Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:6

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

6-11․ «Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուս նրանց պատվիրեց»։ «Եվ նրանք բերեցին էշն ու քուռակը, իրենց հագուստները դրանց վրա գցեցին, և Հիսուս դրանց վրա նստեց»։ «Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում»։
   
   «Առջևից ու հետևից գնացող ժողովրդի բազմությունն էլ բացականչում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն (եբր. Սաղմ. 118։25), օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղմ. 118։26), օվսաննա՜ Բարձրյալին»»։ «Եվ երբ Հիսուս Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց ու հարցնում էին. «Ո՞վ է Սա»»։ «Եվ ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս է՝ մարգարեն Գալիլեայի Նազարեթ քաղաքից»»։
   Բայց տե'ս հրեաների ստորությունը։ Ավելի վաղ, երբ Քրիստոս այդքան շատ հրաշքներ էր գործում, նրանք երբեք այսպես չէին զարմանում Նրա այդ գործերից։ Սակայն այժմ, տեսնելով հավաքվող ժողովրդին, զարմանում են։ «Եվ երբ Նա Երուսաղեմ մտավ, - ասվում է, - ամբողջ քաղաքը ցնցվեց ու հարցնում էին. «Ո՞վ է Սա» (Մատթ. 21:10-11)։ Եվ այստեղ, երբ, ըստ երևույթին, նրանք մի վսեմ հարցի մասին էին խոսում, նրանց միտքը, սակայն, շարունակում էր մնալ երկրային, ցածրագույն և սողացող։

   Ինչ վերաբերում է Քրիստոսին, ապա Նա այսպես էր վարվում ոչ թե փառամոլությունից դրդված, այլ ա՛յն բանի համար, որպեսզի, ինչպես ասացի, թե՛ մարգարեությունը կատարի, թե՛ կենսական խրատ տա և, միևնույն ժամանակ, մխիթարի Իր մահվան համար ցավող աշակերտներին՝ վստահեցնելով, որ Ինքն այս ամենը կրում է կամովին։ Իսկ դու հիացի՛ր նրանով, թե մեկ՝ Դավիթ, և մյուս՝ Զաքարիա մարգարեների կողմից ամեն բան ինչպիսի ճշգրտությամբ է կանխագուշակված։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր.
   

   Աշակերտները գնացին և արեցին, ինչպես Հիսուսը հրամայեց նրանց:

   Սա աշակերտներին մեծ գովեստի է արժանացնում. նախ` որ գնացին, և երկրորդ` որ ըստ [Հիսուսի] հրամանի գործը կատարեցին: Ինչպես խորհրդանիշն էր, այդպես էլ ճշմարտությունը, որովհետև գնացին մկրտեցին բոլոր հեթանոսներին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, ինչպես ասաց [Տերը] (Մատթ. 28։19), նաև մարգարեների սերմանածը ժողովեցին արքայության շտեմարաններում` ըստ այսմ. «Ուրիշներն աշխատեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք» (Հովհ. 4։38):

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

6-7․ Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր. եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:1