Հովհաննես Ծործորեցի
«Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի:
Ուստի ասում եմ ձեզ. ամեն մեղք ու հայհոյություն կներվի մարդկանց, բայց Հոգու հայհոյությունը չի ներվի:
Մարդիկ երկու կերպ են մեղանչում՝ գիտակցաբար և անգիտակցաբար: Ով անգիտակցաբար է մեղանչում՝ լինի Աստծո, թե մարդկանց հանդեպ՝ չարը բարի կարծելով կամ որևէ մեկից խաբված լինելով, երբ հասկանում ու զղջում է, թողություն է գտնում: Բայց ով գիտակցաբար է մեղանչում՝ խոսքով, ինչպես նաև գործով և հատկապես աստվածային առատ շնորհի հանդեպ, հույժ դժվարությամբ է թողություն գտնում, քանի որ կամքով սիրում է հանցանքը որպես բարի գործ, ուստի չի զղջում: Բայց [Տերը] սա ասում է Ի՛ր վերաբերյալ, Ում նախքան խաչելությունը «մոլորեցուցիչ» էին կոչում 652 և Աստծո ու Օրենքի հակառակորդ: [Այսպես ասողներիդ] հանդեպ, [ասում է], վրեժխնդրություն չի լինի, եթե հավատաք, որովհետև խաչելությամբ ինչպես որ ամեն [մեղք] եմ քավում, այդպես և դա: Բայց ինչը Սուրբ Հոգու դեմ խոսեցիք, չի ներվի ձեզ, որովհետև կամովին մերժեցիք Հոգու շնորհը:
Կարելի է հասկանալ նաև այսպես. ցանկացած մեղք, որ մեկը գործում է մտքի և մարմնի ծուլության պատճառով կամ որ զրկողներին հայհոյում է, կներվի, երբ [այն գործողը] զգաստանա, բայց ով ապաշնորհ է գտնվում շնորհաբաշխի ու երախտագործի հանդեպ և դեռ հայհոյում [նրան], սա մեծ հանցանք է, չի ներվի նրան. հասկացիր արարածի՝ Արարչի, և ծառայի՝ տիրոջ հանդեպ [գործվող] և նման այլ [մեղքեր]:
[Այս խոսքով Տերը] ցույց է տալիս նաև Իր անոխակալությունը, որովհետև Իր մասին չարախոսության համար վրեժխնդիր չէր լինում, իսկ [Սուրբ] Հոգու համար նախանձախնդիր էր, ինչպես որ մի անգամ Հոր տան համար չվանից խարազան սարքեց և [տաճարից] դուրս հանեց [այնտեղ առև տուր անողներին] 653, իսկ երբ Իրեն «սամարացի» էին կոչում 654, լռում ու ներում էր՝ մեզ իբրև խրատ և ուսում:
Ստեփանոս Սյունեցի
31-32․ «Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի: Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում:
«Ամեն մեղք և հայհոյանք կներվի մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի: Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում»:
Քանի որ Աստծու Հոգով եմ հանում դևերին և ոչ դևերի իշխանով, իսկ նրանք Սուրբ Հոգին հայհոյեցին և բեղզեբուղ կոչեցին, ապա նրանց չպիտի ներվի այդ հայհոյությունը: Եվ եթե ինձ որպես մարդու Որդու [հայհոյեն], կներվեն, եթե գան ապաշխարության, ինչպես շատերը և ի վերջո՝ առաքյալների գլուխը՝ [Պետրոսը]: Իսկ ով Աստծու Հոգին դևերի իշխան կկոչի, նրան ներում չի լինի ո՛չ այս հավիտենության մեջ, ինչպես ասում է, և ո՛չ էլ հանդերձյալում:
Մաղաքիա արք. Օրմանյան
«Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: