Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր մի դիւահար, եւ նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում:
Այդ ժամանակ Նրա մոտ բերվեց մի կույր ու համր դիվահար, և բժշկեց նրան, այնպես որ համրն ու կույրը խոսեց ու տեսավ:
[Տերը] հրաշքները միշտ քարոզից հետո է գործում, որպեսզի դրանք միմյանցով հաստատի, ինչպես [արդեն] ասվել է: Բայց դու տե՛ս չարի դաժանությունը, որ երկու մուտքերն էլ փակել էր, որպեսզի [դիվահարը] չտեսներ ու չհավատար: Քրիստոսը երկուսն էլ բացեց, ուստի [դիվահարը] տեսավ ու հավատաց Նրան:
Դիվահարի հետ կատարվածը նաև հին ժողովարանի խորհուրդն ուներ. ըստ մարգարեի՝ «Թանձրացավ այս ժողովրդի սիրտը, և իրենց ականջներով ծանրությամբ լսեցին, իրենց աչքերը փակեցին, որ աչքերով չտեսնեն... ու դարձի չգան, և չբժշկեմ նրանց» (Ես. 6։10): Ուրեմն նրա՛նք էին մոլեգնած և ոչ թե [Քրիստոսը], շատ ավելի, քան այս դիվահարը, և չընդունեցին հոգևոր բժշկություն, ինչպես սա [ընդունեց] մարմնավորը՝ իբրև օրինակ հավատացող հեթանոսների, ովքեր թեև կույր էին ճշմարտության հանդեպ, բայց տեսան ու հավատացին:
Մաղաքիա արք. Օրմանյան
22-23. Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր մի դիւահար, եւ նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում: Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Միթէ սա՞ է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»:
Այս բժշկությունը, որ ուղղակի յայն ժամով է մեջ բերվում, եւ որի ճշգրիտ օրն ու ժամանակը չի բացատրվում, անշուշտ այդ ժամանակամիջոցում կատարված դեպքերի շարքում է: Տեղն էլ որոշակի հայտնված չի, բայց հանգամանքները քննելով Կափառնայում կատարված բժշկություններից է թվում: Հիշարժան որեւէ պատմական հանգամանք էլ չի հիշվում. բժշկվողի ով լինելն էլ հայտնի չի, միայն նշանավոր է նրանով, որ դեւերի վրա Հիսուսի իշխանություն բանեցնելը առիթ տվեց Փարիսեցիների զրպարտությունների եւ Հիսուսի պատճառաբանված հերքումի համար:
Դիվահարների տեսակները շատ էին. դեւը, ոչ միայն իր գրաված անձերի ուշքն ու միտքը կողոպտելով նրանց կատաղի հիմարության եւ անզուսպ մոլեգնության էր մատնում, այլեւ զգայարանների վրա էր իշխում եւ դրանց ներգործությունը դադարեցնում: Համր եւ կույր դրվահարի վրա` դեւն աչքերին ու ականջներին էր տիրացել եւ տեսողությունից ու լսողությունից զրկել, այնպես որ դեւի հեռանալը բավական եղավ, որպեսզի կույր ճանաչվածը տեսնի եւ խուլ ճանաչվածը լսի:
Ժողովուրդը զարմանում է, եւ քանի որ ոչ միայն հասարակ մարդու, այլեւ որեւէ մարգարեի արածներից շատ վեր էին Հիսուսի արածները, ժողովուրդը բնականաբար մեսիական գաղափարին էր գնում ու սկսում էին իրար մեջ փսփսալ. Մի՞թէ սա իցէ Քրիստոսն` Որդի Դաւթի: Հիսուսին իբրեւ մեսիա ժողովրդի երբեմն ընդունելը, երբեմն եկմտելը, երբեմն էլ բացեիբաց հակառակվելը, հենց նույն ժողովրդի հեղհեղուկ բնավորության իսկական նկարագիրն է եւ պետք չէ մտածել, թե ինչո՞ւ է իրար անհարիր մտքեր հայտնում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: