Հովհաննես Ծործորեցի
Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»:
Առջևից ու հետևից գնացող ժողովուրդն աղաղակում էր և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն. օրհնյա՜լ է Նա, Ով գալիս է Տիրոջ անունով. օրհնությո՜ւն բարձունքներում»:
Երուսաղեմ էշով Եկածին, Նրա առջևից ու հետևից գնալով, մեծարում էին իբրև ճշմարիտ թագավորի և այն խորհրդակիր օրհնությանը, որ վերին իմանալի [զորությունների մեջ] ծայրագույնները` սերովբեների ու քերովբեների դասերն են երգում` «Օրհնյալ է Տիրոջ փառքն իր տեղից» (Եզեկ.12), ներքևում նաև մանուկներն էին վստահ ու համարձակ ձայնով մասնակցում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն»: Սա նշանակում է, որ [Աստծո] ասածը, թե [Դավթի] որովայնի պտուղը պիտի նստեր նրա աթոռին 1127, հայտնապես սա է: Որովհետև օրհնելն [այստեղ] հայտնել է նշանակում. [հայտ նում էին այն], որ [Հիսուսն] ըստ մարմնի` Դավթի հարազատ որդին եղավ և նրա նման արդար թագավորությամբ, ինչպես նաև նրա հեզությամբ` փառքով մտնում է [Երուսաղեմ]: Բայց սրանով չսահմանափակվեցին, այլ է՛լ ավելի մեծարեցին [Նրան` ասելով].
«Օրհնյալ է Նա, Ով գալիս է Տիրոջ անվամբ»:
Հասկացան, որ Նա մշտնջենավոր Աստված է` հրեշտակներից օրհնաբանված, և խոստովանեցին, որ աստվածությամբ համագո է Հորը, իսկ անբաժան մարդկությամբ` Դավթի Որդին է, քանի որ մանուկները [Սուրբ] Հոգով աստվածաբան դարձան և ասես մատնացույց անելով` [ասում էին]. «Դա, որ այժմ Հոր անվամբ է գալիս` Նրա անվամբ հրաշքներ գործելով և մարդկանց ազատագրելով, վերստին գալու է դատաստանի համար»` ըստ այսմ. «Գալիս է. Նա գալիս է` երկիրը դատելու» (Սաղմ. 95։13): [Այսպիսով] բացահայտորեն ցույց տվեցին, որ երկու գալուստներն էլ Տիրոջ անվամբ են: Ուրիշ կերպ ևս [կարելի է մեկնել]. Սա, ասում են [մանուկները], վերը` երկնքում, աստվածությամբ, իմանալի կերպարանքով, երևում է սերովբեներին ըստ նրանց [տեսնելու] կարողության, իսկ այժմ, Խոսք Աստծո հետ միացած մարմնեղեն բնություն հագած, գալիս է Հոր անվամբ օրհնելու մեզ:
«Օրհնությո՜ւն բարձունքներում»: [Այս խոսքը] նախ ցույց է տալիս, որ Հոր կամքով է այն, որ [Հիսուսը] եկավ մեզ փրկելու և օրհնելու, ուստի «օրհնությո՜ւն բարձունքներում [Նրան] ուղարկած Հորը», այսինքն` շնորհակալություն ու գոհություն: Այլև վայել է, որ Նա [միայն] բարձունքներից ընդունի օրհնություն, բայց Նա մարդասիրաբար նաև մեզնից է ընդունում: Նրա ծննդյան ժամանակ էլ հրեշտակները երգեցին. «Երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն» (Ղուկ. 2։14), որովհետև իջնելով` խաղաղություն բերեց մարդկանց, իսկ այժմ, քանի որ շուտով երկինք է բարձրանալու, երկրայինները երկնայիններին փոխադարձում են`օրհնություն ու խաղաղություն առաքելով: [Քրիստոսը] մեր մարմնով բարձրացավ երկինք` մեզ խաղաղություն թողնելով, երբ ասաց. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհ. 14։27), և ըստ առաքյալի` «Երկնայինների համար նույնպես խաղաղություն հաստատեց երկնքում ու երկրում» (հմմտ. Կող. 1։20), քանզի սա է նշանակում Մարկոսի գրածը. «Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում» (Մարկ. 11։10): Սրանով ցույց է տալիս, որ [հրեշտակների] և մեր Տերը երկուսիս էլ մեկ թագավորության մեջ առավ, Հորը հաշտեցրեց արարածների հետ և խաղաղություն բերեց հրեշտակներին ու մարդկանց:
Իսկ այլաբանորեն` «առջևից և հետևից գնում էին» [խոսքի մեկնությունը հետևյալն է]: «Առջևից [գնում էին]» Օրենքն ու մարգարեները, քահանայությունն ու թագավորությունը, զոհերն ու նվերները, այլև ովքեր մահակից ու գերեզմանակից եղան [Քրիստոսին] նախքան Նրա գալուստը և հույսով սպասում էին Նրա հարությանը, ինչպես առաջին նախահայրերը մինչև Հովհաննես [Մկրտիչ], ով առաջինների վերջն ու վերջինների սկիզբը դարձավ. [առջևից գնում էին] նաև Քրիստոսի քաղցր վարդապետությունն ու հրաշագործությունները և ովքեր հավատացին Նրան: Իսկ «հետևից»` առաքյալներն ու վկաները, սուրբ հայրապետերն ու վարդապետները, այլև Քրիս տոսի մարմնի Խորհուրդը, Հոգու շնորհի օծումը և Ավազանի բոլոր օծված ծնունդները, որ գնացին դեպի մահ ու չարչարանքներ, դեպի հավատք ու երկինք` ըստ Հոբի. «Նրա հետևից կգնա ամեն մարդ» (Հոբ 21։33): Նրա առջևից անթիվ [բազմություն] էր գնում, որը, ըստ Մարկոսի, աղաղակում էր «Օվսաննա՜ Բարձրյալին» (Մարկ. 11։9), այսինքն` «Փրկություն բարձունքներից» կամ «Կյանք տուր ու փրկի՛ր»: Նրանք սա ասում էին` բարձունքներից [եկած] փրկիչ ու ապրեցուցիչ կոչելով [Նրան], Ղազարոսի հարության պատճառով, իսկ [Քրիստոսից հետո եկածները] նույնը մինչև այսօր երգում են ըստ [դրանից] բխած խորհրդի և այդ բառերի ստուգաբանության: Որովհետև «օվսաննա»-ն ստուգաբանվում է [հետևյալ կերպ]. «Ո՞վ [է] սա» հարցին հավատացյալները պատասխանում են. «Նա՛» է սա, Ով երկինքը երկնայիններով կազմեց, երկիրը դատարկության վրա հաստատեց, բույսեր աճեցրեց, լուսատուներ կարգեց, կենդանիներ ստեղծեց և Իր պատկերով մարդուն արարեց: Նաև` հարցնում են. «Ո՞վ [է] սա», պատասխանում են. «Նա՛ [է]», Ով Քորեբի վրա կրակով փայլատակեց, Մովսեսին Իր օրինակով որպես փրկիչ ուղարկեց Եգիպտոս 1228, փարավոնին տանջեց, ծովը պատռե 1129, անապատում ժողովրդին մանանայով կերակրեց 1130, վեմից աղբյուր բխեցրեց` [Իր] կողի աղբյուրի խորհուրդով 1131, Հորդանանի հորձանքը սանձեց 1132, Երիքովի պարիսպը փլեցրեց 1133: Լսողները, սրանք լսելով, գոհանում են և որպես փոխհատուցում ոչինչ չունենալով` օրհնաբանություն են ընծայում:
Այլև երբ [Հիսուսը] երկինք էր համբարձվում, վերինները հարցրին. «Ո՞վ է սա, ով Եդոմից մտել է երկինք արյունաներկ պատմուճանով» (Ես. 63։1), և ներքևում գտնվողները պատասխանեցին. «Սա փառքի Թագավորն է, որ մարդկանց փրկության համար խոնարհվեց, Դավթի կործանված խորանը վերականգնեց և մեզնից էլ վեր բարձրացրեց»: Եվ լսողներն աղաղակեցին. «Օրհնյա՜լ է Տիրոջ անվամբ Եկածը», նույնն է թե` «Օրհնությո՜ւն բարձունքներում», քանի որ [վերին զորությունները] ևս օրհնեցին մեզ հետ, երբ Փրկչի տնօրենությունն իրականացավ: Ինչպես Երուսաղեմ մուտքի ժամանակ մանուկներն օրհնեցին, այդպես երկինք մուտքի ժամանակ հրեշտակներն [օրհնեցին]` Աստծո բազմապատիկ իմաստությունը Եկեղեցուց սովորելով:
Մաղաքիա արք. Օրմանյան
Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:8

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: