Ծննդոց գրքի մեկնություն 19:24

Ա. Լոպուխին

24-25. Այն ժամանակ Տերը Սոդոմի ու Գոմորի վրա երկնքից ծծումբ և հուր թափեց Տիրոջից, [24] և կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց այդ քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականությունը: (Սինոդական թարգ․)
   
   Տերը… երկնքից ծծումբ և հուր թափեց Տիրոջից… և կործանեց այդ քաղաքները… Այստեղ, նախ և առաջ, մեր ուշադրությունն է գրավում արտասովոր արտահայտությունը՝ «և թափեց Տերը... Տիրոջից»։ Եկեղեցու Հայրերի և վարդապետների (Իգնատիոս Աստվածազգյաց, Հուստինոս Վկա, Աթանաս Ալեքսանդրացի, Կիպրիանոս, Տերտուղիանոս, Հովհ. Ոսկեբերան և այլք) մեկնաբանությամբ, այստեղ ցույց են տրվում Սուրբ Երրորդության երկու դեմքերը՝ Հայր Աստված և Որդի Աստված։ Աստծո Որդին կամ Յահվեի Հրեշտակը նույն Լոգոսն է, հայտնվում է երկրում և գործում Հայր Աստծո անունից, Որն, ըստ Սուրբ Գրքի վկայության, «Ինքը չի դատում աշխարհը, այլ ամբողջ դատաստանը հանձնեց Որդուն» (Հովհ. 5:22-23, Բ Թես. 2:8, Հայտ. 1:16, 2:16, 19:15)։ Նմանատիպ դեպք կարող ենք տեսնել Պողոս առաքյալի՝ Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակում, որտեղ առաքյալը աղոթում է Օնեսիփորոսի ծառայի համար, որպեսզի «Աստված արժանացնի նրան ողորմություն գտնել Տիրոջից այն օրը» (Բ Տիմ. 1:18)։ Ինչ վերաբերում է Պենտապոլի չորս քաղաքների (Սոդոմ, Գոմոր, Ադմա և Սևոիմ - Բ Օր. 29:23, Ովսեե. 11:8) վրա բռնկված աղետին՝ հիմնվելով բուն տեքստի տվյալների վրա («երկնքից կրակ և ծծումբ թափեց») և, հաշվի առնելով դրան վերաբերող սուրբգրային զուգահեռները (Բ Օր. 29:23, Եր. 49:18, 50:40, Բ Պետ. 1:6), Հովսեփոս    Փլավիոսի վկայութունը, և գիտնականների նորագույն հայտնագործությունները, կարելի է եզրակացնել, որ այն եղել է երկու տեսակի. սկսվել է սոսկալի հրաբխային ժայթքումով, որն ուղղեկցվում էր Սիդդիմ հովիտը ծածկող ձյութի ճահիճների և աղբյուրների սարսափելի հրդեհով, և ավարտվել այս ամբողջ հովտի կողքին գտնվող աղի լճի ջրերի ջրհեհեղով, որն առաջացավ հրաբուխի ժայթքման հետևանքով հողի մակերեսի կտրուկ նվազման արդյունքում։ Այսպես՝ Աստված հաճախ օգտագործում էր բնական երևույթները Իր բարձրագույն կամքը հայտնելու համար։ Հատկանշական է, որ այն ծովը, որն առաջացավ երբեմն ծաղկող Սիդդիմ հովտի տեղում, և սովորաբար մեզ մոտ անվանվում է «Մեռյալ», Սուրբ Գրքում ոչ մի տեղ այդ անունը չի կրում, այլ կոչվում է Հարթավայրի ծով (Բ Օր․ 3:17), կամ Աղի ծով (Ծննդ. 14:3, Թվ. 34:3). վերջին երկուսը լիովին արդարացնում են վերոհիշյալ ենթադրությունը երկնային պատժի մասին, որը տեղի ունեցավ ամբարիշտ քաղաքների հետ։ Ի վերջո, հօգուտ նույն ենթադրության վկայում են նաև Պաղեստինի նորագույն աշխարհագրագետների գիտական հետախուզումները, որոնց հաշվարկներով Աղի ծովի հյուսիսային և հարավային հատվածների խորության տարբերութունը բացահայտ աչքի է ընկնում, քանզի հասնում է 800 ոտնաչափի և ակամայից ենթադրել է տալիս, որ նրանք առաջացել են տարբեր ժամանակներում։ Ի հավելումն կարելի է նշել, որ ծովի հարավային ափին ժամանակ առ ժամանակ գտնում են հատակից պոկված, ակնհայտ հրաբխային ծագում ունեցող ասֆալտի մեծ բեկորներ։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Տէրը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրայ,
(Արարատ թարգ․) Եվ Տերը Սոդոմի և Գոմորի վրա ծծումբ տեղացրեց, ու Տիրոջ կողմից երկնքից կրակ թափվեց:
(Գրաբար) Եւ Տէր տեղա՛ց ի Սոդոմ և ի Գոմոր ծըծումբ և հուր ի Տեառնէ յերկնից.