Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:5

Հովհաննես Ծործորեցի

Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը:

 

    Եվ իրենց բոլոր գործերը կատարում են ի ցույց մարդկանց:

    Նախ Օրենքի գործերում ծույլերին մեղադրեց, այժմ էլ` սնապարծներին ու փառասերներին, որոնք երկուսն էլ կորստյան և Աստծուց օտարանալու պատճառներ են, որովհետև կամ չեն գործում, կամ էլ գործում են մարդկանց փառքի համար, և ո՛չ թե Օրենքը, այլ ձևական ավանդությունները, ինչպես ասում է [Տերը].

    Լայնացնում են իրենց գրապանակները և երկարեցնում իրենց հագուստի քղանցքները:

    Սա ևս սնափառության օրինակ է. [այսպես էին վարվում], որ մարդկանց աչքին օրինավոր երևային, երբ Աստծո աչքում օրինազանց էին: Իսկ գրապանակներ էին պատրաստում, որովհետև ստեպ մոռանում էին Աստծո երախտիքները: Ուստի [Աստված] հրաման տվեց փոքր գրքում գրել [Իր] հրաշալի գործերը և կախել բազուկներից կամ կրծքին 1246, ինչ պատճառով էլ ասում էր. «Թող աչքերիդ առաջ անշարժ լինի» (հմմտ. Ելք 13:16): Այն «պահպանակ» էին կոչում, ինչպես այժմ էլ շատ կանայք ավետարանակ են կախում մանուկների պարանոցից: [Փարիսեցիներն ու օրենսգետները] սրանք ավելի մեծ ու լայն էին պատրաստում` միայն կրելու և ոչ թե գործելու համար: Իսկ «հագուստի քղանցքը» դարձյալ նույն պատճառով [գոյություն ուներ], որովհետև իբրև մանուկների` [Աստված] հրամայեց դրանք կապույտ կտորից պատրաստել օձիքի շուրջն ու [հագուստի] ներքևի ծայրերը և ասեղնագործել, որպեսզի դրանց նայելով` հիշեին Նրա պատվիրանները: Դրանք էին կոչում «քղանցք», այսինքն` ծոպեր: Կամ էլ ներկված քուղ էին անցկացնում թելերի միջև, ինչպես այժմ մոռացկոտներին են անում` կտորով կամ թելով կապում են մատը, որպեսզի դրան նայելով` հիշեն անելիքը: [Փարիսեցիներն ու օրենսգետները] դա ավելի երկար էին անում սնապարծության պատճառով:

    Բայց հարկ է քննել, թե ինչու էին մոռացվելիք մեկ բանի համար կրկնակի նշան գործածում: Կամ շատ հեղգ ու տարտամ լինելու պատճառով, ինչպես և էին, կամ էլ գրապանակով պիտի զգուշանային մտքի ախտից` նենգությունից, բարկությունից ու [անմաքուր] ցանկությունից, իսկ հագուստի քղանցքով պիտի զգոն լինեին մարմնի պարկեշտության համար: Բայց սրանցից ոչ մեկն էլ չունեին, այլ հակառակը, ինչպես ասվում է հաջորդ [խոսքում]:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:1