Սրբ. Եփրեմ Ասորի
Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս հանեցի Քաղդէացւոց երկրից, որպէսզի այս երկիրը քեզ տամ որպէս ժառանգութիւն»:
Եւ դարձյալ ասաց. «Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների երկրից, որպեսզի այս երկիրը քեզ տամ որպես ժառանգություն»: Աբրահամը միանգամից երկու պատգամ լսեց. Մեկը՝ թե քո զավակները բազմանալու են և մյուսը, թե՝ երկիրն ես ժառանգելու: Այն բանի վրա, որ դժվար էր իր ժամանակն անցած ամուլ ծերին աճել բազմանալ երկնքի աստղերի չափ, չերկմտեց: Եւ քանի որ նա (Աստված) տեսավ, թե ճշմարտապես հավատաց, դա նրան արդարություն համարեց, որպեսզի ցույց տա, թե նա չերկմտեց: Երբ նրան ասաց, թե հիրավի. 12։7 «Քո հետնորդներին եմ տալու այս երկիրը», նրա սիրտը ցնծաց և ուրախացավ, ու նրա միտքը փափագեց իմանալ, թե ինչպես է դա լինելու: Քանզի տեսավ նա, թե երկիրը լի է մարդալից բնակիչներով, թագավորներով և իշխաններով, պարսպապատ քաղաքներով, հուսալի բերդերով և անառիկ ամրոցներով: Եւ երբ այս ամենին նայեց, իր մտքում խորհեց և ասաց. «Իսկ ինչպես կարող է մի երկիր իրեն ժառանգություն լինել, որ ծայրից ծայր լի է բնակիչներով: Արդյոք կարո՞ղ են բազմանալով բազմանալ իմ զավակները և ծածկել այս երկրի բնակիչներին, կամ, եթե տարաժամ մահ հասնի նրանց վրա և նրանք ընկնեն ու մահանան, և կամ երկիրը բացի իր բերանը և կուլ տա նրանց, կամ թշնամիները նրանց վրա հարձակվեն և գերության տանեն, կամ գրգռվեն, թշնամանան, պատերազմի դուրս գան միմյանց դեմ և տապալեն միմյանց: Իսկ եթե հնազանդվելով հնազանդվեն մեզ, եթե փեսայանալով փեսայանան մեզ, ապա ինչպե՞ս պիտի աճի և բազմանա Աբրահամը, և ապա գա մտնի իմ զավակը, տապալի նրանց և ժառանգի նրանց երկիրը: Իմ զավակն արդյո՞ք ողորմություն կգտնի նրանց առջև և նրանք արդյո՞ք կմեծարեն նրան: Նրա [ազգատոհմից] դուրս կգան իշխաններ, պետեր և առաջնորդներ, ինչպես արդյո՞ք դա կլինի, ոչ թե ինչպես պետք է լինի: Քանի որ այս ամենը նա չէր կարող իր անձի միջոցով իմանալ, դա ցանկացավ իմանալ Տիրոջից: Եւ եթե միայն իր անձի մասին լիներ, նա կարող էր հասկանալ, սակայն խոսքը վերաբերում էր իր զավակին:
Ա. Լոպուխին
Եվ ասաց նրան. «Ե՛ս եմ Աստվածը, որ քեզ դուրս հանեցի Քաղդեացվոց Ուր քաղաքից, որպեսզի այս երկիրը քեզ տամ որպես ժառանգություն»։ (Սինոդական թարգ․) [7]
Ե՛ս եմ Աստվածը, որ քեզ դուրս հանեցի Քաղդեացվոց Ուր քաղաքից... Թեև Մովսեսն ուղղակիորեն չի ասում, որ Աբրամի՝ իր հոր Թարայի հետ միասին քաղդեացիների Ուր քաղաքից դուրս գալն աստվածային մասնավոր կոչման հետևանքն էր, բայց նա լռելյայն ստպիպում է այդպես ենթադրել (Ծն. 12:1): Իսկ առաջին նահատակ Ստեփանոսը նույնիսկ որոշակիորեն վկայում է դրա մասին (Գրծ. 7:2–3): Մատնանշելով Աբրամին իր հայրենական երկրից դուրս հանելու փաստը և այդ փաստի նպատակը՝ Աստված դրանով ցանկանում էր Աբրամին տալ Իր խոստումների անխախտելիության և հավատրմության ապացույցը:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս հանեցի Քաղդէացւոց երկրից, որպէսզի այս երկիրը քեզ տամ որպէս ժառանգութիւն»:
(Արարատ թարգ․) Եվ ասաց նրան. «Ե՛ս եմ Տերը, որ դուրս բերեցի քեզ քաղդեացիների Ուր քաղաքից՝ այս երկիրը քեզ տալու համար»:
(Գրաբար) Եւ ասէ ցնա. Ե՛ս եմ Տէր Աստուած քո, որ հանի զքեզ յաշխարհէն Քաղդեացւոց, տալ քեզ զերկիրդ զայդ ի ժառանգութիւն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: