Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
17-23․ «Եվ թողնելով նրանց՝ գնաց քաղաքից դուրս՝ Բեթանիա, և գիշերն այնտեղ մնաց։ «Առավոտյան, երբ Հիսուս քաղաք էր վերադառնում, քաղց զգաց»։ «Եվ ճանապարհին մի թզենի տեսնելով՝ մոտեցավ նրան, բայց վրան ոչինչ չգտավ, բացի տերևից։ Եվ թզենուն ասաց. «Թող քեզանից հավիտյան պտուղ չլինի», ու թզենին իսկույն չորացավ»։ «Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. «Թզենին ինչպե՞ս իսկույն չորացավ»»։ «Հիսուս պատասխանեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե հավատ ունենաք ու չերկմտեք, ոչ միայն թզենու հետ պատահածը կանեք, այլև եթե այդ լեռանն ասեք՝ «Ե՛լ և ծո՛վն ընկիր», կկատարվի»։ «Եվ այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք»։ «Եվ երբ Հիսուս տաճար եկավ և ուսուցանում էր, Նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես Դու այդ բաներն անում, և ո՞վ տվեց Քեզ այդ իշխանությունը»»։
«Առավոտյան, երբ Հիսուս քաղաք էր վերադառնում, քաղց զգաց» (Մատթ. 21:18)։ Իսկ ինչո՞ւ է Նա քաղցում առավոտյան։ Մարմնական պահանջների առջև տեղի տալով՝ Հիսուս այդպիսով ցույց էր տալիս մարմնի տկարությունը։ «Եվ ճանապարհին մի թզենի տեսնելով՝ մոտեցավ նրան, բայց վրան ոչինչ չգտավ, բացի տերևից» (Մատթ. 21:19)։ Ավետարանիչներից մյուսն ասում է. «․․․որովհետև տակավին թզի ժամանակը չէր» (Մարկ. 11:13)։ Իսկ եթե դեռ չէր եկել թուզ հավաքելու ժամանակը, ապա ինչպե՞ս է այս մյուս ավետարանիչն ասում. «Եկավ, որ թերևս նրա վրա մի բան գտնի»։ Ակնհայտ է, որ սա ավետարանչի կողմից ասվում է ա՛յն պատճառով, քանի որ այդպես էին մտածում Հիսուսի՝ դեռևս կատարելության չհասած աշակերտները։ Ավետարանիչները հաճախ են ներկայացնում են աշակերտների մտածումները։ Եվ աշակերտները ոչ միայն սա էին մտածում, այլև խորհում էին այն մասին, որ թզենին անիծված է, որովհետև նրա վրա պտուղ չկա։ Այսպիսով, ուրեմն ինչո՞ւ է թզենին անիծվում։ Աշակերտների՛ համար, որպեսզի այդպիսով քաջալերի նրանց։ Քանի որ Քրիստոս մշտապես բարերարություններ էր գործում և ոչ ոքի չէր պատժում, մինչդեռ Նրան հարկավոր էր ցույց տալ նաև Իր արդարադատության ու վրեժխնդրության կարողությունը, որպեսզի թե՛ աշակերտները, և թե՛ հրեաները գիտենան, որ թեև Նա կարող էր «չորացնել» Իրեն խաչողներին, ինչպես դա արեց թզենու հետ, սակայն Հիսուս կամովին էր Ինքն Իրեն խաչելության մատնում։ Եվ ա՛յն, որ Փրկիչը չի ոչնչացնում Իրեն խաչողներին, ապա դա այն պատճառով էր, քանի որ Նա չցանկացավ Իր այդ կարողությունը ցույց տալ մարդկանց վրա, այլ Իր արդարադատության զորությունը ցուցադրեց բույսի վրա։ Այսպիսով, երբ նմանօրինակ իրադարձություններ են պատահում այս կամ այն վայրում, կամ էլ՝ բույսերի ու անխոս կենդանիների հետ, այդժամ հետաքրքրասիրաբար չափից շատ խորամուխ մի՛ եղիր պատճառների մեջ։ Մի՛ ասա. «Եթե դեռ չէր հասել թզենուց պտուղ հավաքելու ժամանակը, ապա արդա՞ր էր արդյոք այն չորացնելը»։ Այսպիսի խոսքերը ծայրաստիճան անմիտ են։ Ավելի լավ է՝ նայի՛ր հրաշքին և հիացի՛ր ու փառաբանի՛ր Հրաշագործողին։ Այսպես շատերն են դատում նաև խոզերին ծովում խեղդելու դրվագի մասին՝ այնտեղ նույնպես արդարադատության հիմքեր փնտրելով։ Բայց այդ դեպքում ևս չպետք է լսել այդպիսիններին։ Ինչպես բույսերն անշունչ են, այնպես էլ կենդանիներն անբանական են։
Այսպիսով, ուրեմն ինչո՞ւ այս խնդիրն այսպիսի կերպարանք ստացավ, և ինչո՞ւ է հենց սա դառնում անեծքի պատճառը։ Սա, ինչպես ես արդեն ասացի ավելի վաղ, ավետարանչի կողմից նկարագրված է այնպես, ինչպես մտածում էին աշակերտները։ Իսկ եթե դեռ չի եկել պտուղ հավաքելու ժամանակը, ապա իզուր են ոմանք ասում, թե իբր թզենու պատկերի ներքո խորհրդաբանորեն պատկերվում է օրենքը։ Օրենքի պտուղը հավատն էր, և այդ պտուղն օրենքն արդեն իսկ տվել էր, ու արդեն իսկ եկել էր այդ պտուղը հավաքելու ժամանակը։ «Արտերը․․․, - ասվում է, - հասել են հնձի համար» (Հովհ. 4:35), ու նաև․ «Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրա աշխատանք չէիք թափել» (Հովհ. 4:38)։
Այսպիսով, այստեղ մատնացույց չի արվում օրենքը, այլ, ինչպես ես արդեն ասացի, Քրիստոս, թզենին անիծելով, սրանով ներկայացնում է Իր զորության և վրեժխնդրության իշխանության ապացույցը։ Եվ սա երևում է հենց «տակավին թզի ժամանակը չէր» խոսքերից։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Քրիստոս հատուկ մտադրությամբ մոտեցավ թզենուն․ ո՛չ այն բանի համար, որպեսզի հագեցնի քաղցը, այլ աշակերտների՛ համար, որոնց թզենու չորացումը շատ մեծ զարմանք պատճառեց, թեև սրանից ավելի կարևոր ու բազմաթիվ հրաշքներ էին եղել։ Բայց աշակերտների համար, ինչպես ասացի, այսպիսի հրաշքը նոր ու անսպասելի էր, որովհետև Քրիստոս առաջին անգամ ցույց տվեց Իր արդարադատությունն ու վրեժխնդրությունը։ Ահա թե ինչու Տերն այս հրաշքը գործեց ոչ թե մեկ այլ ծառի, այլ թզենո՛ւ վրա՝ մի ծառ, որի պտուղը բոլորից ավելի հյութեղ է, այնպես որ հրաշքն էլ ավելի արտասովոր թվաց։ Բայց որպեսզի դու իմանաս, որ սա արվել է աշակերտների, մասնավորապես՝ նրանց քաջալերելու համար, լսի՛ր հետևյալ խոսքերը։ Ի՞նչ է ասում Քրիստոս․ «Դուք ևս նույնիսկ ավելի մեծ հրաշքներ կգործեք, եթե ունենաք հավատ՝ միացած աղոթքի ու հույսի հետ»։ Տեսնո՞ւմ ես, որ ամեն ինչ արվեց հանուն աշակերտների, որպեսզի նրանք չվախենան և չսարսռան թշնամական խորամանկություններից։ Դրա համար էլ Հիսուս մեկ այլ անգամ կրկնում է նույնը, որպեսզի աշակերտներին հաստատի հավատի ու աղոթքի մեջ։ «Ոչ միայն սա կանեք, - ասում է Նա, - այլև հավատի ու աղոթքի ուժով նաև լեռներ կտեղափոխեք, ու կգործեք ուրիշ, էլ ավելի մեծ հրաշքներ»։ Մինչդեռ հպարտ ու ամբարտավան հրեաները, ցանկանալով ընդհատել Հիսուսի զրույցն Իր աշակերտների հետ, Նրան մոտեցան հետևյալ հարցով. «Ի՞նչ իշխանությամբ ես Դու այդ բաներն անում» (Մատթ. 21:23)։ Քանի որ հրեաները չէին կարող նսեմացնել Քրիստոսի հրաշքները, ուստի Նրան ներկայացնում են տաճարում առևտրականների առնչությամբ գործած արարքը։ Հրեաները նման հարցադրումով հանդես եկան նաև Հովհաննես ավետարանչի մոտ, թեև արտահայտվեցին ոչ նույն խոսքերով, բայց՝ նույն իմաստով։ Նրանք այնտեղ ասում էին. «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, թե իրավունք ունես այդ բանն անելու» (Հովհ. 2:18)։ Այնտեղ Քրիստոս պատասխանում է նրանց. «Քանդեցե՛ք այդ տաճարը, և Ես երեք օրվա ընթացքում այն կվերականգնեմ» (Հովհ. 2:19)։ Իսկ այստեղ արդեն Հիսուս նրանց ծայրահեղ դժվարության մեջ է դնում։ Սրանից ակնհայտ է դառնում, որ Հովհաննեսի կողմից նկարագրված դեպքը եղել է Հիսուսի տնօրինական ծառայության սկզբում, երբ Նա նոր-նոր էր սկսել հրաշքներ գործել, իսկ Մատթեոսի կողմից նկարագրվածը եղել է Փրկչի ծառայության վերջին շրջանում։ Իսկ ահա հրեաների հարցի իմաստը սա էր. արդյուք Դու ստացե՞լ ես ուսուցչության իրավասությունը, կամ ձեռնադրվե՞լ ես քահանա, որ այսպիսի իշխանություն ես դրսևորում։ Թեև Քրիստոս հպարտություն պարունակող ոչինչ չէր արել, այլ միայն հոգածություն էր ցուցաբերել եկեղեցական բարեկարգության հանդեպ, սակայն հրեաները, Հիսուսին ընդդիմանալու բոլորովին ոչ մի պատճառ չունենալով, սա էլ են մեղք համարում Քրիստոսի համար։
Ի դեպ, Փրկչի գործած հրաշքների պատճառով հրեաները չհամարձակվեցին Նրան որևէ բան ասել այն ժամանակ, երբ Նա տաճարից վտարեց առևտրականներին, այլ Հիսուսին հանդիմանում են ավելի ուշ, երբ դարձյալ տեսնում են Նրան։ Իսկ ի՞նչ է անում Քրիստոս։ Նա ուղղակիորեն չի պատասխանում նրանց հարցին՝ այդպիսով ցույց տալով, որ նրանք կարող էին իմանալ Իր իշխանության մասին, եթե ցանկանային։ Այլ Հիսուս Ինքն է հարց ուղղում հրեաներին՝ ասելով. «Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞՝ մարդկանցից» (Մատթ. 21:25)։ Բայց ինչպե՞ս էր սա առնչվում հարցին, - գուցե հարցնես դու։ Մեծապես․ եթե հրեաներն ասեին՝ «երկնքից», Քրիստոս նրանց կպատասխաներ. «Ապա ինչո՞ւ չհավատացիք նրան», որովհետև եթե հավատային, ապա և չէին հարցնի դա, քանի որ Հիսուսի մասին Հովհաննեսն ասում էր. «Նրա կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ» (Ղուկ. 3:16, Արարատ թարգմանություն)։ Ու դարձյալ. «Ահա Աստծու Գառը, որ Իր վրա է վերցնում աշխարհի մեղքը» (Հովհ. 1:29, Արարատ թարգմանություն)։ Եվ նաև. «Սա է Աստծու Որդին» (Հովհ. 1:34)։ Ինչպես և. «Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից» (Հովհ. 3:31)։ Ու կրկին. «Քամհարը Իր ձեռքում է, և կմաքրի Իր կալը» (Մատթ. 3:12)։ Ահա թե ինչու, եթե հրեաները հավատային Հովհաննեսին, ապա նրանց համար բնավ դժվարություն չէր լինի գիտենալ, թե ինչպիսի իշխանությամբ է Քրիստոս անում այդ ամենը։ Իսկ այնուհետև, քանի որ հրեաները Նրան խորամանկությամբ պատասխանեցին՝ «չգիտենք», ուստի Քրիստոս նրանց չասաց՝ «Ես էլ չգիտեմ», այլ ի՞նչ ապա․ «Ես էլ ձեզ չեմ ասի» (Մատթ. 21:27)։ Եթե հրեաներն իսկապես չիմանային, ապա հարկավոր կլիներ ուսուցանել նրանց, բայց քանի որ նրանք խորամանկորեն էին վարվում, ուստի Քրիստոս արդարացիորեն ոչ մի պատասխան չի տալիս նրանց։ Իսկ հրեաներն ինչո՞ւ չասացին, թե Հովհաննեսի մկրտությունը «մարդկանցից» էր։ Վախենում էին ժողովրդից, ինչպես ասվում է։ Տեսնո՞ւմ ես նրանց ապականված սիրտը։ Աստծուն ամենուր արհամարհում են, իսկ մարդկանց համար ամեն ինչ անում են։ Եվ Հովհաննեսից էլ վախենում էին մարդկա՛նց պատճառով՝ այդ սուրբ մարդուն հարգելով ոչ թե իր արժանիքների համար, այլ՝ ժողովրդից վախենալով։ Ժողովրդի պատճառով նրանք չէին ցանկանում հավատալ նաև Հիսուս Քրիստոսին, ու ահա՛ թե որտեղ է նրանց բոլոր չարիքների աղբյուրը։
«Եվ երբ Հիսուս տաճար եկավ և ուսուցանում էր, Նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես Դու այդ բաներն անում, և ո՞վ տվեց Քեզ այդ իշխանությունը»» - Ո՜վ երկյուղից զուրկ սիրտ։ Ինչի՞ն է համարձակվում, ի՞նչ է ասում, ինչպե՞ս է հպարտությամբ ուռճանում։ Ո՜վ չար մարդկանց անմտություն։ Ո՜վ Փրկչի անչարություն։ Սա ասում է «հողը», իսկ Ստեղծիչը համբերում է։ Արարածը վեր է կենում Արարչի դեմ, և Բարերարը, Որը ոչ ոքի ենթակա չէ, հանդուրժում է։ Հաշիվ են պահանջում Աստծու Բանից, և ինքնիշխանության գլուխ կանգնած Աստվածորդուց հարցնում են իշխանության մասին։ Այժմ ժամանակն է, որ մենք էլ կրկնենք Իմաստունի խոսքերը. «Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է ու մոխիր» (Սիր․ 10:9, Նոր Էջմիածին թարգմանություն)։ Դու հարցնում ես Աստծուն, հաշիվ ես պահանջում Նրանից՝ Իր սեփական գործերի մասին, և համարձակվում ես վերերկրային իշխանությանն ասել. «Ի՞նչ իշխանությամբ ես Դու այդ բաներն անում»։ Ուրեմն ինչո՞ւ ես դու Քրիստոսին հարցնում, և չես ուսումնասիրում Նրա գործերի զորությունը։ Ինքդ ուշադրությամբ զննի՛ր քո հոգու ծածուկ խորհորդներում, և հետազոտի՛ր այս հրաշքների բնույթը, արդյոք դրանք մարդկային մտքի արտադրա՞նք են, թե՞ միայն Տիրոջը հատուկ աստվածային ինքնիշխանության դրսևորումներ։ Հարցրո՛ւ նաև բնության օրենքներին, նաև տե՛ս երկրային իշխանության սահմանները, և դիմի՛ր առողջ բանականությանը՝ հարցնելով, թե ինչպիսի՞ իշխանությամբ կարելի է հարություն տալ մեռածներին՝ մարդկայի՞ն, թե՞ աստվածային։ Ո՞վ կարող է մաքրել բորոտներին, հալածել հիվանդությունները և հոգեկան ու մարմնական ամեն տեսակի տկարություն ոչնչացնել մեկ խոսքով։ Դարձյալ, ո՞վ կարող է հողից աչքեր ստեղծել, Աստվա՞ծ, թե՞ մարդը։ Ինչո՞ւ ապա դու չես հարցնում հրաշագործությունների բնույթի մասին, այլ հանդգնությամբ հարցաքննել ես փորձում դրանց Պատճառին և ասում ես. «Ի՞նչ իշխանությամբ ես Դու այդ բաներն անում»։ Ես դարձյալ կրկնում եմ ամեն հարցում թեթևամտորեն համարձակություն ցուցաբերող այն մարդկանց խոսքերը, որոնք հաշիվ են պահանջում Աստծու Բանից և իրենց մտածումներով փորձում են խաբել Նրա՛ն, Ով «բռնում է իմաստուններին իրենց խորագիտության մեջ» (Ա Կորնթ. 3:19)։ Ինչպիսի՜ անմտություն։ Այս մարդիկ խոսքի հնարամտություն են բանեցնում՝ դիմելով Աստծու Բանին, Որը հեշտությամբ որսում է ամեն մի բանավոր խորամանկություն և թափանցում է մտքերի բոլոր հյուսվածքների մեջ։ Ի՞նչ ուժ ունի մարդկային խոսքն Աստծու Բանի առջև, և ի՞նչ արժեք ունի արհեստական անարդարությունը վերերկրային Իմաստության առջև։ «Ի՞նչ իշխանությամբ ես Դու այդ բաներն անում»։ Հարցրո՛ւ անդամալույծին, թե ինչպիսի իշխանությամբ է նա առողջ վեր կենում։ Հարցրո՛ւ հրաշքներին, բայց մի՛ հարցրու այդ հրաշքները Գործողի իշխանության մասին։ Այնուամենայնիվ, աստվածային բարությունը ձեզ չի պատասխանում՝ պատասխանի արժանի չհամարելով նրա՛նց, ովքեր չարությամբ են հարցնում։ Այսպիսին է Աստծու Բանը. երբ Նա տեսնում է նենգ ու ապականված հոգի, այդժամ լքում է նրան՝ որպես շնորհի անարժան մեկի, և հաճախ նրանք, ովքեր ձգտում են շատ բան իմանալ, բուն Ճշմարտությունից իսկ չեն կարողանում ճանաչել ճշմարտությունը։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց:
Եվ նրանց թողնելով` ելավ քաղաքից դուրս` Բեթանիա, և այնտեղ գիշերեց:
Երբ տեսավ, որ անչափահաս մանուկներն օրհնում են, իսկ հասուն տարիք ունեցողները` զայրույթով ու ցասումով լցվում, առ սակավ մի խույս տվեց, որպեսզի հանդարտեցնեն իրենց կիրքը: Եվ չի սկսում ուսուցանել, որպեսզի նա խանձից բորբոքվելով` էլ ավելի չզայրանան Իր խոսքերից: Կամ էլ քանի որ երեկո էր, վերադառնում է Բեթանիա` Իր հանգստյան տունը, որտեղ խափանեց մահը և աստվածաբար թագավորեցրեց կյանքը 1, և այնտեղ գիշերում տասներկուսի հետ` [մյուսներին] անարժան համարելով Իր հյուրընկալությանը: Իսկ այլաբանորեն` «թողնելը» ցույց է տալիս նրանց Իր խնամքից արտաքսելը` ըստ այսմ. «Թողեցի նրանց» (Սաղմ. 80։13), և` «Ձեր տունն ավերակ կթողնվի ձեզ» (Մատթ. 23։38), իսկ Ինքը գիշերում է սգո տանը, որը հեթանոսներն են` հանգստանալով նրանց մեջ: Այլև անհավատության մեջ թողնելով նրանց` քաղաքից դուրս խաչը բարձրացավ և մահն Իր հանգիստը համարեց, թեպետ աշակերտները սգացին երեք օր. այնտեղից հարություն առնելով ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում` աշակերտներին սգից ու տրտմությունից ազատելով, որը Բեթանիան է նշանակում 2: 21:1-ի մեկնության մեջ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց:
Մատթեոսի և Մարկոսի պատմությունից առաջին հայացքից այնպես է թվում, որ Հիսուս նույն կիրակի երեկոյան, հանդեսով Երուսաղեմ և Տաճար գալուց հետո, ձեռնարկած լինի տաճարում առևտուր անողներին այնտեղից դուրս հանելուն։ Սակայն Մարկոսը հստակ կերպով պատմում է, թե նույն երեկո ժամը ուշ էր և թեպետ չորս կողմը զննեց ու տեսավ, տաճարում տեղի ունեցող անպատեհությունները, բայց որովհետև երեկո էր և գործի ժամանակ չէր մնացել, չկարողացավ որևէ բան անել, այլ գիշերելու համար Բեթանիայի ճանապարհը բռնեց և դարձավ այնտեղ, որտեղից առավոտյան մեկնել էր․ «Հայեցավ շուրջ զամենեքումբք, և զի էր երեկոացեալ ժամն, ել ի Բեթանիա»։ Մյուս ավետարանիչների պատմածն էլ սրան հակառակ չէ, որովհետև նրանք, առանց օրերը բաժանելու, մի քանի օրվա եղելությունները շարում են իրար ետևից։
Այսպես, ուրեմն, փակվում է նիսան ամսի 10 և ապրիլ 2 միաշաբթի օրը, և Հիսուս, օրվա ամբոխից ու աղաղակներից հանդարտված, Տասներկուսին վերցնելով, Բեթանիա է վերադառնում ու գիշերում իրեն սովորաբար հյուրընկալողի՝ Ղազարոսի տանը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: