Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:1

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

1-7. «Այդ ժամանակ Հիսուս խոսեց ժողովրդի ու Իր աշակերտների հետ և ասաց»։ «Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները»։ «Արդ, այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահե՛ք ու արե՛ք, բայց նրանց գործերի պե՛ս մի արեք, որովհետև նրանք ասում են, բայց չեն անում»։ «Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և մարդկանց ուսերին դնում, բայց իրենց մատով անգամ չեն ուզում շարժել դրանք»։ «Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում. իրենց գրապանակներնեն լայնացնում և իրենց հագուստների քղանցքները երկարացնում»։ «Նաև սիրում են առաջին տեղերը ընթրիքների ժամանակ և ժողովարաններում՝ առաջին աթոռները»։ «Եվ հանրային հավաքույթներում՝ բարևները և մարդկանց կողմից «Ռա՛բբի, Ռա՛բբի» կոչվելը»։
   
   «Այդ ժամանակ» - դա ե՞րբ էր։ Երբ Փրկիչն ավարտեց փարիսեցիների հետ Իր զրույցը, երբ փակեց նրանց բերանը, երբ հասցրեց նրանց այն վիճակին, որ նրանք այլևս չէին համարձակվում փորձել Իրեն, երբ ցույց տվեց, որ նրանք տառապում են անբուժելի հիվանդությամբ։ Եվ քանի որ Քրիստոս ավելի վերևում հիշատակել էր Տիրոջ մասին, Որը խոսում էր Իր Տիրոջ հետ, ուստի Նա այժմ կրկին անդրադառնում է օրենքին։ Միգուցե դու ասես՝ օրենքը նմանատիպ բան չի ասում, այլ ասում է միայն. «մեր Տեր Աստված մեկ Տեր է» (Բ Օրին․ 6:4)։ Բայց Սուրբ Գրքում «օրենք» է կոչվում ողջ Հին Կտակարանը։ Իսկ այն, ինչ հիմա ասում է Փրկիչը, ասում է ա՛յն նպատակով, որպեսզի ամեն կերպ ցույց տա Իր լիակատար համաձայնությունը Հոր հետ։ Եթե Նա Հորը հակառակ լիներ, ապա հակառակն էլ կասեր օրենքի մասին։ Մինչդեռ այստեղ Հիսուս հրամայում է այնպիսի հարգանք ցուցաբերել օրենքի հանդեպ, որ պատվիրում է հետևել դրան՝ չնայած օրենքի ուսուցիչների ապականությանը։ Այստեղ Նա խոսում է նաև կյանքի և վարքի պատշաճ կերպի մասին, քանի որ փարիսեցիների անհավատության գլխավոր պատճառն ապականված կյանքն ու փառքի հանդեպ մոլուցքն էր։ Այսպիսով, ունկնդիրներին ուղղելու համար Փրկիչը նրանց հատկապես պատգամում է պահպանել այն, ինչն ամենից շատ նպաստում է փրկությանը, այն է՝ ուսուցիչներին չարհամարհել և քահանաների դեմ դուրս չգալ։ Եվ ոչ միայն ուրիշներին է հրամայում, այլև Ինքն իսկ այդպես է վարվում։ Նա ապականված ուսուցիչներից էլ չի խլում պատշաճ հարգանքը՝ դրանով նրանց ավելի մեծ դատապարտության ենթարկելով, իսկ Իր ուսմունքն ունկնդրողներին անհնազանդության որևէ մի «պատրվակ» չի թողնում, որպեսզի ոչ ոք չասի՝ «ես ծույլ դարձա ա՛յն պատճառով, քանի որ իմ ուսուցիչը վատն է»․ Քրիստոս վերացնում է բուն այդ դրդապատճառը։ Այսպիսով, չնայած դպիրների ապականությանը, Փրկիչն այնպես ուժգին է պաշտպանում նրանց իշխանության իրավունքները, որ նույնիսկ այդքան սաստիկ հանդիմանությունից հետո ժողովրդին ասում է. «Այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահե՛ք», որովհետև նրանք ներկայացնում են ոչ թե իրենց, այլ Աստծու պատվիրանները, որոնք Աստված Մովսեսի միջոցով հայտնեց օրենքում։ Եվ նկատի՛ր, թե Քրիստոս ինչպիսի պատիվ է ցուցաբերում Մովսեսի հանդեպ, երբ հենց դպիրներին հարգանքի արժանի է համարում Մովսեսի հանդեպ ակնածանքից ելնելով՝ այդպիսով կրկին ապացուցելով Իր ուսմունքի համաձայնությունը Հին Կտակարանի հետ. «Մովսեսի աթոռի վրա նստեցին», - ասում է Նա։ Քանի որ Հիսուս չէր կարող նրանց ներկայացնել որպես իրենց ապրած կյանքով վստահության արժանացած անձանց, ուստի ներկայացնում է դրան միտված օրինական մղումներ՝ հիշատակելով Մովսեսի գահն ու ուսմունքը։ Իսկ երբ լսում ես «այն ամենը» խոսքերը, դրա ներքո մի՛ հասկացիր ողջ օրենքը, ինչպես, օրինակ, կերակրի, զոհաբերությունների մասին ու նմանատիպ այլ կանոնները։ Ուրեմն Հիսուս ինչպե՞ս կարող էր այժմ խոսել այն մասին, ինչն ավելի վաղ արդեն վերացրել էր։ «Այն ամենը» խոսքերով Նա նկատի ունի վարքուբարքն ուղղելուն, կենսակերպը բարելավելուն ծառայող, Նոր Կտակարանի կանոններին համապատասխանող և օրենքի լծից ազատող ցուցումները։ Իսկ այդ դեպքքում Նա ինչո՞ւ է հրամայում սա անել ոչ թե շնորհի օրենքի, այլ Մովսեսի՛ օրենքի հիման վրա։ Որովհետև մինչև խաչելությունը դեռևս ժամանակը չէր հստակորեն խոսելու այդ մասին։ Բացի այդ, ինձ թվում է, որ Հիսուս, սա ասելով, նկատի ուներ նաև ինչ-որ ուրիշ բան։ Քանի որ Նա ցանկանում էր հանդիմանել փարիսեցիներին, ուստի, որպեսզի անմիտ մարդիկ չկարծեն, թե Քրիստոս հավակնում է փարիսեցիներին պատկանող իշխանությունը, կամ թե՝ սա անում է ատելությունից դրդված, Հիսուս ամենից առաջ ոչնչացնում է այդօրինակ կասկածը և, դա անելով, այնուհետև ձեռնամուխ է լինում հանդիմանության։ Ուրեմն ինչո՞ւ է Նա հանդիմանում փարիսեցիներին և այդքան շատ բան է ասում նրանց դեմ։ Նրա՛ համար, որպեսզի պաշտպանի ժողովրդին, որպեսզի ժողովուրդը նույնպես նույն արատների մեջ չընկնի։ Իսկապես, միևնույն բանը չէ չարիքը պարզապես արգելելը և չարիք գործող մարդկանց մատնանշելը, ճիշտ այնպես, ինչպես միևնույն բանը չէ բարի գործերը գովաբանելն ու առաքինի մարդկանց օրինակներ ներկայացնելը։ Ահա թե ինչու Փրկիչը, դեռ նախքան փարիսեցիներին հանդիմանելը, ասում է. «Բայց նրանց գործերի պե՛ս մի արեք»։ Որպեսզի ժողովուրդը չմտածի, թե, փարիսեցիներին լսելով, նաև պիտի ընդօրինակի նրանց, Փրկիչն ավելացնում է այս խոսքերը՝ փարիսեցիների ցուցադրական պատիվը վերածելով դատապարտության։ Եվ իսկապես, ո՞վ կարող է ավելի ողբալի լինել, քան այն ուսուցիչը, ում աշակերտները փրկվում են միայն ա՛յն բանի շնորհիվ, որ չեն հետևում ուսուցչի կյանքի օրինակին։ Այսպիսով, այդպիսի ուսուցիչների կեղծ պատիվը դառնում է նրանց ամենամեծ դատապարտությունը, երբ նրանց կյանքն այնպիսին է, որ իրենց աշակերտները նույնպես, այն ընդօրինակելու դեպքում, ամբողջովին ապականության կմատնվեն։ Ահա թե ինչու Տերն այժմ դիմում է նրանց հանդիմանությանը։ Ի դեպ, Նա սա անում է ոչ միայն այս մեկ պատճառով, այլև որպեսզի ցույց տա, որ թե՛ նրանց՝ ավելի վաղ ունեցած անհավատությունը, և թե՛ Իրեն խաչին գամելը, ինչը նրանք համարձակվեցին անել ավելի ուշ, չեն կարող մեղադրանքի արժանացնել Խաչվողին, Ում նրանք չհավատացին, այլ, ընդհակառակը, փարիսեցիների այդ վարմունքն ինքնին ծառայում է նրանց սեփական ամբարշտությունն ու երախտամոռությունը բացահայտելուն։ Ուրեմն տե՛ս, թե Հիսուս ինչից է սկսում և ինչպես է սաստկացնում Իր հանդիմանությունները։ «Ասում են, բայց չեն անում», - ասում է Նա։ Եվ ամեն մի օրինախախտ արժանի է մեղադրանքի, ու առավել ևս նա, ով ունի ուսուցանելու իշխանություն։ Այդպիսին արժանի է կրկնակի ու եռակի անգամ ավելի մեծ դատապարտման, քանի որ, առաջին հերթին, խախտում է օրենքը, երկրորդ՝ որովհետև, ուրիշներին ուղղելու պարտականությունն ունենալով, սակայն ինքն իսկ թերանալով իր գործում, ավելի մեծ պատժի է արժանի դառնում իր բարձր դիրքի պատճառով, և երրորդ՝ որովհետև մյուսներին ավելի սաստիկ է մղում արատի, քանի որ խախտում է օրենքը՝ ինքն իսկ օրենքի ուսուցիչ լինելով։ Մնացյալ ամեն ինչի հետ Փրկիչը նրանց մեղադրում է ևս մեկ բանում, այն է՝ որ նրանք դաժանորեն են վարվում իրենց հոգածությանը հանձնված մարդկանց հետ։ «Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և մարդկանց ուսերին դնում, բայց իրենց մատով անգամ չեն ուզում շարժել դրանք» (Մատթ. 23:4)։ Այս խոսքերով Հիսուս բացահայտում է նրանց գործողություններում առկա կրկնակի չարիքը։ Այսպես, նրանք, առանց որևէ ներողամտություն ցուցաբերելու, իրենց ենթականերից պահանջում են ամբողջական ու կատարյալ ճշտապահություն ունենալ իրենց կյանքում, մինչդեռ իրենք իրենց գործելու լիակատար ազատություն են տալիս՝ այն դեպքում, երբ բարի առաջնորդին հարկ էր այլ կերպ վարվել, այսինքն՝ հենց ինքն իր հանդեպ խիստ ու պահանջկոտ դատավոր լինել, իսկ ենթակաների նկատմամբ լինել հեզ ու ներողամիտ։  Փարիսեցիները, սակայն, անում էին հակառակը։

   Այսպիսին են բոլոր նրանք, ովքեր միայն խոսքերով են փիլիսոփայում։ Նրանք, առանց ողորմածություն դրսևորելու, խիստ են ու պահանջկոտ, որովհետև անգամ չեն էլ փորձել, թե որքան դժվար է գործերով ուսուցանելը։ Սա նույնպես փոքր չարիք չէ, և շատ մեծ սաստկություն է հաղորդում նախորդ հանդիմանություններին։ Բայց տե՛ս, թե Փրկիչն ինչպես է էլ ավելի սաստկացնում դպիրների դեմ այս մեղադրանքը։ Նա չի ասում՝ «չեն կարող», այլ՝ «չեն ուզում»։ Եվ չասաց՝ «կրել», այլ՝ «մատով անգամ․․․նշարժել դրանք», այսինքն՝ նույնիսկ չեն ցանկանում մոտենալ, դիպչել անգամ։ Իսկ ինչի՞ մասին են հոգս անում, և ինչի՞ն են ուղղված նրանց ջանքերը։ Այն ամենին, ինչն արգելված է օրենքով։ «Իրենց բոլոր գործերը, - ասում է Փրկիչը, - մարդկանց ցույց տալու համար են կատարում» (Մատթ. 23:5)։ Այս խոսքերով Քրիստոս նրանց հանդիմանում է սնափառության մեջ, ինչն էլ որ կործանում է նրանց։ Վերևում հիշատակված արարքները ցույց էին տալիս դպիրների և փարիսեցիների դաժանությունն ու անհոգությունը, իսկ այն ամենը, որոնց մասին խոսվում է այժմ, բացահայտում են նրանց անսահման փառատենչությունը։ Հենց սա էլ հեռացրեց նրանց Աստծուց, սա ստիպեց նրանց մրցել մեկ ուրիշ մրցաասպարեզում, և կորստյան մատնեց։ Իսկապես, երբ մեկը հանդիսատես է ունենում, այնպիսի սխրանքներ է ցուցադրում, որոնցով կարող է հաճելի լինել հանդիսատեսին։ Այսպես, ով մրցում է արիությամբ լցված մարդկանց առջև, նա ինքն էլ ջանում է աչքի ընկնել արիությամբ, իսկ ով պայքարում է թույլ ու թուլամիտ մարդկանց առջև, ինքն էլ ասես անհոգության է մատնվում։ Այդպես նաև, եթե մեկն իր առջև ունի ծիծաղասեր հանդիսատեսների, ապա ինքն էլ ջանում է ծիծաղելի լինել, որպեսզի հաճույք պատճառի նրանց։ Իսկ մեկ ուրիշը, իր առջև ունենալով լուրջ ու իմաստասիրությանը հակված հանդիսատեսների, ինքն էլ ջանում է այդպիսին լինել, քանի որ սա համապատասխանում է նրա՛նց տրամադրվածությանը, որոնցից ինքը գովեստ է ակնկալում։ Բայց տե՛ս, թե ինչպես է Փրկիչն այստեղ ևս մեծացնում փարիսեցիների մեղքը։ Հիսուս չի ասում, թե նրանք որոշ դեպքերում այդպես են վարվում, ուրիշ պարագաներում՝ այլ կերպ, այլ ասում է, որ իրենց բոլոր գործերում հավասարապես նույն կերպ են վարվում։ Այսպիսով, հանդիմանելով նրանց սնափառությունը, Քրիստոս այնուհետև ցույց է տալիս, որ իրականում նրանք փառասեր չեն ինչ-որ կարևոր կամ հարկավոր հարցերում (նրանք ոչ մի ճշմարիտ բարի գործ չունեին գործած), այլ՝ ունայն ու սին պարծանքներով, որոնք ցույց էին տալիս միայն նրանց ապականությունը։ «Լայնացնում են, - ասում է Հիսուս, - իրենց գրապանակներնեն լայնացնում և իրենց հագուստների քղանցքները երկարացնում»։

   Իսկ ի՞նչ են ապա այդ գրապանակներն ու քղանցքները։ Քանի որ նրանք հաճախ մոռանում էին Աստծու բարերարությունները, ուստի Աստված հրամայեց նրանց հատուկ թերթիկների վրա գրել Իր հրաշքները և այդ թերթիկները կապել իրենց ձեռքերին (դրա համար էլ ասվում է. «Դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջև» (Բ Օրին․ 6:8), ինչը կոչվում էր «գրապանակներ», նմանապես, ինչպես այժմ շատ կանայք Ավետարաններ են կրում իրենց պարանոցին։ Իսկ որպեսզի հրեաներին այլ կերպ էլ ստիպի հիշել Իր բարերարությունները, Աստված նրանց հրամայեց, ինչպես փոքր երեխաների, անել այն, ինչ շատերն անում են՝ խուսափելու համար մոռացկոտությունից, մատին մի կտոր կամ թել կապել, այսինքն՝ վերին հագուստի ծայրերին կարել հակինթագույն քղանցքներ՝ մինչև ոտքերը, որպեսզի, դրանց նայելով, հիշեին պատվիրանների մասին․ հենց սա է, որ կոչվում էր «քղանցքներ»։ Դպիրներն ու փարիսեցիները, սակայն, հատկապես հոգում էին այդ թերթիկների համար լայն գրապանակներ ունենալ և երկարացնել հագուստների քղանցքները, ինչը ցույց էր տալիս նրանց ծայրահեղ սնապարծությունը։ Ինչի՞ համար ես հպարտանում ու լայնացնում դրանք։ Մի՞թե դրա մեջ է քո առաքինությունը։ Մի՞թե դրանք ինչ-որ բարիք կբերեն քեզ, եթե դու օգտագործած չլինես այն, ինչի մասին դրանք հիշեցնում են քեզ։ Աստված ոչ թե պահանջում է, որ դու մեծացնես ու լայնացնես դրանք, այլ որ հիշես Իր բարերարությունները։ Եթե չպիտի պարծենալ ողորմությամբ ու պահքով, որոնք մեզնից ջանք են պահանջում և մեր բարի գործերն են հանդիսանում, ապա ուրեմն ինչպե՞ս ես դու, ո՜վ հրեա, հպարտանում հենց այն բանով, ինչը հատկապես բացահայտում է քո անհոգությունը։ Ի դեպ, հրեաները ոչ միայն այս մանրուքներում էին ցուցադրում իրենց ունայնամտությունը, այլև շատ ուրիշ հարցերում։ «Նաև սիրում են, - ասում է Նա, - առաջին տեղերը ընթրիքների ժամանակ և ժողովարաններում՝ առաջին աթոռները։ Եվ հանրային հավաքույթներում՝ բարևները և մարդկանց կողմից «Ռա՛բբի, Ռա՛բբի» կոչվելը» (Մատթ. 23:6-7)։ Միգուցե այս ամենն էլ կարելի է մանրուք համարել, բայց այսպիսի մանրուքները մեծ չարիքների պատճառ են հանդիսանում։ Դրանք քայքայում են թե՛ պետությունը, և թե՛ եկեղեցիները։ Ես չեմ կարող զսպել արցունքներս, երբ այժմ նույնպես լսում եմ առաջին տեղերը զբաղեցնելու ու ողջույններ ստանալու մոլուցքի մասին, և պատկերացնում եմ, թե դրանից որքան չարիք է բխել Աստծու եկեղեցիների համար։ Բայց սրա մասին հիմա ձեզ մանրամասն ասելու կարիք չկա, և հատկապես ձեզնից ավագներն ինձնից այս մասին լսելու կարիք չունեն։ Ավելի լավ է ուշադրություն դարձնենք հետևյալին. որտե՞ղ էր սնափառությունը տիրում օրենքի այս ուսուցիչներին։ Այնտե՛ղ, որտեղ նրանց պատվիրված էր զգուշանալ սնափառությունից՝ ժողովարաններում, ուր նրանք գնում էին ուրիշներին ուսուցանելու։ Խրախճանքներում սա, միգուցե, ավելի քիչ դատապարտելի կթվար, թեև այնտեղ նույնպես ուսուցիչը պետք է օրինակ ծառայեր․ ուսուցիչը պիտի օրինակ ցույց տա ոչ միայն եկեղեցում, այլև ամենուր։ Ինչպես մարդը, ուր էլ որ լինի, ամենուր ակնհայտորեն տարբերվում է անբան կենդանիներից, այնպես էլ ուսուցիչը և՛ խոսելիս, և՛ այն ժամանակ, երբ լռում է, թե՛ ուտելիս, և թե՛ ինչ-որ ուրիշ բան անելիս, պիտի որպես օրինակ ներկայանա և՛ քայլվածքով, և՛ հայացքով, և՛ հագուստով, և՛, ընդհանրապես, ամեն ինչով։ Մինչդեռ փարիսեցիները, ընդհակառակը, ամենուր ծաղրի ու ամոթի արժանի վարք էին դրսևորում՝ ջանալով հետապնդել այն, ինչից հարկավոր էր խուսափել։ «Նաև սիրում են․․․», - ասում է Հիսուս։ Եթե նույնիսկ դա սիրելն է դատապարտելի, ապա ուրեմն ինչպիսի՜ խոտելի երևույթ է այդպես վարվելը։ Եվ որքա՜ն ավելի մեծ չարիք է հետամուտ լինել դա անելուն և ձգտել այն ստանալուն։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

1-2. Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց.«Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները.
   

   Այդ ժամանակ Հիսուսը խոսեց ժողովրդի և Իր աշակերտների հետ և ասաց. «Մովսեսի աթոռին նստեցին օրենսգետներն ու փարիսեցիները:

   Ե՞րբ: Երբ այդ ամենն ասաց և ըմբերանեց նրանց, և նրանք չկամեցան զգոնանալ, այնուհետև սկսեց նաև հանդիմանել նրանց, որ թերևս սրանով նրանց շահեր: Ասաց. «Մովսեսի աթոռին նստեցին օրենսգետներն [ու փարիսեցիները]». քանի որ չէր կարող վարքով նրանց հավասարեցնել [Մովսեսին], աթոռով է համեմատում` որպես թե [ասելով]. «Մովսեսից ուրիշ բան չժառանգեցին, գահերիցության պատվից բացի»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

1-7. Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց. «Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում: Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք: Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը: Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ:
   
   Հիսուս, վերևում հիշված Իր հարցով, ազդեցություն էր գործել փարիսեցիների վրա, Իրեն շրջապատող ժողովուրդն էլ զարմանում և համակրում էր: Ամեն ինչ նպաստավոր էր Հիսուսի վարդապետությանը, և հակառակորդները` դավաճանությունից բացի ուրիշ միջոց չունենալով, այն իրագործելու համար հեռացել էին: Վերջին օրն էր և վերջին ժամերն էին, որ Հիսուս անցկացնում էր ժողովրդի մեջ. պետք էր վերջնականապես խայտառակել Ավետարանի հակառակորդներին և հռչակել Ավետարանի վարդապետությունը: Այս է, որ սկսում է խոսել Հիսուս և լուրջ բացատրություններով մեջբերում Իր հակառակորդների կեղծավոր ընթացքը, որոնք կարծում էին, թե սուտ օրենսդրության, կեղծված արդարության և ձևական սրբության կերպարանքով կարող են ճշմարտությունը հալածել:
   Դպիրները և փարիսեցիները,- ասում է Հիսուս,- մտել են Մովսիսական օրենքների պահպանության հսկող գերագույն ժողով, և Մովսեսի օրենսդրական իշխանությանը ժառանգ են դարձել ու գրավել են նրա աթոռը: Օրենքի գիրքը ձեռքներին` նրա պատվիրաններն են ասում և կրկնում Աստծո տված օրենքները: Ինչ որ օրենքից են ձեզ ասում, մի անարգեք, լսեք և գործադրեք, բայց չլինի այնպես, որ նրանց գործերը և նրանց ընթացքը որպես օրինակ վերցնեք և հետևեք, որովհետև բոլորովին հակառակ են արածներն ու ասածները. ասելն ասում են, բայց անելը չեն անում: Ամենից ծանր օրենքներն էլ, առանց թեթևացնել ուզելու, ամենածանր և դժվարակիր հակերը իրար են միացնում և իրար վրա են դիզում, ու այդպես ժողովրդի ուսերին բարձելուց չեն քաշվում: Բայց իրենք այդ ծանր հակերը տանելու և շարժելու համար անգամ մատները չեն մոտեցնում, ուր մնաց, որ օրենքի բեռի տակ մտնեն: Եվ եթե երբևէ որևէ բարեգործություններ են անում, դրանք բոլորը կեղծիք են ու պատրանք, իսկական բարեգործություններ չեն, այլ միայն բարեգործ երևալու, ժողովրդից գովեստ ընդունելու ցուցադրություններ են: Օրենքը աչքի առջև ունենալու և պահպանելու հրամանն (Ել. 13:9), (Ել. 13:16), (Բ Օր. 6:8), ամբողջովին վերածելով նյութականի` կարծում են թե, երբ օրենքի տառը, գրապանակի վրա գրված, ճակատի կամ ձեռքի վրա կապվի, օրենքը պահված կլինի և ավելի օրինական երևալու համար գրապանակներն ավելի լայն ու խոշոր են անում: Նմանապես ավելի աստվածապաշտ և բարեպաշտ երևալու համար իրենց զգեստների քղանցքներն ու ծոպերը ավելի ընդարձակ և օրինական նիշերով են զարդարում (Ա Թիվք. 15:38): Իրենց մեծության և իշխանության արդյունքը ոչ թե ժողովրդին օգտակար լինելն է, այլ ընթրիքի սեղաններին առաջին տեղերը գրավելը, ժողովներում և հավաքներում առաջին աթոռ նստելը, հրապարակներում ու փողոցներում բոլորի կողմից հարգալից բարև ստանալը, ուրիշներից «ռաբբի, ռաբբի», այսինքն` «վարդապետ, վարդապետ», տիտղոսով հիշվելն ու կոչվելը: Բայց մյուս կողմից ոչ միայն ժողովրդին օգուտ չեն տալիս, այլև շահագործում են խեղճ որբևայրիների իրավունքները: Եթե աղոթասեր են երևում, սոսկ երևալու համար է. դրա համար կամ հրապարակային տեղերում են աղոթում, կամ կամովին երկարացնում աղոթքը, որպեսզի ժողովուրդը իրենց օրինապահ և բարեպաշտ կարծի և իրենց գործած անիրավությունները չերևան: Սակայն Աստված չի խաբվի այդ երևույթներով, գիտե նրանց բոլորի ներքինը, և իրենց ներքին անիրավությունների համեմատ պետք է դատի նրանց ավելի խստորեն, որովհետև կամովին և չարամտությամբ բարեպաշտության նշաններ գործածում են ավելի համարձակ գործելու իրենց անիրավությունները և պղծությունները»: