Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:9

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

9-10. «Ձեզ հետ մի վերցրեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ պղնձադրամ՝ ձեր գոտիներում»։  «Ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկուական հագուստ, ո՛չ կոշիկներ և ո՛չ էլ գավազան, քանի որ մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին»։
   

    Հիսուս չասաց. «Մի՛ վերցրեք ձեզ հետ», և վերջ, այլ ասաց, որ եթե նույնիսկ դու կարող ես հիշյալ ունեցվածքը քեզ հետ ուրիշ տեղ տանել, խուսափի՛ր այդ կործանարար հիվանդությունից։ Իր այս խոսքով Քրիստոս շատ նպատակներ էր հետապնդում: Նախ՝ հեռացնում էր աշակերտներից ամեն կասկած, երկրորդ՝ առաքյալներին ազատում էր ամեն տեսակի հոգսից, որպեսզի նրանք զբաղվեին միայն քարոզչությամբ, և երրորդ՝ ցույց էր տալիս Իր զորությունը:

    Այդ պատճառով էլ այնուհետև ասում է առաքյալներին. «Երբևէ որևէ պակասություն զգացե՞լ եք, երբ Ես ձեզ քարոզության եմ ուղարկել առանց հագուստի և առանց կոշիկների»: Ու նրանց անմիջապես չի ասում ՝ «մի՛ վերցրեք», այլ նախ ասում է. «Հիվանդներին բժշկե՛ք, բորոտներին մաքրե՛ք», իսկ հետո արդեն հրամայում է. «Ոչինչ մի՛ վերցրեք. ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք» (Մատթ. 10:8)՝ այդպիսով հանձնարարելով նրանց անել այն, ինչ իրականում օգտակար է, պատշաճ է և հնարավոր: Բայց ոմանք կհարցնեն, թե արդյոք հնարավո՞ր է դա. «Մյուս պահանջներն արդարացի են, սակայն Հիսուս Իր աշակերտներին ինչո՞ւ չթույլատրեց ճանապարհի համար ունենալ ո՛չ պայուսակ, ո՛չ երկու հագուստ, ո՛չ գավազան, ո՛չ կոշիկ»: Որովհետև Քրիստոս ցանկանում էր ընտելացնել նրանց խստապահանջ կյանքին, քանի որ ավելի վերևում նույնպես Նա Իր առաքյալներին չէր թույլատրում հոգս անել նույնիսկ հաջորդ օրվա համար:

    Հիսուս առաքյալներին պատրաստում էր լինել տիեզերքի ուսուցիչներ. այդ պատճառով էլ նրանց, կարծես, մարդկանցից հրեշտակների էր վերածում՝ ազատելով ամեն տեսակի երկրային հոգսից, որպեսզի նրանք հոգս անեին միայն քարոզչությա՛ն մասին, — կամ, ավելի ճիշտ ասած, Փրկչին ազատում էր նրանց նույնիսկ ա՛յդ հոգսից՝ ասելով. «Հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք խոսելու» (Մատթ. 10:19

    Այսպիսով այն, ինչ շատ դժվարին և ծանր էր կարծվում, Հիսուս Իր աշակերտներին ներկայացնում էր շատ հեշտ և հարմար: Իրոք, ոչինչ այդքան չի ծառայում հոգևոր հանգստությանը, որքան հոգսերից և մտատանջություններից ազատագրումը, հատկապես եթե, այդ հոգսերից և մտատանջություններից ազատվելով, որևէ պակասություն չես զգում, այլ որպես օգնական ունենում ես Աստծուն, Որն Ինքն Իրենով փոխարինում է ամեն ինչին:

    «Ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկուական հագուստ, ո՛չ կոշիկներ և ո՛չ էլ գավազան, քանի որ մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին» - կանխարգելելու համար այն հարցը, թե՝ «ի վերջո որտեղի՞ց կստանանք անհրաժեշտ սնունդը», Հիսուս Իր առաքյալներին չի ասում. «Դուք լսել եք, թե նախկինում ինչ ասացի ձեզ. «Նայե՛ք երկնքի թռչուններին»» (Մատթ. 6:26), քանի որ նրանք այդ պատվիրանը դեռ չէին կարող կատարել։ Ուստի Հիսուս մեկ այլ, առավել դյուրին եղանակով է արտահայտվում՝ ասելով. «․․․քանի որ մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին», ու այս խոսքերով ցանկանալով ցույց տալ, որ առաքյալները պետք է սնունդ ստանան իրենց աշակերտներից, որպեսզի նրանք (առաքյալները) իրենց աշակերտների առաջ չգոռոզանան այն իրողությամբ, որ նրանց (աշակերտներին) ամեն ինչ տրամադրելով՝ իրենք նրանցից ոչինչ չեն վերցնում, իսկ աշակերտներն էլ, առաքյալներից արհամարհվելով, չհեռանան նրանցից:

    Ավելին, որպեսզի աշակերտները չասեն. «Ուրեմն Դու մեզ հրամայում ես ողորմությամբ ապրել», և որպեսզի դա ամոթ չհամարեն, Քրիստոս, նրանց «մշակներ» անվանելով, իսկ նրանց տրվողը՝ «վարձ» համարելով, դրանով ցույց է տալիս, որ ամեն ինչ այդպես էլ պետք է լինի։ «Չնայած ձեր գործը միայն ուսուցանելն է, - ասում է Հիսուս, - սակայն մի՛ կարծեք, որ ձեր արած բարիքն աննշան է։ Ձեր այդ սպասավորությունը մեծ աշխատանք է ենթադրում, և այն, ինչ ձեզնից սովորողները տալիս են ձեզ, տալիս են ոչ թե անվճար, այլ որպես պարգև. «․․․քանի որ մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին»։ Հիսուս սա չասաց այն պատճառով, որ միայն առաքյալների աշխատանքն էր արժանի սրան՝ ամենևին էլ ոչ։ Այստեղ Նա պարզապես աշակերտներին կանոն էր տալիս՝ ավելին չպահանջել, ու նաև նրանց, ովքեր առաքյալներին ապահովում էին անհրաժեշտ բարիքներով, զգուշացնում էր, որ նրանք դա պետք է անեն ոչ թե իրենց առատաձեռնությունից, այլ պարտավորվածությունից դրդված։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ եւ ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գօտիների մէջ.
   

    Մի ընդունեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ պղինձ՝ ձեր գոտու մեջ:

    Երբ շնորհների մասին էր խոսում, նվաստներից ավելի բարձրերին անցավ, իսկ երբ նյութի մասին է խոսում, ազնիվից վատթարին է իջնում, այսինքն՝ ոսկուց՝ պղնձին, որպեսզի չմտահոգվեն ոչ միայն լավ, այլև անարգ [նյութական] բաների մասին: [Կարելի է հասկանալ] նաև այլ կերպ. այն, ինչ հոգևոր շնորհների մեջ ամենափոքրն է՝ հիվանդությունների բժշկությունը, առավել պատվական է, քան նյութական ամենագեղեցիկ բաները՝ ըստ այսմ. «Պատվական ոչ մի բան չարժի նրան» (Առակ. 3։15), և՝ «Չի գնվի Սոփերի ոսկով» (Հոբ 28։16):

    Բայց ինչո՞ւ է այս հրամանը տալիս: Նախ՝ որովհետև «բոլոր չարիքների արմատն արծաթսիրությունն է» (Ա Տիմ. 6։10), որն Աքարին կյանքից զրկեց  (Հեսու 7), Գեեզիին բորոտությամբ հարվածեց  (Դ Թագ. 5) անապատում [Իսրայելի] ամբողջ ժողովրդին մեղանչել տվեց և Հուդային մատնիչ դարձրեց: Երկրորդ՝ որպեսզի ոչ ոք չկարծեր նրանց մասին, թե վաճառականներ կամ դրամափոխներ են և իրենց հետ պղինձ են ման տալիս և ոչ թե քարոզություն, չասաց թե՝ «մի՛ փնտրեք» [ոսկի, արծաթ ու պղինձ], այլ՝ «եթե նույնիսկ ստանալու առիթ լինի, մի՛ վերցրեք, այլ իբրև թունաբեր օձերից՝ փախե՛ք» (այս պատվերը ճշմարտապես են կատարում հռոմայեցիների ազգի կրոնավորներն ու քարոզիչները): Երրորդ՝ որպեսզի [առաքյալները] բոլոր հոգսերից ազատ լինեին և միայն քարոզությամբ հաճախ զբաղվեին: Չորրորդ՝ որպեսզի Իր զորությունը ցույց տար, ինչպես հետո ասաց. «Որևէ բանի կարիք ունեցա՞ք», և պատասխանեցին՝ ո՛չ (հմմտ. Ղուկ. 22։35-36): Եվ հինգերորդ՝ [առաքյալներին] ոսկու փոխարեն անապական իմաստությամբ պսակեց, արծաթի փոխարեն մաքուր ու պարզ խոսքերով վառեց և ժահատեսակ պղնձի փոխարեն նրանց ցանկությունները բևեռեց երկնքին ու աստվածատիպ առաքինությամբ [նրանց] հավասարեցրեց հրեշտակներին: Ուրեմն՝ քանի որ այսպիսին էին, սովորեցրեց այս անցավոր [աշխարհի] նյութից հրաժարվել:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ եւ ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գօտիների մէջ.
   
    «Մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղինձ դրամ ձեր գոտիների մեջ»:
Առաքելական ճանապարհը անկարոտ լինելով աշխարհիկ բաների, պետք չունի ոսկու, արծաթի կամ սրանց նմանների:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ եւ ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գօտիների մէջ.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:5