Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 20:11

Հովհաննես Ծործորեցի

11-12. Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. «Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը»:

   

   Երբ ստացան, տանտիրոջից տրտնջացին և ասացին . «Այդ վերջինները մի ժամ աշխատեցին, և նրանց հավասարեցրիր մեզ, որ օրվա ծանրությունն ու տոթը կրեցինք»: Ոմանք ասում են, թե սա միայն առակ է և իրականում այդպես չի լինելու, քանի որ այն Երկիրն ազատ է բամբասանքից ու նախանձից. եթե այստեղ սրբերն իրենց չեն խնայում մեղավորների համար, այնտեղ ինչպե՞ս կնախանձեն այլոց շնորհներին. սակայն, [ասում են, Տերն] այդպես կազմեց խոսքը, որպեսզի վերին [կյանքն] ավելի ցանկալի դառնա և ծերության շրջանում [մարդիկ] դարձի գան ու պիտանի դառնան` այնքան, որ շատերի նախանձը շարժեն անգամ,ինչպես անառակի վերադարձը` [հոր] ավագ որդու 1046: Բայց մենք կասենք, որ իսկապես չարանում ու նախանձում էին ուրիշների բարիքներին, որոնցից իրենք զրկված չէին, բայց ո՛չ այնտեղ` հանդերձյալում, այլ ա՛յս կյանքում: Որովհետև ինչ որ այնտեղ հատուցվելու է, հենց այստեղի գործերի հատուցումն է: Ուստի [Տերը] խոսքն ու գործողություններն այնպես է ներկայացնում, որ Աստծո դատաստանը ճշմարիտ և արդար համարվի, քանի որ տրտունջի ու նախանձի ախտը միայն մարդկանց չի ուղղված, այլև Աստծուն, թե` ինչո՞ւ սա այսպես արեցիր, կամ նրան այս իշխանությունը տվեցիր, կամ սրան այնպիսի փառքից զրկեցիր, ինչպես տեսնում ենք այժմ և լսում այսպիսի բարբաջանքներ շատերից, ինչպես և ասում է [Տերն այս առակում]. «Տրտնջում էին տանտիրոջից և ասում. «Այդ վերջինները մի ժամ աշխատեցին, և նրանց հավասարեցրիր մեզ»»: Որովհետև պատահում է, որ ցեղով ու տարիքով շատ վերջիններ Աստծո շնորհով առաջ են գնում աստիճանով կամ մարմնավոր հարստությամբ, կամ մեծ իշխանության ու պատվի [են հասնում], ինչպես ցեղով ու տարիքով վերջին Դավիթը, որ առաջադիմեց, իսկ Սավուղը նվազեց և [Դավթին] միշտ նախանձում էր ու ձեռնարկում սպանել: Այսպես նաև շատ ուրիշների է պատահում:

   «Որ օրվա ծանրությունն ու տոթը կրեցինք»:[Այդ մշակն] «օր» է կոչում իր ամբողջ կյանքը, իսկ «ծանրություն»` սրանում եղած զանազան փորձությունները, խաղաղությունն ու պատերազմը, աղքատությունն ու հարստությունը, առողջությունն ու հիվանդությունը, ազատությունն ու ծառայությունը: «Տոթ» է կոչում դիվական տապը, որում մարդկանց հոգիները նեղություն են կրում այլանդակ խորհուրդներից, նկատի ունեմ ձանձրույթի, բարկության, ցանկության, տրտմության, վախի և համացեղ այլ կրքերի [խորհուրդները]: Այս բոլորին համբերեցինք, ասում են [մշակները], և այս [վերջիններին] մեզ հավասա՞ր ես վարձատրում: Նաև տրտնջալը վերաբերում է նրանց, ովքեր մարմնավոր գործեր են անում, որովհետև մարմնավորն առանց հոգնության ու տրտունջի չի լինում, ինչպես որ Մարթան տրտնջաց` մարմնավոր գործով զբաղված լինելով 1047: Իսկ կամովին բարիք գործելը թեթև է` ըստ Տիրոջ. «Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը` թեթև» (Մատթ. 11։30), ուստի տրտունջ չի լինում: Եվ [մշակները] տրտնջացին մարմնի` ցերեկը կատարած աշխատանքի պատճառով և հոգու` գիշերն ունեցած մտահոգությունների, որովհետև օրը սա՛ է` ցերեկ և գիշեր:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:1