Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 14

Թագավորների պատերազմը
   
1. Եվ եղավ, որ իրենց ժամանակներում Սենաարի Ամարփաղ թագավորը, Ելլասարի Արիոք թագավորը, Ելամի Քոդողագոմոր թագավորը եւ Գոյիմի Թադգաղ թագավորը
2. Գնացին պատերազմելու Սոդոմի Բարա թագավորի, Գոմորի Բարսա թագավորի, Ադմայի Սենաբ թագավորի, Սեբոյիմի Սիմոփոր թագավորի ու Բաղայի, այսինքն Սեգորի թագավորի դեմ:
3. Նրանք ամենքը հավաքվեցին Սիդդիմ ձորում, որ Աղի ծովն է:
4. Շուրջ տասներկու տարի նրանք հպատակվել էին Քոդողագոմորին և տասներեքերորդ տարում ապստամբեցին։
5. Եվ տասնչորսերորդ տարում եկավ Քոդողագոմորը և իր հետ եղող թագավորները ու կոտորեցին Աստարոթ-Կառնայիմում բնակվող ռափայիմներին, Համի մեջ՝ զուզեցիներին, Շավե Կարիաթեմի մեջ՝ էմիմներին
6. Եվ քոռեցիներին իրենց Սեիր լեռան վրայից մինչև Էլփառան, որ անապատի մոտ է:
7. Եվ դարձան ու եկան Էնմասեփաթ՝ այսինքն Հադես, նվաճեցին ամաղեկացիների ամբողջ երկիրը և Ասասանթամարի մեջ բնակվող ամորհացիներին։
8. Եվ դուրս եկան Սոդոմի թագավորը, Գոմորի թագավորը, Ադմայի թագավորը, Սեբոյիմի թագավորը և Բաղայի, որ է Սեգորի թագավորը, և Սիդդիմ ձորում պատերազմեցին
9. Եղամի Քոդողագոմոր թագավորի դեմ, Գոյիմի Թադգաղ թագավորի դեմ, Սէնաարի Ամարփաղ թագավորի դեմ և Ելլասարի Արիոք թագավորի դեմ, այս չորս թագավորները՝ այն հինգ թագավորների դեմ։
10. Սիդդիմ ձորը լի էր նավթահորերով: Սոդոմի ու Գոմորի թագավորները փախչելով դրանց մեջ ընկան, իսկ մնացածները փախան դեպի լեռները:
11. Եվ ավար առան Սոդոմի ու Գոմորի ամբողջ ունեցվածքը, նրանց ամբողջ պաշարը և գնացին:
12. Վերցրին նաև Սոդոմում ապրող Աբրամի եղբորորդի Ղովտին ու նրա ողջ ունեցվածքը և գնացի
   
Աբրամն ազատում է Ղովտին և օրհնություն ստանում Մելքիսեդեկից
   
13. Եվ եկավ փրկվածներից մեկն ու այդ մասին պատմեց եբրայեցի Աբրամին: Նա բնակվում էր Մամբրեի կաղնիների մեջ՝ ամորհացի Եսքողի եղբոր և Աների եղբոր մոտ, որովհետև նրանք Աբրամի դաշնակիցներն էին:
14. Եվ երբ Աբրամը լսեց, որ իր եղբայրը գերեվարվել է, դուրս բերեց իր տան երեք հարյուր տասնութ զինված ծառաներին և մինչև Դան հետապնդեց նրանց:
15. Եվ ինքն իր ծառաների հետ գիշերը գունդ-գունդ հարձակվեց նրանց վրա և հաղթեց: Եվ քշեց նրանց մինչև Կոբա, որ գտնվում է Դամասկոսի ձախ կողմում:
16. Եվ ետ բերեց ամբողջ ունեցվածքը, իր եղբայր Ղովտին, նրա կանանց և ժողովրդին:
17. Եվ Սոդոմի թագավորը գնաց Շավեի ձորը, այն է թագավորի ձորը՝ դիմավորելու նրան, երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին կոտորելուց հետո:
18. Եվ Սաղեմի թագավոր Մելքիսեդեկը հաց և գինի բերեց, և նա Բարձրյալ Աստծո քահանա էր:
19. Եվ օրհնեց նրան ու ասաց. «Օրհնյա՛լ լինի Աբրամը երկնքի ու երկրի Արարիչ Բարձրյալ Աստծուց:
20. Եվ օրհնյալ լինի Բարձրյալ Աստված, որ քո թշնամիներին քո ձեռքը մատնեց»: Եվ նա ամեն ինչից տասանորդ տվեց:
21. Եվ Սոդոմի թագավորն ասաց Աբրամին. «Մարդկանց ինձ տուր, իսկ ունեցվածքը քեզ վերցրու»:
22. Եվ Աբրամն ասաց Սոդոմի թագավորին. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքը առ Բարձրյալ Աստված, Ով երկնքի և երկրի Տերն է,
23. Որ մի թելից մինչև կոշիկի կապն անգամ ոչինչ չեմ վերցնի քո ունեցածից, որպեսզի չասես, թե Աբրամին ես հարստացրի,
24. Բացի նրանից, ինչ կերան երիտասարդները և բացի Աների, Եսքողի ու Մամբրեի բաժնից, ովքեր ինձ հետ են եղել: Թող նրանք վերցնեն իրենց բաժինը»: