Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 20:6

Հովհաննես Ծործորեցի

6-7. Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»: Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»: Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»:՛
   
   Եվ տասնմեկերորդ ժամին ևս ելնելով` գտավ ուրիշների, որ անգործ կանգնած էին: Ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այստեղ օրը ցերե կով անգործ կանգնած»: Ասացին նրան. «Որովհետև ոչ ոք չվարձեց մեզ»: Ասաց նրանց. «Դուք է՛լ գնացեք այգին, և ինչ որ պետք է, կստանաք»:

   Թեպետ այս ժամերի բաժանման պատճառով մեկը [կարող] է ասել, որ տարիքն ավելի է համապատասխանում [սրանց], քանի որ ոմանք երեխա ժամանակ [հավատքի] կանչվեցին, ինչպես Տիմոթեոսը, որին Պողոսը գրեց. «Մանկությունից գիտես Սուրբ Գիրքը» (Բ Տիմ. 3։15), այլք` պատանեկության շրջանում, ուրիշներ` երիտասարդ, ուրիշներ էլ` միջին տարիքում, իսկ այս տասնմեկերորդ ժամը, որ ասվեց, ծերությունն է, որում ավազակը [կանչվեց Տիրոջ] խաչելության ժամանակ, բայց ինձ ժամանակն ավելի հարմար է [թվում], ինչպես ասացի: Որովհետև այս տասնմեկերորդ ժամով [Տերը] հայտնապես Իր գալուստն է ցույց տալիս, որ, ըստ առաքյալի 1038, այս կյանքի լրման ժամանակ հայտնվեց մարմնով` ելնելով Հորից և գալով այս աշխարհ, և [այդ ժամանակաշրջանը, որ տևելու է] մինչև աշխարհի վերջը, տասնմեկերորդ ժամ է կոչվում: Այդ պատճառով էլ [Տերն] ասում է` «գտավ ուրիշների», այսինքն` [Աստծո] օրենքից օտարացածներին, ովքեր հեթանոսներն են, որոնց [Տերը] գտավ` ըստ այսմ. «Քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ. 15։32): Եվ «անգործ էին», ինչպես այն Կոռնելիոսը 1039 կամ նրա նման ուրիշներ, ովքեր թեև հետո կանչվեցին, բայց քանի որ նախկինում չար գործեր չէին կատարել, այլ մեղքերից պարապ մնացել, [Տերը] կանչեց նրանց` ասելով. «Ինչո՞ւ եք այստեղ օրը ցերեկով անգործ կանգնած»:
   
Կամ էլ` գործի այս ժամանակն անգործ անցկացրիք: Եվ կամ սովորեցնում է, որ այս [աշխարհի] կյանքն անցած է. «Այժմ, մինչ լույսն ունեք ձեզ հետ, քայլե՛ք» հավատի և օրենքի «լույսով» (հմմտ. Հովհ. 12։35):

   «Ասացին Նրան. «Որովհետև ոչ ոք չվարձեց մեզ»»: Որպեսզի չպատժվեին, հայտնեցին իրենց ցանկությունը, թե եթե մեկը վարձած լիներ [իրենց], իրենք էլ աշխատած կլինեին, բայց ուսուցիչների պակասության պատճառո՛վ էր, որ չէին եկել դեպի կատարելություն, որովհետև «ինչպե՞ս կհավատան, ասում է [առաքյալը], եթե [նախ] չլսեն» (հմմտ. Հռոմ. 10։14), ուստի պարզ է, որ հոժարությունն ունեին և կանչողի էին սպասում: Այդ պատճառով էլ [Տերն] ասաց նրանց.
   «Դուք է՛լ գնացեք այգին, և ինչ որ պետք է, կստանաք»:Որպեսզի ոչ ոք չասի, թե` քանի որ մանուկ ժամանակ չկանչվեցի, այժմ ընդունելի չեմ, սրանով [Տերը] հայտնում է, որ երբ էլ որ մեկը դարձի է գալիս, ընդունելի է Աստծո համար, քանի որ Աստված արդար դատավոր է և հատուցում է յուրաքանչյուրին ըստ նրա արժանիքների: Երբ մենք Աստվածությանն ընծայում ենք այն, ինչ ցածր է Նրանից, Նա մեզ տալիս է այն, ինչ բարձր է մեզնից: Գործելու և աշխատելու վարձվեցինք ըստ մեր կարողության, բայց հրավիրվեցինք ստանալու մեր կարողությունից ավելի մեծ վարձ:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:1