Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:16

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Վա՛յ ձեզ, դպիրներիդ և փարիսեցիներիդ՝ կեղծավորներիդ, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսզի գոնե մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

16-17. Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել: Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին:
   

    Վա՛յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք. «Ով Տաճարով երդվում, ոչինչ է, բայց ով Տաճարում գտնվող ոսկով է երդվում, պե՛տք է [պահի երդումը]»: Անմիտնե՛ր ու կույրեր, ի՞նչն է մեծ` ոսկի՞ն, թե Տաճարը, որ սրբագործում է ոսկին:

    [Տերն այս խոսքով] ցույց է տալիս, որ նրանք բազմաթիվ մեղքերի պատճառ էին և շատերի կողքին այն մեղքն էլ ունեին, որ սուտ երդվում էին, ինչն Օրենքով արգելված էր (Ելք 20:16): Այդ պատճառով էլ [Տերը] պախարակում է նրանց, թե` կույր եք: Իսկ եթե առաջնորդներն են կույր, ի՞նչ ասել հետևորդների մասին: Ուստի [այդպիսի առաջնորդներից] վրեժ է խնդրվելու ոչ միայն իրենց անձերի համար, այլև նրանց, ում մոլորեցրին: Իսկ մոլորությունն այսպիսին էր: Այս աղանդը կռապաշտներից էին վերցրել, ովքեր երդվելով խաբում էին շատերին. [երդվում էին] ոչ թե ոսկյա կուռքերով, այլ մեհյանով, որում կուռքերն էին, և դա ոչինչ էին համարում: Այդպես էլ սրանք էին երդվում Տաճարով` շատերին համոզելու համար, և դա անվնաս ու դատարկ բան համարում, իսկ երբ Տաճարում գտնված ոսկով էին երդվում, դա ավելի մեծ բան էին համարում` կամ երդվողները, կամ երդումը պահանջողները, և սա նրանք հանցանք էին համարում: Այսպիսիներին է հանդիմանում [Տերը` ասելով]. «Անմիտնե՛ր ու կույրեր, ի՞նչն է մեծ` ոսկի՞ն, թե Տաճարը, որ սրբագործում է ոսկին»: «Ոսկի» է կոչում կամ սուրբ սպասքը, կամ Տաճարի գանձերը: Ուրեմն ասում է, որ Տաճարն է մեծ, քանի որ սրբագործում է ոսկին: Ինչպե՞ս: Նրանով, որ Տաճարը պատկանում է Աստծուն, իսկ ոսկին` Տաճարին, և Աստծո անունը սրբագործում է Տաճարը, իսկ Տաճարի խորհուրդն էլ մաքրում է ոսկին: Կամ էլ` Աստված պահանջեց Տաճարը, իսկ Տաճարը` ոսկին, և Տաճարն ու Տաճարի ոսկին չեն [զատվում], որովհետև Տաճարի համար են ոսկին ընծայում: Սա՛ է [ոսկու] սրբագործվելը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13