Ա. Լոպուխին
6-7. ...և քոռեցիներին իրենց Սեիր լեռան վրա՝ մինչև անապատում գտնուող Էլփառանը։ [6] Ապա վերադարձան ու հասան Ենմասեփաթ աղբյուրի մոտ, այսինքն՝ Կադես, և ոչնչացրեցին ամաղեկացիների ամբողջ երկիրն ու Ասասանթամարում բնակվող ամորհացիներին։ (Սինոդական թարգ․)
Հինգերորդ համարի վերջն ու հաջորդ երկու համարները ցույց են տալիս Քոդողագոմարի զորքի շարժման ուղղությունը, և թվարկում են նրա կողմից ճանապարհին հպատակեցված քանանական ցեղերի մի ամբողջ շարք։ Նրանցից նախ հիշատակվում են ռափայինները՝ աժդահաների կամ հսկաների ցեղը, որոնք բնակվում էին Բասանում (Բ Օր. 3:11-13) և պահպանվեցին մինչև Դավթի օրերը (Բ Թագ. 21:16, 18)։ Նրանք պաշտում էին Աստարթա աստվածուհու ոսկե արձանին, ում անունով էլ նրանց գլխավոր քաղաքը կոչվում էր Աստարոթ Կառնայիմ (Բ Օր. 1:4, Հեսու 13:12), որի փլատակներն այժմ հայտնի են «Թելլ Աստարոթ» անունով։ Մյուս երկու ցեղերը՝ զուզեցիներն ու էմիմները, ներկայացվում են որպես առաջիններին ազգակից և դրացի։ Նրանք ապրում էին այն երկրներում, որտեղ հետագայում բնակվեցին Ղովտի սերունդները՝ ամոնացիներն ու մովաբացիները (Բ Օր. 2:9-11)։ Գամ քաղաքը, որտեղ ապրում էին զուզեցիները, նույնացնում են Ամմոնի որդիների Ռաբբա քաղաքի հետ (Բ Օր. 3:11), իսկ էմիմների մայրաքաղաքն էր Շավե-Կարիաթեմը, այսինքն՝ «երկու քաղաքների հովիտը» (Թվ. 32:37, Եր. 48:1, 23), որի տեղում այժմ Քերեյաշ փոքրիկ քաղաքն է Մեռյալ ծովի արևմտյան անկյունում՝ Հորդանանի գետաբերանից ոչ հեռու։
…և քոռեցիներին իրենց Սեիր լեռան վրա… Դրանք տրոգլոդիտներն էին, այսինքն՝ Հեդովմի քարանձավաբնակները, որոնց այդտեղից արտաքսեցին Եսավի որդիները (Ծննդ. 36:20)։ Սեիր երկիրը սամարական Հնգամատյանում և երուսաղեմյան թարգումներում փոխարինված է Գաբգալա հոմանիշով, որտեղից, ըստ երևույթին, ծագում է նրա մերօրյա արաբական Ջեբալ անվանումը։
Էլփառան է կոչվում Պաղեստինից դեպի հարավ՝ մինչև Սինայական լեռներն ընկած անապատը, որն այսօր արաբներին ծանոթ է Էլ-Թի անունով։
Ապա վերադարձան ու հասան Ենմասեփաթ աղբյուրի մոտ… ոչնչացրեցին ամաղեկացիների ամբողջ երկիրն ու Ասասանթամարում բնակվող ամորհացիներին … Էլ Փարան անապատը Քոդողագոմարի արշավանքի արևմտյան վերջին կետն էր, որտեղից նա նորից շրջվեց դեպի հարավ-արևելք, սկզբից Ենմասեփաթ աղբյուրի (ավելի ուշ անվանումն է) կամ հնագույն Կադեսի մոտ (Թվ. 34:4), ապա արշավեց այն երկրով, որն հետագայում բնակեցրին ամաղեկացիները (Ելք 17), և հարվածեց Հորդանանի ափին բնակվող ամորհացիներին (Թվ. 21:13) իրենց գլխավոր քաղաքում՝ Ասասանթամարում, որն հետագայում կոչվեց Ենգադդի (Բ Մնաց. 20:2), այսինքն՝ վայրի այծի աղբյուր։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) կոտորեցին նաեւ Սէիրի լեռներում բնակուող քոռացիներին եւ հասան մինչեւ անապատում գտնուող Բեւեկնի ձորը:
(Արարատ թարգ․) Եվ քոռեցիներին իրենց Սեիր լեռան վրայից մինչև Էլփառան, որ անապատի մոտ է:
(Գրաբար) Եւ զՔոռացիսն որ ի լերինս Սէիրայ, մինչև ցԲևեկնի՛ ձորոյն որ է յանապատի անդ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: