Հովհաննես Ծործորեցի
13-14. Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր. ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան եւ քեզ.
Նա պատասխանեց նրանցից մեկին` ասելով. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. մի՞թե մեկ դահեկանի համար չսակարկեցիր ինձ հետ: Վերցրու քոնը և գնա՛:
Ինչպիսի՛ արդար վճիռ, որովհետև ուրիշ ավելի մեծ արդարություն չկա, քան երբ ինքը տանտերն է [մշակների] իրավունքը քննությամբ և ոչ թե սաստով որոշում: [Տերն] ասում է` «նրանցից մեկին». ի՞նչ է «մեկին»-ը. [ուզում է ասել]` նախանձողներն ամենքը մեկ [և միևնույն] բարքն ունեին: «Ընկեր», այսինքն` Ինձ հակառակող և Իմ օրենքին ընդդիմացող, որ Ինձ հավասար դատավոր եղար և Ինձ վերաբերող բաները քննության ենթարկեցիր, թե ինչու [Իմ կողմից] այսինչը պատվվեց` վերջին լինելով, կամ այնինչը ցածրացավ` առաջին լինելով: «Քեզ չեմ զրկում». նրանց քեզ հավասար դարձնելը զրկողություն չէ, այլ արդարություն, որովհետև վերջինների ունեցած հոժարությունը բարու հանդեպ, նաև նախապես եղած ցանկությունը, կշռվելով քո առաքինության հետ, հավասարվեցին [նրան], ուստիև վարձն էլ համապատասխանեցրի, մանավանդ որ քեզ պատկանածի՛ց չեմ տվել, այլ քեզ քոնն եմ շնորհել և նրանց իմ անհատնում [հարստությունից] պարգևել: «Մի՞թե մեկ դահեկանի համար չսակարկեցիր ինձ հետ», այսինքն` մարմնական փառքի և երկրավոր հանգստի, որոնք փափագում էիր: Մի՞թե չհատուցեցի դա քեզ անպակաս կերպով, քանի որ քո նպատակը դա էր, և Ես այն կատարեցի, մինչ Օրենքը դա չէր սովորեցնում, այլ հոգու մաքրություն, իսկ դու սա թողած` Ինձնից մարմնական բարիքի հաշիվ էիր պահանջում, որն էլ տվեցի:
«Վերցրո՛ւ քոնը, ասում է, և գնա՛».
[վերցրու] հենց այն, որն ընդունեցիր քո կյանքում քո բարի գործերի դիմաց, տրտնջացողների դասում, և այժմ շատերի հանդեպ [քո] նախանձի պատճառով` այս դասի հետ գնա դեպի տանջանք: Եթե այս ախտով չբռնվեիր, պատրաստվում էի հարյուրապատիկից հետո նաև հավիտենական կյանքը [քեզ] տալ, բայց քանի որ հաչաղկոտ 1048 եղար, ունեցածդ բարի գործերի չափով ստացար մարմնական բարիքներ, իսկ նախանձի դիմաց գնա ժառանգիր գեհենի պատիժը, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար: Քանզի ով նախանձում է եղբորը, ավելի վատն է, քան այն վատերը, որ բնավ բարիք չգործեցին, որովհետև [Սուրբ] Գրքին հատուկ է նախանձը սպանությանը կարգակցել 1049:
Մաղաքիա արք. Օրմանյան
Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: