Ծննդոց գրքի մեկնություն 1:5

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 1:3 
   

Ա. Լոպուխին

Աստված լույսը կոչեց Ցերեկ և խավարը կոչեց Գիշեր: Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր առաջին: (Սինոդական թարգ․)[5]
   
   Աստված լույսը կոչեց Ցերեկ և խավարը կոչեց Գիշեր ... Բաժանելով լույսը խավարից և հաստատելով դրանց ճիշտ հերթագայությունը՝ Արարիչը դրանց տալիս է համապատասխան անվանումներ՝ լույսի տիրապետության շրջանն անվանելով ցերեկ, իսկ խավարինը՝ գիշեր: Սուրբ Գիրքը մեզ մի ամբողջ շարք տեղեկություններ է տալիս այս աստվածային կարգի ծագման մասին (Սաղմ. 103:20–24, 148:5, Հոբ 38:11, Երեմ. 33:20): Մենք զրկված ենք այս նախասկզբնական օրերի բնույթի ու տևողության մասին հիմնավոր դատելու հնարավորությունից. մի բան կարող ենք միայն ասել, որ առնվազն առաջին երեք օրերը՝ նախքան արևի արարումը, ամենայն հավանականությամբ, նույնական չէին այժմյան օրերին:

   Եվ երեկո ու առավոտ եղավ ... Մեկնողներից շատերը, ելնելով նրանից, որ նախ դրված է երեկոն, իսկ այնուհետև՝ առավոտը, ցանկանում են առաջինում տեսնել ոչ այլ ինչ, քան այն քաոսային խավարը, որը նախորդել է լույսի ծագմանն ու այդ կերպ ազդարարել առաջին օրը: Սակայն սա ակներևաբար չափազանցություն է, քանի որ նախքան լույսի արարումը չէին կարող գոյություն ունենալ ոչ օրերի նմանօրինակ սահմանազատումը, ոչ էլ դրանց երկու գլխավոր բաղկացուցիչ մասերի անվանումները: Նշված մոլորության վրա հենվում է մեկ այլ մոլորություն, թե իբր աստղագիտական օրերի հաշվարկը, ինչպես, օրինակ, կարծում էր Եփրեմ Ասորին, պետք է սկսել գիշերից: Սակայն Ոսկեբերանն իրավացիորեն ենթադրում է, որ օրերի հաշվարկը պետք է գնա առավոտից առավոտ, քանզի, կրկնում ենք՝ օրվա մեջ ցերեկվա ու գիշերվա տարբերակումը սկսվել է լույսի ստեղծման կամ ցերեկվա սկսվելու պահից ոչ շուտ, այսինքն՝ ժամանակակից լեզվով ասած՝ արարման առաջին օրվա առավոտից:

   Օր առաջին… Եբրայերեն բնագրում դրված է ոչ թե դասական, այլ քանակական թվական՝ օր մեկ, քանզի իրապես ստեղծագործական շաբաթի առաջին օրն ինքնին դեռևս միակն էր:

   Ավարտելով ստեղծագործական շաբաթի առաջին օրվա մասին մեր խոսքը՝ տեղին ենք համարում արտահայտվել այստեղ ընդհանրապես այդ օրերի մասին: Դրանց վերաբերող հարցը մեկնաբանական ամենաբարդ խնդիրներից է: Դրա գլխավոր բարդությունն առաջին հերթին կապված է արարչագործության սուրբգրային օրերի որոշակի ըմբռնման հետ, երկրորդ՝ և առավելապես՝ այս օրերը աստղագիտության և երկրաբանության ժամանակակից տվյալներին համաձայնեցնելու հետ: Վերևում մենք արդեն տեսանք, որ արևի ի հայտ գալուն նախորդող արարման առաջին օրերի պարագայում բավական դժվար է կիրառել մեր սովորական աստղագիտական չափանիշներն իրենց 24 ժամյա հաջորդականությամբ, որոնք, ինչպես հայտնի է, կախված են երկրի՝ իր առանցքի և արեգակի շուրջը մեկ այս, մեկ մյուս կողմով պտտվելուց: Սակայն, եթե ենթադրենք, որ այս հարաբերականորեն աննշան խոչընդոտը որևէ կերպ վերացվել է աստվածային ամենազորությամբ, ապա մնացածը՝ բուն սուրբգրային տվյալներն ու այդ օրերը ցերեկվա ու գիշերվա բաժանումը, դրանց որոշակի քանակն ու հստակ հաջորդականությունը և բուն շարադրանքի պատմական բնույթը խոսում են հօգուտ աստվածաշնչյան տեքստի խիստ բառացի իմաստի և աստվածաշնչյան այս օրերի աստղագիտական տևողության մասին: Առավել լուրջ է գիտության կողմից եկող մեկ այլ առարկություն, որը, ելնելով այսպես կոչված երկրաբանական շերտերի վերլուծությունից, հաշվում է մի շարք երկրաբանական դարաշրջաններ՝ անհրաժեշտ երկրագնդի կեղևի աստիճանական ձևավորման համար, ինչպես նաև՝ մի քանի հազարամյակներ՝ դրա վրա տարատեսակ բուսական ու կենդանական կյանքի հաջորդական գոյացության համար: Այս կետում Աստվածաշնչի և գիտության համաձայնության խնդիրը մեծապես զբաղեցրել է դեռևս Եկեղեցու հայերերին ու վարդապետներին, որոնց թվում են Ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչները՝ Որոգինեսը, Կղեմես Ալեքսանդրացին, Աթանաս Աղեքսանդրացին և այլք, ովքեր կողմնակից էին անգամ աստվածաշնչյան օրերի այլաբանական մեկնաբանությանը՝ առավել կամ պակաս տևական շրջանի իմաստով: Հետևելով նրանց՝ հետագա մեկնաբանների մի ամբողջ խումբ ձգտում էր այս կամ այն կերպ ձևափոխել աստվածաշնչյան տեքստի ուղղակի, բառացի իմաստը և այն հարմարեցնել գիտության եզրահանգումներին (այսպես կոչված, պարբերական և վերականգնողական տեսություններ): Սակայն սուրբգրային տեքստի ուղղակի, բառացի իմաստը, վաղքրիստոնեական ավանդությունն ու ուղղափառ մեկնաբանությունն ընդհանրապես չեն թույլատրում աստվածաշնչյան տեքստի նման ազատ կիրառություն և, հետևաբար,՝ պահանջում են դրանում գոյություն ունեցող օր եզրույթի բառացի ընկալում:

   Եվ այսպես, Աստվածաշունչը խոսում է սովորական օրերի մասին, իսկ գիտությունը՝ ամբողջական փուլերի կամ դարաշրջանների մասին: Այս հակասությունից դուրս գալու լավագույն ելքը, մեր կարծիքով, այսպես կոչված, «տեսիլքի» տեսությունն է: Ըստ այս տեսության՝ աշխարհի արարման մասին աստվածաշնչյան պատմությունը իրենից ներկայացնում է ոչ թե աշխարհագոյացման իրական գործընթացի ողջ պատմության խիստ գիտական և փաստացի մանրամասն վերարտադրում, այլ միայն դրա կարևորագույն կողմերի [շարադրում], որոնք Աստծո կողմից հայտնվեցին առաջին մարդուն յուրահատուկ տեսիլքով (visio): Այստեղ մեզ համար անհայտ ժամանակներում զարգացած աշխարհի ծագման ողջ պատմությունը պատկերների ամբողջական շարքի տեսքով անցավ մարդու հոգևոր հայացքի ներքո, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր երևույթների հայտնի խմբեր, ընդ որում այս պատկերների ինչպես ընդհանուր բնույթը, այնպես էլ հաջորդականությունը ճշմարիտ էին՝ թեև իրական պատմության ակնթարթային արտացոլանքն էին միայն: Այս տեսլական պատկերներից յուրաքանչյուրը ձևավորում էր երևույթների հատուկ խումբ, որոնք փաստացիորեն զարգացել են միևնույն ժամանակաշրջանի ընթացքում, իսկ տեսիլքում կոչվեցին այս կամ այն օրվա անունով: Համեմատաբար հեշտ է պատասխանել այն հարցին, թե ինչու են արարման երկրաբանական դարաշրջաններն աստվածաշնչյան տիեզերածնության տեսիլքում ստացել սովորական «օր» անվանումը. որովհետև «օրը» նախաստեղծ մարդու գիտակցության համար ամենահարմար, ամենապարզ և հեշտ հասանելի ժամանակագրական չափման միավորն էր: Հետևաբար, որպեսզի առաջին մարդու գիտակցության մեջ արմատավորվեր աշխարհի արարման հաջորդական կարգի և դրա գործընթացների անջատվածության մասին գաղափարը՝ առավել նպատակահարմար էր օգտագործել նրան արդեն իսկ ծանոթ օրվա՝ որպես ամբողջական ու ավարտուն ժամանակահատվածի պատկերը: Եվ այսպես, արարման օրերի մասին հարցի առնչությամբ Աստվածաշունչը և գիտությունն ամենևին չեն բախվում միմյանց. Աստվածաշունչը, նկատի առնելով սովորականը օրերը, դրանով նշում է միայն տիեզերածնության տեսիլքի տարբեր պահերը, որում Աստված հաճեց մարդուն հայտնել աշխարհաստեղծման պատմությունը, իսկ գիտությունը, մատնացույց անելով երկրաբանական դարաշրջաններն ու տևական ժամանակաշրջանները՝ ձգտում է ուսումնասիրել աշխարհի ծագման ու աստիճանական կազմավորման փաստացի գործընթացը. և գիտական նման վարկածների ենթադրումը ամենևին էլ չի սասանում աստվածային ամենազորությունը, որի համար բացարձակապես միևնույն էր՝ ստեղծել ողջ աշխարհը մեկ ակնթարթո՞ւմ, թե՝ դրա վրա ծախսել մի ամբողջ շաբաթ կամ ներդնելով աշխարհի մեջ հայտնի նպատակահարմար օրենքներ՝ տրամադրել նրանց առավել կամ պակաս բնական ընթացք, որ կհանգեցներ շարունակական աշխահրագոյացման գաղափարին: Վերջինը, մեր կարծիքով, նույնիսկ ավելի է համապատասխանում աստվածային իմաստությանն ու Արարչի բարեգթությանը: Այստեղ մեր կողմից հիշատակված տեսիլքի պատմությունը, իր ջատագովներին գտնելով թե «հայրերի, թե» Եկեղեցու վարդապետների շրջանում (Հովհան Ոսկեբերան, Գրիգոր Նյուսացի, Թեոդորետոս, Հուլիոս Աֆրիկացի) իր համախոհներն ունի նաև նորագույն մեկնաբանների շարքերում (այս մասին ավելի մանրամասն տես՝ Ա. Պոկրովսկու «Աստվածաշնչյան ուսմունքը նախնական կրոնի մասին» ատենախոսությունը):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին:
(Արարատ թարգ․) Եվ Աստված լույսը կոչեց ցերեկ և խավարը կոչեց գիշեր: Եվ իրիկուն և առավոտ եղավ. օր առաջին:
(Գրաբար) Եւ կոչեաց Աստուած զլոյսն տիւ, և զխաւարն կոչեաց գիշե՛ր: Եւ եղև երեկոյ՝ և եղև վաղորդայն՝ օ՛ր մի: