Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:34

Հովհաննես Ծործորեցի

Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին.
 

    Երբ փարիսեցիները լսեցին, որ [Հիսուսը] պապանձեցրել է սադուկեցիներին, միասին հավաքվեցին:

    Ոմանք ասում են, թե փարիսեցիները Հուդայան Փարեսից են [սերում] և ընդունելով [Մովսիսական] օրենքն ու կրոնը` սպասավորում էին Տաճարում` երբեք չհեռանալով, ուստի պարծենում էին իրենցով. նախ` որ մեծատոհմիկ էին, և երկրորդ` որ մաքուր կյանքով էին ապրում: Իսկ ուրիշներ էլ [ասում են], թե փարիսեցին «առանձնական» է նշանակում, և բոլոր ցեղերից էլ գալիս և առանձնական կյանքով էին ապրում` զատվելով շատերից վարքի պարկեշտությամբ ու հագուստի կոշտությամբ, ինչպես այժմյան վանականները, ուստի ուրիշներից ավելի մոլեռանդ էին Օրենքի խտրությունների մեջ, ինչպես ժամանակին` Պողոսը, որ փարիսեցիական ուսմունքով եռալով և իր կրոնին նախանձահույզ լինելով` ճշմարտության դեմ էր կռվում: Այսպիսին էլ սրանք էին: Բայց դու տես սրանց հանդգնության մեծությունը, որ մի անգամ իրենց աշակերտներին ուղարկեցին հերովդեսա կանների հետ [Հիսուսի մոտ], և նրանք պարտված վերադարձան, հետո սադուկեցիները մաքառեցին ու Ճշմարտության առաջ պապանձվեցին, ուստի ովքեր պիտի խոնարհվեին ու լռեին, միասին հավաքվելով` նախկինի վրա նոր պատերազմ մտահղացան, որ չհակառակեն [Հիսուսին], և երբ հաղթվեն, պարտությունն ավելի մեծ երևա 1236:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

34-40․ Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին. եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց. «Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»: Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը: Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»:
   
    Սադուկեցիներն ուզում էին Հիսուսին շփոթեցնել իրենց դպրոցական (սխոլաստիկ) նրբություններով և իրենց կարծիքով անլուծելի խնդիրներ առաջարկելով՝ կոտրել նրա իմաստուն, օրենսգետ և մեծ վարդապետի համբավը: Սակայն արդյունքը բոլորովին հակառակն էր ստացվել. ոչ թե կարողացել էին Հիսուսին լռեցնել, այլ իրենք էին պապանձվել: Թեև փարիսեցիներն ուրախացան, որ Հիսուսը մեռելների հարության մասին իրենց կարծիքը պաշտպանեց, սակայն չէին կարող տանել, որ իրենց բարեկամներին և հակառակության օգնականներին ամոթապարտ թողնի, ուստի որոշեցին առաջ անցնել և մի նոր հարցով շփոթեցնել Հիսուսին: Իրենց առաջարկած հարցն էր. «Ո՞ր պատուիրան մեծ է յօրէնս»: Այս հարցը Գալիլիայում մի օրինական էլ էր ուղղել Հիսուսին Ղուկ. 10:25, բայց նա ուրիշ կողմից էր քաղել առաջարկը, այսինքն՝ թե ինչ անի, որ արժանանա Երկնքի Արքայությանը(Ղուկ. 10:25-28): Թե հարցման տեղը, թե ժամանակը և թե առիթը իրարից տարբերելու վերաբերյալ նրանց կարծիքը բռնազբոսություն պիտի համարվի, ովքեր Ղուկասի նախօրոք պատմածը պիտի փորձեն ներկայացնել Մատթեոսի և Մարկոսի այստեղ պատմածի հետ: Մանավանդ, որ Ղուկասի պատմածում նույն օրինականն է, որ գլխավոր պատվիրաններն է հիշում, իսկ այստեղ Հիսուս է բացատրում մեծ պատվիրանը:
   «Մեծ պատվիրանն,— ասում է Հիսուս,— սերն է, որ երկու մաս ունի: Առաջին սեր Աստծո հանդեպ, իսկ երկրորդը՝ ընկերոջ: Այս պատվիրանները Մովսեսը նախօրոք հռչակել է և նրա օրենքներում գրված է, թե ՝ «Սիրեսցես զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ եւ յամենայն մտաց քոց» Բ Օր. 6:5 և թե «Սիրեսցես զընկոր քո իբրեւ զանձն քո» Ղևտ. 19:18: Մովսեսի օրենքներում և մարգարեների պատգամներում որքան հրամաններ ու պատվիրաններ կան, բոլորն էլ պարունակվում են այդ երկու խոսքերում: Այնպես որ, ով այս երկու պատվիրանները լիովին կատարում է, նա կատարյալ մարդ է: Դուք էլ պետք է այդ պատվիրանների վրա ուշադրություն դարձնեք և իզուր արտաքին ձևականության վրա չդնեք կատարելության և արդարության կարևորությունը»:
    Հիսուսին փորձելու համար հավաքված փարիսեցիների մեջ գտնվում էր մի դպիր, ավելի բարեմիտ տրամադրություններով, ինչպես Մարկոսն է ասում, որ համակրությամբ լսում էր Հիսուսի տված իմաստուն պատասխանները և սադուկեցիներին ու փարիսեցիներին Ս. Գրքի խոսքերով լռեցնելը: Ո՞վ էր՝ չգիտենք, բայց գիտենք, որ սինեդրիոնում չէին պակասում Նիկոդեմոսի նման Հիսուսի վարդապետության վրա զարմացողները: Այդ դպիրն է, որ չի կարողանում Հիսուսի վերջին պատասխանի վրա լուռ մնալ և առաջ անցնելով համարձակորեն խոստովանում է. «Իրավունք ունես, վարդապետ, մեծ ճշմարտություն խոսեցիր, ուղղության ճիշտ հիմքը ցույց տվիր. Աստված ամեն ինչ է, Նրանից դուրս որևէ բան նշանակություն և կարևորություն չունի, և կատարյալն էլ այն է, որ ուղղակի դիմում է Աստծուն, և սա է Աստծո սերը: Դրանից դուրս շատ արտաքին գործեր, որ Աստծուն չեն տանում, մարդուն կատարյալ չեն դարձնում: Այո, պետք է սիրել Աստծուն, և սրտի ու մտքի ամբողջ զորություններն օգտագործել Աստծո սիրո համար: Աստծո սիրո ամբողջացումն է ընկերոջ սերը, երբ որ մարդ ընկերոջը սիրում է Աստծո համար, առանց որևէ երկրորդական նպատակի, և առանց այդ սիրուն չափ սահմանելու, այլ սիրում է իր ընկերոջը կատարելապես, ինչպես ինքն իրեն է սիրում: Իրավունք ունես, վարդապետ, համարձակորեն հայտարարելու, որ այդ սերն է բոլոր պատվիրանների ամբողջացումը: Սիրո հետ համեմատելով շատ հետ են մնում զոհերն ու ողջակեզները, մաքրություններն ու խտրությունները»:
    Այս բարեմիտ դպիրի համարձակ հայտարարությունը դուր եկավ Հիսուսին, և դառնալով նրան ասաց. «Այդ սկզբունքով դու էլ իմ քարոզած Երկնքի Արքայության վարդապետությունը ընդունած կլինես: Մոտեցել ես Աստծո Արքայությանը, նայիր, որ նրա մեջ մտնելուց հետ չքաշվես»: Այսպես վերջացավ մեծ պատվիրանի խնդիրը: