Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:38

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Բայց մշակները, որդուն տեսնելով, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք և սրա ժառանգությանը տիրանանք»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

38-39. Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք: Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս եւ սպանեցին:
   
   Իսկ մշակները, երբ տեսան որդուն, մտքում ասացին. «Սա՛ է ժառանգը. եկեք սպանենք սրան և տիրանանք սրա ժառանգությանը »: Եվ առան հանեցին նրան այգուց դուրս և սպանեցին:

   [Տերը] սրանով հայտնում է նրանց հանդգնությունը, ինչպես նաև Իր աստվածային զորությունը, որ ճանաչեց նրանց մտքի խորհուրդները. որովհետև երբ տեսան, ասում է, այսինքն` [տեսան] Հոր անմարմին Խոսքին` աչքի համար անտեսանելիին, երկրում մարմնով հայտնված` ըստ մարգարեի (Բարուք 3։38), և կույսից իբրև Որդի ծնված` ըստ Դավթի 2, մտքում ասացին. «Սա է ժառանգըե: Նշանակում է` անգիտությամբ չէ, որ սպանեցին: Տես մյուս չարությունը ևս: Մինչ պետք էր ընդառաջ գնալ ու ներում հայցել նախկին հանդգնության համար, նրանք ջանք թափեցին և նախկին պղծությանն այս մեկն էլ ավելացրին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք»: Ինչո՞ւ կամ ինչի՞ համար. գուցե մեծ կամ փոքր հանցա՞նք է [գործել], կամ որովհետև ձեզ պատվեց, ձեզ համար մարդ դարձավ ու բազմաթիվ հրաշքնե՞ր գործեց ձեր մեջ: Ո՛չ, ասում են, այլ որպեսզի «տիրանանք նրա ժառանգությանը»: Սա մեծ անմտություն է հանդգնությունից ու ամբարշտությունից հետո. ինչպես որ նախ Հերովդեսը խորհեց կոտորել մանուկներին (Մատթ. 2։16-18)` կամենալով կորստյան մատնել [Հիսուսին], բայց չկարողացավ, այդպես էլ սրանք խորհեցին [տիրանալ Որդու ժառանգությանը], բայց չհաջողեցին, որովհետև ովքեր լիքը բերանով ուտում էին Իսրայելին մինչև [Հիսուսին] սպանելը, Նրա սպանությունից հետո նրանց ժառանգությունը վերցվեց և տրվեց հեթանոսներին` ըստ Դավթի. «Հեթանոսներին [քեզ] ժառանգություն կտամ և [երկրի] բոլոր ծագերը» (հմմտ. Սաղմ. 2։8): Իրավամբ է ասվել, որ մեղքի մեջ բռնված հոգիները միտքն էլ են կորցնում, որովհետև նրանց խորհուրդն իրականություն չդարձավ, և իրենց գիտության մեջ բռնվեցին, ինչպես ասացին մարգարեները (Սաղմ. 5։11, Ես. 8։10, 45։25, Երեմ. 49։7, ևն): «Եկեք սպանենք սրան,- ասում են, -և տիրանանք սրա ժառանգությանը»: Ինչպես ասացինք, սրանով պարզ դարձավ, որ ագահության ու նախանձի պատճառով որոշեցին սպանել Հոր Ժառանգին և ոչ թե շտապեցին Աստծո կամքը կատարել:

   «Հանեցին նրան,-ասում է [Տերը],- այգուց (քաղաքից) դուրս և սպանեցին»:

   Նախապես մարգարեանում է [Իր] մահվան մասին` միաժամանակ հայտնապես ցույց տալով տեղը, որ [Նրա] բազմաթիվ հրաշքները [վայելելուց] հետո [Նրան] դուրս հանեցին քաղաքից, որը խորհրդանշաբար «այգի» է կոչում, և խաչեցին` ըստ առաքյալի. «Դռնից դուրս չարչարվեց» (Եբր. 13։12): Նաև Օրենքից դուրս սպանեցին, որովհետև [Օրենքը] հրամայում էր ձեռքն անպարտ արյամբ Չշաղախել (Բ Օր. 19։10, 21։8), իսկ նրանք «որսացին արդարինե (Սաղմ. 43։21): Սրանով [Տերը] նույնպես ցույց է տալիս, որ [Իր] մահը կամավոր է:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք:
   
   «Սա է ժառանգը, եկեք սպանեք սրան և սրա ժառանգությունը մենք սեփականացնենք»:
Ինչպես և Հերովդես, լսելով Նրա գալստյան մասին, կոտորեց Բեթղեհեմի մանուկներին՝ կամենալով Նրան ոչնչացնել (Մատթ. 2։16), [նաև] ծեծվեց Միքիան՝ ապտակ ստանալով Սեդեկիայից (Բ Մն. 18։23), սպանվեց Զաքարիան տաճարի մեջ՝ սեղանի առջև (Մատթ. 23։35), քարկոծվեց Երեմիան (Երեմ. 38։6) և Հովիադայի որդի Զաքարիան (Բ Մն. 24։20-21):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33