Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:34

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

34-46․ «Իսկ երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուս պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ հավաքվեցին»։ «Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, Նրան փորձելու համար հարցրեց ու ասաց»։ «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ «Հիսուս նրան ասաց. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»» (Բ Օրին. 6։5)։ «Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը»։ «Երկրորդը նման է սրան. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19։18, Մատթ. 5։43)։ «Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։ «Երբ փարիսեցիները հավաքված էին, Հիսուս նրանց հարցրեց ու ասաց»։ ««Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին. Նա ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին՝ Դավթի»։ «Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան «Տեր» է կոչում՝ ասելով»»։ «Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր Իմ աջ կողմում, մինչև Քո թշնամիներին իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ տակ»» (Սաղմ. 110։1)։ «Արդ, եթե Դավիթը Նրան «Տեր» է կոչում, ինչպե՞ս է Քրիստոս Նրա որդին»։ «Եվ ոչ ոք չէր կարողանում Նրան պատասխանել։ Եվ ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց Նրան մի բան հարցնել»։
   
    Ավետարանիչը կրկին ներկայացնում է մի նոր պատճառ, թե ինչու փարիսեցիները պետք է լռեին, և այդպիսով էլ ավելի է բացահայտում նրանց հանդգնությունը։ Դա ինչպե՞ս է լինում։ Փրկիչն արդեն փակել էր սադուկեցիների բերանը, և փարիսեցիներն այդուհետ պետք է լռեին, բայց ահա նրանք կրկին մոտենում են Հիսուսին, կրկին նույն չար մտադրությամբ մրցության մեջ են մտնում Նրա հետ և Նրա մոտ են ուղարկում մի օրենսգետի՝ ոչ թե, սակայն, սովորելու, այլ Քրիստոսին փորձելու համար, և հարցնում են՝ «ո՞րն է առաջին պատվիրանը»։ Նրանք գիտեին, որ առաջին պատվիրանն էր՝ «սիրի՛ր քո Տեր Աստծուն», բայց սպասում էին, թե Փրկիչը «կուղղի» այն՝ Ինքն Իրեն Աստված անվանելով, և դրանով իրենց առիթ կտա Նրան մեղադրելու համար, ուստի և փարիսեցիներն այսպիսի հարց առաջադրեցին։ Իսկ ի՞նչ է պատասխանում Քրիստոս։ Ցանկանալով ցույց տալ, որ նրանք հնչեցնում են այս հարցը, որովհետև ամենևին սեր չունեն, այլ տոչորվում են չարությունից և իրենց ներսից կրծում նախանձի պատճառով՝ Հիսուս ասում է. ««Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»» (Մատթ. 22:37-39)։ Իսկ ինչո՞ւ է մեկը նման մյուսին։ Որովհետև երկրորդն ուղի է հարթում առաջինի համար, և փոխադարձաբար ամրապնդվում է դրանով, «որովհետև, ով չարիք է գործում, - ասված է, - ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը» (Հովհ. 3:20), և մեկ այլ տեղում էլ՝ «Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված» (Սաղմ. 13:1)։ Ուրեմն ի՞նչ է բխում սրանից․ «․․․ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրենության մեջ» (նույն տեղում)։ Ու նաև. «Բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից» (Ա Տիմ. 6:10)։ Այլև՝ «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհ. 14:15)։ Իսկ Իր բոլոր պատվիրանների մեջ գլխավոր պատվիրանն է՝ «սիրի՛ր քո Տեր Աստծուն․․․և քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»։ Այսպիսով, եթե Աստծուն սիրելը նշանակում է սիրել մերձավորին, քանի որ Փրկիչն Ինքը Պետրոսին ասաց՝ «եթե դու սիրում ես Ինձ․․․արածացրո՛ւ Իմ ոչխարներին» (Հովհ. 21:16), իսկ մերձավորի հանդեպ սերն ունի իր պտուղը՝ պատվիրանների պահպանումը, ապա ճշմարիտ է ասված, թե՝ «այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։ Ահա թե ինչու, ինչպես ավելի վաղ էր վարվել Փրկիչը, այնպես էլ վարվում է հիմա։ Այնտեղ ի պատասխան սադուկեցիների հարցին, թե՝ «ինչպիսի՞ն է լինելու հարությունը», Հիսուս ասաց ավելին, քան հարցն ինքնին ենթադրում էր, որպեսզի ուսուցանի նրանց։ Ճիշտ այդպես էլ այստեղ, հարց ստանալով առաջին պատվիրանի մասին, Քրիստոս հիշատակում է նաև երկրորդը, որը գրեթե նույնքան կարևոր է, որքան առաջինը (թեև այն կոչվում է «երկրորդ», բայց «նման է առաջինին»)։ Դրանով Փրկիչը փարիսեցիներին մատնանշում էր, թե նրանց հարցն ինչ աղբյուրից էր առաջանում, այսինքն՝ չարությունից. «Սերը չի նախանձում» (Ա Կորնթ. 13:4)։ Այսպիսով Փրկիչն ապացուցեց, որ Ինքը հնազանդվում է և՛ օրենքին, և՛ մարգարեներին։ Բայց Մատթեոս ավետարանիչն օրենսգետի մասին ինչո՞ւ է ասում, թե նա փորձելու համար այդ հարցը տվեց՝ այն դեպքում, երբ Մարկոսն ասում է հակառակը. «Տեսնելով, - ասում է նա, - թե նա իմաստությամբ պատասխան տվեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայությունից»» (Մարկ. 12:34)։ Այստեղ ոչ մի հակասություն չկա. ընդհակառակը, ավետարանիչներն ամբողջովին համաձայնում են միմյանց հետ։ Սկզբում օրենսգետը Հիսուսին հարց հղեց՝ Նրան փորձելու նպատակով, բայց այնուհետև օգուտ քաղեց Փրկչի պատասխանից և Նրա գովեստին արժանացավ։ Փրկիչը հենց սկզբից չգովեց նրան, բայց երբ օրենսգետը պատասխանեց, թե մերձավորին սիրելն ավելի մեծ պատվիրան է, քան բոլոր տեսակի ողջակեզներ մատուցելը, այդ ժամանակ արդեն Տերն ասաց նրան. «Հեռու չես Աստծու արքայությունից», - որովհետև այս օրենսգետը, արհամարհելով ստորին պարտականությունները, ըմբռնեց, թե որն է առաքինության սկիզբը։ Չէ՞ որ մնացյալ բոլոր պարտականությունների, ինչպիսիք են՝ շաբաթ օրվա պահպանման ու մյուսների նպատակը սերն է։ Ի դեպ, Փրկիչն այս օրենսգետին կատարյալ գովեստի չի արժանացնում, այլ ցույց է տալիս, թե նրան դեռ շատ բան է պակասում։ «Հեռու չես Աստծու Արքայությունից» խոսքերը նշանակում են, որ նա դեռ չի հասել դրան, և ասվում են այն մտադրությամբ, որպեսզի նա փնտրի՝ ի՛նչն է իրեն պակասում։ Իսկ որ Փրկիչը գովեց նրան, երբ նա ասաց. «Աստված մեկ է, և բացի Նրանից ուրիշ Աստված չկա» (Մարկ. 12:32), մի՛ զարմացիր այս պատճառով, այլ դրանից ճանաչի՛ր, թե Հիսուս ինչպես է հարմարվում Իրեն մոտեցողների ըմբռնողությանը։ Թող որ նրանք Քրիստոսի մասին ասեն Նրա իրական  փառքին անարժան շատ խոսքեր, միայն թե՝ չհամարձակվեն ամբողջովին մերժել Աստծու գոյությունը։ Այսպիսով, ուրեմն ինչի՞ համար է Նա գովում օրենսգետին, երբ նա ասում է, թե բացի Հորից ուրիշ Աստված չկա։ Սա չի նշանակում, թե Հիսուս Քրիստոս Ինքն Իրեն Աստված չէր ընդունում, - քավ լիցի, - այլ, քանի որ դեռ չէր եկել Իր աստվածությունը բացահայտելու ժամանակը, ուստի Նա օրենսգետին թողնում է իր նախկին ուսմունքի մեջ և գովում է նրան, որ նա լավ գիտի հին օրենքը, որպեսզի այդպիսով նրան ընդունակ դարձնի ընդունելու նաև Նոր Կտակարանի վարդապետությունը, երբ այն բացահայտվի իր պատեհ ժամանակին։ Բացի այդ, «Աստված մեկ է, և բացի Նրանից ուրիշ Աստված չկա» խոսքերը և՛ Հին, և՛ Նոր Կտակարաններում արտահայտվում են ոչ թե Աստծու Որդու Աստվածությունը հերքելու համար, այլ՝ որպեսզի կուռքերը տարբերակվեն ճշմարիտ Աստծուց։ Այս մտքով է Փրկիչը գովաբանում այս խոսքերն արտասանած օրենսգետին։ Ապա, նրա հարցին պատասխան տալով, Հիսուս Ինքն է հարց ուղղում փարիսեցիներին. «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին. Նա ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին՝ Դավթի» (Մատթ. 22:42)։ Այսպիսով տե՛ս, թե Հիսուս որքան հրաշքներ ու նշաններ կատարեց, որքան տարբեր տեսակի հարցադրումներ առաջարկեց, որքան ապացույցներ ներկայացրեց՝ փաստելու համար Հոր հետ Իր միաձայնությունը և՛ խոսքերում, և՛ գործերում, ինչպիսի գովեստի արժանացրեց «մեկ է Աստված» խոստովանած օրենսգետին։ Եվ դա արեց նախքան Իր այս վերջին հարցադրումը, որպեսզի փարիսեցիները չկարողանային ասել, թե՝ չնայած Հիսուս Ինքը հրաշքներ է գործում, բայց ներկայանում է որպես օրենքի հակառակորդ և Աստծու թշնամի։ Ահա թե ինչու Քրիստոս Իր այս հարցն առաջադրում է այսքան ապացույցներից հետո միայն՝ փարիսեցիների համար աննկատ ձևով նրանց մղելով Իրեն որպես Աստված ընդունելուն։ Ավելի վաղ նույնպես Հիսուս նման հարցադրում էր արել Իր աշակերտներին, բայց սկզբում նրանց հարցրել էր՝ «մարդիկ Իմ մասին ի՞նչ են ասում», և ապա արդեն. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ եք ասում»։ Բայց փարիսեցիներին հարցնում է այլ ձևով։ Հակառակ դեպքում նրանք, սովոր լինելով իրենց մտածածն առանց վախի ասելու, Հիսուսին անմիջապես կկոչեին «խաբեբա» և «չար մարդ»։ Դրա համար էլ Քրիստոս պահանջում է նրանց սեփական դատողությունը։

    Քանի որ Փրկիչը ցանկանում էր անցնել տառապանքի միջով, ուստի այստեղ մեջբերում է այսպիսի մի մարգարեություն, որում Նա Ինքը հստակորեն կոչվում է «Տեր», և սա անում է ոչ թե պարզապես ու առանց պատճառի, այլ դրա համար բավարար հիմք ունենալով։ Ու քանի փարիսեցիներն Իր առաջին հարցին ճիշտ պատասխան չտվեցին (Իրեն պարզ մարդ անվանելով), ուստի Հիսուս, Իր մասին նրանց թյուր կարծիքը հերքելու համար, մեջբերում է Դավթի խոսքերը, որոնք հռչակում են Իր Աստվածությունը։ Փարիսեցիները Նրան համարում էին մի պարզ մարդ, ինչի համար էլ ասում էին՝ «Դավթի․․․», իսկ Փրկիչը, ուղղելով նրանց այս կարծիքը, մեջբերում է մարգարեին, որը հաստատում է, թե Քրիստոս Ինքը Տերն ու ճշմարիտ Աստծու Որդին է, ու թե՝ Նա հավասարապատիվ է Հորը։ Ի դեպ, Քրիստոս այստեղ էլ կանգ չի առնում, այլ, նրանց մեջ վախի զգացում առաջացնելու համար, հիշատակում է նաև մարգարեի հետևյալ խոսքերը՝ «մինչև Քո թշնամիներին իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ տակ», որպեսզի գոնե սրանով նրանց դեպի Իրեն դարձնի։ Իսկ որպեսզի փարիսեցիները չասեն, թե Դավթի այս խոսքերում ինչ-որ չափազանցություն կա, որը նման է ստի, և թե՝ դա պարզապես մարդկային դատողությամբ ասված խոսք է, տե՛ս, թե ինչ է ասում Հիսուս. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան «Տեր» է կոչում անվանում»։ Տե՛ս, թե ինչպիսի համեստությամբ է Նա մատնանշում մարգարեի կարծիքն ու դատողությունն Իր մասին։ Սկզբում Նա ասաց. «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին. Նա ո՞ւմ որդին է», որպեսզի այս հարցով փարիսեցիներին մղի ճիշտ պատասխան տալու։ Ապա, երբ նրանք ասացին՝ «Դավթի», Հիսուս չասաց՝ «սակայն չէ՞ որ Դավիթն է այդպես ասում», այլ կրկին հարցի ձևով ասաց. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան «Տեր» է կոչում անվանում», որպեսզի Աստվածության մասին Իր ուսմունքը նրանց հակառակ չթվար։ Այս պատճառով էլ Քրիստոս չասաց՝ «Ի՞նչ եք կարծում Իմ մասին», այլ՝ «․․․Քրիստոսի մասին»։ Դրա համար էլ առաքյալները լիակատար համեստությամբ էին խոսում նախահայր Դավթի մասին. «Պետք է վստահությամբ ասել Դավիթ նահապետի մասին, որ և՛ մեռավ, և՛ թաղվեց» (Գործք 2:29)։ Նմանապես նաև Ինքը՝ Փրկիչն Իր մասին ուսմունքը ներկայացնում է հարցի ու դատողության ձևով՝ ասելով. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան «Տեր» է կոչում՝ ասելով․ «Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր Իմ աջ կողմում, մինչև Քո թշնամիներին իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ տակ»։ Արդ, եթե Դավիթը Նրան «Տեր» է կոչում, ինչպե՞ս է Քրիստոս Նրա որդին» (Մատթ. 22:43-45)։ Այսպիսով Հիսուս չի հերքում, որ Ինքն է Դավթի որդին, բնա՛վ։ Նա Պետրոսին նույնպես չէր հանդիմանի դրա համար։ Քրիստոս միայն շտկում է փարիսեցիների կարծիքը։ Ահա թե ինչու Փրկչի՝ «ինչպե՞ս է Քրիստոս Նրա որդին» խոսքերը հետևյալ իմաստն ունեն. Նա Դավթի որդին է, բայց ոչ այն իմաստով, ինչպես դուք եք հասկանում։ Փարիսեցիներն ասում էին, թե Քրիստոս միայն Դավթի որդին է, և ոչ՝ Տերը։ Այսպիսով, Հիսուս նախ մեջբերում է մարգարեի վկայությունը, և ապա արդեն ուղղում է նրանց տեսակետը՝ Իր ողջ հեզությամբ ասելով. «Եթե Դավիթը Նրան «Տեր» է կոչում, ինչպե՞ս է Քրիստոս Նրա որդին»։ Բայց, այս խոսքերը լսելով, փարիսեցիները ոչինչ չպատասխանեցին. նրանք ամենևին չէին ցանկանում իմանալ ճշմարտությունը։ Դրա համար էլ Հիսուս Ինքն է նրանց առաջնորդում դեպի այն մտածումը, թե Նա Ինքն իսկ է Դավթի Տերը։ Բայց սա ասում է ոչ ուղղակիորեն Ինքն Իր անունից, այլ՝ մեջբերելով մարգարեի խոսքերը, որովհետև փարիսեցիներն ամենևին չէին հավատում Իրեն և բացասական կարծիք ունեին Իր մասին։ Նրանց այս տրամադրվածությանը նայելով՝ ոչ մի դեպքում, իհարկե, չպետք է գայթակղվել այն իրողությամբ, որ Փրկիչը երբեմն Ինքն Իր մասին խոսում է նվաստ ու խոնարհ ձևով, քանի որ զանազան այլ պատճառներից բացի, դրա գլխավոր պատճառն այն էր, որ Քրիստոս նրանց հետ Իր խոսակցություններում հարմարվում էր նրանց ըմբռնողության աստիճանին։ Ահա թե ինչու այժմ նույնպես Նա փարիսեցիներին Իր վարդապետությունն է առաջարկում հարցերի ու պատասխանների միջոցով, սակայն այս եղանակով նույնպես Հիսուս քողարկված ձևով մատնանշում է նրանց Իր արժանավորությունը, որովհետև հավասարապես կարևոր չէր կոչվել «հրեաների Տեր» և «Դավթի Տեր»։

    Արդ տե՛ս, թե ինչ պատեհ ժամանակին է Քրիստոս առաջարկում Իր այս ուսմունքը։ Նախապես ասելով, որ Տերը մեկ է, ապա նաև Իր մասին է ասում, որ Ինքն է Տերը, և ապացուցում է դա ոչ միայն Իր գործերով, այլև մարգարեի վկայությամբ։ Եվ միևնույն ժամանակ հայտարարում է, որ Հայրն Ինքը Իր փոխարեն վրեժխնդիր կլինի նրանց հանդեպ՝ ասելով. «Մինչև Քո թշնամիներին իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ տակ»։ Եվ այսպիսով Հիսուս ապացուցում է Իր համաձայնությունն ու հավասարապատվությունը Հոր հետ։ Այս խոսքերով Փրկիչն ավարտում է փարիսեցիների հետ Իր զրույցը՝ նրանց ներկայացնելով վսեմագույն, մեծապատիվ մի վարդապետություն, որն ի զորու էր փակել նրանց բերանը։ Եվ նրանք, իսկապես, այդ ժամանակից սկսած լռեցին՝ ո՛չ թե սեփական ցանկությամբ, այլ որովհետև ոչնչով չէին կարող առարկել, և այդպիսով այնպիսի վճռական հարված ստացան, որ այլևս չհամարձակվեցին հարձակվել Հիսուսի վրա, ինչպես ասվում է. «Ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց Նրան մի բան հարցնել» (Մատթ. 22:46)։ Եվ սա մեծ օգուտ բերեց ժողովրդին։ Դրա համար էլ Փրկիչը, այս գայլերին վռնդելով ու քայքայելով նրանց չարամիտ դիտավորությունները, ի վերջո, Իր խոսքն ուղղում է ժողովրդին։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին.
   
    Երբ փարիսեցիները լսեցին, որ [Հիսուսը] պապանձեցրել է սադուկեցիներին, միասին հավաքվեցին:

    Ոմանք ասում են, թե փարիսեցիները Հուդայան Փարեսից են [սերում] և ընդունելով [Մովսիսական] օրենքն ու կրոնը` սպասավորում էին Տաճարում` երբեք չհեռանալով, ուստի պարծենում էին իրենցով. նախ` որ մեծատոհմիկ էին, և երկրորդ` որ մաքուր կյանքով էին ապրում: Իսկ ուրիշներ էլ [ասում են], թե փարիսեցին «առանձնական» է նշանակում, և բոլոր ցեղերից էլ գալիս և առանձնական կյանքով էին ապրում` զատվելով շատերից վարքի պարկեշտությամբ ու հագուստի կոշտությամբ, ինչպես այժմյան վանականները, ուստի ուրիշներից ավելի մոլեռանդ էին Օրենքի խտրությունների մեջ, ինչպես ժամանակին` Պողոսը, որ փարիսեցիական ուսմունքով եռալով և իր կրոնին նախանձահույզ լինելով` ճշմարտության դեմ էր կռվում: Այսպիսին էլ սրանք էին: Բայց դու տես սրանց հանդգնության մեծությունը, որ մի անգամ իրենց աշակերտներին ուղարկեցին հերովդեսա կանների հետ [Հիսուսի մոտ], և նրանք պարտված վերադարձան, հետո սադուկեցիները մաքառեցին ու Ճշմարտության առաջ պապանձվեցին, ուստի ովքեր պիտի խոնարհվեին ու լռեին, միասին հավաքվելով` նախկինի վրա նոր պատերազմ մտահղացան, որ չհակառակեն [Հիսուսին], և երբ հաղթվեն, պարտությունն ավելի մեծ երևա 2:
--------------------------------
2 . Եթե այս նախադասության մեջ բնագրի աղավաղման հետ գործ չունենք (գրաբ. «...որպէս զի մի՛ ընդ նա հակառակեսցին, որպես զի յորժամ յաղթին, առաւել պարտութիւնն ցուցանի»), ապա Ծործորեցին թերևս հեգնաբար է սա ասում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

34-40․ Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին. եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց. «Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»: Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը: Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»:
   
    Սադուկեցիներն ուզում էին Հիսուսին շփոթեցնել իրենց դպրոցական (սխոլաստիկ) նրբություններով և իրենց կարծիքով անլուծելի խնդիրներ առաջարկելով՝ կոտրել նրա իմաստուն, օրենսգետ և մեծ վարդապետի համբավը: Սակայն արդյունքը բոլորովին հակառակն էր ստացվել. ոչ թե կարողացել էին Հիսուսին լռեցնել, այլ իրենք էին պապանձվել: Թեև փարիսեցիներն ուրախացան, որ Հիսուսը մեռելների հարության մասին իրենց կարծիքը պաշտպանեց, սակայն չէին կարող տանել, որ իրենց բարեկամներին և հակառակության օգնականներին ամոթապարտ թողնի, ուստի որոշեցին առաջ անցնել և մի նոր հարցով շփոթեցնել Հիսուսին: Իրենց առաջարկած հարցն էր. «Ո՞ր պատուիրան մեծ է յօրէնս»: Այս հարցը Գալիլիայում մի օրինական էլ էր ուղղել Հիսուսին (Ղուկ. 10:25), բայց նա ուրիշ կողմից էր քաղել առաջարկը, այսինքն՝ թե ինչ անի, որ արժանանա Երկնքի Արքայությանը(Ղուկ. 10:25-28): Թե հարցման տեղը, թե ժամանակը և թե առիթը իրարից տարբերելու վերաբերյալ նրանց կարծիքը բռնազբոսություն պիտի համարվի, ովքեր Ղուկասի նախօրոք պատմածը պիտի փորձեն ներկայացնել Մատթեոսի և Մարկոսի այստեղ պատմածի հետ: Մանավանդ, որ Ղուկասի պատմածում նույն օրինականն է, որ գլխավոր պատվիրաններն է հիշում, իսկ այստեղ Հիսուս է բացատրում մեծ պատվիրանը:
    «Մեծ պատվիրանն,— ասում է Հիսուս,— սերն է, որ երկու մաս ունի: Առաջին սեր Աստծո հանդեպ, իսկ երկրորդը՝ ընկերոջ: Այս պատվիրանները Մովսեսը նախօրոք հռչակել է և նրա օրենքներում գրված է, թե ՝ «Սիրեսցես զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ եւ յամենայն մտաց քոց» (Բ Օր. 6:5) և թե «Սիրեսցես զընկոր քո իբրեւ զանձն քո» (Ղևտ. 19:18): Մովսեսի օրենքներում և մարգարեների պատգամներում որքան հրամաններ ու պատվիրաններ կան, բոլորն էլ պարունակվում են այդ երկու խոսքերում: Այնպես որ, ով այս երկու պատվիրանները լիովին կատարում է, նա կատարյալ մարդ է: Դուք էլ պետք է այդ պատվիրանների վրա ուշադրություն դարձնեք և իզուր արտաքին ձևականության վրա չդնեք կատարելության և արդարության կարևորությունը»:
    Հիսուսին փորձելու համար հավաքված փարիսեցիների մեջ գտնվում էր մի դպիր, ավելի բարեմիտ տրամադրություններով, ինչպես Մարկոսն է ասում, որ համակրությամբ լսում էր Հիսուսի տված իմաստուն պատասխանները և սադուկեցիներին ու փարիսեցիներին Ս. Գրքի խոսքերով լռեցնելը: Ո՞վ էր՝ չգիտենք, բայց գիտենք, որ սինեդրիոնում չէին պակասում Նիկոդեմոսի նման Հիսուսի վարդապետության վրա զարմացողները: Այդ դպիրն է, որ չի կարողանում Հիսուսի վերջին պատասխանի վրա լուռ մնալ և առաջ անցնելով համարձակորեն խոստովանում է. «Իրավունք ունես, վարդապետ, մեծ ճշմարտություն խոսեցիր, ուղղության ճիշտ հիմքը ցույց տվիր. Աստված ամեն ինչ է, Նրանից դուրս որևէ բան նշանակություն և կարևորություն չունի, և կատարյալն էլ այն է, որ ուղղակի դիմում է Աստծուն, և սա է Աստծո սերը: Դրանից դուրս շատ արտաքին գործեր, որ Աստծուն չեն տանում, մարդուն կատարյալ չեն դարձնում: Այո, պետք է սիրել Աստծուն, և սրտի ու մտքի ամբողջ զորություններն օգտագործել Աստծո սիրո համար: Աստծո սիրո ամբողջացումն է ընկերոջ սերը, երբ որ մարդ ընկերոջը սիրում է Աստծո համար, առանց որևէ երկրորդական նպատակի, և առանց այդ սիրուն չափ սահմանելու, այլ սիրում է իր ընկերոջը կատարելապես, ինչպես ինքն իրեն է սիրում: Իրավունք ունես, վարդապետ, համարձակորեն հայտարարելու, որ այդ սերն է բոլոր պատվիրանների ամբողջացումը: Սիրո հետ համեմատելով շատ հետ են մնում զոհերն ու ողջակեզները, մաքրություններն ու խտրությունները»:
Այս բարեմիտ դպիրի համարձակ հայտարարությունը դուր եկավ Հիսուսին, և դառնալով նրան ասաց. «Այդ սկզբունքով դու էլ իմ քարոզած Երկնքի Արքայության վարդապետությունը ընդունած կլինես: Մոտեցել ես Աստծո Արքայությանը, նայիր, որ նրա մեջ մտնելուց հետ չքաշվես»: Այսպես վերջացավ մեծ պատվիրանի խնդիրը: