Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:13

Հովհաննես Ծործորեցի

Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն:
   
    Վա՛յ ձեզ, կեղծավոր օրենսգետներիդ ու փարիսեցիներիդ, որ մարդկանց առաջ փակում եք երկնքի արքայությունը, դուք չեք մտնում, իսկ ովքեր մտնում են, թույլ չեք տալիս մտնել:

    Սրանից առաջ Մարկոսն ասում է. «Որ ուտում եք այրիների տները` պատրվակով [երկարացնելով] աղոթքները» (հմմտ. Մարկ. 12:40), որովհետև որկրամոլ էին և պարարտանում էին ոչ թե հարուստների հաշվին, այլ աղքատների, և մանավանդ այրիներին էին նեղում, որոնց օժանդակել էր հարկավոր: Մեկ ուրիշ չարիք էլ այն է, որ ուտում էին աղոթքները երկարացնելու պատճառով. եթե չարը գործողն արժանի է պատժի, ապա ով երկյուղածությունն է չարի պատճառ դարձնում և դրանով հանցանք գործում, շատ ավելի դաժան պատժի է արժանի, որովհետև բարին չարի համար նյութ դարձրեց:

    Բայց այստեղ, որ [Տերն] ասում է. «Վա՛յ ձեզ..., որովհետև փակում եք արքայության [դուռը]...», թեպետ «վայ» բառը թշվառություն է արտահայտում` ըստ իմաստունի. «Վա՛յ նրանց, ովքեր թողել են պատանեկության ուսումը և մոռացել աստվածային ուխտը» (Առակ. 2:13, 17), սակայն [Տերն] այստեղ անխուսափելի տանջանքի է մատնում չարի մեջ անզեղջ մնալու պատճառով` ըստ այսմ. «Վա՛յ նրանց, ովքեր տանը տուն են հարում» (Ես. 5:8), որովհետև ծանրագույն դատաստանի են ենթարկվելու: Նույնպես էլ այստեղ է ասում. «Վա՛յ ձեզ, օրենսգետներիդ..., որովհետև փակում եք արքայության [դուռը]...»: Կրկնակի և եռակի չարիք է ցույց տալիս. նախ` որ նրանք մտնել չէին կամենում, երկրորդ` որ անգամ խոսքով չէին ուսուցանում ուրիշներին, և երրորդ` նաև վնասում էին` արգելելով շատերին [մտնել արքայություն], ուստի աններելի էին և պատժի ենթակա: Բայց ասելը` «որ փակում եք», [նշանակում է]` կամ Օրենքն էին ծանրացնում, այնպես, որ ճնշվելով` [մարդիկ] չէին կարողանում այն կատարել, որով արքայությունն էին ժառանգելու. ինչպես սրանից առաջ ասաց [Տերը], թե ծանր բեռներ են կապում, իսկ իրենք դրանք չեն կրում, այլ թեթևին են մոտենում, այդպես էլ ասում է [այստեղ]. «Դուք չեք մտնում, իսկ ովքեր մտնում են», ծանրության պատճառով «թույլ չեք տալիս» թեթևությամբ «մտնել»: Կամ էլ` դուք չեք մտնում ձեր զեխ կյանքի պատճառով և ուրիշների դեմ էլ փակում եք` գայթակղեցնելով շատերին, ովքեր նայելով ձեր վարքին` իրենք էլ են չար գործերով ապականվում, և սա ոչ թե ուսուցչի գործ է, այլ թշնամու, որ չար օրինակով կորստյան են մատնում ապրելու ենթակային, երբ հարկ էր գտնել նրանց: Եվ կամ` [Տերն] «արքայություն» կոչեց Իրեն, ուստի «փակում» էին շատերին, որ չհավատային Նրան, որովհետև «պայմանավորվել էին, որ ով Նրան Քրիստոս խոստովաներ, մերժվեր ժողովրդի միջից» (Հովհ. 9:22). իրենք չէին հավատում, ուրիշների համար էլ գայթակղության խոչ 1258 էին դառնում: Ուստի հիրավի՛ վայ նրանց, որովհետև ովքեր չեն հավատում Որդուն, Աստծո բարկությունն է գալիս նրանց վրա 1259:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

13-32. Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն: Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում: Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել: Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին: Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել: Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան: Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է: Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կը լինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծու վրայ: Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կը լինի Աստծու աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ: Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել: Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս: Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ: Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի: Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ: Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ: Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. «Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»: Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին: Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»:
   
    Հիսուս հաճախ հանդիմանում էր 15:10-20, Ղուկ. 11:45-54 օրենքի տառի ներքո թաքնվելով` օրենքի իսկությունն անարգող կեղծավորներին, որոնք հակառակ իրենց ունեցած դպիրի, օրինականի և քահանայապետի աստիճաններին և իրենց ընդունած փարիսեցիական ու սադուկեցիական սկզբունքներին, պարզապես օրինազանցներ էին, իրենց անձի փափկությանը ծառայողներ և ժողովրդի աչքին խաբեության փոշի ցանողներ: Եթե հաշվի առնենք այն ժամանակվա հրեաների գլխավորների աստիճանները, կամ եթե քննենք նրանց վարդապետությունները, նրանց մեջ պախարակելի բան չենք գտնի, քանի որ Ս. Գրքի հիման վրա հաստատված բաներ էին: Միայն թե, ինչ որ սովորեցնում էին կամ ինչ գործ որ կատարում էին որպես պաշտոն, միայն առերևույթ էր, միայն օրենքի կամ պաշտոնի տառն արդարացնող և իսկությունը զանց անող: Սա էր Հիսուսի համար ամենածանր հարցը. «Զի ասեն եւ ոչ առնեն» Մատթ. 23:3: Սրանից առաջ գալիս են կեղծավոր կացությունը և հրեա ժողովրդի գլխավորների վարած հակասական ընթացքը. դրսից սուրբ, իսկ ներսից` կեղծ, դրսից` արդար, իսկ ներսից` անօրեն, դրսից` օրինապահ, իսկ ներսից` օրինազանց: Լեռան քարոզում էլ   Մատթ. 5:17-48, 6:1-18 , 6:19-34 , 7:1-27, եթե լավ դիտենք այդ հակասություններն ու կեղծ ուպատիր ձևերն էին, որ ավելի նյութ ընծայեցին Հիսուսի խոսքերին: Եվ Իր քարոզության վերջին օրն էլ , Հռոմեական 783 տարվա ապրիլի 4-ին կամ նիսանի 12-ին, մի ձևով Իր բոլոր քարոզությունների վերջաբանը կազմելու ժամանակ, նույն նյութն է, որ ավելի հուզում է իր սիրտն ու միտքը, և կծու շեշտով մեջտեղ է դրվում այդ կեղծավորների ով լինելը և մեկ առ մեկ պատռում է նրանց գործած խաբեությունների դիմակը և արածները երեսով տալիս:
        Հիսուսի ասծները հատված-հատված են և յուրաքանչյուրն էլ սկսվում է «Վա՜յ ձեզ դպրաց եւ փարիսեցւոց կեղծաւորաց» խոսքերով, ասածներին ուժ և ազդեցություն ավելավնելով: Մեկնիչները նկատել են, որ Ավետարանի մեջ, և առհասարակ, Ս. Գրքում «վա՜յ» բացականչությունը ամենից խիստ խոսքն է, որ գործածվում է միայն նրանց համար, որոնց չարությունն ամենածանրն է ու վիճակը դատապարտելի. այդ ահավոր վճռի տակ են ընկնում կեղծավորները: Դպիրները և փարիսեցիները տարբեր դասակարգեր չեն, որովհետև դպիրը իր ուսումնական կարողությամբ է հասել պաշտոնի, իսկ փարիսեցին ժամանակին տիրապետող աղանդներից մեկի հետևողն է և դպիրը կարող է լինել և փարիսեցի, և սադուկեցի կամ էսսենացի, թեև ավետարանում այս երրորդ աղանդը հիշված չէ: Կեղծավորությունը մյուս աղանդներին էլ օտար չէ, և չենք կարող ասել, թե սադուկեցիները կեղծավոր չէին. ուղղակի փարիսեցիների մեջ ավելի ցայտուն է երևում կեղծավորությունը, և նրանք ավելի աչքի են ընկնում, կամ էլ նրա համար, որ Հիսուսն էլ փարիսեցիների վարդապետության կողմն էր ընդդեմ սադուկեցիների, ինչպես տեսանք յոթ եղբայրների առակում Մատթ. 22:23-33 և Նա հատկապես կարևոր համարեց հիշել նրանց անունը, որպեսզի նրանց հետ համակարծիք լինելուն կասկածի տեղիք չտա, թեև այդ կետը բոլոր քարոզություններում հաճախ էր շեշտում:
    Մեր գործածած սովորական տպագրության մեջ «վա՜յ» բառով սկսած հատվածները ութն են, սակայն հունարեն բնագրի և մեր հայ թարգմանության գրչագիրներում միայն յոթն են, բոլոր հին օրինակները չունեն 23:14 համարը. «Վա՜յ ձեզ դպրաց եւ փարիսեցւոց կեղծաւորաց, զի ուտէք զտունս այրեաց, պատճառանօք երկարէքզաղօթս վասն զի աւելի դատաստան ընդունիցիք»: Այդ համարը, լատինական թարգմանությունից փոխադրելով, իր առաջին տպագրության մեջ ավելացրեց Ոսկան վարդապետը, ինչպես որ արել էր Մարկոսի 11:26 համարի դեպքում  Մատթ. 21:20-22: Այստեղ էլ պետք է ավելացնենք, որ այդ ավելացրած համարի իմաստը խորթ չէ ավետարանին, քանի որ Մարկոսի մոտ էլ է գտնվում. «Որ ուտեն զտունս այրեաց, պատճառանօք յերկարեալ զաղօթս, զի ավելի եւս դատաստան ընկալցին» Մարկ. 12:40 և Ղուկասի մոտ էլ. «Որ ուտեն զտունս այրեաց, եւ պատճառանօք յերկարեն զաղօթս, նոքա ընկալցին ավելի դատաստան» Ղուկ. 20:47, ինչպես որ մենք էլ հիշեցինք  Մատթ. 23:1-7, սակայն մեր բացատրություններում հետևում ենք նախնական օրինակներին:
    Առաջին վայը (23:13) կեղծավորների կողմից Ավետարանի կամ Երկնքի Արքայության դեմ ցուցաբերած հակառակության համար է: Ոչ միայն իրենք չեն հավանում և չեն համոզվում հետևել Հիսուսի քարոզած Ավետարանին, այլև ամեն տեսակ հնարքներով և հակառակություններով աշխատում են, որ ուրիշներն էլ չհավանեն և չհետևեն Նրան: Ավետարանական պատմության բոլոր հանգամանքները հաստատում են փարիսեցիների հակառակության ճիգերը` Հիսուսի հրաշքները ուրանալու, բժշկությունները վերագրելու դիվական զորության, օրինազանցության ամբաստանություններով զրպարտելու, բոլոր կողմերից հալածանքներ հարուցելու, որոնց նպատակն էր արգելել ժողովրդին Ավետարանին հետևել և Երկնքի Արքայություն մտնել:
    Երկրորդ վայը (23:15) նկատի ունի հրեական օրենքի համար տարածման սուտ ջանքերը: «Եկամուտ» կոչվածները հեթանոսությունից հրեություն դարձողներն են. «Ամեն ջանք գործադրում եք, - ասում է Հիսուս, - ամեն կողմ շրջում եք, ծով ու ցամաք չեք թողնում ու շրջում եք, որպեսզի մի հեթանոսի ազատեք կռապաշտության վարդապետությունից և փրկեք հոգու կորստից, բայց երբ հաջողացնում եք, փոխանակ ուրիշ վարդապետությամբ և մաքուր սկզբունքներով զորացնելու, ձեր կեղծավորության ձևերն եք սովորեցնում այդ եկամուտներին, որով նորից գեհենի արժանի կորստյան զավակներ և ձեզանից ավելի չարագույն աշակերտներ եք դարձնում նրանց»:
    Երրորդ վայը (23:16-22) երդման մասին կազմված սխալ վարդապետության մասին է, որը բացատրվեց նաև Լեռան քարոզում  Մատթ. 5:17-48: Փարիսեցիների երդումներում տարբերություններ էին դրված. տաճարի վրա երդումը տարբեր էր տաճարի ոսկու վրա երդումից, իսկ սեղանի վրա երդումը տարբեր էր սեղանի զոհի վրա երդումից: Պատճառը ագահությունն էր: Սովորություն էր, որ երդում տվողը ձեռքը պետք է դներ տվյալ բանի վրա, ինչպես այսօր էլ Ավետարանի վրա երդում տվողը ձեռքը դնում է Ավետարանի վրա: Արդ, տաճարի կամ սեղանի վրա երդում տալուց տաճարի պաշտոնյաներին ոչ մի օգուտ չէր լինում: Բայց երբ տաճարին դրամ և սեղանին զոհ բերեր և ձեռքը դրանց վրա դներ` երդվելու համար, դրամի ոսկին և զոհի կենդանին մնում էին տաճարի պաշտոնյաներին և երդումից օգուտ էին քաղում: Սրա համար սկսել էին ուսուցանել, որ միայն տաճարի կամ սեղանի վրա եղած երդումը ուժ չունի, զորավոր չէ, այլ պետք է տաճարը ոսկով լինի, սեղանը` զոհով: «Մորոս, յիմար, կոյր» և «կոյր առաջնորդ» է կոչում Հիսուս վարդապետներին. «Արդյո՞ք, -ասում է, - տաճարը չէ, որ սրբում է ոսկին, և սեղանը, որ նվիրագործում է զոհը, ապա ուրեմն ինչպե՞ս կարող եք տաճարն ու սեղանը հետադասել ոսկուն և զոհին, մինչ տաճարն ու սեղանը պետք է նախադասել որպես պատճառ և ոսկին և զոհը հետադասել որպես հետևանք: Եվ արդյո՞ք տաճարի վրա երդվողը տաճարի մեջ եղած բոլոր բաների վրա և սեղանի վրա երդվողը` սեղանի վրա եղած բոլոր բաների վրա երդված չի լինի: Ինչպես երկնքի վրա երդվողը երկնքում նստող Աստծու անվամբ երդված կլինի, քանի որ երկինք կոչվածը ըմբռնում ենք որպես Աստծո աթոռ և դրա համար էլ երկնքի վրա կերդվենք»:
    Չորրորդ վայը (23:23-24) տասանորդի պատվիրանում ցույց տրված կեղծ ճշտության համար է: Մովսեսի օրենքով հրամայվեց, որ յուրաքանչյուր հրեա իր շահի մեկ տասներորդը պեք է նվիրի Աստծուն և պիտի հանձնի ղևտացիներին` Աստծո տաճարի և տաճարի պաշտոնյաների ծախսերի համար Թիվ. 18:21: Այդ տուրքը նվիրական և նյութական էր, այսիքն նույն այդ արտադրված նյութից պիտի տրվեր. հունձքից վերցված արմատներից, այգեկութից ստացված տասը մար գինուց կամ մեկ մար ձեթից և այլն:
    Կեղծավոր վարդապետներն այդ պատվիրանն այնքան խղճահարությամբ էին կատարում, որ պարտեզում աճած անանուխի, սամիթի և չամանի (նանէ օթու, չէօրէկ օթու, չէմէն օթու) նման աննշանակ բույսերի նոր բուսած տերևներն էլ համրելով` տասը տերևի վրա մի տերև էին ցույց տալիս` որպես տասանորդ վճարելու համար   Ղուկ. 11:37-44: Հիսուս չէր ասում, որ չկատարին այդ ճշտապահությունը, մանավանդ որ հաստատում է ասելով. «Զայս արժան էր առնել»: Միայն նշում է, որ հայտնի կեղծավորություն է այդպիսի մանր պատվիրանների վրա խղճահար ճշտապահություն ցույց տալ, և մյուս կողմից օրենքի գրքի ամենածանր պատվիրանները, որոնք վերաբերում են արդարության կամ դատաստանի, սիրո կամ ողորմության, ներքին սրբության կամ հավատքի, ոտնակոխ անել, նրանց ուշադրություն չդարձնել և զիտակցաբար զանցառել: «Այդպես անողները և ժողովրդին այդպես սովորեցնողները, կույր առաջնորդներ են, որ ոչ իրենք են ուղիղ ճանապահով գնում և ոչ էլ ժողովրդին են ուղիղ ճանապարհով տանում: Իսկ իրենց խղճահարությունը նմանվում է այն մարդուն, որը քամում է խմած ջուրը, որպեսզի կուլ չտա մանր և անտեսանելի ճիճուներ, բայց երբ բաժակի մեջ ուղտ էլ ընկած լինի, չի զգուշանում կուլ տալուց»: Իհարկե, օրինակը չափազանցված է, որովհետև բաժակի մեջ չի կարող ուղտ ընկնել, բայց այս տեսակի չափազանցված օրինակներն ավելի ազդեցիկ են լինում ժողովրդի համար, և մենք քանի - քանի անգամ հանդիպել ենք Հիսուսի չափազանցված նմանատիպ օրինակների:
    Հինգերորդ վայը (23:25-26) կեղծավորության մի ուրիշ երևույթի համար է` վերցված ուտելիքի կամ ըմպելիքի սպասքի մաքրությունից: Ով որ ուզում է մաքուր ուտել և մաքուր խմել, գլխավորապս պետք է ուշադրություն դարձնի իր ամանի ներսի կողմը մաքրելուն, որ մեջը դրածն էլ չկեղտոտվի, չպղծվի և կերածը կամ խմածը մաքուր ու սուրբ լինի: Իսկ եթե մաքրում է միայն ամանի դրսի կողմը և ներսի կողմը կեղտոտ է թողնում` նրա կերածն ու խմածը մաքուր չեն լինի: Կեղծ, պատրողական սրբությունն ու արդարությունն էլ են սրան նման. կեղծավոր արդարը դուրսը մաքուր ու ներսը կեղտոտ մի աման է, դրսից լավ է երևում, բայց ներսը լեցուն է հափշտակություններով, անիրավություններով ու պղծություններով: Եվ այն մարդը, որ այս ձևով ուզում է ուրիշներին խաբել, երբ կարծում է թե ուրիշները կույր են և չեն տեսնում իսկությունը, ինքն է իսկապես կույր, որ չի տեսնում ճշմարտությունը: «Կեղծավոր փարիսեցի, - ասում է Հիսուս, - կույրը դու ես, որ ինքդ քեզ չես տեսնում, աշխատի’ր որ ներսդ մաքուր լինի, որովհետև եթե ներսից իսկապես արդար ու սուրբ լինես, արտաքինդ նույնպես արդար ու սուրբ կլինի, որովհետև մարդիկ կտեսնեն քո բարի գործերը և քո մասին լավ կարծիք կկազմեն և դու չես ձգտի այլևս ուրիշին լավ երևալու համար ջանք ու ճիգ թափես»:
    Վեցերորդ վայը (Մատթ. 23:27-28) դարձյալ կեղծավորությունը հանդիմանելու համար է, գեղեցիկ և զարդարուն շիրիմների օրինակից վերցված: Շատ տեղերում կոփված, հղկված ու ծեփված ու սպիտակեցված դամբարաններ են երևում, որոնց նայելով մարդ զարմանում է և գեղեցիկ շինություններ է համարում: Բայց եթե մտածի թե ինչ են այդ շիրիմները, շուտով պետք է ըմբռնի, որ դրանց մեջ դիակներ են դրված, որոնք նեխած ու փտած են, որոնցից ուրիշ բան չի մնում, բացի չոր ոսկորներից ու գարշահոտությունից. «Ահա’, դուք էլ եք այսպես, - ասում է Հիսուս կեղծավորերին, - ձեր արտաքին զարդարանքներով մարդկանց աչքին գեղեցիկ եք երևում, սակայն իրականում գեղեցիկ չեք, որովհետև ձեր ներսը լցված է անօրենությամբ, անիրավությամբ, ստությամբ ու խաբեությամբ, և դա է ձեր իսկությունը, ոչ թե այն` ինչ երևում է դրսից» Ղուկ. 11:37-44:
    Յոթերորդ վայը (23:29-31) խոսում է ժամանակին հրեաների` իրենց նախնիներին արած ակնարկության մասին, որովհետև լսելով ու կարդալով, որ իրենց նախնիները անարգել, նախատել, հալածել ու սպանել էին Աստծո մարգարեներին, ասում էին, որ եթե իրենց նախնիների տեղը իրենք լինեին, այդպիսի բաներ չէին կատարի: Եվ որպեսզի իրենց պարծենկոտությունը հաստատեն, պատվում են իրենց նախնիների կողմից անարգված մարգարեներին, նրանց փառավոր գերեզմաններ են կանգնեցնում, հնարավորին չափ զարդարում են, և ուզում են ապացուցել, որ տարբերվում են իրենց նախնիներից: «Բայց չէ՞ որ, -ավելացնում է Հիսուս, - այդ անելով խոստովանում եք, որ մարգարեասպանների զավակներն ու հաջորդներն եք: Սպանված մարգարեների գերեզմաններ զարդարելով` սպանողներին նման լինելու ապստամբությունից չեք ազատվի, քանի որ դրանք արտաքին բաներ են, իսկ իրականում, դուք էլ կանեք նրանց արածը, քանի որ հալածում եք Երկնքի Արքայությունը քարոզողներին և մերժում եք Ավետարանի վարդապետությունը: Սրանով ոչ միայն չեք հաստատում ձեր նախնիներից տարբերվելը, այլև արդարացնում եք ձեր մի քայլ առաջ գնալը: Նրանք Մեսիայի մարգարեներին հալածեցին, դուք հալածում եք հայտնված Մեսիային, որով լրացնում եք ձեր նախնիների անօրինության չափը»: