Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:21

Հովհաննես Ծործորեցի

21-22. Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թն անգամ»: Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթն անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»:
   
    Այդժամ Պետրոսը մոտեցավ Նրան և ասաց. «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս մեղանչի իմ հանդեպ, ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»: Հիսուսն ասաց նրան. «Չեմ ասում քեզ, թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ անգամ»:
    [Պետրոսը] լսեց Տիրոջից. «Եթե եղբայրդ մեղանչի քո հանդեպ, երկու և երեք անգամ հանդիմանիր, իսկ եթե չլսի քեզ, թող լինի իբրև հեթանոս ու մաքսավոր», և դա իմանալով՝ մոտեցավ սա ևս իմանալու, թե եթե [եղբայրը] միշտ հանդիմանվի ու միշտ զղջա, քանի՞ անգամ ներեմ նրան, յոթը բավակա՞ն է: Ինչո՞ւ «յոթ» ասաց: Քանի որ [Աստված] աշխարհը ստեղծեց վեց [օրում] և յոթերորդում հանգստացավ 971, որն այս կյանքի չափն է, որովհետև յոթով է ընթանում 972, և յոթ զգայարանով ենք մեղանչում 973, կամեցավ Պետրոսն իմանալ, թե եթե եղբայրը մեղանչի իմ հանդեպ իր կյանքի բոլոր օրերին, այսինքն՝ այս յոթերորդում, և դարձյալ ապաշխարի, ներե՞մ նրան: Սրա վերաբերյալ Տերն ասում է՝ ոչ միայն ներկա հավիտյանում ներիր, այլև գալիք, որը սրանից ավելի երկար է, ուստի [այստեղ] «յոթանասուն անգամ յոթ»-ով է ցույց տրվում:
    [Կարելի է մեկնել] և այլ կերպ: [Պետրոսը] գիտեր, որ Օրենքը ներում է մարդկանց յոթ անգամ գործված մեղքերը, և տեղյակ չէր հարությանը նախքան Տիրոջ գալուստը, որն ուներ նաև հարության օր, ինչ պատճառով Դավիթը [օրը] յոթ անգամ էր օրհնում [Աստծուն] 974՝ Օրենքի ծառայության տակ լինելով, ինչպես ասում էր. «Քո աղախնու որդին եմ» (հմմտ. Սաղմ. 115:16), Օրենքի և ոչ թե Վերին Երուսաղեմի ծնած ազատի: Ուստի [Պետրոսը] հարցնում է, թե ընկերների հանցանքները պիտի ների, ինչպես Օրե՞նքն է հրամայում, թե՞ է՛լ ավելի, և Տերը շնորհը բազմապատիկ ավելի դարձրեց, քան Օրենքը, որպեսզի իմանաս, թե որքա՛ն տարբերություն կա շնորհի և Օրենքի միջև: Նաև՝ Պետրոսը նայեց սպանության պատժին, որ ծանր ու դաժան էր, ինչպես Կայենինը, որովհետև յոթ վրեժ պահանջվեց [դրա դիմաց] 975, ուստի կամեցավ իմանալ Եկեղեցու խորհրդի մասին, թե Տերը հրամայո՞ւմ է մկրտության ժամանակ վերացնել սպանության պատիժը: Իսկ Տերն ի՞նչ արեց. ասաց՝ մկրտության ժամանակ կներես ո՛չ Կայենի յոթ [պատիժները], այլ Ղամեքի յոթանասուն անգամ յո՛թը 976: Սրանով ցույց տվեց, որ եկել է մեղքերը Վերացնողը, որովհետև Կայենինը ջուրը վերացրեց, իսկ Ղամեքինը՝ [Տերն] Ինքը՝ ըստ Ղուկասի [ներկայացրած] ազգաբանության 977, ուստի մեզ ևս արժանացրեց Իր մարդասիրությանը:
    Հենց այնպես չասվեց նաև «եթե մեղանչի իմ հանդեպ»[խոսքը]: Աստծո դեմ մեղանչելը սոսկալի չարիք է՝ ըստ այսմ. «Եթե մարդը մեղանչի մարդու դեմ, կաղաչեն Աստծուն, և կհաշտվի, բայց երբ Աստծո դեմ մեղանչեն, ո՞ւմ աղաչեն» (հմմտ. Ա Թագ. 2։25), որովհետև Աստծո դեմ մեղանչելը հպարտության ախտն է, որն ունեին Բանսարկուն ու հերձվածողները և անդարձ մնացին դրա մեջ: Քանի որ [Պետրոսը] սովորել էր, որ դա աններելի է՝ ըստ այսմ. «Ով Սուրբ Հոգուն է հայհոյում, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ հանդերձյալում» (հմմտ. Մատթ. 12։32), ուստի [մարդկանց]՝ միմյանց հանդեպ գործված սխալների մասին խոսեց՝ ասես խրոխտանքով կարծելով, թե մեծ բան է ասում՝ «մինչև յո՞թ անգամ», իսկ [Տերը] պատասխանեց. «Ո՛չ մինչև յոթ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ:Որովհետև դու իբրև աղքատ հայցեցիր թողության վերջնասահմանը, իսկ Ես իբրև մեծապարգև Աստված եմ շնորհում և շնորհն անսահմանափակ ցույց տալիս»: Որովհետև [Տերը] սրանով թիվ չսահմանեց, այլ անչափ [քանակություն] հայտնեց: Թեպետ «յոթ»-ից չհրաժարվեց, այլ նույնը բազմապատկեց, սակայն ինչպես որ «բյուր»-ն է շատը ցույց տալիս, այդպես էլ ըստ եբրայեցիների՝ «յոթ»-ը, քանի որ մեկ օրում հնարավոր չէ, որ մարդ այդքան հանցանք գործի [եղբոր հանդեպ]: Այդպիսի մի բան էլ Պողոսն է գրում. «Արեգակը ձեր բարկության վրա թող չմտնի» (Եփես. 4։26). որովհետև բարկությունը վնասակար է թե՛ բարեկամներին, թե՛ թշնամիներին, և նրանից վառվում բորբոքվում է ամեն չարիք: Ուստի հրաժարվե՛նք բարկությունից, որպեսզի օրվա ավարտին վկան կնիք չդնի մեզ վրա և չմատնվենք խավարին: Ուրեմն՝ այս պատճառներո՛վ [Տերն] ասաց. «Ո՛չ յոթ անգամ, այլ յոթանասուն անգամ յոթ», և որպեսզի սա ծանր չթվար, մի առակ հավելեց այն մասին, որ պետք է ներել միմյանց հանցանքները:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

21-22․ Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թն անգամ»: Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթն անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»:
   
    Կապելու հետ արձակելու, դատապարտելու հետ ներելու իշխանությունը Հիսուս միմյանց էր զուգորդել դեռևս նախընթաց բացատրություններում: Սակայն չէր որոշել, թե ինչպես պիտի գործադրվի ներելու իշխանությունը: Անշուշտ, զղջումն ու ապաշխարությունը ներելու պայմաններն էին: Բայց զղջալուց հետո նորից ընկնել կար: Կրկին ընկնելուց հետո նոր զղջումը կարո՞ղ էր արդյոք առաջին զղջումի պես ընդունելի լինել և ներման արժանանալ: Մանավանդ երկրորդ անկումից հետո երրորդ, չորրորդ և ավելի անկումներ կարող էին տեղի ունենալ: Մինչև ո՞ւր պետք է տարածվեր զղջման ընդունելությունը և ներելու իշխանությունը: Ահա մի ծանր խնդիր, որ հուզում էր առաքյալներին: Սակայն գլուխ հանել և խնդրի լուծումը գտնել այդպես էլ նրանց չէր հաջողվում: Այդ պատճառով, ինչպես ուրիշ անգամներ, այս անգամ ևս Պետրոսն առաջ է անցնում, մոտենում է Հիսուսին ու առաջարկում խնդիրը. «Վարդապե՛տ, զղջացողին ներել, կապվածին արձակել, լա՛վ. բայց մինչև քանի՞ անգամ դա կարող է կրկնվել, մինչև քանի՞ անգամ պիտի ներենք մեղուցյալ եղբորը»: Հիսուս պատասխանում է «Քանի անգամ որ մեղուցյալ եղբայրը կզղջա, պետք է ներեք. եթե յոթն անգամ մեղանչի և յոթն անգամ էլ ետ դառնա ու խոստովանի, թե զղջում է, պետք է ներես»: «Որեմն մինչև յո՞թն անգամ», վրա է բերում Պետրոսը, կարծելով, թե որոշակի մի թիվ է իմացել: «Ո՛չ, - ասում է Հիսուս, - ճիշտ ու ճիշտ յոթն անգամվա համար չեմ ասում. եթե յոթանասունյոթ անգամ էլ նույն բանը կրկնվի, որ ընկնի ու զղջա, ներումը չի վերջանա, ներման անգամներին չափ չկա»:
    Որքան էլ Պետրոսի առաջի հարցում առկա է անձնական վնասի կամ նախատինքի ակնարկը՝ «Քանիցս անգամ թէ մէղիցէ ինձ եղբայր իմ», սակայն ինչպես մեղուցյալին դարձի բերելեւ մասին խոսելիս, այնպես էլ այս դեպքում, թե՛ նյութի պահանջից ելնելով և թե՛ Ղուկասի Ավետարանի համապատասխան գլխի հետ բաղդատելով հաստատեցինք, որ Հիսուսի վարդապետությունը յուրաքանչյուր անձի դեմ եղած մեղքերը ներելու բացառիկ նպատակով չէ, այլ Հիսուսի խոսքերը պտտվում են ընդհանրապես մեղանչածների ու սխալվածների հետ վարվելու և Եկեղեցու իշխանությունը գործածելու պայմանների շուրջը:
    Եթե մարգարեություններում կարդում ենք, թե Աստված խոստանում է ներել Եդոմի, Ամոնի, Մովաբի և ուրիշ ամբարիշտների մեղքերը և սպառնում չներել չորրորդը (Ամովս 1:11-13), կամ Հիսուս ևս Սուրբ Հոգու դեմ գործած մեղքերի ներումն անհնար է համարում (Մատթ. 12:31-32), ապա չպետք է եզրակացնել, թե սրանով չափվում է վերոհիշյալ յոթանասուն անգամ յոթ ներումների ընդարձակությունը: Ինչպես արդեն բացատրեցինք (Մատթ. 12:24-37), պետք է զանազանել չարության զգացումով և առանց ապաշխարության մեղքի մեջ հարատևելը, մեղանչելուց հետո զղջում և ապաշավ զգալը: Հիսուս յոթանասուն անգամ յոթ ներելու համար յոթանասուն անգամ յոթ զգջումն է պահանջում: Մինչդեռ Հոգվույն Սրբո դեմ մեղքը անապաշավ չարությամբ մեղքի մեջ մնալն է: Մարգարեի բերանով ասած՝ չներված մեղքը ևս չզղջացող ամբարիշտի մեղքն է: