Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:2

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք ձեր դիմացի գյուղը և այնտեղ անմիջապես կգտնեք մի կապած էշ, քուռակն էլ հետը։ Արձակե՛ք, Ինձ մո՛տ բերեք»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:1
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

«Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ:
   
   Այդժամ Հիսուսն ուղարկեց Իր աշակերտներից երկուսին` ասե լով նրանց. «Գնացեք այն գյուղը, որ ձեր առջևում է, և այնտեղ կգտնեք մի կապված էշ` քուռակի հետ. արձակեք և բերեք Ինձ մոտ:

   Այս խոսքի բովանդակությունից հասկանում ենք, որ ոչ այնքան կարիքի պատճառով, որքան խորհրդի կատարման համար էր, որ [Տերը] եկավ այստեղ: Բայց պետք է քննել, թե ինչո՛ւ, թեև շատ անգամ էր գնացել Երուսաղեմ, երբեք այսպիսի ծառայությունից չէր օգտվել, ինչպես այժմ: Կարծում եմ` [պատճառն այն է], որ երբ տակավին [աստվածային] տնօրենության սկիզբն էր, [Տերն] ամենուր Իրեն հայտնի չէր դարձրել, նաև չարչարանքի ժամանակը չէր մոտեցել, այդ պատճառով էլ խառնվում էր նրանց հետ և ծածկում Իր անձը, որպեսզի այդպիսի զարմանալի կերպարանքով չդրդեր նրանց բարկանալու: Իսկ երբ Իր զորությունը բազմաթիվ ձևերով ցույց տվեց, խաչելությունն էլ եկել դռանն էր հասել, այդ ժամանակ է՛լ ավելի մեծ պայծառություն ցույց տվեց և նախ, որպես թագավոր, [Իր] աշակերտներ Պետրոսին ու Հովհաննեսին ուղարկեց որպես սպասավորների և «Գնացե՛ք, ասաց, այն գյուղը, որ ձեր առջևում է», այսինքն` Բեթփագե կամ Բեթանիա, որովհետև մոտ էին այդ վայրին, ինչպես ասաց [ավետարանիչը]: Այս Բեթանիան, ինչպես ոմանք ասում են, այն մեկը չէ, որում Ղազարը վախճանՎեց (Հովհ. 11։1), այլ մի ուրիշ վայր` քաղաքից դուրս, ուր երբեմն [Տերը] գնում էր գիշերելու (Մատթ. 21։17): Բայց Հովհաննեսը, թվում է, հենց այն [Բեթանիայի] մասին է խոսում, ուր [Տերը] Ղազարին հարություն տվեց. «Զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա» (Հովհ. 12։1) և այնտեղից մտավ Երուսաղեմ:

   «Եվ այնտեղ կգտնեք մի կապված էշ` քուռակի հետ. արձակեք [և բերեք Ինձ մոտ]»:

   Կամ էշն ու քուռակն ուրիշինն էին, կորած կամ գողացված, և ըստ Օրենքի հրամանի գտնելով [դրանք]` դրսում էին կապել (Բ Օր. 22։1-4), որպեսզի դրանց տերը գար ու տաներ, կամ էլ [Հիսուսը դրանք] նոր ստեղծեց` չնաշխարհիկ կերպով, ինչպես հարությունից հետո` հացը, ձուկն ու մեղրախորիսխը (Ղուկ. 24։42): Կամ էլ հենց այն մարդկանցն էին, որ կանգնած էին այնտեղ: Եվ կամ, ինչպես [ոմանք] ասում են, [այդ էշն] անդրանիկ էր` Տաճարի կարիքների համար Աստծուն ընծայված 1:

--------------------------------
1 Անդրանիկ արու անասունների` Աստծուն ընծայման մասին տե՛ս Ելք 13։12-13: Սակայն միայն մաքուր համարվող անասուններն էին ընծայվում Աստծուն, իսկ անմաքուրները, որոնց թվում` և էշը, չէին ընծայվում, այլ փոխանակվում էին մաքուր համարվող կենդանու հետ կամ փրկագնվում. տես Ելք 13։13, 34։20: Մաքուր և անմաքուր կենդանիների մասին տես Ծննդ. 7։2, Ղևտ. 11:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:1