Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:29

Հովհաննես Ծործորեցի

«Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն:

   
   Այդ նեղության օրերից 1330* անմիջապես հետո :

   Գրեթե իսկույն կլինի, որովհետև երբ սուտ մարգարեներն ու սուտ քրիստոսները գալով տագնապեցնեն [մարդկությանը], արագորեն Ինքը [Տերն] էլ կգա, որովհետև եթե ընտրյալների համար չերկարեց հրեական պատերազմը, որքա՛ն ավելի այդ մյուս պատերազմը: Իսկ «նեղության օրեր» է [Տերը] կոչում նեռի և սուտ մարգարեների [ժամանակաշրջանը], քանի որ ոչ սակավ ամբոխում է լինելու աշխարհում այդ ժամանակ, այլ չափազա՛նց մեծ նեղություն, ինչպես ասում է Ղուկասը 1331, որովհետև այդ օրերին անհամար խաբեբաներ են երևան գալու:

   Արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը կընկնեն երկնքից, և երկնքի զորությունները կշարժվեն:

   Կամ սա [երկրորդ] գալուստից առաջ է լինելու` հարվածելու անզգաներին` ըստ Հովհաննեսի, [ով ասում է], որ լուսատուների երրորդ մասը խավարեց 1332, և թե` «Հեղեց արեգակի վրա, և տրվեց, որ խորշակահար անի մարդկանց ու տապացնի» (հմմտ. Հայտ. 16:89), կամ էլ [Տիրոջ] գալստյան ժամանա՛կ լուսատուները կխավարեն ու կանցնեն, ո՛չ դեպի անէություն, այլ դեպի է՛լ ավելի մեծ պայծառություն` ըստ այսմ. «Լուսնի լույսը կլինի արևի [լույսի] պես, իսկ արևի լույսը [կլինի] յոթնապատիկ ավելի շատ» (Ես. 30:26): Որովհետև միայն նրանց ընթացքն է խափանվելու. այժմ իջնում, բարձրանում են, աճում ու նվազում` ծնելով ամառ, ձմեռ, նաև ժամանակները, իսկ այն ժամանակ նորոգվելու են: Նմանապես էլ ասուպներն են շատանալու, որոնք սովորաբար աստղերի ցոլքեր են կոչում` ի նշան մարդկանց գործերի ու կրքերի, կամ էլ աստղերն են թափվելու երկնքից: Ինչպես որ որթատունկն է տերևաթափ լինում ձմեռային ժամանակ և դարձյալ զարդարվում գարնանը, այդպես էլ սրանք են մի այլ` ավելի լավ տեսակի փոխվելու` [մնացած] արարածների պես, ինչպես ասում է Պողոսը 1333, որովհետև այդուհետ գիշեր չի լինելու: Կամ էլ [Տիրոջ] ջահաբորբոք գալուստից, որ փայլատակելու է արևելքից, հաղթվելու և տարրալուծվելու է լուսատուների լույսը, ինչպես որ արևի ծագումից ծածկվում են բոլոր թվացյալ ճաճանչներն ու աղոտ փայլերը:

   Այլաբանորեն` արեգակ ենք հասկանում սատանային, ով «լուսո հրեշտակի կերպարանք է առնում» (Բ Կոր. 11:14), մեր մարդկային բնության բույսերն այրող խորշակ` նեռին, ով իբրև աստված է ներկայացնելու իրեն, իսկ լուսին` հերձվածողների եկեղեցիներն ու հրեական գիշերային փայլատակումները: Աստղեր են նրանց ուսմունքները, ինչպես գրում է Հուդա Թադեոսը. «Մոլորված աստղերե» (Հուդա 13), որոնց համար աղջամղջային խավարն է պահված, ովքեր երկնքի փառքի բարձրությունից իբրև փայլակ ընկնում են ներքին դժոխքը` մի անկումով, որը բոլոր անկումներից [սարսափելի] է, քանի որ անվերադարձ է: Կամ էլ ովքեր այժմ շատերի կողմից «աստղ» են կարծվում կեղծավոր վարքի պատճառով, նեռից հանդիմանվելով` կընկնեն:

   Երկնքում «զորությունները կշարժվեն»,-ասում է [Տերը]: Կամ լուսատուներն է «երկնքի զորություններ» կոչում ըստ մարգարեի, ինչպես ցույց տվեցինք 1334, կամ երկնքի տարերքը, որ Նրա հաղթող զորությամբ շրջվելու, շարժվելու և դադար է առնելու, որովհետև կանգնելու է և այլևս երբեք չի փոփոխվելու` ըստ այսմ. «Երկինքը մագաղաթի պես գալարվելու է» (Ես. 34:4), նորոգվելու-նորանալու, և լինելու են նոր երկինք և նոր երկիր 1335, որովհետև [այլևս] կարիք չի լինելու երկրայիններին շարժմամբ ու կանգ առնելով սնելու: Կամ էլ [Տերը] երկնքի շարժմամբ նկատի ունի հրեղեն զորքերին 1336, և սա` երկու [իմաստով]: Կամ շարժվելու են հիացմունքից, երբ տեսնեն այս բոլոր փոփոխությունները, որովհետև երբ աստղերը ստեղծվեցին, այդքան հիացան ու զարմացան, ի՞նչ կասեն, երբ ամեն ինչ նորոգված տեսնեն, սրբերին` թագավորելիս, ոմանց էլ` դեպի տանջանքներն ուղարկված, և ինչպե՞ս չեն զարհուրի ու շարժվի, [երբ տեսնեն] բոլոր ադամածիններին [Տիրոջ] առաջ դատաստանի համար հավաքված` իրենց գործածների հաշիվը տալու: Կամ էլ իրենց տեղից կշարժվեն համաձայն իմաստունի [հետևյալ խոսքի]. «Կշարժվեն այս տան պահապանները» (Ժող. 12:3), այսինքն` երկնքի զորությունները: Որովհետև իրենց Թագավորի հետևից գալու են` սպասավորելու Նրան իբրև Նրա զորքերը. եթե Նրա` խոնարհությամբ գալստյան ժամանակ պաշտպանում էին Նրան, որքա՛ն ավելի [կսպասավորեն Նրան], երբ հրաշափառ ու սոսկալի պայծառությամբ տեսնեն Նրան աշխարհ եկած. խնդությամբ ու դողով կշարժվեն Նրա հետևից երկնքի բոլոր գոյություններն իրենց գնդերով հանդերձ` սպասավորելու, ինչպես նաև մարդկանց գործերը վկայելու համար, [մարդկանց], որոնց մասին հոգ տարան խնամքի տարբեր միջոցներով:
   

Ստեփանոս Սյունեցի

«Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն:

   
   «Արեգակը պիտի խավարի, և լուսինը իր լույսը պիտի չտա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն»:
Սա հայտնի խոսք է, քանզի ինչպես ասում է Եսային. «Երկինքը մագաղաթի պես պիտի գալարվի և կլինի նոր երկինք և նոր երկիր» (Եսայի 34:4): Հայտնի է նաև, որ այս տեսանելի աստղերն ընկնում և խավարում են:

   Իսկ ըստ առակի բացատրության՝ «արեգակը» պետք է հասկանալ սատանան, որովհետև կերպարանավորվում է լույսի հրեշտակի [կերպարանքով], նաև նեռը, որ իրեն աստված է անվանում: «Լուսինը» հերձվածողների եկեղեցիներն ու հրեաների ժողովարաններն են, որոնք կարող էին լուսավորվել Աստծու ճշմարտությունից, սակայն նրանից չեն լուսավորվում, այլ սատանայից, որին աստված են անվանում: Իսկ աստղերը նրանց վարդապետներն են, ինչպես և գրված է Հուդա առաքյալի ընդհանրական թղթում. «Մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը» (Հուդա 1:13):

   Իմացի՛ր, Մարդու Որդու նշանը Նրա իմաստությունն է, խոսքը և երկնավոր ճշմարտությունը՝ ըստ ասողի. «Ճշմարտությունը երկրից բուսավ, արդարությունը երկնքից երևաց» (Սաղմ. 84:12), իսկ «երկնային զորությունները» երկնավորների բանական դասերն են, որոնք Նրան առաջին գալստյան ժամանակ տեսան անարգ կերպարանքով, իսկ երկրորդում՝ [կտեսնեն] հրաշափառ [կերպարանքով], ուստի հիացած, դողալով շարժվում են:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

«Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:27