Հովհաննես Ծործորեցի
միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ: Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»:
 Եթե կամենում եմ այս վերջիններին տալ, որքան քեզ, մի՞թե իրավունք չունեմ իմ ունեցածի հետ վարվելու, ինչպես կամենում եմ:
 Սկզբում վերջինների հոժարությունն առաջինների գործերի հետ բաղդատեց` ցույց տալով, որ զրկողություն [չի անում], այլ իրո՛ք հավասարվեցին, իսկ այժմ ուրիշ կերպ է հանդիմանում` Իր ողորմությունն ու առատաձեռնությունը հուշելով, որովհետև [ասում է]. «Կողորմեմ` ում ողորմելու եմ և կգթամ` ում գթալու եմ» (Ելք 33։19), առաքյալն էլ ասում է. «Քեզ ի՞նչ. մի՞թե կավը բրուտին կասի...» (հմմտ. Հռոմ. 9։2021):
 Բայց երևում է` քանի որ այս վերջինները չտրտնջացին, [Տերն ասում է]. «Կտամ հարյուրապատիկը [նրանց], ինչպես [առաջիններին]», և կտա նաև հավիտենական փառքը, որպեսզի սովորենք ոչ ոքի չնախանձել, եթե անգամ առանց աշխատելու պարգևներ վայելեն: Ուրեմն` [չնախանձողներն] իրավացիորեն են վարձատրություն ստանում գործերի դիմաց, ստանում նաև շնորհի պսակներ` ըստ Աստծո ողորմալից կամքի:
 Կամ քո աչքը չա՞ր է, որ ես առատաձեռն եմ»: Սա նախանձոտներին ուղղված խի՛ստ հանդիմանություն ու նախատինք է, որովհետև գրեթե ասում է` ով իր բարիքներից չի մատակարարում ուրիշներին, նախանձ է, քանի որ իրենը չի կամենում ուրիշներին. իսկ ուրիշների բարիքներին նախանձելն ավելի մեծ չարություն է և [Աստծո] անխուսափելի բարկության պատճառ: «Աչք» է կոչում միտքը, որում նախանձի կիրքը, նրանում չարի բույն դնելու պատճառով շատանալով, լցվում է նաև աչքերի մեջ և, ըստ [մարդկանց] չկամության, բանսարկուն մարդկանց աչքերը գործիք դարձնելով, չարակնում է շատերին, ուստի նաև վնասում անգամ, ինչպես ասում են ոմանք: Նաև «քո աչքը չար է»ն նշանակում է` քո մտքով խնդրեցիր այն, ինչը չար եղավ քեզ համար, Ինձ ի՞նչ,«Ես առատաձեռն եմ»,այսինքն` ով Ինձնից բարիք խնդրեց, Ես նրան պարգևեցի այն` բարիք գործել և Ինձ համար աշխատել, ինչը նաև հոգնածության չհասցրեց աշխատողներին, և չձանձրացան ու չտրտնջացին քեզ պես:
Մաղաքիա արք. Օրմանյան
միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ: Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: