Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:1

Հովհաննես Ծործորեցի (†1338)

1-2. Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց.«Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները.

 

    Այդ ժամանակ Հիսուսը խոսեց ժողովրդի և Իր աշակերտների հետ և ասաց. «Մովսեսի աթոռին նստեցին օրենսգետներն ու փարիսեցիները:

    Ե՞րբ: Երբ այդ ամենն ասաց և ըմբերանեց նրանց, և նրանք չկամեցան զգոնանալ, այնուհետև սկսեց նաև հանդիմանել նրանց, որ թերևս սրանով նրանց շահեր: Ասաց. «Մովսեսի աթոռին նստեցին օրենսգետներն [ու փարիսեցիները]». քանի որ չէր կարող վարքով նրանց հավասարեցնել [Մովսեսին], աթոռով է համեմատում` որպես թե [ասելով]. «Մովսեսից ուրիշ բան չժառանգեցին, գահերիցության պատվից բացի»:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

1-7. Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց. «Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում: Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք: Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը: Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ:
   

    Հիսուս, վերևում հիշված Իր հարցով, ազդեցություն էր գործել փարիսեցիների վրա, Իրեն շրջապատող ժողովուրդն էլ զարմանում և համակրում էր: Ամեն ինչ նպաստավոր էր Հիսուսի վարդապետությանը, և հակառակորդները` դավաճանությունից բացի ուրիշ միջոց չունենալով, այն իրագործելու համար հեռացել էին: Վերջին օրն էր և վերջին ժամերն էին, որ Հիսուս անցկացնում էր ժողովրդի մեջ. պետք էր վերջնականապես խայտառակել Ավետարանի հակառակորդներին և հռչակել Ավետարանի վարդապետությունը: Այս է, որ սկսում է խոսել Հիսուս և լուրջ բացատրություններով մեջբերում Իր հակառակորդների կեղծավոր ընթացքը, որոնք կարծում էին, թե սուտ օրենսդրության, կեղծված արդարության և ձևական սրբության կերպարանքով կարող են ճշմարտությունը հալածել:
    Դպիրները և փարիսեցիները,- ասում է Հիսուս,- մտել են Մովսիսական օրենքների պահպանության հսկող գերագույն ժողով, և Մովսեսի օրենսդրական իշխանությանը ժառանգ են դարձել ու գրավել են նրա աթոռը: Օրենքի գիրքը ձեռքներին` նրա պատվիրաններն են ասում և կրկնում Աստծո տված օրենքները: Ինչ որ օրենքից են ձեզ ասում, մի անարգեք, լսեք և գործադրեք, բայց չլինի այնպես, որ նրանց գործերը և նրանց ընթացքը որպես օրինակ վերցնեք և հետևեք, որովհետև բոլորովին հակառակ են արածներն ու ասածները. ասելն ասում են, բայց անելը չեն անում: Ամենից ծանր օրենքներն էլ, առանց թեթևացնել ուզելու, ամենածանր և դժվարակիր հակերը իրար են միացնում և իրար վրա են դիզում, ու այդպես ժողովրդի ուսերին բարձելուց չեն քաշվում: Բայց իրենք այդ ծանր հակերը տանելու և շարժելու համար անգամ մատները չեն մոտեցնում, ուր մնաց, որ օրենքի բեռի տակ մտնեն: Եվ եթե երբևէ որևէ բարեգործություններ են անում, դրանք բոլորը կեղծիք են ու պատրանք, իսկական բարեգործություններ չեն, այլ միայն բարեգործ երևալու, ժողովրդից գովեստ ընդունելու ցուցադրություններ են: Օրենքը աչքի առջև ունենալու և պահպանելու հրամանն Ել. 13:9 , Ել. 13:16, Բ Օր. 6:8, ամբողջովին վերածելով նյութականի` կարծում են թե, երբ օրենքի տառը, գրապանակի վրա գրված, ճակատի կամ ձեռքի վրա կապվի, օրենքը պահված կլինի և ավելի օրինական երևալու համար գրապանակներն ավելի լայն ու խոշոր են անում: Նմանապես ավելի աստվածապաշտ և բարեպաշտ երևալու համար իրենց զգեստների քղանցքներն ու ծոպերը ավելի ընդարձակ և օրինական նիշերով են զարդարում Ա Թիվք. 15:38: Իրենց մեծության և իշխանության արդյունքը ոչ թե ժողովրդին օգտակար լինելն է, այլ ընթրիքի սեղաններին առաջին տեղերը գրավելը, ժողովներում և հավաքներում առաջին աթոռ նստելը, հրապարակներում ու փողոցներում բոլորի կողմից հարգալից բարև ստանալը, ուրիշներից «ռաբբի, ռաբբի», այսինքն` «վարդապետ, վարդապետ», տիտղոսով հիշվելն ու կոչվելը: Բայց մյուս կողմից ոչ միայն ժողովրդին օգուտ չեն տալիս, այլև շահագործում են խեղճ որբևայրիների իրավունքները: Եթե աղոթասեր են երևում, սոսկ երևալու համար է. դրա համար կամ հրապարակային տեղերում են աղոթում, կամ կամովին երկարացնում աղոթքը, որպեսզի ժողովուրդը իրենց օրինապահ և բարեպաշտ կարծի և իրենց գործած անիրավությունները չերևան: Սակայն Աստված չի խաբվի այդ երևույթներով, գիտե նրանց բոլորի ներքինը, և իրենց ներքին անիրավությունների համեմատ պետք է դատի նրանց ավելի խստորեն, որովհետև կամովին և չարամտությամբ բարեպաշտության նշաններ գործածում են ավելի համարձակ գործելու իրենց անիրավությունները և պղծությունները»: