Հովհաննես Ծործորեցի
3-4. Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին: Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին:
Հիմարները վերցրին լապտերները, բայց իրենց հետ ձեթ չվերցրին: Իսկ իմաստունները ամաններով ձեթ վերցրին իրենց լապտերների հետ:
[Տերն] այստեղ հավասարության հետ նաև տարբերությունն է ցույց տալիս: Հիմարները, ասում է, ձեթ չվերցրին, ինչպես իմաստունները, իսկ իմաստուններն ամաններով ձեթ վերցրին: Հիմարները վերցրին իրենց լապտերները, այսինքն` կուսությունը` առանց ողորմության, կամ հավատը` առանց գործերի, կամ բարի գործերի դիմաց` մարդկանցից փառք, որն իրենց մտքի մեջ հավաքեցին: Իսկ ձեթը` այն կյանքի պայծառությունն ու անմատչելի լույսի փառավորությունը, իրենց մեջ չունեին:
«Իմաստունները,-ասում է [Տերը],-ամաններով ձեթ վերցրին իրենց լապտերների հետ».
փառքի գեղեցկությունը հավաքե ցին իրենց մտքում` որպես ամանում` խառնելով իրենց կյանքին ու վարքին, որը լույսի պես պայծառ էր, և որն էլ «լապտեր» է [Տերը] կոչում, կամ էլ հավատքին լծակցեցին նաև գործերը: Այլև, առաքելական ու մարգարեական վարդապետությունների լուսավոր խոսքերով վարժված լինելով, կուսության հետ ողորմություն ու մարդասիրություն ցուցաբերեցին, որոնք [Տերը] «ձեթ»-ի հետ է համեմատում, և հեղեցին դրանք աղքատների մեջ, որոնց «ամանե է կոչում, որպեսզի երբ [իրենց կյանքի լապտերի ձեթը] պակասեր, [ողորմության շնորհիվ] ընդունվեին:
Պետք է քննել նաև այն, թե ինչու նախ հիմարները վերցրին լապտերներն առանց ձեթի, և ապա՛ իմաստունները` [լապտերները ձեթի հետ]: Կամ մարմնական կիրքը, որը [Տերը] «հիմարություն» է կոչում [այստեղ], [մարդու] ծննդից սկսած` նախ հաստատվում է զգայարաններում, և հետո է անձնիշխանական [միտքը] պայծառանում կրթվելու միջոցով, կամ էլ նախ հիմարներին քարոզվեց հավատքի խոսքը, ինչպես մի ժամանակ` հրեաներին, և ապա՛ հեթանոսներին, և` «Չեկա ապաշխարության կանչելու արդարներին, այլ մեղավորներին»,-[ասում է Տերը] (Ղուկ. 5։32): Սրանք նկատի ունենալով` ոմանք կույսերի այս առակը համարում են հրեաների և հեթանոսների մասին ասված, ուր հիմարները հրեաներն են, ինչպես Մովսեսն ասաց. «Անմիտ ազգ են նրանք և հիմար ու ոչ իմաստուն ժողովուրդե (հմմտ. Բ Օր. 32։28), իսկ իմաստուն են հե թանոսները, ովքեր [Սուրբ] Հոգով իմաստնացան: «Լապտեր»-ը Օրենքն է, որը [հրեաներն] առանց շնորհի վերցրին, իսկ հեթանոսները [Սուրբ] Գիրքը Հոգով հանդերձ ընդունեցին, որովհետև, [ասում է Տերը], «չեկա խափանելու, այլ լրացնելու» (Մատթ. 5։17), պարզ է, որ` ձեթով, [այսինքն` շնորհով]: Սակայն, թեպետ այս [մեկնությունը] հարմար է թվում, ճշմարիտն առաջինն է, որովհետև Հին [ուխտում] կուսակրոնության [կարգ] չկար, ինչպես ասել ենք:
Ստեփանոս Սյունեցի
Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին:
«Հիմարներն առան իրենց լապտերները, բայց իրենց հետ ձեթ չվերցրին»
Ձեթն առաքելական և մարգարեական խոսքն է: [Հիմարները] չունեին այսպիսի ձեթի առատություն՝ հեղված իրենց հոգիներում, և երբ փեսան ուշացավ, ամենքն էլ ննջեցին: Տակավին ներում է Քրիստոս և դանդաղում է մեզանից յուրաքանչյուրին դատել: Ննջում են, քանզի դեռևս աշխարհում են ու բոլորինն են:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: