վախն ու երկյուղը, Իր հաջորդող խոսքերով Քրիստոս կրկին քաջություն է ներշնչում նրանց. հենց վախի միջոցով է վախը վանում նրանցից, և ո՛չ միայն վախի միջոցով, այլև մեծամեծ պարգևների հույսով։ Միաժամանակ նաև սաստելով Իր մեծ իշխանությամբ՝ ամեն կողմից հորդորում է նրանց աներկյուղաբար խոստովանել ճշմարտությունը՝ այսպես շարունակելով Իր խոսքը. «Ամեն ոք, ով Ինձ խոստովանի մարդկանց առաջ, Ես էլ նրան կխոստովանեմ Իմ երկնավոր Հոր առաջ։ Իսկ ով Ինձ ուրանա մարդկանց առաջ, Ես էլ նրան կուրանամ Իմ երկնավոր Հոր առաջ» (Մատթ. 10:32-33)։ Այսպիսով՝ ոչ միայն պարգևներով, այլև պատիժներո՛վ է խթանում և Իր խոսքն ավարտում է սպառնալիքով։

    Եվ տե՛ս, թե ինչպիսի՜ ճշգրտություն կա այստեղ։ Հիսուս չի ասում «Իմ առաջ», այլ «Իմ մասին»՝ այդպիսով ցույց տալով, որ խոստովանողը խոստովանում է ոչ թե սեփական զորությամբ, այլ ի վերուստ տրվող շնորհի օժանդակությամբ։ Իսկ ուրացողի վերաբերությամբ էլ չի ասում՝ «Իմ մասին», այլ «Ինձանից» (բառացի՝ հեռանա Ինձանից), որովհետև ուրացողը միայն ա՛յն պատճառով է ուրանում, քանի որ զրկված է շնորհից։ Իսկ մի՞թե միայն դրա համար կարելի է մեղադրել, - կասես դու, - այն դեպքում, երբ նա ուրանում է միայն այն պատճառով, որ զրկված է շնորհից։ Ա՛յն բանի համար պետք է մեղադրել, որ այդ զրկվածության պատճառը հենց զրկվողի՛ մեջ է։ Այդ դեպքում ինչո՞ւ, ուրեմն, Հիսուս չի բավարարվում միայն սրտի հավատով և դեռ պահանջում է նաև բերանացի խոստովանություն։ Հենց որպեսզի մեզ ոգեշնչի համարձակության, ավելի մեծ սիրո և ջանասիրության ու վեր բարձրացնի մեզ։ Ահա թե ինչու Քրիստոս Իր խոսքերն ուղղում է բոլորին ընդհանրապես, և նկատի չի ունենում միայն աշակերտներին։ Հիսուս ձգտում է քաջ դարձնել ոչ միայն նրանց (Իր առաքյալներին), այլ նաև նրանց աշակերտներին։ Ով իմանա այդ ամենը, ոչ միայն համարձակորեն կսովորեցնի ուրիշներին, այլև ամեն ինչ հեշտությամբ և պատրաստակամությամբ կկրի։

    Այս ուսմունքը շատերին ևս, որ հավատացին այս խոսքին, գրավեց դեպի առաքյալները։ Իսկ ահա ինչ վերաբերում է տանջանքների մեջ ուրացողներին, ապա նրանք ավելի մեծ չարչարանքների են ենթարկվելու, մինչդեռ խոստովանողներն օրհնյալ վիճակում են հայտնվելու և առավել մեծ վարձատրություն են ստանալու։ Երբ արդարը ժամանակի ընթացքում կրկնապատկում է իր ձեռքբերումները, իսկ մեղավորը պատժի հետաձգման մեջ է ձգտում շահ գտնել, այս երկու պարագաների համար էլ Հիսուս առաջարկում է հավասար կամ նույնիսկ անհամեմատ ավելի մեծ վարձատրություն։ «Դու ավելի մեծ օգուտ ձեռք բերեցիր քեզ համար, - ասում է Փրկիչը, - որովհետև դու առաջինն Ինձ խոստովանեցիր այստեղ, և Ես էլ, - ասում է, - ավելիով կառատացնեմ քեզ, երբ այնտեղ ավելին, շատ ու շատ, անհամեմատ ավելին պարգևեմ քեզ, քանի որ Ես էլ քեզ «կխոստովանեմ» այնտեղ։ Տեսնո՞ւմ ես, որ այնտեղ պատրաստված են և՛ պարգևներ, և՛ պատիժներ։ Ինչո՞ւ ես, ուրեմն, հոգս անում և անհանգստանում։ Ինչո՞ւ ես փոխհատուցում փնտրում այստեղ, երբ կարող ես փրկվել միայն հույսով։

    Ահա թե ինչու, եթե մի ինչ-որ բարիք գործես և այստեղ դրա համար փոխհատուցում չստանաս՝ մի՛ խռովվիր. գալիք ժամանակաշրջանում քեզ սպասում է դրա կրկնակի վարձատրությունը։ Իսկ եթե ինչ-որ չարություն գործես և անպատիժ մնաս՝ ծուլության մի՛ մատնվիր։ Այնտեղ պատիժ կհասնի քեզ, եթե միայն չփոխվես և չդառնաս ավելի լավը։ Իսկ երբ չես հավատում սրան՝ ներկայից եզրակացրու գալիքի մասին։ Եթե նույնիսկ դեռ պայքարի ժամանակ խոստովանողներն այնքան փառավոր են, ապա մտածի՛ր, թե ինչպիսին կլինեն պսակների բաշխման ժամանակ։ Եթե նույնիսկ նրանց թշնամիներն այստեղ փառավորում են նրանց, ապա չե՞ս կարծում, որ բոլոր հայրերից Ամենազավակասերը կմեծարի և կփառավորի քեզ։

    Այն ժամանակ կհատուցվեն և՛ բարի գործերի պարգևները, և՛ չար գործերի պատիժները. դրա համար էլ ուրացողները թե՛ այստեղ, և թե՛ այնտեղ տանջանքների կենթարկվեն։ Այստեղ՝ չար խղճով ապրելով (քանի որ եթե դեռ չեն էլ մեռել՝ անպայման կմեռնեն), իսկ այնտեղ՝ վերջնական պատժի ենթարկվելով։ Մյուսները, ընդհակառակը, և՛ այստեղ, և՛ այնտեղ օգուտ կքաղեն՝ այստեղ հաղթելով մահվանը և ողջ եղողներից ավելի փառավոր դառնալով, իսկ այնտեղ՝ անասելի բարիքներ վայելելով։ Աստված պատրաստ է ոչ միայն պատժել, այլև բարերարել, և անհամեմատ ավելի պատրաստակամ է բարերարություն գործելու, քան թե՝ պատժելու։

    Իսկ ինչո՞ւ է պարգևի մասին մեկ անգամ խոսում, իսկ պատժի մասին՝ երկու անգամ։ Իհարկե որովհետև լսողներն ավելի լավ են խրատվում պատժի՛ վախն ունենալով։ Ահա թե ինչու, ասելով՝ «վախեցե՛ք Նրանից, Ով կարող է և՛ հոգին, և՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ» (Մատթ. 10:28), նաև ավելացնում է՝ «Ես էլ նրան կուրանամ»։ Այս պատճառով էլ Պողոսը հաճախ է հիշատակում գեհենի մասին։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ նրան կը խոստովանեմ իմ Հօր առաջ, որ երկնքում է:
   
    Ամեն ոք, ով կխոստովանի Ինձ (յԻս) մարդկանց առաջ, Ես էլ նրան կխոստովանեմ Իմ Հոր առաջ, Ով երկնքում է:

    Նախ՝ սովորեցնում է, թե կվարձատրվեք ո՛չ այն դեպքում, երբ անբանաբար մեռնեք, այլ երբ հավատքի դավանությամբ [մեռնեք]. որովհետև, ըստ սաղմոսի (Սաղմ. 115։15), պատվական կլինեք, երբ ձեր մահն Ինձ համար լինի և ոչ թե մի այլ բանի: Երկրորդ՝ «կխոստովանի Ինձ» ասելով՝ [Տերը] ցույց է տալիս, որ դա նույնպես անձի զորությամբ չի կատարվում, այլ վերին շնորհով՝ ըստ այսմ. «Մարմինն ու արյունը չհայտնեց, այլ Իմ Հայրը» (Մատթ. 16։17), և այլուր թե՝ «Ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե Հայրս չձգի նրան» (Հովհ. 6։44): Ում ներշնչմամբ էլ մարդկանց առաջ կվկայի Ինձ իբրև Աստծո Որդու, որպեսզի Ես էլ Աստծո և հրեշտակների առաջ նրան խոստովանեմ իբրև Իմ աշակերտի և հավատացյալի: Երրորդ՝ ոչ թե մտքի [խոստովանություն] է պահանջում, այլ բերանի, որպեսզի համարձակություն սովորեցնի, նրանց փափագն ու սերն առավել բորբոքի և [նրանց] առավել բարձր ու փառավոր դարձնի: Եվ չորրորդ՝ սովորեցնում է [Իր մարդկության և աստվածության] անճառելի միավորությունը. որովհետև չասաց թե՝ «ով Աստծո Որդի խոստովանի Իմ ծածկված աստվածությունը», քանի որ դրա վերաբերյալ ոչ ոք չէր տարակուսում, այլ կասկածը մարմնի վերաբերյալ էր: Այդ պատճառով էլ ասաց՝ «Ինձ» («յԻս»)  1, որպեսզի ցույց տա, որ միավորությունից հետո [Ինքը] մեկն է, մանավանդ որ մեր դավանություններն  2 էլ [են վկայում], որ ինչպես աստվածությամբ, այդպես և մարդ լինելով էր [Հիսուսը] հավասար Աստծուն, բացի էությունների հատկություններից, քանի որ դրանք անշփոթ ու անապական մնացին նոր ու չքնաղ միավորությունից հետո, որպեսզի [Հիսուսը] տեսանելի մարմնով դավանվեր ու երկրպագվեր որպես մեկ անձնավորություն և Աստծո ու Կույսի մե՛կ Որդի:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17