Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:4

Հովհաննես Ծործորեցի

Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»:

   

   Ուրիշ ծառաների ևս ուղարկեց և ասաց. «Ասացե՛ք հրավիրվածներին. «Ահա ճաշս պատրաստել եմ, իմ զվարակներն 1192 ու պարարտ [անասունները] մորթված են, և ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիքի»:

   [Տերը] չափազանց մեծացնում է [հրավիրված հրեաներին ուղղված] ամբաստանությունը: Որովհետև ժամանակին կանչվեցին մարգարեների միջոցով, հրավիրեց նաև Հովհաննես [Մկրտիչը` ասելով]. «Նա պիտի աճի, իսկ ես նվազեմ» (Հովհ. 3։30), կանչեց նաև Ինքը. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածնե՛ր, և Ես հանգիստ կտամ ձեզ»(հմմտ. Մատթ. 11։28), բայց նրանք ըմբոստացան: Այնուհետև դարձյալ կանչեց առաքյալների, այլև հայրապետերի միջոցով, ո՛չ դեպի ապաշխարություն ու չարչարանք, այլ դեպի ուրախություն ու վայելք, սակայն սա ևս չամաչեցրեց նրանց, որովհետև որքան ավելի համբերատար ու ներողամիտ էր [Աստված] լինում, այնքան ավելի էին [ամբարտավանության] կրքով բռնվում:

   «Ահա ճաշս պատրաստել եմ»`

   աստվածային իմաստությամբ ու գիտությամբ լի սեղանը` տերունական մարմինն ու սուրբ արյունը, որ քաղցր են ճաշակողների [բերանում] և մեղրից ու խորսխից էլ ախորժելի: Եվ աննպատակ չէ, որ [Մատթեոսը] «ճաշ» է ասում, իսկ Ղուկասը` «ընթրիք»1193, այլ «ընթրիք»-ը նշանակում է, որ [երկրային] կյանքի վերջում և այս երեկոյացած ժամանակաշրջանում 1194 [Տերը] վերնատանը բաշխեց [Իր] մարմինն ու արյունը աշակերտներին,իսկ «ճաշ»-ը` այն, որ երրորդ ժամն էր 1195, երբ բևեռվեց խաչին 1196` քաղցածների մտքին տալու անմահացուցիչ կերակուրն ու Իր գիտությունը` ըստ Դավթի. «Իմ առաջ սեղան պատրաստեցիր» (Սաղմ. 22։5), ինչպես որ Սուրբ Հոգուն ևս [ուղարկեց] այս ժամին 1197: Այլև [տվեց] աստվածային գիտության խորհուրդները վարդապետության խոսքերի միջոցով, որոնք քաղցր են քննողների կոկորդում` ըստ այսմ. «Քաղցր են իմ քիմքում Քո խոսքերը, մեղրից ավելի` իմ բերանում» (Սաղմ. 118։103), և դա անվանեց «ճաշ», ինչպես նաև Հոր սեղանը, որի շուրջ կբազմեցնի և կանցնի ծառայելու 1198, ինչը Նրա ուսուցանելն ու մեր ուսանելն է [նշանակում]: «[Ճաշս] պատրաստել եմ»,-ասում է, որովհետև նախապես է պատրաստել արդարների փառքը, ինչպես պարգևական երկիրը, որ կաթ ու մեղր էր բխեցնում հին ժողովարանի համար, ինչպես ասում էր [Աստված]. «Քեզ կտանեմ այն երկիրը, որը պատրաստել եմ քեզ համար» (հմմտ. Ելք 23։20), որը սննդագործ 1199 զորության ու կատարելագործ իմաստության պատճառով «կաթ ու մեղր» անվանեց, իսկ այստեղ «ճաշ» է կոչում, և այդ էր, որ փափագեց այն տարփող հոգին թե` «Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծո արքայությունում» (Ղուկ. 14։15):

   «Իմ զվարակներն ու պարարտ [անասունները] մորթված են»,

   -ասում է: Սրա նման է ասում նաև Ղուկասը. «Մորթե՛ք պարարտ եզը» (հմմտ. Ղուկ. 15։23), որով բարեկենդանության ուրախությունն է ցույց տալիս, որովհետև Տիրոջ գալուստն ընդունելի տարեկան տոն քարոզվեց մարգարեների կողմից 1200: Իսկ «զվարակ» է կոչում Իր մարմինը` միաժամանակ հեզ ու երկրագործ, որով մեր բանական հողը մշակեց` պտղաբեր դարձնելով Աստծո համար` Իր մարմնի օրինակով: Եվ «պարարտ [անասուններ]» է կոչում գեր և, ըստ մարգարեի 1201, ուղղալից 1202 [անասունները]` աստվածության օծմամբ պարարտացած, և նրանց մասին ասում է, թե «մորթվել են»: [Տերը] սա կանխագուշակմամբ ասում է խաչելության մասին, որպեսզի ցույց տա, որ նախասահմանված էր Որդու մահը բանականների փրկության և ուրախության համար` ըստ այսմ. «Որը նախապես սահմանեց ժամանակների լրման տնօրենության համար» (Եփես. 1։9-10): Սա ցույց է տալիս նաև [Նրա մահվան] կամավոր լինելը:

   Իսկ այն, որ հոգնակի թվով է ասում` [«Իմ զվարակներն ու պարարտ անասունները», նշանակում է] կամ` որ [Տերը] ոչ միայն մարմնով, այլև հոգով ու մտքով զոհաբերվեց, որոնք «Իմ» է ասում, քանի որ արդարև [Աստծո] Խոսքինն էր մարմինը` ըստ առաքյալի. «Երևաց մարմնով, արդարացավ Հոգով» (Ա Տիմ. 3։16), և համարձակվում եմ ասել, թե տնօրինաբար [զոհաբերվեց] աստվածությամբ ևս` մարմնի հետ միության պատճառով, կամ էլ` ոչ միայն Փեսան մորթվեց, այլև Փեսայի բարեկամները, հարսն ու որդիները խողխողվեցին` Հոգով լցված ու պարարտացած առաքյալներն ու մարգարեները, ովքեր, ինչպես Տերը, մարդկանց [փրկության] համար իրենց զոհ մատուցեցին: Նաև մորթված մեծամեծ զվարակներ ու պարարտ [կենդանիներ] են [Տիրոջ] ուրախարար աստվածաբանություններն ու քաղցր վարդապետությունները, որ պարարում են մեր հոգին` սովորեցնելով Որդու մորթման մասին, ինչպես նաև դեպի դա հորդորում: Իսկ ասելով` «ամեն ինչ պատրաստ է»` նկատի ունի հոգևոր ուրախությունը Եկեղեցում և մեղքերի թողությունը, որդեգրության շնորհը, արքայության հույսը և այլ այսպիսի [պարգևներ]:
   

Ստեփանոս Սյունեցի

Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»:
   
   «Եվ դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց»: «Ահա իմ ճաշկերույթը պատրաստված է, իմ մեծ ցուլերը և իմ պարարտ անասունները մորթված են»:

   ... Բոլոր վարդապետներին և հայրապետներին: «Ահա իմ ճաշկերույթը պատրաստված է, իմ մեծ ցուլերը և իմ պարարտ անասունները մորթված են» :

   «Ճաշը» աստվածային իմաստության ու գիտության սեղանն է: «Մեծ ցուլերը» Աստծու մասին ուրախարար խոսքերն են: «Պարարտ» [կոչում է] քաղցր վարդապետությունը, որ պարարտեցնում է հոգիները:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»:

 

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:1