Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:21

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

21-27․ «Այդ ժամանակ Պետրոսը, մոտենալով նրան, ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ նրան ներեմ՝ մինչև յո՞թ անգամ»»։ «Հիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»»։ «Դրա համար Երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան»։ «Երբ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ բերվեց մեկը, որ պարտք էր տասը հազար քանքար»։ «Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նաև նրա կնոջ ու զավակներին և ամբողջ ունեցածն ու հատուցել»։ «Այդժամ ծառան ընկավ նրա առաջ, և երկրպագում էր նրան ու ասում. «Տե՛ր, համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ»։ «Տերն այդ ծառային գթաց, արձակեց նրան և պարտքը նրան ներեց»։
   
    Պետրոսը կարծում էր, թե ինչ-որ մեծադիր խոսք էր ասում, ինչի համար էլ, կարծես ցանկանալով պարծենալ մերձավորի հանդեպ սիրով, ավարտեց իր հարցը հետևյալ խոսքերով. «Մինչև յո՞թ անգամ»։ Դու հրամայեցիր, - ասում է Պետրոսը Հիսուսին, - ներել մերձավորի վիրավորանքները. քանի՞ անգամ, ուրեմն, ես պիտի անեմ դա։ Եթե, օրինակ, իմ մերձավորը հաճախ սխալվի և, հանդիմանվելուց հետո մշտապես դարձյալ ապաշխարի, ապա քանի՞ անգամ Դու կհրամայես մեզ ներել նրան։ Նրա՛ն, ով չի ապաշխարում և չի դատապարտում ինքն իրեն գործած մեղքի համար, Դու հրամայեցիր, երեք անգամ հանդիմանելուց հետո, հեռացնել մեզնից՝ ասելով. «Թող քեզ համար հեթանոսի ու մաքսավորի պես լինի» (Մատթ․ 18։17), իսկ ապաշխարողի համար ոչ մի սահման չդրեցիր, այլ հրամայեցիր ընդունել նրան։ Այսպիսով, քանի՞ անգամ պիտի ներվի նա, եթե հանդիմանվելուց հետո ապաշխարում է։ Յոթ անգամը բավակա՞ն է․․․
    Եվ ի՞նչ է պատասխանում Քրիստոս՝ մարդասեր ու բարի Աստվածը։ «Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»։ Յոթանասուն անգամ յոթ թիվն այստեղ որոշակիություն չունի, և նշանակում է անընդհատ կամ մշտական պարտականություն։ Ինչպես «հազար անգամ» արտահայտությունն է գործածվում բազմաքանակությունը մատնանշելու համար, այնպես էլ՝ սույն արտահայտությունը։ Օրինակ, այդ իմաստն է արծարծվում հետևյալ խոսքերում. «Ամուլը յոթ անգամ որդի ծնեց» (հմմտ․ Ա Թագ. 2:5)։ Հետևաբար, «յոթ» բառի ներքո Սուրբ Գիրքը նկատի ունի բազմություն։ Այսպիսով, Քրիստոս մի հստակ թիվ չսահմանեց, թե քանի անգամ մենք պիտի ներենք մերձավորին, այլ ցույց տվեց, որ սա մեր մշտական ու հավերժական պարտականությունն է։ Հենց սա էլ Հիսուս բացատրեց հաջորդող առակում։ Որպեսզի «մինչև յոթանասուն անգամ յոթ» խոսքերով տրվող հրամանը որևէ մեկին ծանր ու դժվարիրագործելի չթվա, Քրիստոս պատմում է այս առակը, որում պարզաբանում է նախորդ խոսքերի իմաստը, ամոթով թողնում նրան, ով կհպարտանա վիրավորանքները ներելու իր արարքով և, միևնույն ժամանակ, ցույց է տալիս, որ այս հրամանը կատարելը բնավ էլ դժվարին չէ, այլ ընդհակառակը, շատ դյուրին։ Այսպիսով, Հիսուս Իր այս հրամանի մեջ իսկ ցուցադրում է Իր մարդասիրությունը, որպեսզի դու սրանից գիտենաս, որ, թեկուզ և յոթանասուն անգամ յոթ անգամ ներես էլ քո մերձավորին, թեկուզ և մշտապես ներես նրա, առհասարակ, բոլոր մեղանչումները, նույնիսկ այդ ժամանակ քո մարդասիրությունը մեծապես հեռու (այնքա՜ն ավելի մեծ կլինի այդ հարաբերակցությունը, ինչպես ջրի կաթիլն է՝ անեզր ծովի համեմատությամբ, և դեռ ավելին) կլինի Աստծու անսահման բարությունից, որը քեզ անհրաժեշտ է գալիք դատաստանի ժամանակ, երբ քեզնից հաշիվ է պահանջվելու։ Ահա Քրիստոսի խոսքերը. «Դրա համար Երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան։ Երբ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ բերվեց մեկը, որ պարտք էր տասը հազար քանքար (տաղանդ)։ Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նաև նրա կնոջ ու զավակներին և ամբողջ ունեցածն ու հատուցել» (Մատթ. 18:23-25)։ Այնուհետև, սակայն, երբ այս պարտապանը, տիրոջից ողորմություն ստացած, դուրս գալով, սկսեց խեղդել իր ընկերոջը, ով իրեն պարտք էր հարյուր դահեկան, և դրանով բարկացրեց տիրոջը, այդժամ վերջինս հրամայեց կրկին նրան բանտ նետել, մինչև ամեն ինչ ամբողջովին չվճարի։ Ահա թե որքա՜ն մեծ է տարբերությունը Աստծու դեմ գործվող մեղքերի և մարդու դեմ մեղքերի միջև։
    «Բերվեց մեկը, - ասում է Փրկիչը, - որ պարտք էր տասը հազար քանքար։ Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նաև նրա կնոջ ու զավակներին» (Մատթ. 18:24-25)։ Իսկ ինչո՞ւ Հիսուս հրամայեց նաև կնոջը վաճառել։ Քավ լիցի, ո՛չ թե դաժանությունից կամ անմարդկայնությունից դրդված (այդ դեպքում նրա ծառան նոր վնաս կկրեր, քանի որ այդ ժամանակ կինն էլ ստրուկ կդառնար), այլ առանձնահատուկ մի մտադրությամբ պայմանավորված։ Այսպիսի խիստ հրամանով Քրիստոս ցանկանում էր վախեցնել իր ծառային, և դրա միջոցով նրան մղել հնազանդության, որպեսզի բանը չհասներ վաճառելու մտադրությանը։ Հակառակ պարագայում, եթե Հիսուս սա նկատի ունեցած չլիներ, Տերն ականջալուր չէր լինի ծառայի խնդրանքին և չէր ցուցաբերի Իր ողորմությունը։ Բայց ինչո՞ւ պարտատերն այսպես չվարվեց և չներեց ծառայի պարտքը մինչև այսպիսի հրաման տալը։ Որպեսզի այդպիսով ծառային խրատեր, թե որքան պարտք է ներում նրան, և դրանով իսկ ստիպեր ներողամիտ լինել իր ընկերոջ հանդեպ, որն էլ իրեն էր պարտք։ Եվ, իսկապես, այդ ժամանակ ծառան բարի էր ու զգայուն. նա ոչնչից չհրաժարվեց, խոստում տվեց վճարել իր պարտքը, աղաչանքով տիրոջ ոտքերն ընկավ, զղջաց իր գործած մեղքերի համար և ճանաչեց իր պարտքի մեծությունը։ Բայց այս ծառայի հետագա արարքները բոլորովին չեն համապատասխանում նախորդներին։
    «Դրա համար Երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան» - Այսպիսով Հիսուս ցույց է տալիս այս առակը պատմելու իմաստը, այն է՝ որպեսզի դու իմանաս, որ եթե դու օրվա ընթացքում նույնիսկ «յոթանասուն անգամ յոթ» անգամ ներես քո եղբոր մեղանչումները, ապա դեռ որևէ մեծ բան արած չես լինի, այլ կշարունակես հեռու, անհամեմատելիորեն հեռու մնալ Տիրոջ մարդասիրությունից՝ վերադարձրած լինելով շատ ավելի քիչ, քան դու ստացել ես։
    Արդ, լսենք առակը. այն ինքն իրենով ասես պարզ է թվում, սակայն առակի մեջ մտքերի անճառելի գանձարան է թաքնված։ «Դրա համար Երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան»։ Առանց համակ ուշադրություն դարձնելու մի՛ անցիր այս ասույթի կողքով, այլ բացահայտի՛ր ինձ այդ դատաստանը և, ներթափանցելով քո խղճի խորքերը, խորհի՛ր, թե ինչ ես արել ողջ կյանքիդ ընթացքում։ Եվ երբ լսես, թե [թագավորը] հաշիվ է պահանջում իր ծառաներից, պատկերացրու թե՛ թագավորներին, թե՛ զորավարներին, թե՛ քաղաքապետերին, և՛ հարուստներին ու աղքատներին, և՛ ստրուկներին ու ազատներին, և՛, առհասարակ, ամենքին. «Քանզի մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք» (Բ Կորնթ. 5:10)։ Եթե դու հարուստ ես, մտածի՛ր, որ պիտի հաշիվ տաս՝ պոռնիկի՞ վրա ես ծախսել քո փողերը, թե՞ աղքատների վրա, մակաբույծների ու շողոքորթների՞ վրա, թե՞ կարիքավորների, անառակությա՞ն վրա, թե՞ մարդասիրության, հաճույքի, փափկության և հարբեցողությա՞ն վրա, թե՞ դժբախտներին օգնության հասնելու․․․Եվ ո՛չ միայն ծախսի, այլև ունեցվածքի ձեռքբերման մասին են քեզնից հաշիվ պահանջելու. արդար աշխատանքո՞վ ես հավաքել այն, թե՞ հափշտակությամբ ու այլոց շահագործելով, որպես ծնողական ժառանգությո՞ւն ես ստացել, թե՞ ավերել ես որբերի տներն ու հափշտակել այրիների ունեցվածքը։ Ինչպես որ մենք մեր ծառաներից հաշիվ ենք պահանջում ոչ միայն փողի ծախսի, այլև եկամտի մասին՝ հարցնելով, թե որտեղի՞ց և ումի՞ց, կամ ինչպե՞ս և որքա՞ն գումար են ստացել, ճիշտ այդպես էլ Աստված մեզնից հաշիվ է պահանջում ոչ միայն օգտագործման, այլև ձեռքբերման վերաբերյալ։ Եվ ո՛չ միայն հարուստն է հաշիվ տալիս, այլև աղքատը՝ իր աղքատության մասին. արդյո՞ք հանդարտությամբ ու երախտագիտությամբ է կրել աղքատությունը, արդյո՞ք չի ընկել հուսահատության մեջ, արդյո՞ք չի դժգոհել, արդյո՞ք չի տրտնջացել Աստծու նախախնամության դեմ՝ մեկ ուրիշին տեսնելով շքեղության ու հաճույքների մեջ, իսկ ինքն իրեն՝ կարիքի մեջ։ Ինչպես հարուստից հաշիվ է պահանջվելու ողորմություն տալու մասին, այնպես էլ աղքատից՝ համբերությա՛ն մասին, կամ, ավելի ճիշտ, ոչ միայն համբերության, այլև հենց ողորմությա՛ն մասին, որովհետև աղքատությունը չի խանգարում ողորմությանը։ Ասվածին վկա է երկու լումա գցած այն այրի կինը, որն իր այդ փոքրիկ ներդրումով գերազանցեց նրանց, ովքեր ավելի շատ էին գցել։ Եվ ո՛չ միայն հարուստներն ու աղքատները, այլև իշխանավորները և դատավորները մեծ խստությամբ պիտի հարցաքննվեն, թե արդյո՞ք չեն խեղաթյուրել ճշմարտությունը, արդյո՞ք դատապարտյալների վրա դատավճիռներ չեն արտասանել կողմնակալությամբ կամ ատելությամբ, արդյո՞ք շողոքորթությանը տեղիք տալով՝ անարդար որոշում չեն կայացրել, կամ ոխակալությունից դրդված արդյո՞ք չեն վնասել անմեղներին։
    Եվ ո՛չ միայն աշխարհիկ իշխանավորները, այլև Եկեղեցու առաջնորդնե՛րը հաշիվ պիտի տան իրենց առաջնորդության մասին, և նրանք հատկապես կենթարկվեն ամենախիստ ու ամենածանր հատուցումների։ Նա, ում վստահված է խոսքի քարոզության ծառայությունը, այնտեղ (Երկնքում) մանրակրկիտ հաշիվ պիտի տա, արդյո՞ք ծուլության կամ չարախնդության պատճառով բաց չի թողել այնպիսի մի մանրամասնություն, ինչը հարկավոր էր ասել, և արդյո՞ք գործով ապացուցել է, որ ինքն ամեն ինչ բացատրել է և օգտակար ոչինչ չի թաքցրել։ Դարձյալ, եպիսկոպոսության կոչմանն արժանացողը, որքան ավելի բարձր աստիճանի է բարձրանում, այնքան ավելի խիստ հաշիվ պիտի տա՝ ո՛չ միայն ուսուցման ու աղքատների համար միջնորդության վերաբերյալ, այլև ձեռնադրվողների քննությանն առնչվող և բազում այլ հարցերի մասին։
Այսպիսով, երբ լսես, թե տերը «ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան», այս խոսքն անուշադրության մի՛ մատնիր, այլ պատկերացրու ամեն մի արժանավորության, ամեն մի տարիքի, երկու սեռի մարդկանց, տղամարդկանց ու կանանց, մտածի՛ր, թե ինչպիսին է լինելու դատաստանը գալիք ժամանակում, հիշի՛ր քո բոլոր մեղքերը։ Թեկուզ դու ինքդ մոռանաս էլ քո հանցանքները, բայց Աստված երբեք չի մոռանա, և մեր բոլոր մեղքերը կներկայացնի մեր աչքերի առջև, եթե միայն մենք այժմվանից իսկ նախանձախնդիր չլինենք դրանք ապաշխարությամբ ու խոստովանությամբ սրբագրելու։ Այլև հարկ է, որ մենք երբեք ոխ չպահենք մեր մերձավորի հանդեպ։ Ուրեմն, Աստված ինչո՞ւ է անում այս հաշվարկը։ Ո՛չ թե այն պատճառով, որ Նա Ինքը չգիտի (ինչպե՞ս կարող էր չիմանալ Նա, Ով ամեն ինչ գիտե նախքան դրանց լինելը), այլ ա՛յն բանի համար, որպեսզի քեզ՝ ծառայիդ, վստահեցնի, որ դու ամեն ինչում, ինչով էլ որ պարտք ես, դա ճշմարտապես պարտք է քեզ վրա։ Կամ, ավելի ճիշտ, ո՛չ թե այն բանի համար, որ դու միայն իմանաս այդ մասին, այլև որպեսզի մաքրվե՛ս քո մեղքերից (ազատվես պարտքերից)։ Այսպես նաև մարգարեի՛ն Տերը համար հրամայեց խոսել հրեաների մեղքերի մասին. «Պատմի՛ր, - ասում է, - իր մեղքերի և Հակոբի տանը՝ իր անօրենությունների մասին» (Ես. 58:1), և սա ասում է ո՛չ միայն այն բանի համար, որ նրանք միայն լսեն և վերջ, այլև որպեսզի ուղղվեն։
    «Երբ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ բերվեց մեկը, որ պարտք էր տասը հազար քանքար» (տաղանդ) - այսպես, ահավասիկ, որքա՜ն էր վստահված նրան, և որքա՜ն էր նա ծախսել․․․Խոսքն ահռելի քանակի պարտքի մասին է։ Բայց աղետը ոչ միայն սա էր, այլև ա՛յն, որ նա առաջինը բերվեց տիրոջ մոտ։ Եթե նրան բերած լինեին միայն շատ ուրիշ ճշտապահ [պարտապաններից] հետո, ապա այնքան զարմանալի չէր լինի այն, որ տերը չբարկացավ նրա վրա. ավելի վաղ տիրոջը ներկայացրածների ճշտապահությունը կարող էր պարտատիրոջն ավելի ներողամիտ դարձնել նրանց հետևից եկող ոչ ճշտապահների հանդեպ։ Բայց որ առաջինը ներկայացվածը ոչ ճշտապահ դուրս եկավ և, չնայած այդօրինակ անճշտապահությանը, այնուամենայնիվ հանդիպեց տիրոջ մարդասիրությանը, ահա սա՛ է հատկապես զարմանալի ու արտասովոր։ Մարդիկ, երբ գտնում են իրենց պարտապաններին, այնպես ուրախանում են, ասես ավար ու որս գտած լինեն, և անում են ամեն ինչ, որպեսզի բռնագանձեն ողջ պարտքը։ Իսկ եթե պարտատերերին չի հաջողվում դա անել պարտապանների աղքատության պատճառով, ապա նրանք իրենց փողի պատճառով ողջ բարկությունը թափում են այդ թշվառների խեղճ մարմնի վրա. ծեծում ու գանահարում են նրանց և բազմաթիվ չարիքներ են պատճառում։ Մինչդեռ Աստված, ընդհակառակը, ամեն ինչ տանում և ուղղում էր դեպի այն կետը, որպեսզի պարտապանին ազատի իր պարտքերից։ Մեզ համար պարտքը բռնագանձելն է հարստությունը, իսկ Աստծու համար ներե՛լն է հարստությունը։ Մենք հարստանում ենք, երբ հետ ենք ստանում մեզնից վերցված պարտքերը, իսկ Աստված ա՛յն ժամանակ է հատկապես հարուստ լինում, երբ ներում է մեզ մեր պարտքերը (մեղքերը)։ Աստծու հարստությունը մարդկանց փրկությունն է, ինչպես ասում է Պողոսը. «Հարուստ բոլորի հանդեպ, որոնք կանչում են Իրեն» (հմմտ․ Հռոմ. 10:12)։ Բայց, միգուցե, մեկն ասի՝ ուրեմն ինչպե՞ս է, որ այս պարտատերը, որը ցանկանում էր թողություն շնորհել ու ներել մեղքը, պարտապանին հրամայեց վաճառել ամեն բան։ Հենց սա՛ իսկ է, որ լավագույնս ապացուցում է պարտատիրոջ մարդասիրությունը․․․
    «Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նաև նրա կնոջ ու զավակներին և ամբողջ ունեցածն ու հատուցել» - «Պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ», - ասվում է։ Ի՞նչ է նշանակում՝ «վերադարձնելու ոչինչ չուներ»։ Սա կրկին մի ուժեղացված վկայություն է պարտապանի անճշտապահության մասին։ Երբ ասվում է՝ «վերադարձնելու ոչինչ չուներ», դա ոչ այլ ինչ է նշանակում, քան ա՛յն, որ նա խորթ էր առաքինություններին, ոչ մի բարի գործ չուներ կատարած, որը կարելի կլիներ հաշվարկել նրա մեղքերի թողության համար, որովհետև մեր մեղքերի թողության համար հաշվարկվում են, և անկասկա՛ծ հաշվարկվում են բարի գործերը, ինչպես նաև հավատը՝ որպես արդարություն. «Իսկ նա, ով գործ չի անում, բայց հավատում է նրան, ով արդարացնում է մեղավորին, այդպիսի մեկի հավատը համարվում է որպես արդարություն» (Հռոմ. 4:5)։ Եվ ի՞նչ կարելի է ասել, ուրեմն, հավատի ու բարի գործերի մասին, երբ նույնիսկ մեր կրած վշտերն են հաշվարկվում մեր մեղքերի թողության համար։ Սա Քրիստոս ապացուցում է Ղազարոսի առակով, որում Աբրահամը հարուստին ասում է, թե Ղազարոսը «կյանքի ընթացքում ստացավ իր չարչարանքները», և դրա համար էլ «այժմ սա այստեղ մխիթարվում է» (Ղուկ. 16:25)։ Սա է վկայում նաև Պողոսը, երբ Կորնթացիներին գրում է շնացողների մասին և պատվիրում է «մատնել այդպիսի մեկին սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին ապրի» (Ա Կորնթ. 5:5)։ Խրատելով նաև այլ մեղքերով պարտապան դարձած մեղավորներին՝ առաքյալն ասում էր այսպես. «Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են, որովհետև, եթե մե՛նք մեզ քննեինք, ապա չէինք դատապարտվի։ Իսկ եթե դատվում ենք, Տիրոջից խրատվում ենք, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։» (Ա Կորնթ. 11:30-32)։ Իսկ եթե մեզ մեղքերի թողության համար հաշվարկվում են և՛ փորձությունը, և՛ հիվանդությունը, և՛ տկարությունը, և՛ մարմնի հյուծումը, որոնք մենք ակամա ենք կրում և ինքներս ջանք չենք գործադրում դրա համար, ապա առավել ևս հաշվարկվում են մեր կողմից կամավոր ու եռանդով գործվող սխրանքները։ Բայց այս պարտապանը հեռու էր ամեն տեսակի բարեգործությունից, իսկ մեղքերի ծանրությունը նմանվում էր անտանելի բեռի։ Ահա թե ինչու է ասվում. «Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել․․․»։ Այստեղից էլ հատկապես կարելի է ճանաչել տիրոջ մարդասիրությունը, քանի որ նա և՛ հաշվարկ արեց, և՛ հրամայեց վաճառել նրան, որովհետև թե՛ մեկը, ու թե՛ մյուսն արեց հանուն այն բանի, որ պարտապանը չվաճառվեր ստրկության։ Ինչի՞ց է սա երևում։ Պատմության վերջնամասից։ Եթե պարտատերը ցանկանար վաճառել պարտապանին, ո՞վ կարող էր խանգարել, ո՞վ կարող էր թույլ չտալ, որ դա պատահեր։
    Այսպիսով, ուրեմն ինչո՞ւ նա հրամայեց՝ իրականում մտադրություն չունենալով ի կատար ածելու այդ հրամանը։ Ա՛յն բանի համար, որպեսզի մեծացնի պարտապանի վախը։ Իսկ վախը մեծացրեց սպառնալիքով, որպեսզի նրան ստիպի ողորմություն խնդրել, իսկ խնդրելու ստիպեց, որպեսզի այդպիսով պարտապանը հնարավորություն ունենար ներման արժանանալու։ Կարող էր, իհարկե, ներել նրան դեռ խնդրանքից էլ առաջ, բայց սա չարեց, որպեսզի պարտապանին էլ առավել վատը չդարձնի։ Կարող էր ներում տալ դեռ հաշվարկից էլ առաջ, բայց որպեսզի պարտապանը, չիմանալով իր մեղքերի ծանրությունը, ավելի անմարդկային ու դաժան չդառնար իր մերձավորների հանդեպ, դրա համար էլ նախապես իսկ նրան ցույց տվեց պարտքի մեծությունը, և ապա միայն՝ նրան ներեց ամենը։ Իսկապես, եթե նույնիսկ հաշվարկի կատարումից, պարտքի մեծության ցուցադրումից, սպառնալիքի հնչեցումից և այս մարդու վերաբերյալ վճռի մասին հայտարարումից հետո էլ նա այդքան դաժան ու անմարդկային գտնվեց իր ընկերոջ հանդեպ, ապա ինչպիսի՜ դաժանության չէր հասնի նա, եթե այս նախընթացն ամենևին եղած չլիներ։ Ահա թե ինչու Աստված այսպես վարվեց ու կարգավորեց այս ամենը, որպեսզի կանխի պարտապանի այսպիսի անմարդկայնությունը։ Իսկ եթե պարտապանն այդ ամենի արդյունքում բնավ չուղղվեց, այսժամ մեղքն այլևս ուսուցչինը չէ, այլ նրա՛նը, ով չընդունեց ուղղվելու հրավերը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

21-22. Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թն անգամ»: Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթն անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»:
   
    Այդժամ Պետրոսը մոտեցավ Նրան և ասաց. «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս մեղանչի իմ հանդեպ, ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»: Հիսուսն ասաց նրան. «Չեմ ասում քեզ, թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ անգամ»:
[Պետրոսը] լսեց Տիրոջից. «Եթե եղբայրդ մեղանչի քո հանդեպ, երկու և երեք անգամ հանդիմանիր, իսկ եթե չլսի քեզ, թող լինի իբրև հեթանոս ու մաքսավոր», և դա իմանալով՝ մոտեցավ սա ևս իմանալու, թե եթե [եղբայրը] միշտ հանդիմանվի ու միշտ զղջա, քանի՞ անգամ ներեմ նրան, յոթը բավակա՞ն է: Ինչո՞ւ «յոթ» ասաց: Քանի որ [Աստված] աշխարհը ստեղծեց վեց [օրում] և յոթերորդում հանգստացավ (Ծննդ. 2։2), որն այս կյանքի չափն է, որովհետև յոթով է ընթանում 1 , և յոթ զգայարանով ենք մեղանչում 2 , կամեցավ Պետրոսն իմանալ, թե եթե եղբայրը մեղանչի իմ հանդեպ իր կյանքի բոլոր օրերին, այսինքն՝ այս յոթերորդում, և դարձյալ ապաշխարի, ներե՞մ նրան: Սրա վերաբերյալ Տերն ասում է՝ ոչ միայն ներկա հավիտյանում ներիր, այլև գալիք, որը սրանից ավելի երկար է, ուստի [այստեղ] «յոթանասուն անգամ յոթ»-ով է ցույց տրվում:
    [Կարելի է մեկնել] և այլ կերպ: [Պետրոսը] գիտեր, որ Օրենքը ներում է մարդկանց յոթ անգամ գործված մեղքերը, և տեղյակ չէր հարությանը նախքան Տիրոջ գալուստը, որն ուներ նաև հարության օր, ինչ պատճառով Դավիթը [օրը] յոթ անգամ էր օրհնում [Աստծուն] (Սաղմ. 118։164)՝ Օրենքի ծառայության տակ լինելով, ինչպես ասում էր. «Քո աղախնու որդին եմ» (հմմտ. Սաղմ. 115:16), Օրենքի և ոչ թե Վերին Երուսաղեմի ծնած ազատի: Ուստի [Պետրոսը] հարցնում է, թե ընկերների հանցանքները պիտի ների, ինչպես Օրե՞նքն է հրամայում, թե՞ է՛լ ավելի, և Տերը շնորհը բազմապատիկ ավելի դարձրեց, քան Օրենքը, որպեսզի իմանաս, թե որքա՛ն տարբերություն կա շնորհի և Օրենքի միջև: Նաև՝ Պետրոսը նայեց սպանության պատժին, որ ծանր ու դաժան էր, ինչպես Կայենինը, որովհետև յոթ վրեժ պահանջվեց [դրա դիմաց] (Ծննդ. 4։15), ուստի կամեցավ իմանալ Եկեղեցու խորհրդի մասին, թե Տերը հրամայո՞ւմ է մկրտության ժամանակ վերացնել սպանության պատիժը: Իսկ Տերն ի՞նչ արեց. ասաց՝ մկրտության ժամանակ կներես ո՛չ Կայենի յոթ [պատիժները], այլ Ղամեքի յոթանասուն անգամ յո՛թը (Ծննդ. 4։24): Սրանով ցույց տվեց, որ եկել է մեղքերը Վերացնողը, որովհետև Կայենինը ջուրը վերացրեց, իսկ Ղամեքինը՝ [Տերն] Ինքը՝ ըստ Ղուկասի [ներկայացրած] ազգաբանության (Ղուկ. 3։36), ուստի մեզ ևս արժանացրեց Իր մարդասիրությանը:
    Հենց այնպես չասվեց նաև «եթե մեղանչի իմ հանդեպ»[խոսքը]: Աստծո դեմ մեղանչելը սոսկալի չարիք է՝ ըստ այսմ. «Եթե մարդը մեղանչի մարդու դեմ, կաղաչեն Աստծուն, և կհաշտվի, բայց երբ Աստծո դեմ մեղանչեն, ո՞ւմ աղաչեն» (հմմտ. Ա Թագ. 2։25), որովհետև Աստծո դեմ մեղանչելը հպարտության ախտն է, որն ունեին Բանսարկուն ու հերձվածողները և անդարձ մնացին դրա մեջ: Քանի որ [Պետրոսը] սովորել էր, որ դա աններելի է՝ ըստ այսմ. «Ով Սուրբ Հոգուն է հայհոյում, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ հանդերձյալում» (հմմտ. Մատթ. 12։32), ուստի [մարդկանց]՝ միմյանց հանդեպ գործված սխալների մասին խոսեց՝ ասես խրոխտանքով կարծելով, թե մեծ բան է ասում՝ «մինչև յո՞թ անգամ», իսկ [Տերը] պատասխանեց. «Ո՛չ մինչև յոթ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ:Որովհետև դու իբրև աղքատ հայցեցիր թողության վերջնասահմանը, իսկ Ես իբրև մեծապարգև Աստված եմ շնորհում և շնորհն անսահմանափակ ցույց տալիս»: Որովհետև [Տերը] սրանով թիվ չսահմանեց, այլ անչափ [քանակություն] հայտնեց: Թեպետ «յոթ»-ից չհրաժարվեց, այլ նույնը բազմապատկեց, սակայն ինչպես որ «բյուր»-ն է շատը ցույց տալիս, այդպես էլ ըստ եբրայեցիների՝ «յոթ»-ը, քանի որ մեկ օրում հնարավոր չէ, որ մարդ այդքան հանցանք գործի [եղբոր հանդեպ]: Այդպիսի մի բան էլ Պողոսն է գրում. «Արեգակը ձեր բարկության վրա թող չմտնի» (Եփես. 4։26). որովհետև բարկությունը վնասակար է թե՛ բարեկամներին, թե՛ թշնամիներին, և նրանից վառվում բորբոքվում է ամեն չարիք: Ուստի հրաժարվե՛նք բարկությունից, որպեսզի օրվա ավարտին վկան կնիք չդնի մեզ վրա և չմատնվենք խավարին: Ուրեմն՝ այս պատճառներո՛վ [Տերն] ասաց. «Ո՛չ յոթ անգամ, այլ յոթանասուն անգամ յոթ», և որպեսզի սա ծանր չթվար, մի առակ հավելեց այն մասին, որ պետք է ներել միմյանց հանցանքները:
--------------------------------
1 Նկատի են առնված կամ յոթ մոլորակները, կամ էլ յոթ ժամանակաշրջանները, որոնցում է ամփոփվում «այս կյանքը», այսինքն՝ մարդկության պատմությունը մինչև հետհարութենական նոր կյանքը: Ժամանակաշրջանների մասին տես 17 գլխի ծնթ. 3:
2 Ընդհանրապես հայրաբանական գրականության մեջ առավել ընդունված է արիստոտելյան հինգ զգայարանների տեսությունը: Այն հիշատակում է նաև Ծործորեցին Մատթ. 10։1-ի մեկնության մեջ: Սակայն երբեմն, ինչպես այստեղ, նշում է մարդու մեջ յոթ զգայարանի առկայության մասին ((յոթ զգայարանի մասին այլք ևս հիշատակում են՝ առանց մասնավորեցնելու, թե որոնք են դրանք, օրինակ՝ սբ Գրիգոր Տաթևացին՝ իր այլևայլ երկերում): Ենթադրում ենք, որ Ծործորեցին նկատի ունի երկու աչք, երկու ձեռք, երկու ռունգ և բերան զգայարան ների գումարը (այսինքն՝ հինգ ավանդական զգայարաններից շոշափելիքն այս տեղ բացակայում է, իսկ մնացած չորսից երեքը կրկնակի անդամ ունենալու պատճառով չորս զգայարանները վերածում են յոթի): Այսպես ենթադրում ենք՝ հիմնվելով սբ Եղիշե վարդապետի հետևյալ բացատրության վրա. «...մարդոյս բնութիւնն եաւթն մասամբք պարսպեալ էր զարտաքին եւ զներ քին շինուածս նորա. երկու աչաւք եւ երկու ականջաւք եւ երկու ռնգացն առուաւք, եւ բերան նորա եաւթն մեծամուր խորհրդոց: Այս եաւթնեկին պարսպաւք ապստամբեալ մարդիկ` ոչ հնազանդեցան Աստուծոյ...ե: Տես Եղի շէ, Մեկնութիւն Յեսուայ եւ Դատաւորաց, գլ. 6. «Վասն ձայնական կոր ծան ման Երիքովիե (Մատենագիրք հայոց, հտ. Ա, Անթիլիաս-Լիբանան, 2003թ., էջ 938):

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

21-22․ Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թն անգամ»: Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթն անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»:
   
    Կապելու հետ արձակելու, դատապարտելու հետ ներելու իշխանությունը Հիսուս միմյանց էր զուգորդել դեռևս նախընթաց բացատրություններում: Սակայն չէր որոշել, թե ինչպես պիտի գործադրվի ներելու իշխանությունը: Անշուշտ, զղջումն ու ապաշխարությունը ներելու պայմաններն էին: Բայց զղջալուց հետո նորից ընկնել կար: Կրկին ընկնելուց հետո նոր զղջումը կարո՞ղ էր արդյոք առաջին զղջումի պես ընդունելի լինել և ներման արժանանալ: Մանավանդ երկրորդ անկումից հետո երրորդ, չորրորդ և ավելի անկումներ կարող էին տեղի ունենալ: Մինչև ո՞ւր պետք է տարածվեր զղջման ընդունելությունը և ներելու իշխանությունը: Ահա մի ծանր խնդիր, որ հուզում էր առաքյալներին: Սակայն գլուխ հանել և խնդրի լուծումը գտնել այդպես էլ նրանց չէր հաջողվում: Այդ պատճառով, ինչպես ուրիշ անգամներ, այս անգամ ևս Պետրոսն առաջ է անցնում, մոտենում է Հիսուսին ու առաջարկում խնդիրը. «Վարդապե՛տ, զղջացողին ներել, կապվածին արձակել, լա՛վ. բայց մինչև քանի՞ անգամ դա կարող է կրկնվել, մինչև քանի՞ անգամ պիտի ներենք մեղուցյալ եղբորը»: Հիսուս պատասխանում է «Քանի անգամ որ մեղուցյալ եղբայրը կզղջա, պետք է ներեք. եթե յոթն անգամ մեղանչի և յոթն անգամ էլ ետ դառնա ու խոստովանի, թե զղջում է, պետք է ներես»: «Որեմն մինչև յո՞թն անգամ», վրա է բերում Պետրոսը, կարծելով, թե որոշակի մի թիվ է իմացել: «Ո՛չ, - ասում է Հիսուս, - ճիշտ ու ճիշտ յոթն անգամվա համար չեմ ասում. եթե յոթանասունյոթ անգամ էլ նույն բանը կրկնվի, որ ընկնի ու զղջա, ներումը չի վերջանա, ներման անգամներին չափ չկա»:
    Որքան էլ Պետրոսի առաջի հարցում առկա է անձնական վնասի կամ նախատինքի ակնարկը՝ «Քանիցս անգամ թէ մէղիցէ ինձ եղբայր իմ», սակայն ինչպես մեղուցյալին դարձի բերելեւ մասին խոսելիս, այնպես էլ այս դեպքում, թե՛ նյութի պահանջից ելնելով և թե՛ Ղուկասի Ավետարանի համապատասխան գլխի հետ բաղդատելով հաստատեցինք, որ Հիսուսի վարդապետությունը յուրաքանչյուր անձի դեմ եղած մեղքերը ներելու բացառիկ նպատակով չէ, այլ Հիսուսի խոսքերը պտտվում են ընդհանրապես մեղանչածների ու սխալվածների հետ վարվելու և Եկեղեցու իշխանությունը գործածելու պայմանների շուրջը:
    Եթե մարգարեություններում կարդում ենք, թե Աստված խոստանում է ներել Եդոմի, Ամոնի, Մովաբի և ուրիշ ամբարիշտների մեղքերը և սպառնում չներել չորրորդը (Ամովս 1:11-13), կամ Հիսուս ևս Սուրբ Հոգու դեմ գործած մեղքերի ներումն անհնար է համարում (Մատթ. 12:31-32), ապա չպետք է եզրակացնել, թե սրանով չափվում է վերոհիշյալ յոթանասուն անգամ յոթ ներումների ընդարձակությունը: Ինչպես արդեն բացատրեցինք (Մատթ. 12:24-37), պետք է զանազանել չարության զգացումով և առանց ապաշխարության մեղքի մեջ հարատևելը, մեղանչելուց հետո զղջում և ապաշավ զգալը: Հիսուս յոթանասուն անգամ յոթ ներելու համար յոթանասուն անգամ յոթ զգջումն է պահանջում: Մինչդեռ Հոգվույն Սրբո դեմ մեղքը անապաշավ չարությամբ մեղքի մեջ մնալն է: Մարգարեի բերանով ասած՝ չներված մեղքը ևս չզղջացող ամբարիշտի մեղքն է: