Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:1

Հովհաննես Ծործորեցի

Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց.

   

   Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե` Ձիթենյաց լեռան մոտ:

   Այս խոսքը քննության պետք չունի, որովհետև երբ մոտեցան Երուսաղեմին, [Հիսուսն] այդ հիշատակված նշանավոր վայրն ուղարկեց աշակերտներին: Բայց սրա խորհուրդն այսպիսին է: Երուսաղեմը «խաղաղություն» է թարգմանվում, որովհետև այնտեղ էր խաղաղություն գտնում գրավոր [Օրենքը ստացած] ժողովուրդը քահանաների և զոհաբերությունների միջոցով: Այն խորհրդանշում էր Եկեղեցին` ըստ Պողոսի. «Երկնավորների խորհուրդին էր ծառայում» (հմմտ. Եբր. 8։5): Նրա մոտ եկավ ճշմարիտ խաղաղություն Քրիստոսը և Իր մահվամբ խաղաղացրեց բազմաստվածության խռովությունը` ըստ առաքյալի 1071: Եկան, ասում է [ավետարանիչը], Բեթփագե և Բեթանիա: Բեթփագեն «ծնոտի տուն» է թարգմանվում 1072, իսկ ծնոտը խոսքի սպասավոր է: Ադամի ծնոտն Աստծո պատվիրանների հանդեպ անհնազանդությամբ հեռացրեց նրան բանական բնությունից, և նա հանդուգն պատասխան տալով` անասնեղեն դարձավ` ըստ Դավթի 1073, ուստի Հիսուսը, աստվածային [իրողություններ] ուսուցանելով, մարդկեղեն տուն ու ծնոտ դարձավ մարդկանց ծնոտի համար: Նաև ինչպես միամոր և ուժեղ Սամսոնը կոտորեց այլազգիներին էշի ծնոտով, որից նաև կենդանի ջրի աղբյուր բխեց 1074, այդպես Հիսուսը խաչի վրա, խոսքի ծնոտի միջոցով, որ ձայնեց «Էլի, Էլի»-ն 1075, իսպառ կործանեց դևերի բանակները և կյանքի աղբյուր արտահոսեց, որից խմելով` աշխարհն ուրախացավ Նրա տան առատ վտակներով 1076:

   Իսկ Բեթանիան «սգի տուն» է նշանակում, որովհետև մարդն ուրախության տուն էր աստվածային փչման շնորհիվ 1077, բայց երբ հանցանք գործեց, [փչված շունչը] վերադարձավ Փչողին, և [մարդը] դարձավ անհնազանդության և սգո տուն: Ուստի նրա Ստեղծիչը դարձավ Հոր հանդեպ հնազանդության տուն և Իր հնազանդությամբ վերացրեց մարդու անհնազանդությունը: Դարձավ չարչարանքի և սգո տուն, ինչպես որ Բեթանիայում արտասվեց Ղազարի համար, որպեսզի ի դեմս Ղազարի` սգից ազատեր Ադամին, և մխիթարեց [Ղազարի] քույրերին (որ խորհրդանշում էին նահապետներին ու մարգարեներին) և մեր մարդկային բովանդակ բնությունը` վերացնելով ամեն արտասուք ամեն դեմքից 1078:

   Իսկ ի՞նչ է [նշանակում] «Ձիթենյաց լեռան մոտ» [խոսքը]: Ձեթը գիշերվա փարատիչ է, և Խոսք Աստված, երկնային լեռից ու լույսի Հորից մեզ մոտ գալով, միավորությամբ մոտեցավ մեր մարդկային բնությանը` միանալով մարմնին, արեգակնապես լույս ծագեցրեց մեզ վրա և փարատեց մարդկանց հոգու գիշերը` մեզ ընդհուպ մոտեցնելով Ձիթենյաց լեռին` լուսավոր հրեշտակներին: Ձեթը խորհրդանշում է նաև ողորմությունը, որը [Տերը] շատացրեց ու տարածեց երկրում, ինչպես լեռները, որովհետև ողորմությամբ մոտեցանք Նրա շնորհին` ըստ սաղմոսի. «Մեծ եղավ Քո ողորմությունը` մինչև երկինք» (Սաղմ. 107։5): Այլև ձեթով խորհրդանշվող [Սուրբ] Հոգով է, որ մեկը կարող է աստվածաբանել Հիսուսի մասին և ճշմարիտ Խաղաղությանը հավատով մոտենալ` ըստ առաքյալի. «Ոչ ոք Հիսուսին Տեր չի կոչում, եթե ոչ` Սուրբ Հոգով» (Ա Կոր. 12։3):
   

Ստեփանոս Սյունեցի

Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց.
   
   «Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուս Իր աշակերտներից երկուսին ուղարկեց»։

   Ուղարկեց, որպեսզի բերեն էշը և նրա քուռակը: Էշը խորհրդանշում է հրեա հիմար ժողովրդին, որովհետև անչափ հրաշքներ գործեց նրանց մեջ, սակայն Նրան չճանաչեցին, և մինչև այսօր էլ չեն իմանում մովսիսական և մարգարեական գրքերի միտքն ու զորությունը: Իսկ քուռակը՝ հեթանոս ժողովուրդը, որ դեռևս անփորձ էր աստվածապաշտության [մեջ]:

   Էշի արձակելը խորհրդանշում է Հին Կտակարանի պարզաբանումը, որը կապված էր անհայտության և խրթնաբանության կապանքներով, որ արձակեցին Քրիստոսի աշակերտները: Իսկ քուռակը՝ Նոր Կտակարանն է, որի վրա նստեց Քրիստոս առաքյալների կարգավորումով, որը [էշի ու քուռակի վրա] զգեստները գցելով [խորհրդանշվեց]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

1-3․ Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ: Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ՚ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ՚ուղարկի»:
   
   Հիսուս ցամաքով միշտ հետիոտն էր ճամփորդում։ Ավետարաններում բոլորովին չի ակնարկվում, որ երբեմն կամ գոնե շատ հոգնած ժամանակ ձի կամ էշ գործածած լինի, որով այս միաշաբթի տեղի ունեցած ավանակի հեծնելը համարվում էր Հիսուսի ողջ կյանքում իբրև նորօրինակ հանդիսավորություն։ Հիսուս, դուրս գալով Բեթանիայից և տեսնելով բազմությունը, ժողովրդի միջից ավելի հեշտությամբ անցնելու, բոլորին լավ տեսնելու, ժողովրդական ցույցին համակարծիք ու գոհունակության նշան ցույց տալու համար, ցանկացավ այս ճամփորդությանն ավելացնել հեծնելու պարագան։ Կանչեց տասներկուսից երկուսին, հրահանգ տվեց շտապով քայլել, առաջանալ և ճանապարհի վրա գտնվող Բեթփագե (այժմ՝ Էլ Պիար) փոքրիկ գյուղից հեծնելու համար որևէ կենդանի ճարել։ Նմանատիպ առիթներին գործի դրված առաքյալները սովորաբար Պետրոսն ու Հովհաննեսն էին լինում Ղուիկ. 22։8, բայց այստեղ անուններ հիշված չեն և, թե ստույգ ո՞ր երկուսն էին, ճշտել չենք կարող։ Բեթանիայից դեպի Երուսաղեմ ճանապարհներն անցնում էին Ձիթենյաց լեռով․ մի ճանապարհն ուղիղ, բայց խիստ թեքությամբ հենց դեպի լեռան գագթն է բարձրանում, իսկ մյուսը ավելի երկար, սակայն ավելի դյուրին և, բլուրի կողքերով պտտվելով, դարձյալ բարձրանում էր նույն լեռան գագաթը։ Այս երկրորդ ճանապարհի վրա է Բեթփագեն։ Հիսուս նախընտրում է այս երկրորդը՝ անշուշտ բազմությանը խռնվելու պատճառով։
   Ինչպես ասացինք, Հիսուս Իր մոտ կանչելով երկու առաքյալներին, ասում է․ «Շտապեցե՛ ք, առաջ անցե՛ ք և Բեթփագեից ինձ հեծնելու մի էշ բերեք։ Հազիվ, թե գյուղից ներս մտած կլինեք, այնտեղ, դռներից մեկի մոտ, այն կապված կգտնեք, արձակեցեք, վերցրեք ու բերեք։ Եթե արձակելիս ձայն հանող լինի, կամենան ձեզ արգելել ու ասեն՝ ի՞նչ եք անում, ու՞ր եք տանում, ո՞վ ձեզ հրաման տվեց, նրանց ասացեք, թե նույն ինքը՝ տերը մեզ ուղարկեց, իրեն անհրաժեշտ է, ինքը պիտի հեծնի։ Եթե այսքանն ասեք, նրանք կհասկանան ու թույլ կտան»։ Իրոք, Բեթփագե հասնելով, երկու առաքյալները գտան դռներից մեկի մոտ կապված էշը։ Երբ մոտեցան արձակելու, այնտեղ եղողներից ոմանք դիտողություն արեցին և կամենում էին արգելել։ Բայց առաքյալներից լսելով, որ Տերն է ուզում, Ինքը պիտի հեծնի, ձայները կտրեցին, թույլ տվեցին, որ արձակեն ու տանեն։ Առաքյալներն իրենց հանձնարարված պարտականությունը կատարելով՝ վերցրին կենդանուն ու Հիսուսի մոտ բերեցին։
   Մարկոսն ու Ղուկասը նշում են, որ այդ ավանակը պարզապես նոր-նոր հասունացած էր՝ դեռևս չգործածված․ «Գտանիցէք յաւանակ մի կապեալ, յորոյ վերայ ոչ ոք ի մարդկանէ նստաւ»։ Կամ «Գտանիցէք յաւանակ կապեալ, յորում ոք ի մարդկանէն երբեք ոչ նստաւ»։ Իսկ Հովհաննեսն ավանակի փոխարեն նշում է․ «Գտեալ Յիսուսի էշ մի», մինչդեռ Մատթեոսը մեկը և մյուսը միացնում է․ «Գտանիցէք էշ կապեալ եւ յաւանակ եւ ընդ նմին»։ Անփորձ ավանակը սովորաբար միայնակ չի լինում, ավելին, դեռ սանձի տակ մտած և կապված էլ չի եղել։ Ուստի առաքյալների Բեթփագեից բերածը նկատվում է իբր մատակ էշ՝ սանձով կապված և նրա հետ էլ արդեն մեծացած ու հասած, բայց դեռահաս ու չգործածված ավանակը։ Հեծնելու հարմարն անշուշտ էշն էր։ Թերևս Հիսուս ավանակն էլ գործածեց։ Ավելի ճիշտ, մեկին հեծնելով՝ մյուսին էլ հեծած նկատվեց, որովհետև սովորական խոսակցության մեջ նույնպես քուռակն իր հետ ունեցող մատակ գրաստներն իբրև մեկ են համարվում, առանձին-առանձին չեն հաշվվում։ Մարկոսը, Ղուկասն ու Հովհաննեսը համաձայն են ասելու, թե նստաւ ի վերայ նորա, մինչդեռ Մատթեոսը գրում է․ «Նստաւ ի վերայ նոցա»։ Երկուսին հեծնելը հարմար օրինակ է տվել մեկնիչներին։ Նրանք երկու կենդանիների օրինակով նկատի են առնում օրենքի սանձին ու լծին սովորած հրեաներին և դրանց անտեղյակ հեթանոսներին, որ հավասարապես են ծառայում Ավետարանի փառավորությանը, ինչպես մեր Սուրբ Շնորհալի վարդապետն էլ երգել է․ «Նստեալ ի յէշ եւ յաւանակ, կրկին ազանց գոլ օրինակ»։ Հիսուսի տված լուրը Բեթփագեի դռներից մեկի առջև կապված ավանակի մասին սովորաբար մեկնվում է իբրև մարգարեական գործ, սակայն, «Տերը պիտի հեծնի» ասելով, էշատերերի զիջելը կարող է համարվել կանխավ ապահոված գործի նշան։
   Երկու առաքյալները, վերադառնալով Բեթփագեից, բերեցին էշն իր ավանակով, բայց Հիսուսին նստելու համար անհրաժեշտ եղավ մի հարմար թամբ էլ ունենալ։ Ձեռքներին պատրաստի չունեին, հետևաբար, ծալելով իրենց թիկնոցները, դրեցին մերկ կենդանու վրա և Հիսուսին օգնելով՝ նստեցրին։ Իրենք էլ նրա չորս կողմը բոլորելով՝ սկսեցին առաջանալ խռնված ամբոխի միջից, որ քանի գնում շատանում էր, ավելանում Երուսաղեմից եկող նոր-նոր խմբերով։